Քաղաքական տեխնոլոգները սովորեցնում են ստել

 «Չպետք է հաճախ ստել, բայց երբեմն

անհրաժեշտ է խուսափողական լինել»

Մարգարետ Թետչեր

ստելՄարդուն միշտ էլ հետաքրքրել է բացահայտել դիմացինի հոգեբանությունը, մտքերն ու հույզերը,  բայց առանց հաղորդակցվելու և որևէ բառ փախանակելու` հնարավո՞ր է դա: Պարզվում է` այո, բայց դա էլ ունի իր կանոնները, որոնք սովորել է պետք:

«Պարզ մեխանիզմներն արտահայտվում են ինչպես հարալեզվական միջոցների (ձայնի ինտոնացիա, խոսքի դադարներ և այլն), այնպես էլ ժեստերի           (նստելու, կանգնելու ձև, միմիկա և այլն) միջոցով»,- ասում է հոգեբան Լուսինե Կտիկյանը:  Նրա խոսքով` հաղորդակցությունը լինում է երկու տեսակ` ոչ վերբալ (կամ ոչ խոսքային) և վերբալ (կամ խոսքային): Ոչ վերբալ հաղորդակցությունը նաև համարվում է մարմնի լեզու` կինետիկա, երբ խոսքի փոխարեն ակտիվ են մարմնական շարժումները: Փորձառու քաղաքական գործիչները դրանց օգնությամբ կարողանում են գաղափար կազմել զրուցակցի մտքերի, հոգեկան վիճակի և զգացումների մասին, նույնիսկ կանխատեսել նրա հետագա գործողությունները:

«Քաղաքականության մեջ եղել են այնպիսի փայլուն հռետորներ, ինչպիսիք են Մաքիավելին, Թալեյրանը, Բիսմարկը, Գորչակովը, իսկ Չերչիլի ռադիոելույթները վճռական դեր են խաղացել Գերմանիայի դեմ Անգլիայի պատերազմում: Սակայն հազիվ թե այդ գործիչները նույն հաջողությունն ունենային՝ հայտնվելով հեռուստաէկրաններին, այսինքն` մարդկանց տեսադաշտում»,- նշում է մասնագետը՝ ավելացնելով, որ կարող ենք հիշել նախագահական թեկնածուներ Նիքսոնի և Քենեդիի ընտրապայքարը: Քանի դեռ այն ընթանում էր գրավոր ելույթների և ռադիոուղերձների շրջանակներում, հաղթելու հավանականությունն առաջինի կողմն էր, սակայն երբ երևացին հեռուստատեսությամբ, իրադրությունը կտրուկ փոխվեց, և Քենեդին հաղթեց: Գաղտնիքն այն է, որ Ջոն Քենեդին, հմուտ հռետոր լինելուց բացի, տիրապետում էր ոչ վերբալ արվեստի նրբություններին: «Քաղաքական գործիչներին, հատկապես` կառավարության ղեկավարներին, քաղաքական տեխնոլոգները սովորեցնում են ոչ վերբալ շփումների այնպիսի ձևեր, որոնք օգնում են նրանց հասարակության աչքին երևալ մարդասեր, ազնիվ, հոգատար, համեստ, ճշմարտախոս: Թե ում և որքանով է դա հաջողվում, այլ հարց է»,- ընդգծում է Լ. Կտիկյանը՝ շարունակելով, որ պոլիտտեխնոլոգները, որոնք պատրաստում են քաղաքական գործիչներ, ժեստերի և միմիկայի վրա աշխատում են նույն պատասխանատվությամբ, որքան նրանց ելույթների: Եթե զրուցակիցը խոսում է վերամբարձ, ժամանակավրեպ, կյանքից կտրված, արհեստական լեզվով, որը մասամբ կամ ամենևին չի համապատասխանում խոսակցության թեմային, նա լավագույն դեպքում առաջացնում է դիմացինի ներողամիտ ժպիտը: Անհրաժեշտ պայման է, որ ոչ վերբալ և վերբալ լեզուները համապատասխանեն  և լրացնեն միմյանց:

Մասնագետի համոզմամբ, Հայաստանի քաղաքական համակարգում ճիշտ չեն օգտագործվում ոչ վերբալ հաղորդակցության միջոցները: «Նոր ձևավորվող և զարգացող պետությունում, ինչպիսին Հայաստանն է,  դեռևս չկան այնպիսի քաղաքական լիդերներ, որոնց խոսքի, ժեստերի, միմիկայի միջոցով կարող է ստեղծվել որոշակի քաղաքական իմիջ: Շատ հաճախ մարդիկ իրենց իրական մտքերը, զգացմունքներն ու հույզերը թաքցնելու նպատակով, խոսքի ոչ վերբալ և վերբալ միջոցներն օգտագործելուց բացի, սկսում են նաև ստել, ինչն իրականում պահանջում է ուղեղի լարված աշխատանք և հիշողություն», – հավելում է հոգեբանը: Սակայն երբ մարդն ակնեղծ է, խոսքն ու հուզական ռեակցիան համապատասխանում են միմյանց:  Սակայն խաբելու հարցում հմտացած մեկը կարող է շատ ուշադիր նայել դիմացինի աչքերին և ստել: Օրինակ՝ ստելու դեպքում մարդիկ հաճախ ակամա փախցնում են հայացքը կամ սկսում թարթել աչքերը: Եթե խոսելիս մարմնի երկկողմ մասերից (ուսը, ձեռքը, ոտքը) միայն մի կողմն է ակտիվ, դա ցույց է տալիս, որ նա չի ասում այն, ինչ մտածում է: Կարող է խոսելիս մեկ քայլ ետ գնալ, որը ևս կապացուցի, որ ինքը չի հավատում իր ասածին:

Այնուամենայնիվ, մասնագետը հավաստիացնում է. «Հարկավոր է անպայման նշել, որ մարդկանց, քաղաքական գործիչներին միայն ժեստերի, դիմախաղի՝ միմիկաների, մարմնի դիրքով դատելը ամենևին էլ ճիշտ չէ: Եթե զրուցակիցը խոսակցության ժամանակ քորում է իր քիթը, դա դեռ չի նշանակում, որ նա ստում է: Կամ եթե ելույթի ժամանակ աչքերն իջեցնում է ներքև, դա ամենևին էլ չի նշանակում, որ նա փորձում է ինչ-որ բան  թաքցնել: Չի բացառվում, որ կենտրոնանալու համար  հենման կետ է ծառայում աչքերը ներքև իջեցնելը»:

Ինչ վերաբերում է աչքերի` հոգու հայելին լինելու մասին ասույթի ճշմարտացիությանը, հոգեբանը նշում է, որ իրականում աչքերը շատ ակտիվ մասնակցում են մտածողության գործընթացին՝ անընդհատ գտնվելով շարժման մեջ: Օրինակ՝ եթե զրուցակցի աչքերը նայում են աջ և վերև, դա նշանակում է երևակայական հիշողության ակտիվացում, ձախ և վերև՝ նկարի կոնստրուկտավորում, ձախ՝  հորինում է ձայն, աջ ՝ փորձում է հիշել այն, ինչ լսել է, ներքև և ձախ՝ ստուգում է զգացողությունները և հույզերը, ներքև և աջ՝ վերլուծում է իրավիճակը, ուղիղ՝ տեղեկատվության ընկալում (հիշելով, որ ձախլիկների դեպքում ձախ և աջ կողմերը հակառակ են):

Եվ վերջում մասնագետն ավելացրեց, որ յուրաքանչյուր վերլուծություն անհրաժեշտ է կատարել  ծանոթ մարդկանց հետ, այլապես կարող ես մեկին ճիշտ բացահայտել, մյուսին` ոչ:

Ելենա ՉՈԲԱՆՅԱՆ