Տանկային բիաթլոնի փոխչեմպիոններ. «Երբ լսում էինք՝ մեր եղբայրներն ինչպես են պաշտպանում սահմանները, ավելի մեծ ուժ ու եռանդ էինք ստանում»

Օգոստոսի 22-ին «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցները հանդիպեցին տանկային բիաթլոնի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի թիմային մրցումներում երկրորդ տեղը զբաղեցրած Հայաստանի հավաքականի անդամների և ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանի հետ։

Տանկային բիաթլոն

Տանկային բիաթլոն

Գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը ՀՀ պաշտպանության նախարարի և նախարարության անձնակազմի անունից ողջունեց «Բազե» հավաքի մասնակիցներին։ Խոսելով սահմանային վերջին իրադարձությունների մասին՝ Վարդան Ավետիսյանը նկատեց, որ 5-օրյա փոքրիկ պատերազմում բոլորը ևս մեկ անգամ համոզվեցին բանակ-հասարակություն կապի անքակտելիության մեջ. «Մեր զինվորներն այս հնգօրյա լարվածության ընթացքում դրսևորեցին աննախադեպ սխրագործություններ, պատրաստվածություն, և դրա արդյունքում ևս մեկ անգամ ողջ աշխարհին ու հակառակորդին ապացուցեցինք, որ հայը լինելու է ու միշտ հաղթելու է։ Իսկ արդեն մեկ այլ դաշտում տանկիստներն իրենց ճիգերով կրկնապատկեցին մեր ոգևորությունը»։

Տանկային բիաթլոն Տանկային բիաթլոն

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն ընդգծեց, որ հավաքի մասնակիցների ցանկությունն էր հանդիպել փոխչեմպիոններին։ «Տղաներն իրականում լեգենդար տղաներ են։ Նրանք մեծ ծավալի գործ են իրականացրել և ամբողջ աշխարհին ցույց են տվել, թե ինչպիսին է ՀՀ զինված ուժերում ծառայող զինվորը և ինչ պատրաստականություն ունի։ Մեր զինվորն իր ուժը ցույց տվեց ոչ միայն սահմանին, այլև միջազգային մրցույթներում»,- ասաց Կարեն Ավագյանը։

Տանկային բիաթլոնի փոխչեմպիոններ Յուրա Դարբինյանը, Աշոտ Մալխասյանը, Լևոն Խեչիկյանը, Գագիկ Գրիգորյանը, Տիգրան Ղազարյանը, Մովսես Դավթյանը, Նարեկ Շառոյանը, Սանասար Ծառուկյանը, Հայկ Արեստակեսյանը, Գևորգ Պալոյանը պատասխանեցին նաև հավաքի մասնակիցների հարցերին։ Երիտասարդներն իրենց երախտիքի խոսքը հայտնեցին տանկիստներին։

Առաջին տանկի անձնակազմի հրամանատար, կրտսեր սերժանտ Յուրա Դարբինյանն ընդգծեց, որ իրենք մրցույթներին գնացել էին հաղթելու համար։ Պայքարը շատ բարդ էր։ Մեր 18-20 տարեկան ժամկետային զինծառայողները մրցում էին 35-40 տարեկան պրոֆեսիոնալ զինվորականների հետ։ Հայաստանի հավաքականում ներգրավված էին 10 ժամկետային զինծառայող և 2 լեյտենանտ։ Կրտսեր սերժանտը նշում է, որ իրենց ուժերին վստահ էին ու շատ լավ նախապատրաստվել էին։

Տղաները նշեցին, որ մրցույթների օրերին իրենք մշտապես հետևել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանի իրադարձություննրին։ «Եվ երբ լսում էինք, թե մեր եղբայրներն ինչպես են պաշտպանում սահմանները, ավելի մեծ ուժ ու եռանդ էինք ստանում, ինչը մեզ ապահովեց այսպիսի արդյունք»,- ասում էին զինվորականները։

Tags: , ,