ՋԵՔ ՊՈՂՈՍՅԱՆ. «Չեմ ուզում լսել, որ ընկերներս մտադիր են լքել Հայաստանը»

ջեքԱրգենտինահայ դերասան, լրագրող ու կինոգործիչ Ջեք Պողոսյանն արդեն մի քանի տարի է, ինչ հայկական «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հանձնախմբի պատվավոր անդամ է: Ջեքի առաջին այցելությունը Հայաստան 2001-ին էր: Տասներկու տարի առաջ նա հայոց լեզվով ընդամենը մի քանի բառ էր արտահայտում, այդքանը գիտեր, իսկ հիմա հայերեն է խոսում: Հետաքրքրական է, որ նրա այցելությունները Հայաստան ավելի են հաճախակիացել:

Բուենոս Այրեսում, որտեղ Ջեքն ապրում և աշխատում է, փորձ է անում ներկայացնել նաև հայկական մշակույթը: Ապացույցն այն է, որ նա Արգենտինայում հիմնել է «Սինեմատիկա Արմենիա» ընկերությունը և արտասահմանյան ֆիլմերի կողքին

հետաքրքրված հանդիսատեսին նաև հայկական ֆիլմարտադրությանն է ծանոթացնում՝ ցուցադրելով ոչ միայն Արգենտինայում, այլև աշխարհի տարբեր երկրներում:

 ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

- Երբ առաջին անգամ՝ 2001 թ., որոշեցի գալ Հայաստան, անսովոր բաներ էի լսում, որոնք պարզվեց` այնքան էլ իրական չէին: Ինձ համար անհասկանալի էր սփյուռք-Հայաստան կապ արտահայտությունը: Մեզ՝ սփյուռքահայերիս հասնող տեղեկատվությունը պաշտոնական է և չի կարող հույզեր, զգացումներ առաջացնել: Հետո հասկանում ես, որ դա ուրիշ բան է, իսկ քո առնչությունը քո արմատներին` ուրիշ: Ես եկա և փորձեցի սովորել հայերեն: Հիմա հասկանում եմ լեզուն, խոսում եմ որոշ չափով,- ասում է Ջեք Պողոսյանը:- Ամեն մեկն իր անձական փորձով չի կարող ստույգ սահմանել, թե ինչ կապեր են առաջանում սփյուռքահայի և Հայաստանի միջև: Մենք երեք եղբայր ենք. իրավաբան եղբայրս այցելեց Հայաստան և առանձնապես չոգևորվեց, մյուսը, որը չի եղել Հայաստանում, սիրում է երկիրը հեռավորությունից:  Իսկ ես գիտակցում եմ, որ հայ եմ և ունեմ երկու հայրենիք:

 ԴԵՊԻ ԱՐՄԱՏՆԵՐԸ

- Մեծացել ես հայկական համեստ ընտանիքում: Արգենտինայում կա նաև հայկական համայնք. առնչություններն արմատներիդ հետ պետք է որ այնտեղ սկսվեին:

- Ծնվել եմ Մոնտեվիդեոյում և ավարտել օտարալեզու դպրոց: Այստեղ առնչություններ գրեթե չկային: Ճիշտ է՝ ես չունեի հայկական կրթություն, բայց ունեի հայկական ընտանիք ու արյանս մեջ էի զգում հայկական միջավայրի, լեզվի տաքությունը: Ավելի ուշ Արգենտինայում սկսեցի հաճախել հայկական ակումբ, որտեղ ուսումնասիրում էին հայկական մշակույթն ու հայոց պատմությունը:

Սկսեցի աշխատել հայ համայնքի համար, բայց, ցավոք, ամեն տարի կրկնվում էին կամ գրեթե կրկնվում էին միջոցառումները: Ես ուզում էի նույն կետում չմնալ: Որոշ առումով դադարեցրի աշխատանքս: Հետո հետաքրքիր բան կատարվեց. լսեցի Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմի մասին, դիտեցի, որից հետո էլ որոշեցի գալ Հայաստան: Հիշում եմ՝ այն ժամանակ դեռ «Ոսկե ծիրանը» չէր մեկնարկել: 

ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ  ԱՆՑՅԱԼՈՒՄ ԵՆ

Ջեք Պողոսյանը հայկական կինոն մեծ էկրան բարձրացնելու մեկ տասնյակից ավելի տարիների փորձ ունի: Դժվարությունների մասին ժպիտով է պատմում:

- Գիտեք, դժվարություններն արդեն հաղթահարված են: Երբ այս «Սինեմատիկա Արմենիան» նոր էի սկսել, օտարազգիներից ոչ ոք գաղափար չուներ հայկական ֆիլմարտադրության մասին, կամ եթե գիտեին, մտածում էին, որ դրանք հիմնականում ողբերգական, ծանր, ճնշող, գաղափարախոսական ձանձրալի սյուժե ունեցող ֆիլմեր են: Շատ արագ հասկացա, որ անհրաժեշտ է կոտրել այդ կարծրատիպերը,- ասում է պրն Պողոսյանը:

Նա վստահությամբ է խոսում հայ ռեժիսորների՝ արտերկրում ճանաչված լինելու մասին: Ասում է, որ դժվարությամբ, բայց հանդիսատեսին տարիների ընթացքում սովորեցրել է նաև հետաքրքրվել հայկական կինոմշակույթով:

- Ինձ համար կրկնակի հաճելի է խոսել այն մասին, որ այսօր դրսում շատերն են ճանաչում հայ ռեժիսորներին, սիրում և դիտում են նրանց նկարահանած ֆիլմերը: «Սինեմատիկա Արմենիան» հենց Բուենոս Այրեսում է, սակայն հայկական ֆիլմերն ամբողջ Լատինական Ամերիկայում են ցուցադրվում՝ սկսած դասական համր ֆիլմերից մինչև ժամանակակիցները, գեղարվեստականն ու վավերագրականը:

- Հիմնականում հայազգի՞, թե՞ օտար հանդիսատեսն է հետաքրքրված:

- Թե՛ սփյուռքահայերը, թե՛ օտարները: Ես կինոսրահում արժևորում եմ հատկապես օտար հանդիսատեսի ներկայությունը, հետաքրքրությունն ու գուցե զարմանքը,  քանի որ մեզ համար շատ կարևոր է օտարին հասկացնել, որ մեր մշակույթը շատ լուրջ ու դարավոր հիմքեր ունի, հազարամյակների պատմություն ունի: Մեր ֆիլմերը դիտելով՝ արգենտինացի շատ դերասաններ, կինոռեժիսորներ, մտավորականներ խոստովանում են, որ, այո՛, հայկական կինո գոյություն ունի: Սա ինձ համար շատ հաճելի է: Գլուխգովանություն չեմ սիրում, բայց աշխատանքիս պտուղները ակնհայտ են դառնում:

Ջեք Պողոսյանը հայկական կինոն միայն ցուցասրահներում չէ, որ ներկայացնում է: Նաև անընդհատ հարցազրույցներ է տալիս արգենտինյան և այլ երկրների լրատվամիջոցներին, ժամանակ առ ժամանակ հոդվածներ է տպագրում միջազգային հեղինակավոր մշակութային ուղղվածության պարբերականներում:

- Հայկական կինոն միայն մեկ ուղղությամբ չեն ճանաչի: Անում եմ ամենահնարավորն ու անհնարինը: Ասենք, մեր կինոմշակույթի մասին օտարին տեղեկացնում եմ նաև տպագրածս հոդվածներով, որոնք լույս են տեսնում օտարերկրյա տպագիր և էլեկտրոնային մամուլում:

ՍՓՅՈՒՌՔԸ ՍԻՐՈՒՄ Է ՀՈԼԻՎՈՒԴՅԱՆԸ

Ջեք Պողոսյանը ցավով է նկատում, որ սփյուռքահայ հանդիսատեսն այնքան էլ ոգևորված չէ հայկական ֆիլմերի ցուցադրությամբ:

- Սփյուռքում վատ միտում կա: Հայկական սփյուռքն ավելի շատ տարված է հոլիվուդյան պարզունակ ֆիլմերով, և նրանց համար դրանք են չափորոշիչը, նրանք սովոր են այդպիսի ֆիլմերին: Նկատել եմ՝ հաճախ հայկական խորիմաստ ֆիլմերը, ինչպիսիք են, ասենք, Փելեշյանի, Էգոյանի, Փարաջանովի գործերը, չեն ընկալում: Զարմանալի է, որ օտար հանդիսատեսն ավելի լավ է ընդունում հայկական կինոն, որովհետև հասկանում է կինոն, այս կամ այն ֆիլմը դիտելուց հետո ուզում է ավելին իմանալ ռեժիսորի, դերասանների մասին: Օրինակ՝ երբ մի անգամ ցուցադրեցի Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը, բազմաթիվ լրագրողներ սկսեցին հարցուփորձ անել Հարությունի մասին և գրեցին մամուլում, արձագանքը, տպավորությունը գոհացուցիչ էր:

ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋԱՐԿ  Է ՎԱՅԵԼՈՒՄ

- Բոլորն ինձ ասում են. «Ջեք, խնդրում ենք կատակերգություններ բեր»: Մարդիկ ուզում են ծիծաղել: Մենք հիասքանչ դասական հայկական կատակերգություններ ունենք, ինչպիսիք են, ասենք, «Տժվժիկը», «Ոսկե ցլիկը»: Դա իմ ամենասիրած ժանրը չէ, բայց մենք փորձում ենք նաև կատակերգություններ էլ ցուցադրել: Ոչ փառատոնային օրերին, Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում կարելի է տեսնել սարսափելի ամերիկյան ֆիլմեր, բայց, ի զարմանս ինձ, դրանց շարքում կան երկու հայկական կատակերգություններ, որոնք բավական երկար մնում են վարձույթում: Հայկական կինոյին պետք չեն կատակերգություններ, պետք են ֆիլմեր, որոնք ռեժիսորները ցանկանում են նկարահանել:

- Ո՞ր ֆիլմերը պահանջարկ ունեն արտերկրում: 

- Ես կարծում եմ, որ ռեժիսորները, նախ և առաջ, պետք է աշխատեն իրենց համար, անեն այն, ինչ իրենց է դուր գալիս, ոչ թե, ինչ ուզում է հանդիսատեսը: Երբ դու ի սկզբանե ինչ-որ բան ես անում ուրիշի համար, սխալ ես անում: Ռեժիսորը պետք է անի այն, ինչն անհրաժեշտ է համարում, ոչ թե իր ֆիլմը նվիրի այլոց:

Կատակերգությունների առնչությամբ էլ արգենտինահայ կինոգործիչն ասում է, որ գուցե խնդիրը հայոց ցեղասպանությունն է: Մարդիկ այլևս ողբերգություններ չեն ցանկանում դիտել, քանի որ ցավը խորն է:

ԿԻՆՈՅԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՅԻ ՄԱՍԻՆ

- Մենք շատ հայկական հաստատություններ ունենք, ունենք հայկական դպրոցներ, որոնցից մեկում էլ, օրինակ, դասավանդում եմ: Կան հայկական թերթեր, հայկական ռադիո: Հիմնականում դրանք երաժշտական միջոցառումներ են, հայկական երգչախմբի, պարային համույթի համերգներ: Հնարավոր է` մենք տարբեր երևույթների տարբեր տեսակետից ենք նայում: Բայց, ի վերջո, մենք հայ ենք, չէ՞: Երբ հաջորդ անգամ գամ, չեմ ուզում լսել, որ իմ ընկերները մտադիր են լքել Հայաստանը: Ես ուզում եմ, որ նրանք արժանապատիվ աշխատանք ու գնահատված աշխատավարձ ունենան: Ես ուզում եմ, որ ամեն բան փոխվի դեպի լավը, որպեսզի լինեն նոր, հետաքրքիր ֆիլմեր: Ուզում եմ շատ կինոթատրոններ տեսնել Հայաստանում: Ես յուրաքանչյուր հայի համար լավ կյանք եմ ուզում ոչ միայն Երևանում, այլև ամբողջ Հայաստանում:

 Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆ

 

Tags: ,