ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՈՎՍԿԻ

Հովհաննես Այվազովսկի1896 թ. ամառային մի օր Թեոդոսիայի բնակիչները մի զվարճալի տեսարանի ականատես եղան: Արդեն անվանի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին քայլում է քաղաքի փողոցներով, նրա կողքին ծովանկարչի շունն է, որի վզին մեդալներ են կախված: Լուռ, շրջապատի մարդկանց հարցապնդումներին անհաղորդ` ծովանկարիչը շան հետ ծովափ իջավ, նավակ նստեց ու թիավարեց դեպի ծովը, ապա շան վզից արձակեց կապած մեդալներն ու շպրտելով` հետ վերադարձավ…

Մեծ ծովանկարիչը ծովի խորքերը նետեց թուրքական սուլթան Աբդուլ-Համիդ Երկրորդի պարգևները, որ ստացել էր նրանից թուրքական պալատների նկարազարդումների և Բարձր դռան պատվերով արված կտավների համար: Մեծ հայորդին այդպես իր բողոքն ու դժգոհությունն արտահայտեց Արևմտյան Հայաստանում սկսված զանգվածային կոտորածների դեմ:

Երբ տակավին պատանի Հովհաննես Այվազովսկին ցանկանում էր ընդունվել ուսումնարան, տնօրենը, որպեսզի ստուգի նրա ընդունակությունները, փորձում է նրան՝ ասելով.
- Ուսումնարանի առաջին հարկում ջրավազան կա, գնա և այնտեղից դույլով ջուր բեր:
Պատանին գնում է, տեսնում, որ ջրավազանն իրականում պատի վրա արված նկար է: Նա նկարի վրա ավելացնում է ջրի մեջ խեղդվող շուն, առանց ջրի գնում տնօրենի մոտ և արդարանալով ասում. «Ավազանի մեջ շուն կար, ջուրը կեղտոտ էր, չբերեցի»:
Տնօրենը գնում տեսնում է, թե ինչ հմտությամբ է Այվազովսկին նկարել շունն ու նրան ընդունում է իր մոտ սովորելու:

Ռուսական կայսրության պատվավոր ծովակալ, Ռուսական կայսերական ակադեմիայի անդամ, Ամստերդամի, Շտուտգարտի, Ֆլորենցիայի, Հռոմի գեղարվեստի ակադեմիաների անդամ, Ֆրանսիայի բարձրագույն` Պատվո լեգեոնի շքանշանակիր, աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվզովսկին ծնվել է 1817 թ. հուլիսի 29-ին Ղրիմի Թեոդոսիա քաղաքում:

Տեղի ծխական քահանայի ծխամատյանում գրանցված է որպես Օաննես Այվազյան: Հետագայում` մինչև 1843 թ., իր կտավները մեծ ծովանկարիչը այդպես էլ ստորագրում էր` հայերեն:

Հովհաննես Այվազովսկին դեռ երիտասարդ ժամանակ նվաճեց ծովանկարչության առաջամարտիկի դիրքը ու մինչ օրս պահպանեց այն: Աշխարհում ոչ ոք չկարողացավ այլևս ծովանկարչության ասպարեզում ստեղծել այնպիսի արժեքներ, որոնք կարողանային չափվել հայորդու ստեղծածի հետ: Նա արտակարգ տեսողական հիշողություն ուներ և տարբեր երկրներում տեսածը ամիսներ անց կարողանում էր արագ վերարտադրել իր կտավներում:
Նրա հայրը Մոլդովայից Ղրիմ գաղթած Գեորգի Այվազն էր, ով հետագայում անհայտ պատճառով փոխեց իր անունը` Կոստանդին:
Մանկությունն ու պատանեկությունն անցան հայրենի քաղաքում, որտեղ Հովհաննեսը հաճախեց տեղի հայկական ծխական դպրոց:
Հովհաննեսը սիրում էր նկարել ու հաճախ էր ածուխի կտորներով «մրոտում» քաղաքի պատերը, զանազան շինություններ:

Տեսնելով որդու հակումը` հայրը նրան ուսման տվեց Սիմֆերոպոլի գիմնազիայում, ուր սովորեց 1830-1833 թթ.: Այստեղ նա նվաճեց առաջին պարգևը. իր «Անդորր» կտավի համար արժանացավ գիմնազիայի առաջին կարգի ոսկե մեդալի: Հետագայում` 1837 թ. Այվազովսկին ոսկե մեդալով ավարտեց Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան:

Այնուհետև ,Այվազովսկին շրջագայեց Եվրոպայում` կատարելագործելով իր արվեստը: Նա եղավ Եվրոպայի մշակութային կենտրոններում` Իտալիայում, Հոլանդիայում, Անգլիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, մասնակցեց բազում ցուցահանդեսների, ինչը ճանաչում բերեց ծովանկարչին:

Չորս տարի անց` 1844 թ. վերադառնալով Ռուսաստան` նշանակվեց Ծովային գլխավոր շտաբի ծովանկարիչ: Չնայած նոր նշանակմանը` նա չհաստատվեց մայրաքաղաքում, այլ մշտական բնակության մեկնեց հայրենի քաղաք` Թեոդոսիա: Այվազովսկին չէր պատկերացնում կյանքն առանց ծովի:

Ղրիմի պատերազմի ծանր օրերին նա գործուն աջակցություն ցույց տվեց Սևաստոպոլի պաշտպաններին: Անգամ պատերազմի թոհուբոհը չխանգարեց, որ նա քաղաքում ցուցահանդես բացի, ոգևորի պաշարված քաղաքի բնակիչներին:
Պատերազմից հետո նա մեկնեց երկարատև ճամփորդության. եղավ Եվրոպայում, ամերիկյան մայրցամաքում, Աֆրիկայում, Մերձավոր Արևելքի երկրներում, Կովկասում, Հայաստանում:

Հենց նրա ջանքերով 1869 թ. Թիֆլիսում բացվեց հայ իրականության մեջ առաջին ցուցահանդեսը, որտեղ ցուցադրության դրեց իր կովկասյան բնանկարները և հայ իրականությանն առնչվող կտավները:

Հովհաննես Այվազովսկին նյութապես ապահովված մարդ էր և միշտ իր միջոցներից բաժին էր հանում կարիքավորներին: Նա նաև նյութական աջակցություն ցույց տվեց Ղրիմի հայ փախստականներին: Առհասարակ, Հայկական հարցը նրա ուշադրության կենտրոնում էր, և շուտով ծնվեցին «Թուրքական նավերը Մարմարա ծովն են թափում հայերին», «Հայերի ջարդը Տրապիզոնում» ու այլ կտավներ: Նա հայկական թեմաներով ստեղծել է նաև «Նոյն իջնում է Արարատից», «Հայ մարտիկի երդումը», «Հայ ժողովրդի մկրտությունը», «Արարատ լեռան հովիտը», «Խրիմյան Հայրիկը Էջմիածնում», «Սևանա լիճը», «Բայրոնի այցը սուրբ Ղազար կղզի», «Ադանայի ջարդը», «Վարդան զորավար», այլ կտավներ, որոնցում պատկերված են թիֆլիսյան բնանկարներ, հայության կենցաղը…
Հայաստանի ազատագրության և լուսավորության համար պայքարող հայկական կազմակերպություններն էլ անմասն չեն մնացել Հովհաննես Այվազովսկու նյութական աջակցությունից: Նրա նյութական աջակցությունից զուրկ չմնացին նաև ազատության համար պայքարող հույներն ու իտալացիները:Նա հայրենի քաղաքում հնագիտական թանգարան և գեղարվեստի դպրոց բացեց, համերգային դահլիճ, պատկերասրահ:

Այվազովսկու տարերքը ծովն էր: Նա իր կտավներում պատկերել է ծովն իր ողջ հմայքով ու գեղեցկությամբ` տարբեր եղանակների, տարբեր ժամերի, փոթորկի պահին, խաղաղ ծփալիս…
Իր բեղուն կյանքի ընթացքում Այվազովսկին ստեղծեց շուրջ 6000 կտավ: Նրա գլուխգործոցն է «Իններորդ ալիքը», որ վրձնեց 1850 թ.: Պակաս արժեքավոր չեն նաև «Փոթորիկ Նիցայի ափին» կտավը (1885 թ.), «Սև ծովը» (1881):
Առհասարակ Այվազովսկին աշխարհի ամենահարուստ ժառանգություն թողած նկարիչներից է: Նրա որոշ կտավներ վաճառվել են մինչև 2 մլն ԱՄՆ դոլարով և ավելի արժողությամբ: Վերջին աշխատանքը խորհրդանշական էր` «Թուրքական նավի պայթյունը»:

Նա մահացավ 1900 թ. մայիսի 5-ին և զինվորական պատիվներով թաղվեց Թեոդոսիայի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում: Շիրիմին հայերեն արձանագրված է քերթողահայր Խորենացու «Հայոց Պատմություն» աշխատությունից. «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող» տողը:

Նրա մահից հետո Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան անվանական թոշակ սահմանեց Հովհաննես Այվազովսկու անունով:

 

 

 

Tags: