Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ

Տիգրան Սարգսյան,ԵԺԿ,Անտոնիո Լոպեզ-Իսթուրիզ Ուայթ, ԲրյուսելՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Լոպեզ-Իսթուրիզ Ուայթին: Կողմերը քննարկել են Հայաստանի հանրապետական կուսակցության և Եվրոպայի ժողովրդական կուսակցության համագործակցության ընթացքը և հեռանկարները: Այդ համատեքստում, երկուստեք պատրաստակամություն են հայտնել խորացնել համագորածակցությունը` դրա համար գտնելով նոր ձևեր և ուղիներ: Զրուցակիցները կարևորել են մշտական հաղորդակցության ապահովումը:

Հադիպման վերջում վարչապետ Տիգրան Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարին հրավիրել է Հայաստան:

Ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի կառավարումը կհանձնվի «Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնս» ընկերությանը

10794_am_2Մեկնարկել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակության աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն: Այցի շրջանակներում ՀՀ կառավարության և ամերիկյան «Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնս» փակ բաժնետիրական ընկերության միջև ստորագրվել է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կառավարման պայմանագիր:
Պայմանագիրը ՀՀ վարչապետի ներկայությամբ ստորագրել են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Տիգրան Գևորգյանը և «Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնս» ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Հայկ Բաքրջյանը:
Բելգիայի կառավարության օժանդակությամբ կառուցվող այս կենտրոնը Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման առաջին փուլն է, որով իրականացվելու են ռադիոիզոտոպների արտադրության, ռադիոդեղագործության և մոլեկուլյար ախտորոշման գործառույթներ:
Նշենք, որ «Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնս» ընկերությունը մասնագիտացված է միջուկային բժշկության բնագավառում և գործունեություն է ծավալում աշխարհի մի շարք երկրներում, ադ թվում` Ավստրալիա, Նոր Զելանդիա, Թաիլանդ, Չինաստան, Բրազիլիա և այլն:
Ազգային մրցունակության հիմնադրամի Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ծրագիրը բաղկացած է երեք փուլից` ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման, ճառագայթային թերապիայի ու քիմիոթերապիայի և վիրաբուժության ուռուցքաբանական կենտրոնների ստեղծում: Այն պետք է լինի Հայաստանում ուռուցքային հիվանդությունների բուժման և կանխարգելման` ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած կենտրոն, որը կմատուցի միջուկային ախտորոշման, ճառագայթային բժշկության, քիմիաթերապիայի և վիրաբուժության ներհիվանդանոցային և արտահիվանդանոցային ծառայություններ:

Նախագահը ստորագրել է «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքը և մի շարք այլ օրենքներ

ստորագրել2Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները:

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը News.am գործակալության հարցին

շավարշ քոչարյանՀարց. Այսօր Եվրոպական խորհրդարանը «Արևելյան գործընկերության» վերաբերյալ բանաձև է ընդունել, որը ԵԽ մի քանի պատգամավորների կասկածելի ջանքերի շնորհիվ պարունակում է ձևակերպումներ ղարաբաղյան հիմնախնդրի կապակցությամբ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա։

Պատասխան. Եվրախորհրդարանի «Արևելյան գործընկերությանը» նվիրված բանաձևում ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերող ձևակերպումները հակասում են Եվրոպական միության պաշտոնական դիրքորոշմանը, ինչպես նաև հիմնախնդրի կարգավորման գործընթացում միջնորդական առաքելության միջազգային մադատն ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգերի և Ֆրանսիայի մոտեցումներին։
Չնայած նրան, որ վերոհիշյալ բանաձևը միայն խորհրդատվական կարծիքի բնույթ է կրում, այնուամենայնիվ, անկախ այս ձևակերպումների հեղինակների շարժառիթներից, նրանք պետք է գիտակցեն, որ պատասխանատվություն են կրում կարգավորման գործընթացի վրա դրանց հնարավոր բացասական ազդեցության և եռանախագահների՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղված ջանքերին վնասելու համար։

 

ՀՀ նախագահի կարգադրությունըՀայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգը հաստատելու մասին

հհ նախագահի կարգադրությունՂեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 56-րդ հոդվածով և հիմք ընդունելով Ազգային անվտանգության խորհրդի 2013 թվականի սեպտեմբերի 5-ի նիստի առաջարկությունը` որոշում եմ.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` վեցամսյա ժամկետում մշակել և հաստատել Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացումն ապահովող 2014-2020 թվականների միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը:

3. Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմին` յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների և դրանց իրականացումն ապահովող 2014-2020 թվականների միջոցառումների ծրագիր-ժամանակացույցի իրականացման վերաբերյալ:

Նախագահն աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն

Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 24-ին աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն՝ մասնակցելու Մինսկում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստերին:

Հովհաննես Մարգարյանն ընտրվել է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ

հովհաննես մարգարյանԱյսօր ԱԺ-ում կայացած մամլո ասուլիսի ժամանակ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հայկական

պատվիրակության անդամ Հովհաննես Մարգարյանը հայտնեց, որ ինքը ընտրվել է վեհաժողովի փոխնախագահի պաշտոնում:
Նրա թեկնածությունն առաջադրվել է վեհաժողովի նախագահի կողմից, ով ազգությամբ ռուս է, և ընդունվել է միաձայն:

Հովհաննես Մարգարյանը գտնում է, որ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահի պաշտոնում հայ
անդամի նշանակումը ձեռքբերում է. ՛՛Տասներկու երկիր է ներգրավված այս վեհաժողովում, այդ թվում են Թուրքիան ու Ադրբեջանը:
Ակնհայտ է, որ այս պաշտոնը մեզ շատ առավելություններ կտա, զորօրինակ՝ հանձնաժողովի նիստ վարելու, արտահերթ
ձայնի իրավունքներ: Կկարողանանք մեր խնդիրները վեր բարձրացնել՛՛, – ասաց Հովհաննես Մարգարյանը:

—
Լարա Առաքելյան

Արթուր Սարգսյանը նշանակվել է ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամ

Արթուր ՍարգսյանՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանի փոխարեն ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամ է նշանակվել ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արթուր Սարգսյանը, ինչը պայմանավորված է Վարդան Արամյանին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ նշանակելու հանգամանքով:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը կմեկնի Բրյուսել

Տիգրան ՍարգսյանՎարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 23-24-ը աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն՝ Բրյուսելում մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթաժողովին:

Այցի շրջանակում նախատեսվում է պայմանագրի ստորագրում Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և «Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնս» («Global medical solutions») փակ բաժնետիրական ընկերության միջև:
Վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արտակ Զաքարյանը, Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նախագահը ստորագրել է «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը և մի շարք այլ օրենքներ

ստորագրել2Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքները:

ԱԳ նախարարը կայցելի Բելառուսի Հանրապետություն

Էդվարդ ՆալբանդյանԲելառուսի մայրաքաղաքում հոկտեմբերի 24-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Մինսկ:

Նիստի ընթացքում մասնակից պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն ԱՊՀ շրջանակներում իրականացվող համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Քննարկվել են զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները

ՊՆ, ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարՍ.թ. հոկտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Նազարյանն ընդունեց ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Ն.Մուիժնիեկսիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին, Ա. Նազարյանը նշեց, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը պատրաստ է խորացնել առկա կառուցողական երկխոսությունը ԵԽ-ի հետ` ի նպաստ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության կարողությունների զարգացման և պաշտպանական բարեփոխումների շրջանակում զինված ուժերի կառավարման համակարգի կատարելագործման:

Հյուրերի խնդրանքով քննարկվեցին «Այընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններին, զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահվան ելքով դեպքերի քննությանը, զինծառայողների մարդու իրավունքների պաշտպանության հարցերում քաղաքացիական հասարակության և Մարդու իրավունքների պաշտպանի հետ համագործակցությանը վերաբերող հարցեր: Պաշտպանության նախարարի տեղակալը հակիրճ  անդրադարձավ նաև զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման և ռազմաուսումնական հաստատությունների ուսումնական ծրագրերում «Մարդու իրավունքներ» առարկայի ներդրման ուղղությամբ կատարվող քայլերին:

Հանդիպման վերջում ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը շնորհակալություն հայտնեց բարձրացված հարցերին պատշաճ արձագանքելու համար:

Նախագահն ընդունել է ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովին

Սերժ Սարգսյան, ՄԱԿ,Յուրի Ֆեդոտով

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի գլխավոր տնօրեն, կազմակերպության թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովին:

Ընդգծելով, որ հանցավորության և թմրանյութերի տարածման դեմ պայքարը արդի կարևորագույն մարտահրավերներից է և հանդիսանում է Հայաստանի առաջնահերթություններից մեկը՝ Սերժ Սարգսյանն այդ ոլորտում գոհացուցիչ արդյունքների հասնելու համար կարևորել է մասնագիտացված կառույցների հետ համագործակցությունը: Նախագահն ընդգծել է նաև այդ ոլորտում միջազգային կառույցների հետ համագործակցության և Հայաստանում տարբեր միջոցառումների անցկացման կարևորությունը՝ մասնավորապես նշելով վերջերս Երևանում կայացած թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման «Կանալ-Կովկաս» լոկալ օպերատիվ կանխարգելիչ միջոցառումը:

Յուրի Ֆեդոտովը բարձր է գնահատել Հայաստանի հետևողական աշխատանքը հանցավորության և թմրանյութերի տարածման դեմ պայքարում և ներկայացրել իր գլխավորած կառույցի աշխատանքները և ընթացիկ ծրագրերը: Յուրի Ֆեդոտովը մասնավորապես նշել է, որ իր այցը կրում է ճանաչողական բնույթ և վստահություն հայտնել, որ Հայաստանի Հանրապետության հետ համագործակցությունը շարունակական կլինի:

Հայաստանի և ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի միջև համագործակցությունը արդյունավետ համարելով՝ զրուցակիցները միաժամանակ կարևորել են Հայաստանում կազմակերպության ներկայացուցչության հիմնման հնարավորությունը, որը, նրանց համոզմամբ, նշանակալիորեն կնպաստի համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանը:

Դեսպան Սահակյանն իր հավատարմագրերը հանձնեց Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին

արա սահակյան          Հոկտեմբերի 22-ին Ղազախստանի նախագահի Ակորդա նստավայրում տեղի ունեցավ Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին Ղազախստանում հավատարմագրված մի շարք երկրների նորանշանակ դեսպանների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության դեսպան Արա Սահակյանի հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը:

Արարողության ընթացքում ունեցած իր ելույթում նախագահ Նազարբաեւը մասնավորապես նշեց, որ Ղազախստանը մեծ կարեւորություն է տալիս Հայաստանի հետ բազմաոլորտ հարաբերությունների զարգացմանը՝ շահագրգռված լինելով երկկողմ առեւտրատնտեսական եւ մշակութային-հումանիտար կապերի խորացման եւ ընդլայնման մեջ: ՂՀ նախագահն ընդգծԵց, որ Հայաստանի հետաքրքրությունը Մաքսային միության շրջանակներում ինտեգրման նկատմամբ կդառնա լրացուցիչ խթան երկկողմ հարաբերությունների զարգացման համար:

Արարողության ավարտին հանդես գալով ղազախստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների առջեւ` դեսպան Սահակյանը վերահաստատեց Հայաստան այցելելու ՂՀ նախագահին ուղղված ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը: ՀՀ դեսպանը կարեւորեց իր առաքելության ընթացքում հայ-ղազախական քաղաքական եւ տնտեսական կապերի աշխուժացումը: Արա Սահակյանը նկատեց, որ հոկտեմբերի 24-25-ին Հայաստանում հրավիրված Հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստում նախանշված որոշումների ընդունումը նոր խթան կհաղորդի երկկողմ առեւտրատնտեսական համագործակցությանը: Դեսպանը նկատեց, որ Ղազախստանի հետ Հայաստանը սերտորեն համագործակցում է ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԱՊՀ, ՀԱՊԿ-ի եւ միջազգային այլ կազմակերպությունների շրջանակներում:

 

 

Նախարար Նալբանդյանը ընդունեց Լատվիայի խորհրդարանի պատվիրակությանը

Նախարար Նալբանդյանը ընդունեց Լատվիայի խորհրդարանի պատվիրակությանըՀոկտեմբերի 22-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Լատվիայի խորհրդարանական պատվիրակությանը՝ Սեյմայի փոխխոսնակներ Անդրեյս Կլեմենտևսի և Ինեսե Լիբինա-Էգներենի գլխավորությամբ:

Հանդիպմանը, որին ներկա էր ԱԺ փոխնախագահ, Հայաստան – Լատվիա միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը, նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի և Լատվիայի միջև վերջին տարիներին հաստատվել է բավականին սերտ փոխգործակցություն, ինչի վկայություններից է քաղաքական բարձր մակարդակով իրականացվող ինտենսիվ փոխայցելությունները: Նախարարը հավելեց նաև, որ երկկողմ համագործակցության համար կարևոր է երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի գործունեությունը:

Լատվիացի խորհրդարանականները արտգործնախարարին ներկայացրեցին իրենց այցելության նպատակները՝ քննարկել երկկողմ փոխգործակցությունն առավել ամրապնդելու և զարգացնելու համատեղ քայլերը։

Զրույցի ընթացքում հանգամանալից մտքեր փոխանակվեցին Հայաստան – Եվրամիություն հարաբերությունների վերաբերյալ: Այս համատեքստում լատվիացի խորհրդարանականները ողջունեցին Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու ԵՄ հետ համակողմանի փոխգործակցությունը և իրենց աջակցությունը հայտնեցին այդ մտադրությանը:

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ՄԱԿ-ի քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի ղեկավարին

Էդվարդ Նալբանդյան,ՄԱԿ,Յուրի ՖեդոտովՀոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն հանդիպեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրեն, ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի ղեկավար  Յուրի Ֆեդոտովին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի համար Թմրանյութերի դեմ պայքարի 2012-2015թթ.. ռազմավարության կենսագործմանը։ Զրուցակիցները կարևորեցին   միջազգային հանրության ջանքերի համադրումը  թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում։

Էդվարդ Նալբանդյանն ու Յուրի Ֆեդոտովը անդրադարձան ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի կողմից առաջիկայում կազմակերպվելիք համաժողովներին Հայաստանի մասնակցությունը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը բարձր գնահատեց Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի և Վիեննայում ՀՀ ներկայացուցչության միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին

591. Under-Secretary-General of the United Nations paid tribute to the memory of the innocent victims of the Armenian Genocide 22.10.2013(1)Հոկտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրեն, ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի ղեկավար Յուրի Ֆեդոտովը այցելեց Ծիծեռնակաբերդ:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալը ծաղկեպսակ դրեց 1915-23 թթ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց անմեղ զոհերի հիշատակը:

Յուրի Ֆեդոտովը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ ծանոթացավ ցեղասպանությունը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին:

Հյուրը նաև գրառում կատարեց պաշտոնական այցելությունների հուշամատյանում:

 

 

 

 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային շրջայց է կատարել Շենգավիթ վարչական շրջանում

002Երևանի զարգացման 2013թ-ի ծրագրերի շրջանակում արդեն ավարտական փուլում են մայրաքաղաքի բակերի համալիր բարեկարգման ու նոր այգիների և պուրակների ստեղծման աշխատանքները:

Շենգավիթ վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ Չարբախ թաղամասի Շիրակի 12 և 14 հասցեի շենքերի բակում բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է հերթական նորաստեղծ հանգստի գոտին: Շուրջ 6000 քմ տարածք զբաղեցնող հատվածում կառուցվել է նոր պուրակ: Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին մայրաքաղաքն օրեցօր առավել հարմարավետ դարձնելու համար, թաղամասի բնակիչները նշել են, որ նորաստեղծ հանգստի գոտու տարածքը տասնամյակներ շարունակ եղել է ամայի ու անբարեկարգ: Իսկ այսօր, ընդամենը մի քանի ամսում, բնակիչների հանգստի կազմակերպման համար ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները: Տարածքի բարեկարգման շրջանակում տեղադրվել են գեղարվեստական ձևավորմամբ բետոնե սալեր, եզրաքարեր, կառուցվել է փոքրիկ շատրվանային համալիր: Բնակիչների հանգիստը հավուր պատշաճի կազմակերպելու նպատակով տարածքը կահավորվել է նստարաններով, զրուցարաններով, անցկացվել է արտաքին լուսավորության և ոռոգման նոր համակարգ: Հանգստի գոտին ձևավորվել է նաև ծաղկային կոմպոզիցիաներով: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բնակիչների հետ միասին գնահատելով կատարած աշխատանքները, մեկ անգամ ևս ընդգծել է, որ քաղաքապետարանի որդեգրած քաղաքականության հիմնանպատակը Երևանի համաչափ զարգացման ապահովումն է և որ բարեկարգման ծրագրերը հետևողականորեն շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև մայրաքաղաքի բոլոր բակերը լինեն բարեկարգ. «Հերթական աշխատանքային շրջայցերից մեկի ժամանակ, երբ այցելեցինք այստեղ, բնակիչները դիմեցին բակի բարեկարգման հարցով: Տարածքը ամբողջությամբ զբաղեցված էր ապօրինի բոստանային տարածքներով ու ավտոտնակներով: Այդ տարածքներն օգտագործող բնակիչների հետ տարված բանակցությունների արդյունքում այսօր ունենք նման հրաշալի հանգստի գոտի, որը ծառայում է բակի բոլոր բնակիչներին: Օգտվելով առիթից շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն բնակիչներին, ովքեր իրենց իսկ նախաձեռնությամբ օգեցին մեզ ազատել բակային տարածքն ու իրականացնել համալիր բարեկարգման աշխատանքներ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Շրջայցի շրջանակում վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է նաև Չեխովի 31/1, Եղիշե Թադևոսյան 15/1, 5/7 և Արշակունյաց 47 շենքերի բակային տարածքներ, որտեղ ևս այս տարվա ծրագրով բակերի համալիր բարեկարգման աշխատանքներ են իրականացվել: Ծրագրի շրջանակում բարեկարգված բոլոր բակերը կահավորվել են մանկական խաղահրապարակներով, նստարաններով ու զրուցարաններով, ինչպես նաև ապահովվել են նոր արտաքին լուսավորության համակարգով և ոռոգման ցանցով: Օգտվելով առիթից, բնակիչներն իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնել քաղաքապետին՝ երկար տարիներ անուշադրության մատնված իրենց բակային տարածքները բարեկարգելու սպասված ծրագրի համար: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ, իր հերթին, մեկ անգամ ևս շեշետել է, որ քաղաքապետարանի տարեկան ծրագրերը կազմվում են հիմնականում հենց բնակիչների կողմից առաջադրվող առաջնահերթություններով, որոնց հիմքում նախ և առաջ դրված է հարմարավետ մայրաքաղաք ունենալու հիմնանպատակը.  «Յուրաքանչյուր տարի շուրջ 400 բակեր, այգիներ ու պուրակներ ենք կառուցելու մայրաքաղաքում: Մենք խոստացել ենք մեր բնակիչներին, որ բոլոր այն բակերը որոնք դեռևս անբարեկարգ են, անպայման ընդգրկվելու են բարեկարգման մեր ծրագրերում: Առաջիկա չորս տարիների ընթացքում փորձելու ենք բարեկարգել մայրաքաղաքի բոլոր բակերը և հանձնել մեր բնակիչների տնօրինմանը»,- նշել է քաղաքապետը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

 

ԱԳ նախարարն ընդունեց ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցչին

585. Minister Nalbandian received OSCE Representative for Freedom of Media 22.10.2013Հոկտեմբերի 22-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչին, ով Հայաստանում է գտնվում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում հայկական նախագահության շրջանակներում անցկացվող «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովին մասնակցելու նպատակով:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ վերջին տարիներին Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել մամուլի ազատության հարցերում, ինչին նպաստել է նաև ԵԱՀԿ Մամուլի ազատության ներկայացուցչի հետ հաստատված սերտ համագործակցությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը ընդգծեց, որ բարձր է գնահատում Հայաստանի հետ ընթացող արդյունավետ համագործակցությունը։ Նա հավելեց, որ Հայաստանը լուրջ ճանապարհ է անցել խոսքի ազատության ապահովման ուղղությամբ և ողջունեց իշխանությունների կողմից այդ բնագավառում իրականացվող քայլերը՝ հավաստիացնելով, որ շարունակելու է իր գրասենյակի փորձագիտական աջակցությունը։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանում հեռահաղորդակցության թվայնացման գործընթացի վերաբերյալ։

Դունյա Միյատովիչը Էդվարդ Նալբանդյանին ներկայացրեց իր ղեկավարած գրասենյակի գործունեությունը և ապագա ծրագրերը։

Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Դմիտրի Մեդվեդևին

Տիգրան ՍարգսյանՎարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Վոլգոգրադում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել են անմեղ մարդիկ:
Հեռագրում մասնավորապես ասված է.
«Հարգելի Դմիտրի Անատոլիի,
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Վոլգոգրադում հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով անմեղ մարդկանց ողբերգական մահվան կապակցությամբ:
Դատապարտելով ահաբեկչության ցանկացած դրսևորում՝ հայտնում ենք մեր զորակցությունը Ռուսաստանի Դաշնության կառավարությանը և ռուս ժողովրդին:
Խնդրում եմ մեր մխիթարանքի և աջակցության խոսքերը փոխանցել զոհվածների ընտանիքներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինում մաղթել անմարդկային բռնի գործողության հետևանքով տուժածներին»: