Երեխայի դաստիարակությունը ոչ թե հոգս է, այլ վայելք, եթե…

Anna

Աննան՝ որդու՝ Հակոբի հետ

Աննան այն երջանիկ ծնողներից է, որի երեխան` 4-ամյա Հակոբը, ներդաշնակ մանկություն է վայելում` հաշտ ու խաղաղ ինքն իր հետ, ծնողների հետ, միջավայրի հետ: Նա անկաշկանդ է, արտահայտում է իր մտածածը, մարդկանց հետ հեշտությամբ շփվում:

Համաձայնեք, որ շատ երեխաների համար այդ ամենը լուրջ խնդիր է, ինչը հաճախ ծնողներն ավելի են խորացնում` չիմանալով այն լուծելու ճիշտ եղանակները:

Աննայի երեխան ծնվել է ամուսնանալուց մի քանի տարի անց: Եվ Աննան այդ տարիները որոշել է արդյունավետ օգտագործել` նախ և առաջ տեղեկություններ հավաքելով երեխա մեծացնելու, դաստիարակելու, առօրյա խնամքի և այլ բաների մասին. «Ինքս ինձ մտածեցի`  բուհ ընդունվելիս ինչքա՜ն շատ ենք պարապում, իսկ հիմա իմ կյանքի ամենակարևոր փուլին եմ պատրաստվում ` մայր դառնալուն, բայց շատ քիչ բան գիտեմ դրա մասին»:

Այդ ընթացքում շատ գրքեր են նրա ձեռքի տակով անցել, սակայն դրանցից մեկն է լուրջ հետք թողել նրա կյանքում` ամերիկացի կին հոգեբան Նաումի Էլդրթի  «Դաստիարակենք մեր երեխաներին, դաստիարակենք ինքներս մեզ» գիրքը, որը լրիվ այլ մոտեցում է առաջարկում: «Կարդալով գիրքը` նախ մանկությունս աչքիս առջևով անցավ, զգացի, թե այն որքան է ազդել իմ աշխարհայացքի, իմ ձևավորման վրա,- ասում է Աննան,- իսկ ամենակարևոր բանը, որ այդ գրքից վերցրի, հետևյալ գաղափարն է. վայելել մայրությունը` ընդունելով երեխային հենց այնպիսին, ինչպիսին նա կա, ոչ թե փորձել նրան փոխել, հարմարեցնել քեզ կամ քո ժամանակներին ու բարքերին»:

naomi2012

Նաումի Էլդրթ

Ի՞նչ է ասում Նաումի Էլդրթը. «Դաստիարակիր այնպիսի երեխա, որի գիտակից արարքները պայմանավորված են ոչ թե վախով, այլ ուրախությամբ և սիրո դրսևորումներով»:

Գրքի հիմքում ընկած է  երեխաների հետ համագործակցության գաղափարը, որն ամենևին չի նշանակում, թե ծնողի վերահսկողությունը վերանում է, պարզապես դա քողարկվում է: «Հսկողությունն անարդյունավետ միջոց է, քանի որ մարդու էությունը դիմադրում է դրան:  Եթե նույնիսկ հսկողությունն արտահայտվում է մեղմ պարտադրանքի կամ թաքնված մանիպուլյացիայի միջոցով, դրա գոյությունն  արդեն իսկ առաջ է բերում մի շարք խնդիրներ, որոնք փորձում ենք հետագայում լուծել»,- ասում է Էլդրթը:

Իսկ ինքնուրույն երեխան, որի կյանքն իր իսկ հունով է ընթանում, ըստ հոգեբանի, ապրում է լիարժեք. նա գործում է` ելնելով երջանկության ու սիրո զգացումից, ոչ թե վախից կամ հավանության արժանանալու ձգտումից դրդված: Հոգեբանը նաև համոզված է, որ երեխայի կամքը կոտրելը հանգեցնում է  բազում դժվարությունների, և հաջողակ է այն երեխան, որն իր կամքի տերն է:

Գրքի կարևոր գաղափարներից մեկն էլ այն է, որ ոչ միայն ծնողն է ուսուցիչ, այլև երեխան, և ծնողը երեխայից շատ բան ունի սովորելու: «Ինքնահաստատված և ինքնուրույն մարդիկ գալիս են այնպիսի ընտանիքներից, որտեղ ծնողները հավասարապես դաստիարակվում են երեխաների հետ»,- ասում է նա:

Քանի որ գիրքն Աննայի կյանքում շատ բան է փոխել, նա նպատակադրվել է այն թարգմանել ու հրատարակել նաև հայերեն, որպեսզի մյուս հայ ծնողներին նույնպես հասանելի լինի: Թարգմանությունն ավարտված է, սակայն առայժմ ֆինանսական միջոցների պատճառով չի հրատարակվում:  Նշենք, որ գիրքը լույս է տեսել 2006-ին, թարգմանվել 13 լեզուներով, իսկ ԱՄՆ-ում ու եվրոպական մի շարք երկրներում դարձել է բեսթսելլեր:

Աննան համոզված է, որ գիրքն ամենևին էլ խորթ չէ մեր մտածելակերպին, այն համամարդկային արժեքների մասին է: «Չէ՞ որ երեխան, երբ գալիս է լույս աշխարհ, իր հիմնական անհատականությունն արդեն իր մեջ կրում է, և պետք է դա հնարավորինս պահպանել,- ասում է նա:- Ծնողները պետք է տարբերեն իրենց մտածածը, իրենց ցանկությունները երեխայինից: Ինձ համար ընդունելի չէ, երբ օրինակ` մեծերը խառնվում են երեխաների հարաբերություններին` հանդես գալով որպես դատավոր, երեխաների ճիշտն ու սխալն են որոշում և այլն: Այդ խնդիրները երեխաներն իրենց մեջ ավելի հեշտ են հարթում, քան մեծերը»:

Հոգեբան Անահիտ Արզումանյանը, որ արդեն տասը տարի է` զբաղվում է մանկական հոգեբանությամբ, երկու տարի առաջ իր հոգեբանական կենտրոնն է ստեղծել և զբաղվում է որոշակի վարքային շեղումներ ունեցող և ռիսկային խմբի (հակում ալկոհոլի, ծխախոտի, թմրանյութերի նկատմամբ, սանձարձակություն, անկառավարելիություն և այլն) երեխաների ու դեռահասների խնդիրներով: Ասում է, որ ծառայության նկատմամբ հետաքրքրությունն աճում է, այնուամենայնիվ մեր հասարակությունն առայժմ պատրաստ չէ  դրամ ծախսել հոգեբանական ծառայության վրա. «Մեզ մոտ պատրաստ են բժշկին շատ գումար տալ, բայց հոգեբանին` ոչ: Մարդիկ կարծում են, որ հոգեբանական ծառայությունը շատ արագ ազդող բան է, արագ էֆեկտ են ակնկալում: Իսկ երբ ծնողին կամ երեխային բացատրում ես, որ դա մի աշխատանք է, որ նախ և առաջ իրենք պետք է անեն, արդեն չեն ուզում»,- ասում է նա:

Հոգեբանը երեխաների վարքի շեղման միջավայր է համարում նաև այսօրվա դպրոցը և ցավով արձանագրում, որ իր հաճախորդների մեծ մասը հենց դպրոցահասակ երեխաներն են:

Հոգեբանական ծառայության առաջին փուլում մասնագետները նախ պարզում են, թե որքանով է ծնողի գանգատն ադեկվատ. միգուցե ծնողն ի՞նքն ունի խնդիրներ, բարդույթներ, որոնք էլ փոխանցվել են երեխային: «70 տոկոսի դեպքում պարզվում է, որ խնդիրը գալիս է ծնողից»,- ասում է Անահիտ Արզումանյանը:

Ընդհանրապես նա կարծում է, որ մեզ մոտ ծնողավարության մշակույթի լուրջ խնդիր կա. ծնողները չեն ճանաչում սեփական սահմանները, խառնվում են այն հարցերին, որոնք երեխայի անհատականությունն են ձևավորում, խառնվում են երեխայի ցանկություններին ու նպատակներին:

Հոգեբանը ծնողներին խորհուրդ է տալիս կարդալ համապատասխան գրականություն, հասկանալ երեխայի հոգեբանությունն ու ներաշխարհը, նրա ճգնաժամային փուլերը, ճանաչել ինքն իրեն և չխառնել իր ու երեխայի եսը, իսկ խնդիրների դեպքում դիմել մասնագետներին: Նա միաժամանակ հասկանում է, որ ժամանակակից հայ ծնողը գերզբաղված է, որովհետև օրվա հացի խնդիր է լուծում և հաճախ դիմում է դայակների ծառայություններին, իսկ երբ երեկոյան հոգնած տուն է գնում, ո՛չ նյարդերն են ներում, ո՛չ էլ ժամանակը երեխայի հետ զբաղվելու համար: «Բայց եթե խնդիրների շարքում առաջնային դիրքերում երեխան է, ապա պե՛տք է ժամանակ ծախսել»,- ասում է հոգեբանը` հիշեցնելով, որ վաղն այդ խնդիրները լուծելը շատ ավելի բարդ կամ այլևս անհնարին կարող է լինել:

Tags: , ,