Մայիսի 30-ից մինչև հունիսի 9-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կկայանա բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի ընտրանին, որ նախապատրաստվում է այդ ստուգատեսին, այս օրերին` մայիսի 19-ից սկսած, ծանրաբեռնված մարզումներ է անցկացնում Ուկրաինայի մայրաքաղաք Կիևից ոչ հեռու գտնվող Կոնչե Զասպեի հարմարվետ մարզաբազայում: Վերջում մեր մարզիկները ստուգողական հանդիպումներ կանցկացնեն նույն մարզաբազայում հանգրվանած տարբեր երկրների կաշվե ձեռնոցի վարպետների, գուցե նաև Ադրբեջանի ներկայացուցիչների հետ: Ուկրաինա մեկնելուց առաջ ահա թե ինչ ասաց բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:
- Իմ գլխավորությամբ Հայաստանի մեծահասակների հավաքականն առաջին անգամ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Նախկինում հին աշխարհամասի առաջնությունում ռինգ եմ դուրս բերել մեր երկրի մինչև 23 տարեկանների հավաքականը: 2012-ին Կալինինգրադում կայացած այդ ստուգատեսում ունեցել ենք մեկական չեմպիոն` 2-րդ և 3-րդ մրցանակակիր: Ինչ վերաբերում է մեծահասակների թիմին, ապա այն իմ ղեկավարությամբ 2012-ին մասնակցել է Ստամբուլում կազմակերպված օլիմպիական վարկանիշային մրցաշարի և մնացել է առանց ուղեգրի: Լոնդոնում կայացած օլիմպիական խաղերում էլ հաջողությունը ուղեկից չէր: Ի դեպ, մեր թիմի անդամների մեծ մասն առաջին անգամ է կարողությունները փորձելու այդպիսի ներկայացուցչական ստուգատեսում: Մեր ընտրանին Ծաղկաձորի օլիմպիական մարզաբազայում վերջերս համատեղ մարզումներ է անցկացրել Ռուսաստանի ներկայացուցիչների հետ: Պարապմունքներն օգտակար էին: Նախապատրաստական այդ շրջանում, թեև հիմնական ուշադրությունը դարձվում էր մարզիկների ընդհանուր ֆիզիկական և հատուկ պատրաստականությունը բարելավելուն, օգտվելով առիթից, չորս անգամ Հայաստանի ներկայացուցիչները ստուգողական մրցամարտեր անցկացրին ռուսաստանցի բռնցքամարտիկների հետ: Հայաստանի հավաքականի մարզիկները լավ տպավորություն թողեցին, մրցակիցներին տեխնիկական և տակտիկական պատրաստականության մակարդակով ոչնչով չզիջեցին: Այդուհանդերձ, ստուգողական հանդիպումները պաշտոնական մրցումներից տարբերվում են:
- Ռուսաստանի և Հայաստանի հավաքականների համալրման հնարավորությունների տարբերություն չկա՞:
- Ռուսաստանի ներկայացուցիչները չորս թիմով էին մարզվում. 52 բռնցքամարտիկ էր պարապում: Բոլորն էլ հետո Ղրղըզստան` հաջորդ ուսումնամարզական հավաքին մեկնեցին: Մինչդեռ Հայաստանի ընտրանին Եվրոպայի առաջնությանը պատրաստվում է ներկայանալ ոչ լիվ կազմով` 7 մարզիկով: 69 կգ քաշային կարգում ներկայացուցիչ չունենք: Այդ քաշային կարգում նախկինում հավաքականում հանդես է եկել Սամվել Մաթևոսյանը: Այժմ էլ հույս չկա, որ որևէ մեկը կարող է իրեն արդարացնել: Մարդ տանել, որն առաջին իսկ հանդիպումում կպարտվի, իմաստ չունի: Նույն բանը կարելի է ասել մեր 81 կգ և 91 կգ քաշային մարզիկների մասին: Կան տղաներ, բայց ներկայումս նրանք Եվրոպայի առաջնությունում պատվով հանդես գալու մակարդակ չունեն: Իսկ նախապատրաստվում են Հովհաննես Դանիելյանը (49 կգ), Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Հովհաննես Բաչկովը (60 կգ), Արա Պուլուզյանը (64 կգ), Արման Հովիկյանը (75 կգ), Արմեն Սիմոնյանը (+91 կգ):
- Հավաքականում ինչո՞ւ չի ընդգրկվել 75 կգ քաշային փորձառու բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանը: Նա թողե՞լ է ակտիվ սպորտը:
- Կարելի է ասել, որ Անդրանիկը 90 տոկոսով թողել է բռնցքամարտը: Ինքս նրա հետ զրուցել եմ, հայտնել, որ շատ բան է արել հայկական բռնցքամարտի համար և պետք է որոշում կայացնի: Ինձ համար այդ վճիռը կողմնորոշիչ կլինի: Հակոբյանը 32 տարեկան է, և պատրաստ ենք նրան ընդառաջել, միջազգային մրցելույթները շարունակելու հնարավորություն տալ, նաև օգնել բոլոր հարցերում: Ամեն դեպքում նա առաջիկա Եվրոպայի առաջնությանը չի նախապատրաստվել և չի մասնակցելու, թե ինչ կլինի հետո, առայժմ անորոշ է:
- Հավաքականի բռնցքամարտիկների մասին ի՞նչ կասեք: Նրանցից ամենաճանաչվածը Եվրոպայի նախկին չեմպիոն Դանիելյանն է: Մյուսների մասին քիչ բան է հայտնի:
- Դանիելյանը երկու տարի շարունակ տարբեր խնդիրներ է ունեցել, նաև կենցաղային բնույթի: Նա 26 տարեկան է, ուսի վնասվածքը շատ է խանգարել: Հիմա Հովհաննեսի ինքնազգացողությունը լավ է: Վերջերս Խերսոնում կազմակերպված միջազգային մրցաշարում նա լավ տպավորություն թողեց, եթե հոգեբանորեն տրամադրվի, վստահություն ձեռք բերի իր ուժերի նկատմամբ, ապա Եվրոպայի առաջնությունում լավ հանդես կգա: Ի դեպ, այս քաշային կարգում ունենք նաև լավ երիտասարդ բռնցքամարտիկ: Կորյուն Սողոմոնյանը նախապատրաստվում է, որ հանդես գա Կազանում կայանալիք Համաշխարհային ուսանողական խաղերում, նաև աշխարհի առաջնությունում: Դա բավական է, մարզիկը չի կարող մեկ տարվա ընթացքում երեք խոշորամասշտաբ մրցման մասնակցել: Աբգարյանը, Ավագյանը, Բաչկովը երկրորդ տասնամյակը նոր թևակոխած բռնցքամարտիկներ են, ունեն մրցակցության փորձ: Մասնավորապես, Ավագյանը մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության արծաթե, Աբգարյանը` բրոնզե մեդալակիր է: Բաչկովը Խերսոնում կազմակերպված միջազգային մրցաշարում ուժեղ բռնցքամարտիկների հաղթեց և երկրորդը ճանաչվեց: Պուլուզյանն էլ փորձառու է, տեսնենք , թե ինչպես իրեն կդրսևորի:
- Վաղուց է, ինչ նա հավաքականում է: Դա բռնցքամարտիկի վերջի՞ն հնարավորությունն է:
- Չէի ցանկանա ասել, բայց այդպես է:
- Իսկ Հովիկյանը և Սիմոնյանը ի՞նչ հույսեր են ներշնչում:
- Առաջինը 23 տարեկան է: Նա ռինգում մարտական է, չի ցանկանում զիջել մրցակիցներին: Ցանկալի է, որ այդպիսի կամային հատկանիշներ մեր բոլոր բռնցքամարտիկները դրևսորեն: Սիմոնյանը Ուկրաինայից է` Լուգանսկ քաղաքից: Կալինինգրադում` Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում նա մի հաղթանակ տարավ, սակայն երկրորդ մրցամարտը վատ անցկացրեց: Պատճառն այն էր, որ հոգեբանորեն չէր տրամադրվել հանդիպմանը, վստահություն չուներ: Նա Չեխիայում միջազգային մրցաշարի մասնակցեց: Տպավորությունն այն է, որ 20-ամյա մարզիկն աստիճանաբար առաջադիմում է:
- Հնարավո՞ր է, մեր հավաքականի մարզիկներին Եվրոպայի առաջնությունում խանգարի հենց մրցափորձի պակասը:
- Դա չպետք է բացառել: Այդուհանդերձ, կամային հատկանիշները հաճախ լրացնում եմ մարզիկների մրցափորձի պակասը:
- Այնուամենայնիվ, Եվրոպայի առաջնությունում ի՞նչ սպասելիքներ ունեք:
- Հույսով ենք գնում, որ մեդալներ կբերենք: Ընթացքը ցույց կտա: Հաջողությունը և անհաջողությունը չէի ցանկանա վիճակահանության հետ կապել: Միայն կարող եմ ասել, որ մեր տղաները մրցավայր կներկայանան պայքարի պատրաստ:
- Մեր թիմում կա՞ն մարզիկներ, որոնք շեշտը դնելու են նոկաուտով հաղթելու վրա, թե՞ բոլորն էլ խաղարկային բռնցքամարտիկներ են, փորձելու են հնարավորինս շատ, բայց ոչ այնքան ուժեղ հարվածներ հասցնել և միավորներով առավելության հասնել մրցակիցների նկատմամբ:
- Հիմնականում տեղաշարժվող, խաղարկային բռնցքամարտիկներ ունենք: Վերջին մեկ տարին աշխատում ենք, որ նրանք նաև ուժեղ հարվածներ հասցնեն:
- Այդ դեպքում շատ բան կարող է որոշել այն հանգամանքը, թե ինչքանով անաչառ կլինեն մրցավարները: Հայաստանից մրցավար սպասարկելո՞ւ է Եվրոպայի առաջնությունը:
- Եթե մրցավարները կողմնակալություն դրսևորեն, միևնույն է, ոչինչ չենք կարող անել: Մեր երկրից Մինսկում մրցավար չի լինելու: Հրավիրվել են միայն այն մասնագետները, որոնց միջազգային կարգը 3 աստղ է: Հայաստանում այդ կարգի մրցավար չկա: Այդ առումով դժվար է լինելու: Արդեն քանի տարի է` այդ հարց այդպես էլ չի կարգավորվում:
- Բռնցքամարտով զբաղվելը դժվարին գործ է: Ինչպե՞ս է լուծվում Հայաստանի հավաքականի անդամների վարձատրության հարցը:
- Ովքեր միջազգային մրցասպարեզներում հաջողություններ ունեն, վարձատրվում են, Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից ստանում են մեր երկրի նախագահի սահմանած սանդղակով թոշակ: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավարությունը ևս աջակցում է արժանավորներին: Ոչ ոք ուշադրությունից դուրս չի մնում: Այնպես որ, ֆինանսական խնդիրներ չկան:
- Ի՞նչ է նախատեսված նախապատրաստական վերջին փուլում:
- Մինչև մայիսի 29-ը մեր ընտրանին Կոնչե Զասպեում համատեղ պարապմունքներ և ստուգողական հանդիպումներ կանցկացնի Ուկրաինայի, Ֆրանսիայի, Իռլանդիայի, Ադրբեջանի ներկայացուցիչների հետ:
- Ադրբեջանի թիմն ի՞նչ կապ կարող է ունենալ մեր երկրի հավաքականի հետ:
- Բանն այն է, որ Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչը` Վադիմ Զոլոտարյովը, ուկրաինացի է: Նա նախկինում բարձրակարգ բռնցքամարտիկ է եղել, լավ հարաբերութուններ է պահպանում Հայաստանի ներկայացուցիչների հետ: Այնպես որ համատեղ աշխատանքը կարող է միայն փոխշահավետ լինել: Կիևից էլ կմեկնենք մրցավայր` Մինսկ:
Tags: բռնցքամարտ
