ՀՀԿ պատվիրակությունը կմեկնի Բեռլին

1Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվիրակությունը (ՀՀԿ), որի կազմում են ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Կարեն Ավագյանը եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը, սեպտեմբերի 19-23-ը ճանաչողական այցով կգտնվի Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում՝ հետեւելու Բունդեսթագի՝ սեպտեմբերի 22-ին կայանալիք ընտրությունների ընթացքին: Այս մասին տեղեկացնում են ՀՀԿ գրասենյակից:

Այցի շրջանակում ՀՀԿ պատվիրակությունը կմասնակցի «Քրիստոնեադեմոկրատական միություն» (ՔԴՄ) կուսակցության ընտրապայքարի ավարտական միջոցառմանը՝ Դաշնային կանցլեր Անգելա Մերկելի մասնակցությամբ, ինչպես նաեւ հանդիպումներ կունենա ՔԴՄ կուսակցության գործընկերների եւ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ներկայացուցիչների հետ:

Մեկնարկել է արտգործնախարարի այցելությունը Իտալիա

Minister Nalbandian meets Italian FM aՍեպտեմբերի 18-ին մեկնարկեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունն Իտալիա։

Նույն օրը տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Իտալիայի արտգործնախարար Էմմա Բոնինոյի հանդիպումը։

Շնորհակալություն հայտնելով իր իտալացի գործընկերոջը Հռոմ այցելելու հրավերի համար` նախարար Նալբանդյանը նշեց, որ հայ-իտալական հարաբերություններն ունեն հազարամյակների պատմություն՝ հիշարժան փոխադարձ բարեկամության դրսևորումներով և բարի ավանդույթներով, ինչը լավ հիմք է փոխգործակցության առավել ամրապնդման և խորացման համար:

Նախարար Բոնինոն, ողջունելով Հայաստանի արտգործնախարարի այցելությունը Հռոմ, ասաց, որ Իտալիան շահագրգռված է Հայաստանի հետ համակողմանի համագործակցության առավել զարգացմամբ և պատրաստ է գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:

Նախարարներ Նալբանդյանն ու Բոնինոն բովանդակալից զրույց ունեցան տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիների վերաբերյալ։

Հայաստանի և Իտալիայի արտգործնախարարությունների ղեկավարները շեշտեցին բարձրաստիճան փոխայցելությունների, քաղաքական երկխոսության խթանման կարևորությունը, ԱԳՆ-երի միջև խորհրդատվությունների անցկացման, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացման կարևորությունը:

Զրուցակիցները գոհունակությամբ նշեցին, որ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման համար առկա է համապատասխան իրավապայմանագրային դաշտ և տնտեսական կապերի աշխուժացման միտում: Երկուստեք կարևորվեց գործարար համաժողովների կազմակերպումը։ Քննարկվեց 2015 թ.-ին Միլանում կայանալիք համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը։

Էդվարդ Նալբանդյանն ու Էմմա Բոնինոն անդրադարձան Հայաստանի և Իտալիայի միջև միջխորհրդարանական, ապակենտրոնացված, մշակութային, կրթական և գիտական բնագավառներում հաստատված համագործակցությանը։

Բանակցությունների ընթացքում քննարկվեցին նաև Հայաստան – Եվրոպական Միություն հարաբերությունները, Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում փոխգործակցությունը։

Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության համատեքստում մտքեր փոխանակվեցին ԵԽ օրակարգային հարցերի շուրջ։

Իր իտալացի գործընկերոջ խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։

Հայաստանի և Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին սիրիական ճգնաժամի հանգուցալուծման նպատակով գործադրվող ջանքերի, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ։

Նույն օրը նախարար Նալբանդյանը հանդիպեց Իտալիայի պաշտպանության նախարար Մարիո Մաուրոյի հետ։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց պաշտպանական ոլորտում հայ-իտալական համագործակցությանը, անցյալ տարի Երևանում պաշտպանության նախարարությունների միջև ստորագրված համապատասխան համաձայնագրից բխող պայմանավորվածությունների կատարման ընթացքին։

Իտալիայի պաշտպանության նախարարը վերահաստատեց իտալական ռազմական ուսումնական հաստատություններում հայ սպաներին վերապատրաստելու իտալական կողմի պատրաստակամությունը։

Բանակցությունների օրակարգում էր նաև միջազգային խաղաղապահ գործողություններում հայ-իտալական հնարավոր համագործակցությունը։

Սեպտեմբերի 18-ի երեկոյան տեղի ունեցավ ՀՀ անկախության 22-րդ տարեդարձին նվիրված Իտալիայում Հայաստանի դեսպանության կողմից կազմակերպված ընդունելությունը, որին ներկա էին Իտալիայի պետական, քաղաքական և հասարակական գործիչներ, Հռոմում հավատարմագրված դեսպաններ, իտալահայ համայնքի ներկայացուցիչներ։

Ընդունելությանը ողջունելով ներկաներին՝ Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Հայկական պետականության վերականգնումը մեր ժողովրդի դարավոր երազանքն էր, ով երկար ճանապարհ է անցել այն նվաճելու համար: Հայ ժողովրդի կամքը ունենալ ազատ և ժողովրդավարական երկիր, Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման հրամայականը, անցած երկու տասնամյակներում պետականաշինության մեջ արձանագրված հաջողությունները որպես ոգեշնչման աղբյուր են ծառայում աշխարհի միլիոնավոր, այդ թվում Իտալիայում ապրող, հայերի համար, ովքեր իրենց ներդրումն են բերում մեր հայրենիքի զարգացման գործում:

Հայ-իտալական առնչությունները երկու հազարամյակի պատմություն ունեցող դարավոր կապերի կնիքն են կրում, իսկ Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները՝ ընդամենը 21 տարվա պատմություն ունեն: Վերջին երկու տասնամյակի ընթացքում մեզ հաջողվել է նոր որակ հաղորդել երկկողմ համագործակցությանը, որը ներառում է ինտենսիվ քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական կապերը, ապակենտրոնացված փոխգործակցությունը, տնտեսական, մշակութային, գիտակրթական և մի շարք այլ ոլորտներում համագործակցությունը։ Առկա է ամուր իրավապայմանագրային դաշտ՝ ստորագրված է 30 համաձայնագիր։ Իտալահայ համայնքն իր ներդրումն է բերում երկկողմ բարեկամության ամրապնդման գործում։

Այն, ինչ արվել է վերջին քսան տարիներին մեր համատեղ ձեռքբերումն է և մենք հաստատակամ ենք շարունակել համատեղ ջանքերը մեր բարեկամական գործընկերությունն առավել ամրապնդելու նպատակով»:

Վարչապետն ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի հետ քննարկել է երկկողմ նոր ծրագրին առնչվող հարցեր

10703_am_1Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը:
Զրուցակիցները բարձր են գնահատել ՀՀ կառավարության և ԱՄՀ-ի միջև համագործակցությունը և, այդ համատեքստում, քննարկել երկկողմ նոր ծրագրին առնչվող հարցեր:
Անդրադառնալով նախորդ ծրագրի արդյունքներին՝ Մարկ Հորթոնն ընդգծել է դրա շրջանակներում Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացված մի շարք բարեփոխումների փաստը:
Իր հերթին, վարչապետ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունները հաստատակամ են շարունակելու տարբեր ինստիտուտների զարգացման ծրագրերը:
Այնուհետև կողմերը քննարկել են Հայաստանի տնտեսության ներկա վիճակին և հնարավոր զարգացումներին, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը վերաբերող հարցեր:

Փոխվարչապետն ընդունեց Բելառուսի Հանրապետության Մինսկի մարզի պատվիրակությանը

3590_bՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Բելառուսի Հանրապետության Մինսկի մարզի պատվիրակությանը` նահանգապետ Բորիս Բատուրայի գլխավորությամբ: Պատվիրակությունը Հայաստանում է` Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի հետ համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով, եւ անցած օրերին հանդիպումներ է ունեցել մարզային իշխանությունների հետ, ծանոթացել գործակցության ներուժին:

Ա. Գեւորգյանը ողջունեց համագործակցության նախաձեռնությունը` նշելով, որ ՀՀ կառավարությունը խրախուսում է ապակենտրոնացված մակարդակով հարաբերությունների խորացումը եւ գոհունակություն հայտնեց, որ Հայաստանի հետ ավանդական բարեկամական կապեր ունեցող Բելառուսի մարզերի հետ համագործակցությունը զարգանում է:
Փոխվարչապետը տեղեկություններ ներկայացրեց Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի ներուժի, տեղերում իրականացվող մեծածավալ ծրագրերի մասին` նկատելով, որ երկու մարզերը հարուստ են նաեւ պատմամշակութային ժառանգությամբ եւ զբոսաշրջային մեծ հնարավորություններ ունեն:

Հյուրերը տեղեկացրեցին, որ արդեն նախանշվել են համագործակցության որոշ նախագծեր, որոնք կարող են հաջողությամբ կյանքի կոչվել: Նրանք իրենց հայ գործընկերներին նույնպես հրավիրել են Բելառուս`համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները քննարկելու համար: Կողմերը հեռանկարային են համարում գյուղատնտեսության, արդյունաբերության, զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցությունը:

Հասարակայնության հետ կապերի բաժին

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային

 

 

Серж Саргсян

Серж Саргсян

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամային՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի մատակարարման ծառայության շտաբում հրաձգության հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:

«Մեծարգո պարոն Նախագահ,

Խորապես ցնցված եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի մատակարարման ծառայության շտաբում հրաձգության հետևանքով տեղի ունեցած ողբերգության լուրից: Խստագույնս դատապարտում եմ այդ զարհուրելի արարքը, որը մեկ տասնյակից ավելի անմեղ մարդկանց կյանք խլեց` նրանց հարազատների, մերձավորների և ականատեսների կյանքում թողնելով անբուժելի վերք:

Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների հարազատներին և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում։

Փոխվարչապետն ընդունեց գերմանական պատվիրակությանը

արմեն գևորգյանՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության, Գերմանական զարգացման բանկի (KfW) եւ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչների պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաեւ ՏԿ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը:

Պատվիրակությունը Հայաստան է ժամանել` գնահատելու գերմանական կողմի աջակցությամբ իրականացված ծրագրերի ընթացքը, շահագրգիռ կառույցների հետ քննարկելու համագործակցության նոր ծրագրի առաջնահերթությունները:

Հանդիպմանը քննարկվեցին համագործակցության հեռանկարային ուղղություններին, ընթացիկ ծրագրերին, ինչպես նաեւ առաջիկայում նախատեսվելիք հայ-գերմանական միջկառավարական բանակցությունների առաջնահերթություններին վերաբերող հարցեր:

“Գերմանիայի կառավարության աջակցությամբ իրականացվում են մի շարք հաջողված ծրագրեր: Կառանձնացնեի մարզերում ենթակառուցվածքների զարգացման եւ արդիականացման ծրագրերը, որոնք միտված են նոր որակի համայնքների ձեւավորմանը”,-նշեց Ա. Գեւորգյանը` բարձր գնահատելով Գերմանիայի կառավարության աջակցությամբ իրականացվող ծրագրերի արդյունավետությունը:

Ա. Գեւորգյանը գոհունակություն հայտնեց, որ KfW-ն պատրաստակամ է աջակցություն ցուցաբերել կոշտ կենցաղային աղբի վերամշակման, կառավարման համակարգում իրականացված աշխատանքների եւ ջրօպերատոր ընկերությունների սպասարկման տարածքից դուրս գտնվող ավելի քան 500 համայնքների ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի կառավարման բարելավման հարցերում: Նա նաեւ արդյունավետ համարեց GIZ-ի աջակցությամբ իրականացվող “Համայնքների զարգացումը Հարավային Կովկասում” եւ “Հողերի էրոզիայի վերահսկողության ինտեգրացված միջոցառումներ Հարավային Կովկասում” ծրագրերը:

Փոխվարչապետը նշեց, որ ՀՀ կառավարության համար շարունակում են առաջնահերթ մնալ համագործակցության նախանշված ուղղությունները:

Գերմանական պատվիրակության ներկայացուցիչները եւս գոհունակություն հայտնեցին ծրագրերի ընթացքից եւ շնորհակալություն հայտնեցին ծրագրերի իրականացման նկատմամբ հետեւողականություն ցուցաբերելու համար:

ՏԿՆ հասարակայնություն հետ կապերի բաժին

Կադրերը կարևոր են առողջապահության ոլորտում

դումանյանՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ կայացած հանդիպման ընթացքում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի առողջապահության ոլորտում մարդկային ռեսուրսների ծրագրի ղեկավար Գալինա Պերֆիլիևան ներկայացրեց, թե ինչու է առողջապահության ոլորտում մարդկային ռեսուրսներով ապահովումն ԱՀԿ տարածաշրջանային գրասենյակի գերակա ուղղություններից մեկը և ինչպիսի խնդիրների հետ են առընչվում ԱՀԿ անդամ պետություններն այս ոլորտում: Նա նշեց, որ բոլոր երկրներում առողջապահության ոլորտում կադրերի պատրաստումը կարևորագույն ներդրում և գործոն է։ Միաժամանակ մարդկային ռեսուրսներն այս ոլորտում լուրջ դերակատարություն ունեն։ Բանախոսն ընդգծեց, որ տնտեսական համաշխարհային ճգնաժամի ընթացքում ավելի մեծ ծավալներով աշխատել է միայն առողջապահական համակարգը։ Ռազմավարական այս կապիտալը` բուժաշխատողները կազմում են ընդհանուր աշխատուժի շուրջ 10%-ը: Միաժամանակ առողջապահական բյուջեի 62-80%-ը որպես աշխատավարձ տրամադրվում է հենց մարդկային ռեսուրսներին: Նշվեց նաև, որ առողջապահական ծառայությունների հասանելիությունն և արդյունավետությունը, ինչպես նաև առողջապահական համակարգի զարգացումն անմիջականորեն պայմանավորված են մարդկային ռեսուրսների առկայությամբ և արդյունավետ աշխատանքով:

Գալինա Պերֆիլիևան փաստեց, որ առողջապահության ոլորտի կադրերն աշխարհագրորեն խիստ անհամաչափ են բաշխված։ Ուսումնասիրությունները վկայում են, որ բուժաշխատողների պակասն ուղղակիորեն անդրադառնում է մարդկանց կյանքի որակի և առողջական վիճակի վրա։ Որպես դրա վկայություն բանախոսը հիշատակեց այն փաստը, որ մայրական մահացության ցուցանիշներն անմիջականորեն կապված են մարդկային ռեսուրսների կրիտիկական պակասի հետ։ Նա ընդգծեց, որ ամբողջ աշխարհի համար լրջագույն այս խնդիրը խոչընդոտում է հազարամյակի զարգացման նպատակների ցուցանիշներին հասնելու գործին։

Եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում` Հայաստանի համար ընդհանուր խնդիր է առողջապահության ոլորտում մարդկային ռեսուրսների վերաբերյալ պատշաճ վիճակագրության բացակայությունը և անհրաժեշտ կադրերով ոչ լիարժեք ապահովվածությունը: Այս ցուցանիշներով Հայաստանի Հանրապետությունը գտնվում է միջին տեղերում հետևյալ ցուցանիշներով` 100,000 բնակչի հաշվով 251,1 բժիշկ, 48,5 առաջնային օղակի բժիշկ, 463,0 բուժքույր։ Այս առումով ամենաբարձր ցուցանիշները Հունաստանում են` 612,6 բժիշկ, 159,4 առաջնային օղակի բժիշկ, իսկ ամենացածրը` Ալբանիայում` 113,6 բժիշկ, 20,6 առաջնային օղակի բժիշկ:

Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ԱՀԿ կողմից վերջին տարիներին ընդունված մի շարք ռազմավարական կարևոր փաստաթղթեր` ուղղված առողջապահության ոլորտում մարդկային ռեսուրսների բազմազան խնդիրների լուծմանը։ Միաժամանակ ներկայացվեցին մարդկային ռեսուրսների գնահատման, մշտադիտարկման պլանավորման և իրականացման, ինչպես նաև կանխատեսման ԱՀԿ տարբեր գործիքներ:

Նախարար Դումանյանը, կարևորելով ԱՀԿ-ի փորձագետի հետ հանդիպումը, նշեց, որ չափազանց ակտուալ հարցերի քննարկումն օգտակար կլինի նախարարության մասնագետների համար։

Հայաստանի և Լեհաստանի արտգործնախարարների հանդիպումը

496. Meeting between the Foreign Ministers of Armenia and Poland 17.09.2013Սեպտեմբերի 17-ին Վարշավա աշխատանքային այցով ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկու հետ։

Նախարարները քննարկեցին Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացման ուղիները։

Այս առումով Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը նպատակադրված է շարունակել համակողմանի փոխգործակցությունը Եվրոպական միության հետ հնարավոր բոլոր ուղղություններով։

«Հայաստանը, Արևելյան գործընկերության նախաձեռնության հենց սկզբից, անգամ դրանից առաջ, ասել և շարունակում է ասել, որ պատրաստ է հնարավորինս սերտ,  հնարավորինս ընդլայնված հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ, մոտ լինել Եվրամիությանն այնքան, որքան դա հնարավոր կլինի Եվրամիությանը, բայց ոչ ի վնաս և ի հաշիվ Ռուսաստանի հետ մեր դաշնակցային հարաբերությունների։ Եվ հենց այդ համատեքստում է հարկավոր դիտարկել Հայաստանի որոշումը անդամակցել Մաքսային միությանը», – շեշտեց Հայաստանի արտգործնախարարը։

Նախարար Նալբանդյանը նշեց, որ կարևոր է առաջ մղել Հայաստան  – Եվրոպական միություն հարաբերությունները՝ հիմնվելով վերջին տարիներին համատեղ արձանագրած առաջընթացի և արդյունքների վրա։

Էդվարդ Նալբանդյանը լեհ գործընկերոջը տեղեկացրեց նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերի վերաբերյալ։

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել ազգային բարերար Ջերարդ Գաֆէսճեանի մահվան կապակցությամբ

Серж Саргсян

Серж Саргсян

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գաֆէսճեանների ընտանիքին՝ ազգային բարերար Ջերարդ Լ. Գաֆէսճեանի մահվան կապակցությամբ:

«Տարիներ շարունակ պարոն Գաֆէսճեանը ծանրակշիռ ավանդ է ունեցել Հայաստան-Սփյուռք հարաբերությունները ամրապնդելու գործում: Նրա գործունեությունն օրինակ էր ծառայում բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկանում էին շոշափելի օժանդակություն ցուցաբերել մայր Հայաստանին: Բարձր եմ գնահատում նրա ազգանվեր նախաձեռնությունները: Հմուտ կազմակերպչի և առատաձեռն ու անշահախնդիր բարերարի նրա կարողությունները լավագույնս դրսևորվեցին երևանյան կասկադի կերպարանափոխման և «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի ստեղծման գործում, որն իրավամբ դարձավ մեր մայրաքաղաքի ամենասիրված և ճանաչված վայրերից մեկը:

Կորստի այս ծանր պահին իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Ջերարդ Գաֆէսճեանի հարազատներին, բարեկամներին և ընկերներին»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:

Տոկիոյում կազմակերպված “IT’s Armenia” սեմինարի վերաբերյալ

495.''IT's Armenia'' ceminar in Tokyo 17.09.2013Սեպտեմբերի 13-ին Ճապոնիայում Հայաստանի դեսպանությունը Տոկիոյում կազմակերպել էր “IT’s Armenia”խորագրով սեմինար, որին աջակցում էին Ճապոնիայի արտաքին առեւտրի կազմակերպությունը (JETRO), Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը, Տնտեսության, առեւտրի եւ արդյունաբերության նախարարությունը, Ռուսաստանի եւ նորանկախ պետությունների հետ տնտեսական համագործակցության կազմակերպությունը (ROTOBO) եւ Ճապոնիայի առեւտրաարդյունաբերական պալատը (JCCI):

 

Սեմինարը նվիրված էր Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին, որը ներկայացնելու նպատակով դեսպանությունը Տոկիո էր հրավիրել «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ”-ի տնօրեն Բագրատ Ենգիբարյանին, “Instigate CJSC”-ի համահիմնադիր եւ տեխնիկական բաժնի ղեկավար Վահագն Պողոսյանին, “Viasphere International and Viasphere Technopark”-ի ղեկավար Տոնի Մորոյանին (ԱՄՆ), “Mentor Graphics Corp.” -ի ինժեներական բաժնի տնօրեն Արա Մարկոսյանին (ԱՄՆ): Սեմինարին մասնակցեցին ճապոնական ընկերությունների, գիտահետազոտական կենտրոնների, պետական կառույցների մոտ 150 ներկայացուցիչներ:

 

Միջոցառման բացմանը ելույթ ունեցավ դեսպան Հրանտ Պողոսյանը՝ ներկայացնելով հայ-ճապոնական հարաբերությունները, իրականացվող աշխատանքն ու գործակցության խորացման հնարավորությունները:

Այնուհետեւ ներկաներին ողջույնի խոսքով դիմեց SSIS (Society of Semiconductor Industry Specialists) կազմակերպության նախագահ, “Hitachi” ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն, ով խոսեց կիսահաղորդիչների արդյունաբերության զարգացման ուղիների, մասնավորապես՝ “Makimoto Wave” անուն ստացած միտումների, իր գործունեության ընթացքում ձեռք բերած փորձի եւ հաջողության հասնելու սկզբունքների վերաբերյալ:

 

Սեմինարի զեկուցողները համակողմանիորեն ներկայացրին Հայաստանի ՏՏ ոլորտի առանձնահատկությունները, վերջին 20 տարում իրագործված ծրագրերը, համագործակցության եւ ներդրումային հնարավորությունները, Հայաստանում արդեն իսկ հաջողությամբ գործունեություն ծավալած ընկերությունների փորձը եւ ոլորտի զարգացմանն ուղղված առաջիկա անելիքներն ու ակնկալիքները: Ճապոնական ընկերությունները հրավիրվեցին մասնակցելու հոկտեմբերին Հայաստանում կայանալիք “ArmTech Congress” եւ  “Dijitec Expo 2013” միջոցառումներին:

 

Սեմինարի ավարտին տեղի ունեցավ ընդունելություն, որի ընթացքում հայ եւ ճապոնացի մասնագետները զրուցեցին ընդհանուր հետաքրքություն ներկայացնող հարցերի եւ Հայաստանում ճապոնական ընկերությունների ներգրավման հնարավորությունների վերաբերյալ: Ճապոնացի մասնակիցներից շատերը նշեցին, որ Հայաստանի նվաճումները ՏՏ ոլորտում իրենց համար անակնկալ էին, եւ միջոցառումը նպաստեց ՀՀ-ի հետ համագործակցելու հետաքրքրվածության խորացմանը:

Ալմաթիի հայ համայքի հանդիպումը Շառլ Ազնավուրի հետ

494.Almaty's Armenians' meeting with Charles Aznavour  17.09.20132013թ. սեպտեմբերի 15-ին Ալմաթիի «Լույս» հայկական մշակութային կենտրոնում տեղի ունեցավ հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպումը Շվեյցարիայում ՀՀ դեսպան, Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ, Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրի հետ, որը որպես պատվավոր հյուր մասնակցում էր Ղազախստանի հարավային մայրաքաղաքում անցկացվող Եվրասիական երաժշտական մրցանակաբաշխությանը (Eurasian Music Award) եւ կինոփառատոնին (Eurasian International Film Festival):

 

Հանդիպումը կազմակերպել էր Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը: Ողջույնի խոսքերով հանդես եկան ՂՀ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Արա Սահակյանը, Ալմաթիի Սբ. Կարապետ եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Մարկոս քահ. Սարգսյանը, Ղազախստանի հայերի «Նաիրի» միավորման նախագահ Արտուշ Կարապետյանը եւ ուրիշներ: Շառլ Ազնավուրը հետաքրքրվեց խազախահայերի պատմությամբ, ներկայով, հայապահպանության խնդիրներով, ներկայացրեց ԼՂ հիմնահարցի հայանպաստ կարգավորմանն ու Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանն աջակցելու ուղղությամբ ձեռնարկած իր ջանքերը: Նա այցելեց նաեւ Սբ. Կարապետ հայկական եկեղեցի:

 

Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահությանը նվիրված մշակութային միջոցառում Թբիլիսիում

493.Cultural event in Tbilisi in frameworks of Armenian presidency in the Council of Europe   17.09.2013Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության շրջանակներում Վրաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի եւ Հայաստանի Հանրապետության դեսպանության համատեղ ջանքերով սեպտեմբերի 12-ին Թբիլիսիում կազմակերպվել էր համերգային երեկո: Միջոցառմանը մասնակցում էին Վրաստանի կառավարության,  դիվանագիտական համայնքի եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Թբիլիսիում ԵԽ գրասենյակի ղեկավար Կատերին Բոլոնեզեն, Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը եւ Վրաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ռատի Բրեգաձեն:

 

Միջոցառման շրջանակներում անդրադարձ կատարվեց Եվրոպայի խորհրդի Ոչ Ատելության Կոչերին Շարժման (No Hate Speech Movement) գործունեությանը, որի առնչությամբ դեսպան Հովհաննես Մանուկյանը մասնավորապես նշեց. <<Մեր համատեղ խնդիրն է միահամուռ եւ հաստատակամ ոչ ասելը ատելությանը, անհանդուրժողականությանն ու խտրականությանը եւ բոլոր հնարավոր եղանակներով պայքարել այս երեւույթները ծնող պատճառների եւ դրանց ցանկացած դրսեւորումների դեմ>>:

 

Իր խոսքում ՀՀ դեսպանն արձանագրեց նաեւ, որ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է Եվրոպայի Խորհրդի հիմնական մարմինների, ինչպես նաեւ միջկառավարական համագործակցության փորձագիտական կոմիտեների աշխատանքներին եւ հանդես է գալիս կազմակերպության գործունեության եւ դերակատարության համար կարեւոր նշանակություն ունեցող նախաձեռնություններով:

 

Արդարադատության խորհուրդը ներկայացրել է Զ.Նախշքարյանի թեկնածությունը

խորհուրդ2013 թվականի սեպտեմբերի 13-ին կայացավ ՀՀ արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկելով առաջին ատյանի դատարանի դատավորի թափուր պաշտոնում առաջին ատյանի այլ դատարանի դատավորին նշանակելու համար ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի ներկայացրած թեկնածությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 126-րդ հոդվածով և 111-րդ հոդվածի 1-ին մասով, Արդարադատության խորհուրդը որոշեց`
Զարուհի Կարենի Նախշքարյանի թեկնածությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին` Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար` դադարեցնելով նրա` ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:

ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմ

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ եկեղեցու օծման և եկեղեցական համալիրի բացման արարողությանը

3795Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր մասնակցել են Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության եկեղեցու օծման և եկեղեցական համալիրի բացման արարողությանը:

3791Մայր Տաճարի օծման հանդիսավոր ծիսակատարությունը կատարել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Արարողությանը ներկա է եղել և իր օրհնությունն է բերել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը, ներկա են եղել նաև Ռուսաստանի պետական և հասարակական գործիչներ, Հայ Առաքելական եկեղեցու Հայաստանի և արտերկրի խոշորագույն թեմերի առաջնորդներ, Ռուսաստանի Դաշնության կրոնական հարանվանությունների առաջնորդներ, ներկայացուցիչներ և բարերարներ:

3793Մոսկվայի կենտրոնում ազգային ճարտարապետական կանոններին հավատարիմ կառուցված հայկական եկեղեցական համալիրը, որի շինարարական աշխատանքներն սկսվել էին դեռևս 2006 թվականից, ընդգրկում է Մայր Տաճարը, Սուրբ Խաչ եկեղեցին, առաջնորդարանի շենքը, կրթամշակութային, վարչական և հյուրանոցային մասնաշենքերը, հանդիսությունների ու հյուրասիրությունների սրահները, թանգարանը: Եկեղեցական համալիրը կառուցված է բաց ծիրանագույն, իսկ Մայր Տաճարը` Հայոց պատմական մայրաքաղաք Անիին հարակից քարհանքերից բերված վարդագույն տուֆով և գոտևորված է խաչերով, զարդաքանդակներով ու մեսրոպատառ գրերով: Համալիրն իր ամբողջ տեսքով ու հարթաքանդակներով մոսկվացիներին և ՌԴ մայրաքաղաքի հյուրերին պատմում է հայ ժողովրդի մասին, ներկայացնում Հայոց պատմության դարակազմիկ էջերը` գրերի գյուտ, քրիստոնեության ընդունում, հավատքի ու հայրենիքի համար մղված պայքար, ոսկե դար և այլն: Զարդաքանդակներն ու պատկերաքանդակները ներդաշնակորեն համադրված են եկեղեցական համալիրով մեկ սփռված հայ քանդակագործության խորհրդանիշը դարձած բազմաթիվ խաչքարերի հետ:

Մայր Տաճարի օծման հանդիսավոր արարողությունից հետո, Նախագահ Սերժ Սարգսյանը կազմակերպիչների, բարերարների և հյուրերի հետ միասին եկեղեցու վարչական շենքի նախասրահում դիտել է «Հայերը Մոսկվայում. պատմական ուղին» ցուցահանդեսը, որը կազմակերպել են Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմը, Հայաստանի ազգային արխիվը, ՌԴ արխիվի դաշնային գործակալությունը, Մոսկվայի արխիվի գլխավոր վարչությունը և Մոսկվայի կենտրոնական պետական արխիվը:

Հարուստ ցուցադրանյութը ներկայացնում է Մոսկվայի հայ համայնքի պատմության ավելի քան հինգհարյուրամյա ժամանակաշրջանը՝ XIV դարի վերջից մինչև XX դարի սկիզբը: Ցուցահանդեսը կոչված է նպաստելու հայ ժողովրդի կյանքում եկեղեցու և համայնքի դերի ընկալմանն ու բարձրացմանը, հայկական և ռուսական մշակույթների փոխհարստացման գործընթացին:

Հանրապետության Նախագահն այցելել է նաև համալիրի կրթամշակութային և հյուրանոցային մասնաշենքեր, որից հետո եկեղեցու բակում ներկա է գտնվել հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող «Սիրո և եղբայրության» հուշաղբյուրի բացման արարողությանը:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը Ազատություն ռադիոկայանի հարցին

Տիգրան ԲալայանՀարց. Ռուսաստանի և Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները համաձայնության են եկել սիրիական քիմիական զենքը միջազգային վերահսկողության տակ դնելու մասին։ Ո՞րն է Հայաստանի մոտեցումը այդ կապակցությամբ։

Պատասխան. Հայաստանը ողջունում է Ժնևում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջև ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա արված առաջարկությունները, որոնք հնարավորություն են տալիս ոչնչացնել քիմիական զենքը ու բացառել դրա օգտագործումը Սիրիայում և կարող են  ճանապարհ բացել սիրիական ճգնաժամին խաղաղ ճանապարհով քաղաքական լուծում գտնելու համար` ուղղված Սիրիայի ժողովրդի և դրա անբաժանելի մասը կազմող տասնյակ հազարավոր սիրիահայերի տառապանքներին վերջ դնելուն։

ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին

Տիգրան ԲալայանՀարց. Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` Ռումինիայի արտգործնախարարը, ադրբեջանական լոբբիստական կառույցի հարցմանն ի պատասխան, իբրև թե հանդես է եկել տարօրինակ հայտարարությամբ, որն աղավաղում է ղարաբաղյան հիմնախնդրի և դրա կարգավորման գործընթացի էությունը։ Ի՞նչ կասեք դրա վերաբերյալ։

Պատասխան. Դժվար է հավատալ, որ ԵԱՀԿ-ի, Եվրոպական միության որևէ անդամ երկրի բարձրաստիճան պաշտոնյա կարող է հանդես գալ ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ հայտարարությամբ, որը հակասում է թե ԵԱՀԿ-ի, թե ԵՄ-ի մոտեցումներին, նաև ակնհայտորեն հակասում է համանախագահ երկրների ղեկավարների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի նախագահների մակարդակով ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ վերջին հինգ տարիների ընթացքում արված հինգ հայտարարություններին։

Չենք կարծում, որ ինչ-որ ադրբեջանական լոբբիստական կազմակերպությանը հաճոյանալու համար որևէ երկրի պատասխանատու  անձ կարող է անպատասխանատու հայտարարություն անել, որը կարող է միմիայն վնաս  հասցնել բանակցային գործընթացին:

 


Նախարար Նալբանդյանն ընդունեց բրիտանացի պատգամավորների պատվիրակությանը

496. Minister Nalbandian received the British MP's 16.09.2013Սեպտեմբերի 16-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Միացյալ Թագավորության Համայնքների պալատի անդամների պատվիրակությանը՝ հայ-բրիտանական խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահ Ջոն Ութինգդեյլի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ վերջին շրջանում հայ-բրիտանական համագործակցությունը զգալիորեն ակտիվացել է և այդ գործընթացում լուրջ դերակատարություն ունեն երկու երկրների խորհրդարանականները։ Հայաստանի արտգործնախարարի բնորոշմամբ, խորհրդարանական դիվանագիտությունը կարևոր լրացուցիչ խթան է հանդիսանում երկու երկրների միջև փոխըմբռնումը զարգացնելու և կապերն ամրապնդելու գործում։ Նախարար Նալբանդյանը նշեց, որ ջերմությամբ է հիշում այս տարվա մայիսին իր կատարած այցը Միացյալ Թագավորություն և դրա շրջանակներում հանդիպումները բրիտանական խորհրդարանում։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ բրիտանացի խորհրդարանականները ընդգծեցին, որ շարունակելու են ջանքերը՝ երկու երկրների միջև բարեկամական փոխհարաբերությունների հետագա ամրապնդման և ընդլայնման գործում։

Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող տարբեր հարցերի։ Հյուրերի խնդրանքով, նախարար Նալբանդյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից իրագործվող ջանքերը։

Քննարկվեցին նաև տարածաշրջանային և միջազգային նշանակության մի շարք հարցեր։

ԱԳ նախարարը կայցելի Վարշավա, Հռոմ և Վատիկան

Էդվարդ ՆալբանդյանՍեպտեմբերի 17-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Վարշավա, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկու հետ։

Սեպտեմբերի 18-20 նախարար Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Հռոմ, որի ընթացքում հանդիպումներ կունենա Իտալիայի օրենսդիր և գործադիր իշխանությունների բարձաստիճան ներկայացուցիչների հետ։ Նախատեսված է նաև Էդվարդ Նալբանդյանի ելույթը Միջազգային հարաբերությունների իտալական ինստիտուտում։

Սեպտեմբերի 19-ին Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության բացման հանդիսավոր արարողությանը։  Վատիկանում Հայաստանի արտգործնախարարը հանդիպում կունենա Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների գծով քարտուղար Դոմինիկ Մամբերտիի հետ։

 

 

 

 

ԱԳ նախարարը հանդիպել է ԵՄ կրթության հանձնակատարին

494. Minister Nalbandian met with EU Commissioner for Education 14.09.2013Սեպտեմբերի 14-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպլ է ԵՄ կրթության, մշակույթի, բազմալեզվականության և երիտասարդության հարցերով հանձնակատար Անդրուլա Վասիլիուին։

Ինչպես տեղեկանում ենք ԱԳՆ մամլո ծառայությունից, զրուցակիցները քննարկել ենին կրթության, մշակույթի և երիտասարդության ոլորտում Հայաստանի և Եվրոպական միության համագործակցության հեռանկարները։ Երկուստեք կարևորվել են երիտասարդության միջև շփումները, որին մեծապես կարող են նպաստել ռեադմիսիայի և մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագրի շուտափույթ ուժի մեջ մտնելը։

Նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանը կրթության և մշակութային ոլորտներում սերտ կապեր է հաստատել եվրոպական երկրների հետ, իսկ այս բնագավառներում Եվրամիության կողմից իրականացվող ծրագրերը լուրջ հնարավորություն են ընձեռում կրթական ստանդարտների մոտարկման, մշակութային երկխոսության և ուսանողական ու երիտասաարդական փոխանակումների համար։

Հանձնակատար Վասիլիուն ասել է, որ ԵՄ-ն նախատեսում է էլ ավելի սերտացնել վերոհիշյալ բնագավառներում համագործակցությունը Արևելյան գործընկերների հետ:

Սերժ Սարգսյանը կմեկնի Ռուսաստան

download (2)ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 16-ին կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ եկեղեցու օծման և եկեղեցական համալիրի բացման արարողությանը: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի գրասենյակից: