Փակ սահմանը չի խոչընդոտում հայ և թուրք հասարակությունների շփմանը

par

Չնայած վերջին տարիներին հայ-թուրքական միջպետական հարաբերություններում էական առաջընթաց չի նկատվում, նույնը չի կարելի ասել հասարակական ոլորտի մասին: Երկու երկրներում ակտիվ գործունեություն ծավալող մի շարք հասարակական կազմակերպություններ տարեցտարի ընդլայնում են իրենց համագործակցությունը` հիմնվելով ժողովրդական դիվանագիտության հայեցակարգի վրա: Բազմապիսի ծրագրերի շրջանակներում կողմերի պարբերական հանդիպումները, շփումներն ու մտքերի փոխանակումը կարծես փորձում են լրացնել հայ և թուրք հասարակությունների միջև առաջացած 100–ամյա բացը:

Թուրքիայում գործող ամենաակտիվ հասարակական կազմակերպություններից TOG-ը (Toplum Gönüllüleri Vakfı) վերջերս մի հաջողված նախագիծ իրականացրեց` ազգային պարերի շուրջ միավորելով հայ և թուրք երիտասարդությանը: «Միասին ապրիր և պարիր» ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր երկրից ընտրված մասնակիցները, սովորելով հարևան ազգի ժողովրդական պարերը, միասին շրջել են Թուրքիայի` մի ժամանակ հայկական քաղաքներով, ապա անցել Հայաստանի քաղաքներով: Փոքրիկ պարախումբը ներկայացրել է երկու ժողովուրդների ազգային պարերը` բոլոր քաղաքներում գտնելով ջերմ ընդունելություն և առաջացնելով մեծ հետաքրքրություն:

«Անկախ»-ի թղթակիցը, գտնվելով Թուրքիայում, այցելել է TOG–ի գրասենյակ, ծանոթացել կազմակերպության գործունեության հետ, խոսել հասարակական մակարդակում հայ-թուրքական համագործակցության մասին: Նա նաև հնարավորություն է ունեցել զրուցելու «Միասին ապրիր և պարիր» նախագծի մի քանի մասնակիցների հետ, որոնք կիսվել են Հայաստանից ստացած իրենց տպավորություններով:

- Ես Դերյա Քարաքայն եմ Մուշից: Ես թուրք եմ և հումանիստ, սիրում եմ մարդկանց ու մարդկությանը: Երբ առաջին անգամ լսեցի ծրագրի մասին, մի փոքր վարանում էի, քանի որ մենք նախապաշարմունքներով ենք մեծացել: Այդ պատճառով էլ վախ ունեի, սակայն կարճ ժամանակում հասկացա, որ այդ վախն անտեղի է: Զգացի, որ բոլոր նախապաշարմունքներն անհետացան: Հայաստանը շատ գեղեցիկ պատմական մի երկիր է: Այնտեղ ես տխրություն ապրեցի, զգացի երկրում գոյություն ունեցող ցավը: Ես` որպես թուրք, ընդունում եմ ցեղասպանությունը:

-Անունս Ջումալի Յըլմազ է: Ես Դիարբեքիրից եմ, սովորում եմ Դիջլեի համալսարանի քիմիայի ֆակուլտետում: «Միասին ապրիր և պարիր» ծրագրին վերջին պահին եմ միացել և Հայաստանից եկած մասնակիցներին Դիարբեքիրում ես եմ դիմավորել: Շատ շուտ մտերմացա նրանց հետ և մտածելով, որ սա շատ լավ նախաձեռնություն է` համաձայնեցի Հայաստան գալ: Եվ իսկապես, 16 օրվա ընթացքում միասին էինք ու նույնիսկ մեկ օր նեղություն չեմ զգացել որևէ մեկի վերաբերմունքից: Նրանց հետ դարձանք մեկ ընտանիքի անդամների պես: Միասին ծիծաղեցինք, միասին լացեցինք: Երբ գնացել էինք Թուրքիայի հարավ-արևելյան շրջանների հայկական եկեղեցիներ, հայ մասնակիցները հուզվել և արտասվում էին: Այս պահերին նրանց գրկել ենք եղբայրների պես:

Հայաստանում էլ եղել ենք գյուղերում, խոսել տեղի ժողովուրդի հետ, պարել միասին: Նրանք շատ ջերմ մարդիկ էին և այնքան եմ սովորել այդտեղին, որ շուտով կրկին գալու եմ մեկ այլ ծրագրի մասնակցելու: Կարծում եմ, որ ինչքան էլ պետությունների միջև հարաբերությունները վատ լինեն, ժողովուրդները իրար հանդեպ ատելություն չունեն: Հիմա հայ-թուրքական սահմանը փակ է, սակայն այն կարճ ժամանակում պետք է բացվի և պատմության ընթացքում վերապրած ցավերը, ներազդելով սերունդների վրա, չպետք է նրանց տանեն դեպի մութ ապագա:

- Ես Մեհմեդ Օզքանն եմ Գազիանթեփից: Հայ ընկերներ շատ չեմ ունեցել և հեռավորության վրա ենք ընկերություն արել: Երբ առաջին անգամ լսեցի ծրագրի մասին, շատ ոգևորվեցի, քանի որ այն ինձ հնարավորություն կտար ծանոթանալու նոր մարդկանց, նոր մշակույթի հետ և այդ մասին պատմելու ուրիշներին: Երբ առաջին անգամ ծանոթացա հայերի հետ, զգացի նրանց ջերմությունը, հետո նկատեցի, որ մենք ուրախանում և տխրում ենք միևնույն բաների համար: Հասկացա, որ նրանք շատ տարբեր են այն պատկերացումներից, որոնք ունեինք հայերի մասին մեզ պատմածների վրա հիմնվելով: Երբ Թուրքիայում ընթանում էր ծրագրի առաջին մասը, այս ամենը դեռ չէի հասկացել, սակայն Հայաստան գալով ավելի լավ սկսեցի գիտակցել: Նկատեցի, որ շատ նմանություններ ունենք` մեր տները, հարսանիքները, փողոցները, ուրախությունները, տխրությունները իրար շատ են նման: Այո, հնարավոր է, որ անցյալում շատ սխալներ են արվել, սակայն դրանց պատճառով չպետք է ատելություն տածել այս լավ մարդկանց հանդեպ: Երբ երկու կողմն էլ իրար մասին դրական խոսքեր են ասում, նրանց միջև առկա խաղաղությունը պետք է նպաստի դիվանագիտական քայլերի կատարմանը, ինչը կառավարությունների գործն է: Ուր որ գնում եմ, ամեն տեղ պատմում եմ այդտեղ տեսածս ջերմության և լավ մարդկանց մասին: Դրա շնորհիվ ազդեցության շրջանը գնալով ավելի կլայնանա:

 

- Անունս Բարըշ Սևեն է: Ես Թուրքիայի Մուշ քաղաքում եմ ծնվել և հայկական արմատներ ունեմ: Մանուկ հասակից միշտ ցանկացել եմ գալ Հայաստան և կապեր հաստատել հայ մարդկանց հետ: Այս նախագծի շնորհիվ իմ երազանքը իրականություն դարձավ, և ես հնարավորություն ունեցա մոտիկից ծանոթանալու հայ ժողովուրդի հետ, երկու գիշեր հյուրընկալվեցի հայկական ընտանիքներում, և ամեն ինչ շատ լավ էր: Մեր և հայերի մշակույթը իրար շատ նման են` ապրելակերպը, խոհանոցը, ժողովրդական պարերը: Մեր անցկացրած 15 օրերը աներևակայելի էին: Հայաստանում բոլորը կարծում էին, որ ես հայ եմ, շատ էին նմանեցնում: Ես շուտով կրկին Երևան եմ գալու, որպեսզի հանդիպեմ ինձ հյուրընկալած մարդկանց: Հայաստանում ես շատ երջանիկ էի:

 

Հարցազրույցը` Տաթևիկ Սարգսյանի

Tags: , ,