Ամենակարևոր և բարձր պաշտոնը

Haykuhi-Barseghyan1Հայրենիք, հայրենասիրություն, հայրենի հող. սրանք շաբլոն դարձած բառեր են, որ ամեն օր օգտագործում ենք, հասարակական դիրք ձեռք բերել ցանկացող ամեն մեկն էլ իրեն հայրենասերի մակդիր է կպցնում` հետագայում իր ապազգային քայլերով արժեզրկելով վեհ հասկացությունների էությունը:

Գեղեցիկ բառերն  օգտագործում ենք, բայց հազիվ թե լիովին հասկանում ենք այդ բառերի էությունը: Խոսքս այն մասին չէ, թե մեզ հայրենասեր համարողներս չենք հասկանում հայրենասիրություն ասվածի իմաստը, բնավ ոչ: Պարզապես ավելի հեշտ է լինել «անձնուրաց» հայրենասեր, երբ ապրում ես խաղաղության ու հարմարավետության մեջ` հեռու սահմանից, հեշտ է բոցաշունչ ֆեյսբուքյան ստատուսներ գրել, երբ համակարգչի առջև հանգիստ  նստած ես ու վայելում ես տաք սուրճը կամ թեյը, առավել հեշտ է քննադատել այս կամ այն մարդու գործը, որևէ մեկին հայրենիքի դավաճան հանել կամ խոսել Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման շրջանառվող տարբերակների մասին, երբ միայն խոսում ես, բայց ոչ գործում: Բոլորին է հայտնի` խոսելը հեշտ է, գործելը` դժվար: Մոլի քննադատ ու խոսքով հայրենասերների թիվը կկրճատվեր կամ էլ գոնե լեզուն կկարճանար, եթե նրանք գոնե մի օր սահմանին կանգնեին ու հայրենի հողը թշնամուց պահեին: Այդ ժամանակ միայն մարդ կհասկանա  նախնիների արյունով պահված ու իր իսկ  քրտինքով ջրված հայրենի հողի արժեքը:

Երբ սահմանին ես կանգնած, հայրենիքը ո՛չ պատուհանիցդ երևացող գեղեցիկ համայնապատկերն է, ո՛չ էլ ինչ-որ վերացական անորոշ տարածություն, այլ հողը և խրամատը, որում  հայ զինվորը օրնիբուն զենքը ձեռքին դիմակայում է թշնամուն:  Իրականությունն այլ է.  ո՛չ պոետներին ու նկարիչներին ոգևորող տեսարաններ կան, ո՛չ էլ հարմարավետության սիրահարների համար պայմաններ. հող, փոշի, ցուրտ կամ շոգ, միջատներ ու ամբողջ էությամբ քեզ ատող ու մինչև ատամները զինված թշնամի: Այստեղ ես միայն հասկանում, որ «երկիրը լավ էլ երկիր է», և երկրի նախագահից ու գոյություն ունեցող բոլոր պաշտոններից, իրենց «լավ տղա» համարող, բայց մեկի վրա հազարով հարձակվող  սուտ «գողականներից»  առավել կարևոր ու բարձր է սահմանին կանգնած հայ զինվորը:

Իհարկե, հայրենասիրությունը միայն սահմանին կանգնելը չէ:  Ի վերջո, եթե երկրիդ լավ քաղաքացի ես, լավ ու բարեխիղճ մասնագետ ես, դրանով իսկ արդեն ծառայում ես հայրենիքիդ: Անվիճելի է,   ուսուցիչը, բժիշկը, գիտնականը, լրագրողը, հացթուխը, բոլորը  հայրենիքի զինվորներ ու նվիրյալներ են, եթե իրենց գործը ճիշտ ու ժամանակին են անում: Բայց հայրենիքի իսկական նվիրյալները, բացի մասնագիտությամբ ու գիտելիքով  երկրին ծառայելուց, երկու տարի էլ զենքը ձեռքին են ծառայում: Այլ կերպ` որքան էլ քեզ հայրենասեր համարես, կիսատ կլինես:

Նախկինում, երբ երեխաներին հարցնում էիր, թե ինչ է ուզում դառնալ, պատասխանում էր` տիեզերագնաց, ուսուցիչ, մամա կամ պապա: Այսօր նման պատասխան երևի չեք լսի, ներկայիս երեխաները, հասարակական բարքերով  պայմանավորված, ուզում են դառնալ նախագահ, վարչապետ, տնօրեն, գող ու այսպես շարունակ: Աչքաթող է արված երկրի ամենակարևոր պաշտոնը… Հասարակական բարքերն ու ընտանեկան դաստիարակությունը հանգեցրել են նրան, որ շատ քիչ երեխաներ են մանկուց երազում ամենակարևոր պաշտոնի` հայրենիքի պաշտպանի` զինվորականի ծառայության մասին: Դեռ մի բան էլ ավելին, հաստատ կգտնվեն բազմաթիվ մանկիկներ, որոնք, տպավորված իրենց ծնողների քննարկումներից, կհայտարարեն. «Ես բանակում չեմ ծառայելու, պապան ինձ կազատի ծառայությունից»:

Բայց ամենամեծ աբսուրդն այն է, որ սահման չտեսած ու ծառայությունից խուսափած մարդիկ կկանգնեն ու լուրջ-լուրջ հայտարարություններ կանեն բանակի ու մեր երկրի հզորության մասին, կխոսեն տարածքներ հանձնելու մասին` առանց մտածելու  հայրենի հողի արժեքի ու այդ հողը պաշտպանելու համար թափված արյան մասին: Էլ չասեմ նման հայտարարություններ անելու բարոյական իրավունքի մասին:

Առավել վատ է, երբ նման մարդիկ պետական բարձր պաշտոններ են զբաղեցնում` դառնալով օրինակ աճող սերնդի համար. «Կարելի է չծառայել հայրենիքին, բայց փողոտ ու բարձր պաշտոն ունենալ»:

Կա մարդկային ավելի վատ տեսակ` երիտասարդներ, որոնք սահման են պահել, ծառայել, բայց վերադառնալուց հետո էլի խոսում են հող հանձնելու մասին, թե «իմ տունն ինձ հերիք ա, ինչիս են պետք էդ հողերը»:

Հաճախ կգտնվեն մարդիկ, ովքեր քննադատում են իրենց երեխաներից հրաժարված մայրերին` նրանց համարելով անմարդկային էակներ: Բայց ոչ ոք չի քննադատում վերը նշված մարդկային տիպը: Երբ երկու տարի սահման ես պահում, հայրենի հողն էլ վերածվում է հոգեզավակի, ու եթե հրաժարվում ես դրանից, երեխային մանկատանը ձգող մորից ոչնչով լավը չես, դեռ ավելին, շատ ավելի վատն ես:

Ուզում ենք Եվրոպա լինել, ապրել բարեկեցիկ, բայց չունենք պետական մտածողություն, ամեն մեկի հայրենիքն ավարտվում է իր տան բակով կամ դարպասով, սիրում ենք խոսել, բայց ոչ գործել, գաղտագողի դժգոհել, բայց ոչ պայքարել, մի գլուխ գոռում ենք. « Ի՞նչ է արել էս երկիրն ինձ համար»` մոռանալով մեզ հարցնել, թե «ես ի՞նչ եմ արել էս երկրի համար»: Ժամանակն է, որ մտածողությունը փոխվի, որ սկսենք գործել, պայքարել ու նախ և առաջ հայրենիքի, ոչ թե մեր շահի համար: Երբ այդպիսին լինենք, ոչ միայն կունենանք  բարեկեցիկ ու զարգացած երկիր, այլև կկարողանանք իրականացնել այսօր անիրականանալի թվացողը. վերադարձնել կորսված հայրենիքը և լինել հայրենատեր:

Հոյա, մոմանման բաղեղ

Բкхояույսի մասին ընդհանուր տեղեկություններ
Հոյա (hoya),արալիազգիների ընտանիքի մշտադալար բույսերի ցեղ. գոյություն ունի մոտավորապես  200  տեսակ:
Հայրենիքը` Չինաստան, Հնդկաստան, Ավստրալիա:
Օգտագործվում է որպես սողացող, կախվող գեղեցիկ ծաղիկներով լիաններ:

Բույսի չափսերը` մինչև 6մ երկարություն:

Աճում է արագ:Ծաղկում է մայիսից- սեպտեմբեր ամիսներին:

Տեսակները`

Հարավային Հոյա ( Hoya australis )

Սա ձվաձև կամ համարյա կլոր, մսոտ և 5-8 սմ երկարությամբ   տերևներով լիանա է: Ծաղիկները փնջերով են,մեկ սանտիմետր տրամագծով,սպիտակ`մեջտեղը կարմիր:

Հոյա գեղեցկուհի ( Hoya bella )

Հայրենիքը Հնդկաստան, Բիրմա: Խիտ ճյուղավորված թուփ է, կախված, հանգույցներում արմատացած ցողուններով: Տերևները`  ձվաձև-երկարավուն, սրացված մինչև  3 սմ երկարությամբ: Ծաղիկները սպիտակ, մոմանման, մինչև 1,5սմ տրամագծով, մուգ կարմիր թագով, հաճելի հոտով, որոնք 8-10 –ը միասին հավաքված են հովհարաձև փնջում: Ծաղկում է ամռան կեսերից:

Հոյա մսալի ( Hoya carnosa )

Հայրենիքը `Հյուսիս -արևելյան Ավստրալիա : Սողացող լիանա է `մինչև 6 մետր հասնող ցողուններով:  Տերևները `դեմ դիմաց, մսոտ, օվալաձև կամ երկարավուն, բութ կամ կարճ սրոտ ծայրերով, մուգ կանաչ, մոտ  8 սմ երկարությամբ: Բազմաթիվ ծաղիկները հավաքված են հովանոցաձև փնջերում, ունեն հաճելի բուրմունք: Պսակը հինգ մասերից ,1,5սմ տրամագծով, սպիտակ, մոմանման , վարդագույն ծածկով; ծաղկում է գարնանն ու ամռանը:

Հոյա շքեղ ( Hoya imperialis )

Բույս բաղեղ կամ թփեր:  Ցողունները աղվամազոտ են: Տերևները երկարավուն-օվալաձև` 15—20 սմ երկարությամբ,հիմքում կլորացած, ծայրը` սուր, հարթ, կաշենման:

Կտրոններն իջեցված են խոշոր, 5-7 սմ երկարությամբ: Ծաղիկները 6-10 հատ են` կախված հովհարանման, 12-20 սմ երկարությամբ. Մուգ կարմիր, արտաքինից կանաչա-դեղնավուն, կեղևը կարճ իջած, աստղանման տեղադրությամբ ծաղիկներով, իջած ծաղկաոտիկով, հաճելի բուրմունքով: Տարածված է Մալակայում:

Երկարատերև հոյա ( Hoya longifolia )

Արևադարձային Հիմալայներ: Բազմամյա մշտադալար, խիտ ճյուղավորմամբ, կիսաթուփ:  Նուրբ, 1 մետր երկարություն ունեցող կախված ցողուններով,  տերևները կաշենման են, անփայլ կանաչ կամ էլ կանաչ, հարթ: Ծաղիկներն աստղանման են, սպիտակ, իսկ կենտրոնում` մորեգույն, որոնք հավաքված են հովհարանման ծաղկաբույլի մեջ: Ծաղկման  տևողությունը` 2-3 ամիս (ամառը):

Բազմածաղիկ հոյա( Hoya multiflora )

Մագլցող բույս է : Ծաղիկները` երկարավուն, բազմաթիվ, հավաքված հովհարի նման, ծաղկաթերթիկները նեղ են: Ծաղկում է Մալազիայի անտառներում:

Խնամք

Ջերմաստիճանը ամռանը` 22 — 25
Ջերմաստիճանը ձմռանը`12 — 15

Լուսավորությունը. պայծառ ցրված լույս, որոշ չափով արևի ուղիղ ճառագայթներ: Հարմար է արևմտյան և արևելյան պատուհաններին, հարավային պատուհանին օրվա շոգ ժամերին հարկավոր է ստվերել, ձմռանը հոյան արևի լույսի  առավելագույն պահանջ ունի:

Ջրել հարկավոր է գարնուն- աշուն ժամանակահատվածում:  Պետք է ջրել այն ժամանակ, երբ հողի վերին շերտն արդեն  չոր է: Ձմեռը պետք է ավելի քիչ ջրել` կախված սենյակի ջերմաստիճանից: Ջուրը պետք է փափուկ ու սենյակային լինի: Հոյան   հողի չորությանն ավելի հեշտ կհարմարվի քան չափից դուրս ջրելուն:

Բազմացումը. Ցողունի կտրոններով, որոնք վերցվում են նախորդ տարվա ցողուններից: Մի թաղարում տնկվում է միանգամից մի քանի կտրոն:

Օդի խոնավությունը: Պարբերաբար ջուր է ցողվում վրան, սակայն ծաղկման ժամանակ պետք է ցողել այնպես, որ ծաղկի վրա ջուր չլինի: Կարելի է հոյայով թաղարը դնել ջրով լի տադիրի վրա: Վերատնկում. կատարվում է 2-3 տարուց, գարնանը:

Սնուցումը. մարտից օգոստոս, սնուցում են յուրաքանչյուր շաբաթ`  սենյակային ծաղիկների հեղուկ պարարտանյութով:

Էտում, անհրաժեշտ է կատարել տարվա  ցանկացած եղանակին: Վնասատուներն ու հիվանդությունները. հիմնական վնասատուներից են սպիտակաթևիկները: Սխալ ջրելու հետևանքով արմատները փտում են ու բույսը` մահանում: Անհրաժեշտ է սողացող ցողունների համար  ամրակալներ դնել:

Խնամքի առանձնահատկությունները. երբ ծաղկում է, պետք չէ դիրքը փոխել, չի կարելի թարմ օդին դուրս բերել: Ծաղիկն ամրակալների կարիք ունի: Եթե տերևները թափվում են, ապա նշանակում է,  արմատների մոտ կուտակված  ջուրը նեխել է:

Հոյան քմահաճ բույս չէ: Ամռանն այն պետք է առատ ջրել,իսկ ձմռանը `չափավոր: Անընդհատ հարկավոր է հետևել հողին, որ այն շատ չչորանա: Ակտիվ աճման շրջանում հարկավոր է երկու  շաբաթը մեկ պարարտացնել:  Բույսը կարելի է ցողել ամբողջ տարվա ընթացքում`օգտագործելով  սենյակային  ջերմաստիճանի ջուր: Տարին մի քանի անգամ հոյային կարելի է լողացնել`տաք օճառաջրով փափուկ սպունգի միջոցով, մաքրել տերևները փոշուց :   Մշակման այս փուլում հարկավոր է հեռացնել չորացած տերևներն ու ճյուղերը:Հոյան լավ է աճում 12 °С ջերմաստիճանում: Տնկման համար պիտանի է  2 բաժին ճլի , 4 բաժին տորֆի ու մեկ բաժին ավազախառնուրդը:

Դիտվել է 1394 անգամ: