Կինոփառատոները միացնում են աշխարհի մարդկանց . Ռիչարդ Պենյա

Ռիչարդ ՊենիաԻսպանական ընտանիքում հասակ առած կինոքննադատ Ռիչարդ Պենյայի վրա մեծ ազդեցություն է ունեցել սյուրռեալիզմի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը` Լուիս Բունյուելը, նրան ոգեշնչել և հավատ է ներշնչել, որ արվեստը փոփոխության հասնելու համար հզոր գործիք է: 1988 թ. Ռ. Պենյան դարձավ «Լինքոլն» կենտրոնի կինոընկերության ծրագրերի մշակման տնօրենը:

«Անկախը» ներկայացնում է Ռիչարդ Պենյայի հետ հարցազրույցը:
- Պարոն Պենյա, այսօր ի՞նչ է փոխվել կինոարտադրության ոլորտում:
- Շատ բան, սակայն ամենամեծ փոփոխությունը թերևս այն է, որ տեխնոլոգիապես կինոն առաջ անհասանելի արվեստ էր, դժվար էր ֆիլմ նկարահանել, մինչդեռ այսօր յուրաքանչյուր հասուն մարդ կարող է կինո նկարել, որովհետև տեխնիկան մարդկանց համար դարձել է մատչելի և բավականին էժան:

- Հաճախ ծնողներն են որոշում, թե իրենց երեխան ինչ մասնագիտություն կընտրի: Ձեր մասնագիտության ընտրության հարցում է՞լ են ծնողները դեր ունեցել:
- Ոչ, նրանք հարգել են իմ ընտրությունը և երբեք չեն պարտադրել, օրինակ, իրավաբանի, բժշկի կամ տնտեսագետի մասնագիտություն ընտրել: Երջանիկ եմ, որ կարողացել եմ շարունակել ընտրածս ուղին: Իրականում կինոքննադատ լինելն ինձ համար աշխատանք չէ, այլ հաճույք:

- Ի՞նչ դրույթների, սկզբունքների հիման վրա եք որոշում` այս կամ այն ֆիլմը լավն է, թե վատը:
- Շատ բարդ է բացատրել, թե ինչ չափանիշներով եմ առաջնորդվում ֆիլմերը որակելու հարցում: Երբ մարդիկ ֆիլմ են դիտում, առաջին արձագանքը ավելի շատ ներքին է և արագ, այնուհետև, հաշվի առնելով ֆիլմի պատմության և այլ գիտելիքներ, ինքներս մեզ փորձում ենք բացատրել, թե ինչու է այս կամ այն ֆիլմը մեզ դուր գալիս կամ ոչ, իսկ վերջում փաստարկ ենք բերում, թե ինչու ենք այն այդ կերպ որակել: Կինոն որակելիս փառատոնի որոշ պատասխանատուներ պետք է վստահ լինեն` արդյոք քեզ վրա ոչ մի ազդեցություն չկա՞, և ֆիլմը դիտում ես բացառապես արվեստի ընկալման քո չափանիշներո՞վ:

- Ի՞նչ են առհասարակ կինոփառատոները բերում մարդկանց, կինոարտադրողներին ու աշխարհին:
- Կարող եմ խոսել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի օրինակով: Այն մի քանի գործառույթ ունի, որոնցից մեկն ինձ նման արտերկրից եկած մարդկանց համար այս տարածաշրջանի` Կովկասի կինոնկարներ դիտելու հրաշալի հնարավորություն է: Այս տարածաշրջանի մարդկանց համար նույնպես լավ առիթ է, օրինակ` Կիմ Կի Դուկի, Ամոս Գիտայի, Ցզյա Չժանկեի նման աշխարհահռչակ կինոգործիչների աշխատանքները տեսնելու համար: Այսինքն` կարելի է ասել, որ սա մի վայր է, որտեղ աշխարհը հանդիպում է Կովկասին, Կովկասը` աշխարհին:

- Բավականին երկար ժամանակ` 1988-2012 թթ. եղել եք Նյու Յորքի կինոփառատոնի տնօրենը: Այն ի՞նչ առավելություն ունի մյուս կինոփառատոների համեմատ:
- Ամեն տարի նոր կինոփառատոներ են ծնվում, սակայն Նյու Յորքի կինոփառատոնում կարծես ընդգրկվում է լավագույն ընտրանին, և այն հեռու է ավելորդ գլամուրից: Ի դեպ, այնտեղ մի քանի անգամ քննարկվել է հայկական կինեմատոգրաֆի ցուցադրություն կազմակերպելու հարցը: Հուսամ` մի օր այն կիրականացվի, քանզի հայ ռեժիսորները մեծ ավանդ են ունեցել համաշխարհային կինոյում:

 

Ելենա ՉՈԲԱՆՅԱՆ

Tags: ,