Ի պատիվ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Լեհաստանի Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու անունից տրվել է պաշտոնական ընթրիք

Լեհաստանի Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու անունից տրվել է պաշտոնական ընթրիք

Ի պատիվ պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի և նրա գլխավորած պատվիրակության՝ Լեհաստանի Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու անունից երեկ երեկոյան տրվել է պաշտոնական ընթրիք:

Նախագահ Սերժ Սարգսյանն իր բաժակաճառում շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար, ապա անդրադարձել դարերի խորքից եկող հայ-լեհական բարեկամությանը, պատմական սերտ առնչությունների վրա կառուցված միջպետկան հարաբերություններին և Լեհաստանի հասարակական-քաղաքական կյանքում ակտիվ դերակատարում ունեցող լեհահայ համայնքին ու հայ-լեհական հարաբերությունների հեռանկարին:

«Մեծարգո՛ պարոն Նախագահ, հարգարժա՛ն Առաջին տիկին,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ուրախ եմ գտնվել Լեհաստանի բարեկամ հողում և խորապես զգացված եմ ձեր սրտաբաց հյուրընկալության համար: Շուրջ երկու տարի առաջ, պարոն Կոմորովսկի, Դուք էիք պաշտոնական այցով գտնվում Հայաստանում, ինչից ոչ միայն պահպանվել են ջերմ հիշողություններ, այլև արձանագրվել են շոշափելի հաջողություններ: Դրանք ամրագրվել են նաև Հայաստանի և Լեհաստանի բարձրաստիճան ղեկավարության, կառավարական և տարածքային մարմինների մշտական շփումների արդյունքում:

Սա իմ առաջին այցը չէ Լեհաստան և, լիահույս եմ, ոչ էլ վերջինը, բայց միշտ ինձ զգում եմ հարազատ երկրում: Եվ դա գալիս է ոչ միայն լեհերի հյուրընկալ բնավորությունից: Կարծում եմ, մեր ժողովուրդներին միավորում է նաև փոխադարձ համակրանքը: Մեզ միավորում են ժողովրդական խառնվածքի բազմաթիվ գծեր, ինչպիսիք են մարդամոտությունը, խարազանող ինքնաքննադատությունը, ձեռներեց ջիղը, այլ միջավայրերում հարմարվելու և լավագույն բարձունքների հասնելու ձգտումը:

Պատմական սերտ առնչությունների վրա կառուցված և այսօր արդեն 20-ամյա պատմություն ունեցող մեր միջպետական հարաբերությունները բնորոշվում են բարձր մակարդակով և բովանդակային խորություն ունեցող քաղաքական օրակարգով:

Վերջին շրջանում նշանակալիորեն ակտիվացել են բարձրաստիճան փոխայցելությունները` նախագահների, վարչապետների, արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև պետական այլ գերատեսչությունների ղեկավարների մակարդակով: Առկա է համագործակցություն շուրջ մեկ տասնյակ վարչատարածքային միավորների միջև:

Այդուհանդերձ, քաղաքական ակտիվ երկխոսության և բազմաոլորտ համագործակցության պայմաններում դեռևս չօգտագործված մեծ ներուժ կա տնտեսական ոլորտում: Լիահույս եմ, որ առևտրաշրջանառության ծավալի մեծացման և Հայաստանում լեհական տնտեսական ներկայության ընդլայնման ուղղությամբ մեր հետևողական ջանքերը` Հայաստանում և Լեհաստանում պարբերաբար անցկացվող միջկառավարական հանձնաժողովի նիստերն ու գործարար համաժողովները, շատ շուտով տեսանելի արդյունքներ կտան։ Այստեղ՝ Վարշավայում, ինձ ուղեկցում են նաև հայաստանցի գործարարներ, որոնք ժամանել են մասնակցելու այս այցին զուգահեռ անցկացվող գործարար համաժողովին:

Մեծարգո՛ պարոն Նախագահ,

Հայաստանը՝ ի դեմս Լեհաստանի, միջազգային ասպարեզում ունի վստահելի գործընկեր, որը հանդիսանալով Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքականության նախաձեռնող երկիր` սրտացավորեն սատարում է մեր երկրի եվրամերձեցման ջանքերին:

Լավ հիշողություններ ունեմ Վարշավայի Արևելյան գործընկերության գագաթնաժողովից, որին պատիվ ունեցա մասնակցել 2011թ. սեպտեմբերին: Այն կարևոր հանգրվան հանդիսացավ Հայաստանի եվրոպական հանձնառությունների ամրապնդման համար:

Հարգարժա՛ն տիկնայք և պարոնայք,

Հայ և լեհ ժողովուրդների շուրջ հազարամյա պատմական ուղիները ամուր կամուրջ են դարձել մեր երկրների բարեկամական հարաբերությունների համար: Առավել քան գնահատելի է, որ այդ բարեկամությունը ծնունդ է առել մեր ազգին բաժին հասած դժվարին պահերին` լեհ ժողովրդի բարեսիրտ ու հյուրընկալ վերաբերմունքից:

Լեհաստանի և լեհ ժողովրդի վերաբերմունքը հայերի հանդեպ դրսևորվեց նաև 2005թ. ձեր երկրի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմամբ: Այն հաստատեց մարդկության դեմ նման ոճիրները դատապարտելու և կանխարգելելու լեհ հասարակության բարոյական մեծ գիտակցումը: Հայ ժողովուրդը և Հայաստանի իշխանությունները բարձր են գնահատում այդ քայլը:
Ինձ համար շատ հաճելի էր այսօր ներկա գտնվել Վարշավայում հայկական պուրակի անվանակոչման և խաչքարի տեղադրման արարողությանը: Մեծ ակնածանքով եմ սպասում Զամոսչ քաղաք իմ վաղվա այցելությանը, որը կրում է հայկական մշակույթի և ներկայության խորը հետքեր:

Այսօր լեհական հասարակության տարբեր շերտերում, ինչպես երկրի վարչա-քաղաքական, այնպես էլ մշակութային և գիտական շրջանակներում առկա են հայկական մասնիկներ: Բազմաթիվ են նաև հայտնի լեհ գործիչները, որոնք ունեն հայկական արմատներ` մեծանուն նկարիչներ և կոմպոզիտորներ, կինոռեժիսորներ և դերասաններ, լրագրողներ և նույնիսկ քաղաքական գործիչներ: Չեմ ցանկանում թվարկել` չնեղացնելու համար մյուսներին:

Ես հպարտ եմ, բոլոր այն հայերով, որոնք իրենց ստեղծագործ աշխատանքով մասնակցել և շարունակում են մասնակցություն բերել Ձեր երկրի բարգավաճմանը: Ես հպարտ եմ հայ-լեհական բարեկամությամբ և առավել քան վստահ եմ նրա փայլուն ապագայի մեջ»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը՝ առաջարկելով բաժակ բարձրացնել ի պատիվ Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու և նրա տիկնոջ, ի նպաստ հայ-լեհական դարավոր բարեկամության:

Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Լեհաստանի Հանրապետության Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ

3261Մեծարգո՛ պարոն Նախագահ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ուրախ եմ Լեհաստանի Նախագահ պարոն Բրոնիսլավ Կոմորովսկու հրավերով գտնվել բարեկամ Լեհաստանում և խորապես զգացված եմ լեհական ջերմ հյուրընկալությունից։

Այսօր մենք Նախագահ Կոմորովսկու հետ բովանդակալից ու արդյունավետ զրույց ունեցանք երկկողմ համագործակցության ամրապնդման, զարգացման հեռանկարների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք միջազգային հարցերի շուրջ: Գոհունակությամբ արձանագրեցինք, որ վերջին տարիները հայ-լեհական միջպետական հարաբերությունների պատմության մեջ նշանավորվեցին երկկողմ կապերի վերընթաց զարգացմամբ և բարձրաստիճան պաշտոնական` այդ թվում և նախագահական մակարդակով այցերի ու հանդիպումների հաճախակիությամբ։

Անդրադարձանք 2011թ. Լեհաստանի Նախագահի Հայաստան պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։ Ուրախ եմ արձանագրել, որ բոլոր քննարկված ուղղություններով մենք տեսնում ենք առաջընթաց, ինչը վկայում է հայ-լեհական համագործակցությունը զարգացնելու մեր փոխադարձ շահագրգռվածության և հանձնառության մասին։

Նախագահ Կոմորովսկու հետ լիովին համակարծիք էինք, որ համագործակցության լավ հիմքեր են դրվել քաղաքական, տնտեսական, մշակութային, ապակենտրոնացված համագործակցության, ռազմատեխնիկական, կրթամշակութային, զբոսաշրջության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում՝ միևնույն ժամանակ դրանց ոլորտային ընդլայնման ներուժն ընդգծելով։ Այսօր ստորագրված փաստաթղթերը դրա վկայությունն են:

Չեմ կարող թաքցնել իմ հիացմունքը Լեհաստանի տնտեսական առաջընթացի կապակցությամբ: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում Լեհաստանի արձանագրած տնտեսական աճը, հիրավի, տպավորիչ է և ուսանելի:

Հայաստանի համար էական է առևտրատնտեսական համագործակցությունը Լեհաստանի հետ, ինչը ներկայումս դժվարանում եմ բավարար կոչել: Այս առումով մենք որոշակի հույսեր ենք կապում հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի և Հայաստան-Լեհաստան առևտրաարդյունաբերական պալատ-հիմնադրամի գործունեության հետ:

Մենք երկուստեք նշեցինք մշակութային կապերի ամրապնդման անհրաժեշտության մասին, և պարոն Նախագահն ասաց, որ մենք համաձայնություն ձեռք բերեցինք հաջորդ տարվա մեր միջոցառումների մասով: Քննարկեցինք, իհարկե, նաև տարածաշրջանային և միջազգային կարևորության հարցեր: Քննարկեցինք համագործակցության հեռանկարները ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում, որի համահեղինակը և անշեղ իրականացնողը, աջակիցը նաև Լեհաստանն է:

Ցավոք, մեր տարածաշրջանում դեռևս առկա են խնդիրներ, հանգամանքներ, որոնք խոչընդոտում են Արևելյան գործընկերությամբ ընձեռված հնարավորությունների լիարժեք իրացմանը: Եվրոպան, ցավոք, ոմանց համար դեռևս միայն շուկա է և ոչ թե արժեհամակարգ: Հիրավի, զավեշտական է, երբ մեր մի հարևանը, որը հայտարարում է եվրոպական ուղին որդեգրելու մասին, զուգահեռաբար հերոսացնում է էթնիկ հողի վրա ստոր մարդասպանություն գործած սրիկային, սպառնում է հարվածել քաղաքացիական օդանավերին, պատերազմով զրկել հազարամյակներով իր հողի վրա ապրող ժողովրդին այդ իրավունքից: Մեր մյուս հարևանը` Թուրքիան, որ դարձյալ ձգտում է դեպի Եվրոպա և հանդիսանում է ԵՄ մաքսային միության անդամ, մեր անկախության առաջին իսկ օրերից փակել է մեր սահմանը և հրաժարվում է 21-րդ դարում հարևանների միջև այդքան առօրեական համարվող հարաբերություններից: Եվրոպայի հետ մեր վարած բանակցությունների առանցքն է շուկաների փոխադարձ հասանելիությունը, մարդկանց տեղաշարժի ազատությունը, բայց միևնույն ժամանակ Հայաստանի սահմանը ԵՄ մաքսային միության հետ մնում է փակի տակ: Մենք ակնկալում ենք դրա անընդունելիության լիարժեք և հստակ գնահատական:

Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում պարոն Նախագահին հրավերի և ջերմ ընդունելության համար:
***

Պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը Վարշավայում այցելել է Անհայտ զինվորի գերեզման-հուշահամալիր, ծաղկեպսակ դրել և հարգանքի տուրք մատուցել: Հուշամատյանում իր ստորագրությունը թողնելուց հետո, Սերժ Սարգսյանը Լեհաստանի Նախագահի հետ ծաղիկներ է դրել և հարգանքի տուրք մատուցել նաև լեհահայ ընտանիքից սերող Յադվիգա Զարուգիևիչի հուշատախտակին: Լեհաստանի ազգային խորհրդանիշը համարվող գերեզման-հուշահամալիրում հիշյալ հայուհին, ում որդին ևս զոհվել է պատերազմում, այդ պատվին է արժանացել այն պատճառով, որ 1925թ. հոկտեմբերի 29-ին նրան է տրվել Վարշավայում հուղարկավորելու նպատակով անհայտ զինվորի աճյունն ընտրելու նախապատվությունը:

Հանրապետության Նախագահն այցի առաջին օրը հանդիպում է ունեցել նաև Լեհաստանի Սենատի նախագահ (մարշալեկ) Բոգդան Բորուսևիչի և վարչապետ Դոնալդ Տուսկի հետ: Սերժ Սարգսյանը մասնակցել է Վարշավայում հայկական պուրակի անվանակոչման և խաչքարի օծման արարողությանը ևս:

Նախագահ Սերժ Սարգսյանը և Լեհաստանի Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին երեկոյան կմասնակցեն հայ-լեհական գործարար համաժողովի փակման արարողությանը:

Ավելի ուշ ի պատիվ պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի և նրա գլխավորած պատվիրակության՝ Լեհաստանի Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու անունից կտրվի պաշտոնական ընթրիք:

 

Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Լեհաստանի Հանրապետություն

3250

Պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ԼՀ Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ: Մինչ այդ ԼՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը:

Հայաստանի Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի են ունեցել նախագահներ Սերժ Սարգսյանի և Բրոնիսլավ Կոմորովսկու երկկողմ, ապա ընդլայնված կազմով բանակցությունները, որին հաջորդել է երկու երկրների միջև մի շարք ոլորտներում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Մասնավորապես, ստորագրվել են՝ ՀՀ կառավարության և ԼՀ կառավարության միջև միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին համաձայնագիր, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և ԼՀ մաքսային ծառայության միջև մաքսային իրավախախտումների դեմ պայքարի և գործընկերային հարաբերությունների զարգացման մասին փոխըմբռնման հուշագիր, ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ԼՀ գյուղատնտեսության և գյուղի զարգացման նախարարության միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր, ՀՀ բնապահպանության նախարարության և ԼՀ բնապահպանության նախարարության միջև բնապահպանության բնագավառում համագործակցության վերաբերյալ մտադրությունների մասին հռչակագիր:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Բրոնիսլավ Կոմորովսկին բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում:

 

 

ՀՀ պատվիրակության աշխատանքային այցը ՆԱՏՕ-ի կենտրոնակայան

413.The working visit of Deputy Foreign Minister and the First Deputy Defence Minister to the NATO Headquarter 25.06.2013Հունիսի 24-25-ին Բրյուսելում աշխատանքային այցով էին գտնվում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը եւ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

Հունիսի 24-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացավ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների դեսպանների տեղակալների նիստը «+Հայաստան» ձեւաչափով: Նիստին քննարկվեց ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) 2012-2013թ. գնահատման զեկույցը:

Փոխնախարար Հովակիմյանն իր ելույթում անդրադարձավ ՀՀ-ՆԱՏՕ քաղաքական երկխոսությանը, Անհատական գործընկերության գործողությունների հաջորդ ծրագրի (2014-2015թթ.) նախապատրաստական աշխատանքներին, ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի զարգացումները:

Դավիթ Տոնոյանը խոսեց ՀՀ զինված ուժերում բարեփոխումների ընթացքի, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ՆԱՏՕ-ի օժանդակությամբ իրականացվող ռազմական կրթության ծրագրերի մասին՝ շեշտելով Հայաստանում ՆԱՏՕ-ի օժանդակությամբ նոր ծրագրեր նախաձեռնելու կարեւորությունը:

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալն անդրադարձավ նաեւ ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող գործողություններին հայ խաղաղապահների մասնակցության հարցերին:

Այնուհետեւ ելույթներով հանդես եկան Դաշինքի պատվիրակությունների ներկայացուցիչները, ովքեր բարձր գնահատեցին Հայաստանի համագործակցությունը Դաշինքի հետ բոլոր բնագավառներում եւ իրենց աջակցությունը հայտնեցին ԼՂ հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը:

Աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը եւ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հունիսի 25-ին հանդիպեցին Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ՀՀ-ՆԱՏՕ քաղաքական երկխոսության հետագա զարգացման հետ կապված հարցեր, ինչպես նաեւ անդրադարձան տարածաշրջանային խնդիրներին:

Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ ԵԽԽՎ լիագումար նիստին, ԱԳ նախարարը հանդիպեց Եվրոպայի խորհրդի կառույցների ղեկավարներին

411. Speech at the signing ceremonyՀունիսի 24-ին ԱԳ նախարար, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ ԵԽ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին։

Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը ԵԽԽՎ անդամներին ներկայացրեց ԵԽ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները և դրանց իրագործման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, Հայաստանի կողմից նախագահության ստանձնումից ի վեր Նախարարների կոմիտեի գործունեությունը, Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության միջև համագործակցության սերտացման նպատակով ԵԽ հայկական նախագահության իրականացվելիք քայլերը։

Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի նախագահության գերակայությունները սահմանվել են նկատի ունենալով կազմակերպության առջև ծառացած մարտահրավերները և նրանցում կարևոր տեղ է հատկացվել Եվրոպայի խորհրդի բոլոր երեք հենասյուներին` մարդու իրավունքներին, օրենքի գերակայությանը և ժողովրդավարությանը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտեց, որ հայկական նախագահությունը շարունակելու է աջակցել ԵԽ Գլխավոր քարտուղարի կողմից նախաձեռնած Եվրոպայի խորհրդի բարեփոխումների գործընթացին՝ կազմակերպության արդյունավետությունը բարձրացնելու համար:

«Հայաստանի նախագահությունը հետամուտ է լինելու Եվրոպայում ռասիզմի և այլատյացության դեմ պայքարին, միջմշակութային երկխոսության միջոցով եվրոպական արժեքների խթանմանը,  մարդու իրավունքների և օրենքի գերակայության եվրոպական չափանիշների ամրապնդմանը, ինչպես նաև ժողովրդավարական հասարակությունների խթանմանն ու եվրոպական ճարտարապետությունում Եվրոպայի խորհրդի դերի ամրապնդմանը»,- ընդգծեց Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի նախագահը։

Էդվարդ Նալբանդյանը նշեց նաև, որ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը խթանելու և պաշտպանելու գործում Եվրոպայի խորհրդի գործունեության ազդեցության ամրապնդման համատեքստում   պետք է երաշխավորվի, որ անհատների իրավունքները պաշտպանվեն Եվրոպայի խորհրդի պատասխանատվության ամբողջ տարածքում՝ անկախ այդ տարածքների կարգավիճակից, որտեղ նրանք բնակվում են։ Կազմակերպությունը պետք է այդ միավորների հետ սերտ խորհրդակցությամբ դիտարկի կարգավիճակով չպայմանավորված մոտեցման հնարավորությունը՝ իր հիմնարար արժեքները և սկզբունքները խթանելու նպատակով։

ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահն անդրադարձավ հարևան տարածաշրջանների՝ ժողովրդավարացման ճանապարհին գտնվող երկրներին Եվրոպայի խորհրդի հետ հարաբերվելու ձևաչափերի  մշակման կարևորությանը։

Ելույթից հետո Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց ԵԽ գործունեությանը, կազմակերպության հայկական նախագահությանը, Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող խորհրդարանական վեհաժողովի անդամների բազմաթիվ հարցերին։

Նույն օրը Եվրախորհրդի կենտրոնակայանում Էդվարդ Նալբանդյանը բացեց Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 15-րդ արձանագրության ստորագրման արարողությունը, որին ներկա էին ԵԽ գլխավոր քարտուղարը,  ԵԽԽՎ նախագահը, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախագահը, արձանագրությունը ստորագրող շուրջ երկու տասնյակ պետությունների ներկայացուցիչներ։

Ողջույնի խոսքում նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը աջակցում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթների իրագործման վերահսկողական մեխանիզմի կատարելագործմանը և 15-րդ արձանագրությունն այդ գործընթացի կարևոր մաս է կազմում։ ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահը հույս հայտնեց, որ 15-րդ արձանագրությունը կստորագրվի և կվավերացվի ԵԽ բոլոր անդամ պետությունների կողմից, ինչը հնարավորություն կընձեռի ՄԻԵԴ-ին առավել արդյունավետ աշխատել։

ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահը կարևորեց Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրության վերջնականացումը և հույս հայտնեց, որ դրա մշակումը ավարտին կհասցվի Հայաստանի նախագահության ընթացքում։

Նույն օրը տեղի ունեցան ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալի, ԵԽԽՎ նախագահի և ՄԻԵԴ նախագահի հետ։

ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելլա Բատայինի-Դրագոնի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ արվեց ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին քննարկվելիք հարցերին, Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի և Քարուղարության փոխգործակցությանը։

Էդվարդ Նալբանդյանի և Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի հանդիպմանն անդրադարձ արվեց Երևանում մայիսի վերջին կայացած ԵԽԽՎ բյուրոյի և մշտական կոմիտեի նիստերի արդյունքներին, ԵԽ Նախարարների կոմիտեի և Խորհրդարանական վեհաժողովի միջև համագործակցությանը։ Զրույցի ընթացքում արծարծվեցին Եվրախորհդրի Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին առնչվող հարցեր:

411. Strasbourg TrainԵԽ կենտրոնակայանում Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց «Եվրոպայում քաղաքական էքստրեմիզմի վերելքը. մեր պատասխանը» խորագրով քննարկմանը, որին ներկա էին ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելլա Բատայինի-Դրագոնին, ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանը, ԵԽ Տեղական իշխանությունների կոնգրեսի նախագահ Կոնգրեսի Հերվիգ վան Շտան, ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մյուզնիկսը։ Հանդիպման մտքեր փոխոնակվեցին ս.թ. նոյմբերին կայանալիք Եվրախորհրդի «Ժողովրդավարության համաշխարհային ֆորումի» նախապատրաստական աշխատանքների շուրջ։

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանի հետ հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ վերջին տարիներին ՄԻԵԴ գործունեության արդյունավետությունը բարձրացել է։

Էդվարդ Նալբանդյանը ընդգծեց, որ Հայաստանը, որպես ԵԽ նախագահող երկիր, կարևորում է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիային Եվրոպական միության միանալը՝ համոզված լինելով, որ դրա արդյունքում ստեղծվելիք եվրոպական միասնական իրավական դաշտն էլ ավելի կամրապնդի Եվոպայում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմը։

Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի Սահմանադրական դատարանի,  Վենետիկի հանձնաժողովի և Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախաձեռնությամբ հուլիսի սկզբին Երևանում կայանալիք «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» խորհրդաժողովի նախապատրաստական աշխատանքները։

Հանդիպմանը քննարկվեց նաև Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի բարեփոխումների վերաբերյալ Ինտերլակենի և Բրայթոնի հռչակագերի իրականացման գործընթացը։

Ստրաստբուրգում Էդվարդ Նալբանդյանն ու  Ստրասբուրգի քաղաքապետ Ռոնալդ Ռիեսը մասնակցեցին ԵԽ-ում Հայաստանի նախագահության խորհրդանիշով տրամվայների շնորհանդեսի արարողությանը։

Արարողությանը հանդես գալով ողջույնի խոսքով՝ Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ մի քանի ամիս Ստրասբուրգի բնակիչներն ու քաղաքի հյուրերը կշրջեն Հայաստանի դրոշի գույներով զարդարված տրամվայներով, որոնք հազարավոր ուղևորներին կփոխանցեն հայ ժողովրդի սրտի ջերմությունը, նրա ցանկությունը 800 միլիոն եվրոպացիների հետ կիսելու խաղաղ երկինք և կառուցելու արժանապատիվ ապագա։

Նույն օրը նախարար Նալբանդյանը մեկնեց Լեհաստան՝ միանալու պաշտոնական այցով Վարշավա ժամանող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությանը։

 

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ ազգային բժշկական պալատի նախագահ Լեոնիդ Ռոշալին

3245Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության ազգային բժշկական պալատի նախագահ, անվանի մանկաբույժ, պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալին, ով Հայաստան է ժամանել Հայաստանի ուրոլոգների ասոցիացիայի հրավերով՝ բնակչությանը ցուցաբերվող բժշկական օգնության որակի բարելավման ուղղությամբ քաղաքացիական հասարակության դերի բարձրացման գործում փորձի փոխանակման և ՀՀ հանրային խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի ու ՌԴ ազգային բժշկական պալատի միջև համագործակցության զարգացման վերաբերյալ հարցերի քննարկման նպատակով:

Հանրապետության Նախագահը նշել է, որ Հայաստանում միշտ ուրախ են հյուրընկալելու հայ ժողովրդի մեծ բարեկամ Լեոնիդ Ռոշալին, ում սրտացավ վերաբերմունքը երեխաների նկատմամբ և մարդկային ու մասնագիտական բարձր հատկանիշները մեր ժողովուրդը տեսել է դեռևս 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո: Ընդգծելով, որ բժիշկ Ռոշալն ամբողջ աշխարհում հայտնի է իր մարդասիրական և բարեգործական գործունեությամբ՝ հատկապես արտակարգ իրավիճակներում երեխաներին ցուցաբերվող բժշկական օգնության և, ընդհանուր առմամբ, մանկաբուժության ոլորտի զարգացման գործում իր հետևողականությամբ, Սերժ Սարգսյանն անվանի մանկաբույժի այցը կարևորել է հայ գործընկերների հետ փոխգործակցության խորացման տեսանկյունից:

Լեոնիդ Ռոշալը նշել է, որ Հայաստանում եղել է 1988-ի երկրաշարժի, այնուհետ 90-ական թթ. պատերազմի տարիներին և դրանից հետո ու մինչ այժմ սերտ կապեր է պահպանում Հայաստանի և իր հայ գործընկերների հետ, հիացած է բարդ աշխարհաքաղաքական պայմաններում ապրող և ստեղծագործող հայ ժողովրդի տոկունությամբ, աշխատասիրությամբ ու մտավոր մեծ ներուժով:

Ընդգծելով, որ Ռուսաստանում և Հայաստանում առողջապահության բնագավառի այսօրվա խնդիրները գրեթե նույնն են, ՌԴ ազգային բժշկական պալատի նախագահը ՀՀ Նախագահի հետ կիսվել է ոլորտի զարգացման հեռանկարի վերաբերյալ իր մտորումներով:

ՀՀ կառավարության և GFI Software ՏՏ ընկերության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր

10493_am_1Հայաստանի կառավարության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող, ծրագրային ապահովման մշակմամբ մասնագիտացած GFI Software ընկերության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր: ՀՀ կառավարության անունից փաստաթուղթը ստորագրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, իսկ GFI Software ընկերության անունից՝ վերջինիս գլխավոր տնօրեն Վալտեր Սկոտը:

Կողմերը կարևորել են հուշագրի ստորագրումը և նշել, որ այն կնպաստի երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն ու GFI Software ընկերության կողմից մեր երկրում իրականացվող ծրագրերի ընդլայնմանը:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանի խոսքով՝ ՏՏ ոլորտը հանդիսանում է կառավարության առաջնային ուղղություններից մեկը և գտնվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ուշադրության ներքո:
Վալտեր Սկոտը տեղեկացրել է, որ իր գլխավորած ընկերության 2011 թվականից գործող հայաստանյան մասնաճյուղում այժմ աշխատում է 50 մարդ: Նախատեսվում է՝ առաջիկայում աշխատատեղերի թիվը առնվազն կրկնապատկել: GFI Software ընկերության գլխավոր տնօրենը բարձր է գնահատել ՏՏ բնագավառում մեր երկրի հետագա զարգացման հնարավորությունները և ընդգծել հայաստանյան մասնագետների ունեցած բարձրակարգ գիտելիքներն ու հմտությունները:
***
 GFI Software ,ՀՀ կառավարություն«GFI Software» ընկերությունը ծրագրային ապահովման մշակմամբ մասնագիտացված առաջատար կազմակերպություն է, որը հնարավորություն է ընձեռնում ցանցային ադմինիստրատորներին լուծել ցանցի անվտանգության և բովանդակության, ինչպես նաև հաղորդագրությունների փոխանցման հետ կապված բոլոր խնդիրները՝ ծրագրերի միասնական հավաքածուի կիրառման միջոցով:
Ընկերության նպատակն է առաջարկել տեխնոլոգիական լուծումներ, որոնք անհրաժեշտ են բիզնեսին` ՏՏ միջավայրի արդյունավետ մոնիթորինգը, կառավարումն ու անվտանգությունն ապահովելու նպատակով:
Ընկերության գործունեության հիմնական ուղղություններն են`
– «ամպային» տեխնոլոգիաների վրա հիմնված ծառայություններ,
– էլ. փոստի անվտանգության և արխիվացման լուծումներ,
– ցանցային անվտանգության լուծումներ,
– հեռավար մոնիթորինգի և կառավարման (RMM) ծառայություններ,
– ռեզերվային ծրագրային ապահովման ծառայություններ,
– կառավարման հակավիրուսային համակարգեր:
«GFI Software»-ը հիմնվել է 1992թ. և ունի գրասենյակներ ԱՄՆ-ում, Միացյալ Թագավորությունում, Գերմանիայում, Ավստրալիայում, Մալթայում, Հոնկոնգում, Ֆիլիպիններում, Ռումինիայում, Հայաստանում և Կիպրոսում: «GFI Software»-ի գործընկերների թիվն ամբողջ աշխարհում գերազանցում է 10 հազարը: Այն ստացել է նաև «Microsoft Gold Certified Partner»-ի կարգավիճակ: Ընկերության տարեկան շրջանառությունը կազմում է շուրջ 200 մլն ԱՄՆ դոլար: «GFI Software»-ի հաճախորդների թվում են Եվրոպայի կենտրոնական բանկը, Microsoft, NASA, Volkswagen, Coca-Cola, BMW, Siemens, Fujitsu, Peugeot, Toyota, Compaq, Ericsson, Giorgio Armani, Benetton և մի շարք այլ հայտնի ընկերություններ:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է իսպանացի գրող Գոնսալո Գուարչին

3242Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է իսպանացի գրող Գոնսալո Գուարչին, ում Հայոց ցեղասպանության թեմայով փաստագրական երեք վեպերի ռուսերեն հրատարակության շնորհանդեսը օրերս է տեղի ունեցել Երևանում: Գոնսալո Գուարչի եռագրությունը՝ «Հայկական տոհմածառը», «Հայոց կտակ» և «Սպիտակ լեռը», ներկայացնում է ոչ միայն 1915թ. ողբերգական իրադարձությունները, այլ նաև քաղաքական այն դրդապատճառները, որոնք հանգեցրել են ցեղասպանությանը:

Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին մեր երկրում և երախտագիտություն հայտնել Գոնսալո Գուարչին՝ իր գրական գործունեության ընթացքում մեր ժողովրդի պատմությանն անաչառորեն անդրադառնալու և անցյալ դարասկզբին Օսմանյան կայսրության կողմից իրագործված ոճրագործությունը իսպաներեն, այնուհետ ռուսերեն լեզուներով գեղարվեստորեն ներկայացնելու համար: Հայ ժողովրդի համար, ըստ Հանրապետության Նախագահի, դա իսկական բարեկամության, սիրո և պատմական արդարության վերականգնման գործում աջակցության օրինակ է, որը չափազանց գնահատելի է: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հայ ժողովուրդը վստահաբար նույնպիսի զգացումներ է տածում Գոնսալո Գուարչի նկատմամբ: Բարձր գնահատելով գրողի գործունեությունը՝ Նախագահը պարգևատրել է նրան «Մովսես Խորենացի» մեդալով և նշել, որ Գոնսալո Գուարչի գրական աշխատանքը մշակույթների և քաղաքակրթությունների փոխադարձ հարստացման իսկական օրինակ է:

Իսպանացի գրողը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին բարձր պարգևի ու ջերմ խոսքերի համար և ընդգծել, որ հպարտությամբ ու պատվով կկրի մեդալը՝ փորձելով կյանքի հետագա տարիներին էլ արժանի լինել այդ մեծ պարգևին:

Հանդիպման ավարտին Հանրապետության Նախագահը առողջություն և ստեղծագործական հետագա հաջողություններ է մաղթել Գոնսալո Գուարչին: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մշտապես պատրաստ է կանգնել իր բարեկամների կողքին և ուրախ կլինի մեծագույն հաճույքով նրանց վերստին հյուրընկալելու:

ը Երևանում կանցկացվի «ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական-անվտանգային ուղենիշները» թեմայով ֆորում

հապկՍ.թ. հունիսի 26-27-ը Երևանում կանցկացվի «ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական-անվտանգային ուղենիշները» թեմայով երկրորդ ռազմավարական քաղաքական ֆորումը:

Կազմակերպիչներն են ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը, ՀԱՊԿ-ի Քարտուղարությունը և «ՀԱՊԿ-ի ինստիտուտ» ոչ առևտրային կազմակերպությունը:

Ֆորումին մասնակցում են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀԱՊԿ-ի գիտափորձագիտական խորհրդի անդամներ, ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման բնագավառի փորձագետներ Հայաստանից, Ղրղզստանից, Ռուսաստանի Դաշնությունից, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:

Ֆորումի բացումը` հունիսի 26-ին, ժամը 10:00-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոց, «Տիգրան Մեծ» սրահ:

 

ՀՀ ՊՆ Դ. Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով կմեկնի Ստրասբուրգ

աբրահամյան Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում  Հայաստանի Հանրապետության նախագահության ստանձնման  կապակցությամբ հունիսի 26-27-ը աշխատանքային այցով Ստրասբուրգ կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը:

Ստրասբուրգում ՀՀ ԱԺ նախագահը հանդիպումներ կունենա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ  Ժան Կլոդ  Մինյոնի, Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի,  Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանի հետ:

 

 

Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Լեհաստանի Հանրապետություն

Սերժ-ՍարգսյանՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով կմեկնի Լեհաստանի Հանրապետություն:

Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Լեհաստանի բարձրագույն ղեկավարության՝ Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու, Սենատի նախագահ (մարշալեկ) Բոգդան Բորուսևիչի, վարչապետ Դոնալդ Տուսկի հետ: Երկու երկրների նախագահների բանակցությունների ավարտին նախատեսվում է մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանն ուղղված երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողություն և բանակցությունների արդյունքների վերաբերյալ նախագահներ Սերժ Սարգսյանի և Բրոնիսլավ Կոմորովսկու համատեղ մամուլի ասուլիսը: Հայաստանի և Լեհաստանի նախագահները Վարշավայում կմասնակցեն նաև հայ-լեհական գործարար համաժողովի փակման արարողությանը: Պաշտոնական այցի շրջանակներում ի թիվս այլ միջոցառումների Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաև Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հնդկաստանում մուսոնային անձրևները իսկական աղետ են դարձել

hndkastanՀնդկաստանում մեկ շաբաթ շարունակվող մուսոնային անձրևների հետևանքով սողանքներ և ջրհեղեղ է առաջացել: Երկրի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ զոհվածների թվի աճի վտանգ կա: Առավել շատ տուժած շրջանների բնակիչները էվակուացվել են, նրանց թիվը տասնյակ հազարի է հասել: Ռազմաօդային ուժերի ուղղաթիռները դժվար հասանելի շրջաններ են հասցնում սնունդ և խմելու ջուր:
Նշենք, որ Հնդկաստանում նման իրավիճակներ հաճախակի է առաջանում: Սկսած հունիսից մինչև սեպտեմբեր մուսոնային անձրևները աղետ են դառնում Հնդկաստանի հյուսիսային շրջանների համար՝ խլելով բազմաթիվ մարդկային կյանքերը:

 

ԱԳ նախարարը ելույթ կունենա ԵԽԽՎ նիստին

Էդվարդ ՆալբանդյանԱԳ նախարար, ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը հունիսի 24-ին կայցելի Ստրասբուրգ, որտեղ ելույթ կունենա Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին։

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Ուկրաինայի և Մոլդովայի իր գործընկերներին

409. Minister Nalbandian meets Ukrainian FM 21.06.2013Օդեսայում ընթացող ՍԾՏՀ նախարարների խորհրդի նիստին  մասնակցող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի օրակարգը նախատեսում էր նաև երկկողմ հանդիպումներ:

Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարայի հետ հանդիպմանը մտքեր փոխանակվեցին երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացման շուրջ։

ԵԱՀԿ-ում ուկրաինական նախագահության համատեքստում անդրադարձ եղավ ԵԱՀԿ օրակարգային խնդիրներին, կազմակերպության գործող նախագահի տարածաշրջան կատարելիք այցի ժամկետներին, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին:

 

Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրացիայի նախարար Նատալիա Գերմանի հետ հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը շնորհավորեց նրան նշանակման կապացությամբ՝ հույս հայտնելով, որ Մոլդովայում նոր կառավարության ձևավորումից հետո գործուն քայլեր կձեռնարկվեն երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու, հայ-մոլդովական համագործակցությանը նոր լիցք հաղորդելու ուղղությամբ։

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ և բազմակողմ շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր, ինչպե նաև հայ-մոլդովական ձևաչափում կայանալիք հանդիպումների առաջիկա ժամանակացույցը:

Նախարարներն անդրադարձան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, խորհրդարանական ձևաչափով համագործակցությանը, իրավապայմանագրային դաշտի ամրապնդման ուղղությամբ իրականացվելիք քայլերին։

 

Հայաստանը ստանձնեց Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը

408.  Armenia assumed BSEC chairmanship 21.06.2013aՍ.թ. հունիսի 21-ին Օդեսայում տեղի ունեցավ Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության անդամ-երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 28-րդ հանդիպումը, որի ժամանակ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը վեց ամիս ժամկետով՝ մինչև ս.թ. դեկտեմբերի 31-ը, ստանձնեց կազմակերպության նախագահությունը։

Նախարարական հանդիպմանն իր ելույթում ՀՀ արտաքին գործերի նախարարը նշեց, որ ՍԾՏՀ կազմակերպությունը թևակոխում է իր գործունեության 22-րդ տարին` տնտեսական համագործակցության նոր օրակարգով:

Նախարար Նալբանդյանն արձանագրեց, որ Հայաստանն ակտիվ քայլեր է իրականացնում կազմակերպության նոր օրակարգը կյանքի կոչելու և տարածաշրջանում փոխշահավետ համագործակցությունը խթանելու ուղղությամբ:

Հայաստանը նախաձեռնել է տարածաշրջանային տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող «Տեխնոլոգիաների հաղորդակցման համացանց» ստեղծելու վերաբերյալ  հայկական նախագծի երկրորդ փուլը: Նախապատրաստական աշխատանքները շարունակվում են ՍԾՏՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ինկուբատորների ասոցիացիա հիմնադրելու ուղղությամբ:

ՍԾՏՀ-ում ՀՀ նախագահության ընթացքում Երևանում կկազմակերպվի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում` “DigiTec 2013” ամենամյա ցուցահանդեսին զուգահեռ:

Անդրադառնալով ՍԾՏՀ արդյունավետության բարձրացման հարցին՝ Հայաստանի արտգործնախարարը առանձնացրեց ՍԾՏՀ շրջանակներում ընդունված փաստաթղթերի դրույթների պատշաճ կատարումը, ինչպես նաև կազմակերպության աշխատանքային խմբերի օրակարգերի արդիականացման անհրաժեշտությունը:

Նախարարը կարևորեց միջազգային կազմակերպությունների, ՍԾՏՀ հարակից մարմինների, դիտորդների և բնագավառային երկխոսության գործընկերների հետ համագործակցության զարգացման, կազմակերպության քարտուղարության բարեփոխումների  և հավասար ներկայացվածության սկզբունքի կիրառման անհրաժեշտությունը:

Հանդիպման արդյունքում ՍԾՏՀ արտգործնախարարների կողմից ընդունվեցին կազմակերպության գործունեությանն առնչվող մի շարք որոշումներ:

Ստանձնելով ՍԾՏՀ նախագահությունը՝ նախարարը Նալբանդյանը շեշտեց, որ Հայաստանը կարևորում է սևծովյան տարածաշրջանում տնտեսական համագործակցության խթանման ուղղությամբ հավելյալ ջանքերի ներդրումը, կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացումը և միջազգային բեմահարթակում նրա հեղինակության ամրապնդումը։

 

 

Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր ու պատվոգրեր՝ բուժաշխատողներին

001 (8)Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը բուժաշխատողի օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր ու պատվոգրեր է հանձնել մայրաքաղաքի բժշկական հաստատությունների, այդ թվում համաբուժարանների ու բժշկական կենտրոնների շուրջ երեք տասնյակ բուժաշխատողների՝  բարեխիղճ ու անմնացորդ աշխատանքի համար։

Բուժաշխատողներին շնորհավորելով մասնագիտական օրվա կապակցությամբ՝ Երևանի քաղաքապետի տեղակալը շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին կարևորագույն այս ոլոտում մեծ նվիրումով աշխատելու  համար և հավաստել, որ քաղաքապետարանի առողջապահական ծրագրերը քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական հսկողության ներքո են։

«Վստահ եմ, որ միասնաբար կյանքի կկոչենք բոլոր ծրագրերն ու ստանձնած պարտավորությունները՝ ոլորտն էլ ավելի կայացած ու կատարելագործված տեսնելու համար»,– նշել է Դավիթ Օհանյանը։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Քննարկվել են Երևանի և Գլենդելի միջև հետագա համագործակցության հետ կապված հարցեր

001 (7)Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Կալիֆորնիայի Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանի հետ: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարևորել է ծնունդով Հայաստանից առաջին քաղաքական գործչի՝ Գլենդելի քաղաքային խորհրդում ընտրվելն ու հույս հայտնել, որ Զարեհ Սինանյանն իր հերթին կնպաստի Գլենդելի հետ գործնական կապերի ամրապնդմանն ու խորացմանը.

«Վստահ եմ, Երևանը և Գլենդելը համագործակցության լայն հնարավորություններ և հեռանկար ունեն ինչպես քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում, այնպես էլ կառավարման հարցում փորձի փոխանակման առումով: Գլենդելի և Երևանի Կենտրոն վարչական շրջանի միջև փոխըմբռնման հուշագրի առկայությունն ու Գլենդելում հայ համայնքի ունեցած մեծ դերակատարումը հաշվի առնելով կարծում եմ, որ մենք կկարողանանք երկուստեք փոխշահավետ համագործակցություն հաստատել»,- նշել է Տարոն Մարգարյանը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը համոզմունք է հայտնել, որ առաջիկայում Երևանի և Գլենդելի միջև հարաբերություններն ավելի սերտ ու գործնական կդառնան. «Ինձ համար շատ հաճելի է գտնվել Երևանում, և ես համոզված եմ, որ երկու քաղաքներն իսկապես ունեն մեծ ներուժ համատեղ ծրագրերի իրականացման հարցում»,- նշել է Զարեհ Սինանյանը և, օգտվելով առիթից, Տարոն Մարգարյանին հրավիրել է պաշտոնական այցով հյուրընկալվել Գլենդելում՝ երկու քաղաքների միջև հարաբերությունների սերտացման հարցերն առավել հանգամանալի քննարկելու համար:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Յուրաքանչյուր հինգշաբթի՝ քաղաքացիների ընդունելության օր բոլոր վարչական շրջաններում

001 (5)Մայրաքաղաքի բնակիչներին մտահոգող խնդիրները լսելու և հնարավոր լուծումներ տալու, ինչպես նաև նրանց կողմից ներկայացվող առաջարկություններին ծանոթանալու նպատակով Երևանի քաղաքապետարանում  և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ սահմանվել է քաղաքացիների ընդունելության հստակ ժամանակացույց:

Մայիս ամսվա ամփոփ տվյալներով՝ Երևանի քաղաքապետարանում կազմակերպված ընդունելություններին մասնակցել է 144 քաղաքացի: Ներկայացված բոլոր հարցերին տրվել են դրական լուծումներ և սպառիչ պատասխաններ:

Վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում տեղի ունեցած ընդունելություններին մասնակցել է 299 քաղաքացի: Բարձրացված հարցերի զգալի մասին լուծումները տրվել են տեղում, մյուս մասն ընթացքի մեջ է: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Արթուր Կարապետյանը նշել է, որ ընթացքի մեջ գտնվող հարցերը հիմնականում կապված են քաղաքապետարանի տարեկան ծրագրային աշխատանքների հետ և, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, հատուկ հսկողություն է իրականացվում դրանց կատարման ընթացքի նկատմամբ:

Նշենք նաև, որ քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուների և վարչական շրջանների ղեկավարների ընդունելություններին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել՝  ներկայացնելով անձնագիր: Հիշեցնենք, որ վարչական շրջանների ղեկավարների ընդունելությունները կազմակերպվում են յուրաքանչյուր հինգշաբթի:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նախագահ Սերժ Սարգսյանը Վիեննայում մասնակցում է ԵԺԿ գագաթնաժողովին

3233ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ավստրիա: Հանրապետության Նախագահը Վիեննայում մասնակցում է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին, որտեղ քննարկվում է ԵՄ տնտեսական, քաղաքական զարգացումներին, միջազգային արդի խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Օրակարգում, մասնավորապես, ներառված են տնտեսական աճի, աշխատատեղերի ստեղծման, տնտեսության մրցունակության բարձրացման, ԵՄ ավելի սերտ տնտեսական և մոնետար միության զարգացման հետ կապված խնդիրները: Գագաթնաժողովի մասնակիցները կարծիքներ կփոխանակեն ազգային մակարդակում կառուցվածքային բարեփոխումների իրականացման, Եվրոպական միության 2013թ. եզրափակվող կիսամյակի արդյունքների վերաբերյալ: Անդրադարձ կլինի նաև տարածաշրջանային և ԵՄ Արևելյան գործընկերությանն առնչվող հարցերին:

Իրաքի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

403. Minister Nalbandian received the ambassador of Iraq 20.06.2013(1)Հունիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իրաքի հանրապետության նորանշանակ դեսպան Ղազի Տահեր Խալեդին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ Էդվարդ Նալբանդյանը հաջողություն մաղթեց նրան առաքելության մեջ և հույս հայտնեց, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի և Իրաքի միջև գոյություն ունեցող պատմական և ավանդական, բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը: ԱԳ նախարարն ընդգծեց, որ վերջին տարիներին երկու երկրների միջև տեղի ունեցած բարձրաստիճան փոխայցելությունները և միմյանց մայրաքաղաքներում դեսպանությունների վերաբացումը նոր լիցք են հաղորդել հայ-իրաքյան հարաբերություններին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Խալեդը վստահեցրեց, որ առավելագույն ջանքերը կներդնի տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցությունը զարգացնելու համար։ Նա հավելեց, որ Իրաքը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ փոխգործակցության ընդլայնումը և խորացումը, ինչպես նաև ընդգծեց իրաքահայ համայնքի ներդրումը երկրի զարգացման և բարգավաճման գործում:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, Իրաքում կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված քայլերին: