Ո՞վ կդառնա Թուրքիայի նոր վարչապետը

varchapet Օրերս Թուրքիայում կայացած նախագահական ընտրություններում Թայիփ Էրդողանի տարած հաղթանակից հետո երկրի օրակարգում հայտնվել է ևս մի կարևոր հարց: Թուրքական հասարակական-քաղաքական շրջանակներում այս օրերին լայնորեն քննարկում են, թե ովքեր են հավակնում վարչապետի և ԱԶԿ-ի ղեկավարի պաշտոններին: Էրդողանի այն հայտարարությունից հետո, թե այս երկու պաշտոններն էլ միևնույն մարդն է ստանձնելու, քննարկվող թեկնածուների շրջանակը նեղացավ: Ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ հետո վարչապետի պաշտոնի ամենամեծ հավակնորդը ներկայիս ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն է համարվում: Վերջինիս տեղում կարող է հայտնվել Հաքան Ֆիդանը, որը հայտնի է ազգային անվտանգության ոլորտում իր պաշտոնավարությամբ: Այս հանգամանքը դժգոհությամբ է ընդունվում ընդդիմադիր թևի կողմից: Չնայած Դավութօղլուի կողմնակիցները շատ են, սակայն նրա անհաջողություններն  արտաքին քաղաքական դաշտում մտահոգությունների տեղիք են տալիս:

Վարչապետի պաշտոնին հավակնում է նաև ներկայիս փոխվարչապետ Բյուլենթ Արընչը, որը, սակայն, քիչ շանսեր ունի, քանի որ ԱԶ կուսակցության ներսում նրա կողմնակիցները շատ չեն: Քննարկվող անուններից մեկն էլ Էրդողանի մտերիմ ընկեր Մեհմեդ Ալի Շահինն է, ինչպես նաև մյուս փոխվարչապետ Ալի Բաբաջանը: Ցանկալի թեկնածուների թվում է նաև ԱԶԿ-ի փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը, սակայն վերջինս, չլինելով մեջլիսի պատգամավոր, չի կարող ստանձնել վարչապետի պաշտոնը: Դավութօղլուի համար մրցակից կարող է հանդիսանալ տրանսպորտի, նավագնացության և կապի ներկայիս նախարար Բինալի Յըլդըրըմը:

Ինչ վերաբերում է նախագահ Գյուլին, ապա վերջինս չի կարող զբաղեցնել վարչապետի պաշտոնը` ելնելով երկու հանգամանքից: Նախ նա մեջլիսի պատգամավոր չի հանդիսանում, ինչը պարտադիր պայման է վարչապետի համար: Բացի այդ, վարչապետի անունը հայտնի է դառնալու օգոստոսի 27–ին ԱԶԿ-ի հրավիրած կուսակցական արտահերթ կոնգրեսի ժամանակ, իսկ Գյուլը նախագահական աթոռին հրաժեշտ է տալու միայն հաջորդ օրը` օգոստոսի 28–ին: Հետևաբար Գյուլը պետք է հրաժարական տա մինչև կոնգրեսի օրը, ինչը անհավանական է համարվում: Չնայած Գյուլը նշել է, որ վերադառնալու է հարազատ կուսակցություն, սակայն նա վարչապետ և կուսակցության ղեկավար կարող է դառնալ լավագույն դեպքում միայն 2015 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո:
Գալով Թայիփ Էրդողանի նախագահությանը, ապա պետք է նշել, որ այս պաշտոնում վերջինիս լիազորությունները բավական սահմանափակ են լինելու, քանի որ Թուրքիան առայժմ վարչապետական կառավարման համակարգ ունեցող պետություն է: Անցումը նախագահական կառավարման համակարգին հնարավոր է միայն սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու ճանապարհով: Այնուհանդերձ ԱԶԿ-ն, մեջլիսում չկազմելով բացարձակ մեծամասնություն, չի կարող հասնել այս փոփոխությանը: Նման հնարավորություն միգուցե առաջանա հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններից հետո, սակայն այս տարբերակն էլ քիչ հավանական է համարվում: Արդյունքում ակնհայտ է, որ Էրդողանը, չունենալով երկիրը ղեկավարելու ուղիղ լիազորություններ, դա փորձելու է անել վարչապետի ձեռքով: Հետևաբար վարչապետի պաշտոնը նա կվստահի իրեն մոտ կանգնած հավատարիմ մեկին:

 

Տաթևիկ Սարգսյան, Անկարա

Tags: ,