Արվեստի այս գեղեցիկ ճյուղը Հայաստանում պետք է զարգանա

vardan amiryan 4Հայ աճպարարների միության նախագահ, միջազգային մոգերի միության անդամ Վարդան Ամիրյանը տարիներ առաջ Իսրայելից ժամանեց Հայաստան` աճպարարության արվեստը հայրենիքում զարգացնելու, սիրողականից պրոֆեսիոնալ մակարդակի հասցնելու նպատակով: Շատերս նրան հիշում ենք թե՛ հեռուստատեսությունից, թե՛ ներկայացումներից:

Նրա առաջին  ուսուցիչն ու ներշնչանքն այս արվեստում եղել է  աշխարհահռչակ Հարություն Հակոբյանը: Վարդան Ամիրյանը եղել է Երևանի էստրադային քոլեջի առաջին շրջանավարտը, ուսանել նաև Սանկտ Պետերբուրգի բարձրագույն  ստեղծագործական վարպետության էստրադային արվեստի բաժնում: Մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների, բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, արժանացել է «մոգության արքա» կոչման: Հայաստանում է 2005-ից: Մեկ տարի առաջ հիմնադրել  և ղեկավարում է Հայ աճպարարների միությունը: Այս և այլ թեմաների շուրջ է մեր զրույցը Վարդան Ամիրյանի հետ:

- Այսօր  հայտնի հայ աճպարարներից շատերն աշխատում են արտերկրումնրանց հաջողությունների մասին երբեմն տեղեկանում ենք: Պարոն Ամիրյան, ի՞նչը ստիպեց այդքան տարիներ Իսրայելում բնակվելուց հետո Հայաստան վերադառնալ:

- Իսրայելում անբարենպաստ իրավիճակ ստեղծվեց, երբ սկսվեցին ռմբակոծությունները: Շոուն արդեն աշխատում էր զբոսաշրջիկների համար: Ստեղծված իրավիճակի պատճառով զբոսաշրջիկների թիվը նվազեց, և դադարեց նաև մեր համատեղ աշխատանքը: Այնուհետև սկսեցի միայնակ աշխատել և Իսրայելում առաջին անգամ հիմնադրեցի աճպարարների դպրոց, որը գործեց մի քանի տարի և ունեցավ շուրջ երեք հազար սան: Կարոտը դաժան բան է: Եվ մի օր Հայաստան վերադառնալու միտքն իրականություն դարձավ: Թեպետ Իսրայելում ամեն ինչ լավ էր` վերադարձա: Ցանկություն առաջացավ նույն գործը կազմակերպել նաև հայրենիքում: Աճպարարության ճյուղը կարող էր Հայաստանում ավելի վաղ տարածվել ու զարգանալ, եթե վերացած լիներ կոռուպցիան ու մենաշնորհը: Մեր երկրում վաղուց տաղանդն ու շնորհը, մշակույթն ու արվեստը արժեզրկվել են: Կան շնորհաշատ երիտասարդներ, որոնք ստվերում են մնում: Այս տարիների ընթացքում կարողացա զարգացնել և արվեստի այս ճյուղի նկատմամբ սեր առաջացնել երիտասարդների շրջանում: Սկսեցինք բեմադրություններ իրականացնել: Այսօր շատ աղջիկներ և տղաներ տիրապետում են միկրոմագիայի ճյուղին, որն աճպարարության ժանրերից է և ցուցադրվում է  նեղ միջավայրում: Այժմ աշխատում ենք այն ուղղությամբ, որ նաև լիարժեք բեմադրություններ իրականացվեն:

- Ի՞նչնոր բացահայտումներ եղան միության գործունեության արդյունքում:

- Քանի որ ամբողջ աշխարհում կան և գործում են աճպարարության միություններ և կազմակերպություններ, նպատակ դրեցի հայրենիքում ևս հիմնադրել և զարգացնել արվեստի այս ճյուղը: Վերջապես ստեղծվեց այդ միությունը, որը համախմբում է աշխարհի բոլոր աճպարարության արվեստը սիրող հայերին: Միության բացումն արվեց անցած տարվա ապրիլի 1-ին: Պարզվում է, որ այս ժանրի շատ սիրահարներ կան մեր երկրում, որոնցից շատերին ես կտրել եմ իրենց ազատ կենսակերպից: Բացի արվեստի ճյուղ լինելուց, այն նաև դաստիարակչական մշակույթ է, քանի որ աճպարարը չի կարող խուլիգան կամ այլ վատ հատկանիշներով օժտված լինել: Աճպարարությունն ուսումնասիրելիս մարդը հարստացնում է իր գիտելիքները, ծանոթանում է գիտության տարբեր ճյուղերին՝ ֆիզիկայի, քիմիայի և այլն:

Խորհրդային տարիներին մենք ունեցել ենք հայտնի աճպարարներ Հայաստանում` Գևորգ Ղազարյան, Ռաֆայել Պետրոսյան: Իսկ այսօր Սոս Պետրոսյանի տղան՝ Կամո Պետրոսյանը, որ առաջին քայլերն ինձ մոտ է սկսել, աշխարհում, մասնավորապես Գերմանիայում բավական ճանաչված և սիրված աճպարար է, գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում աճպարարության մի ժանրի գերազանց տիրապետելու շնորհիվ: Նույնսիկ մանիպուլյացիայի ժանրին, որն ամենաբարդն է, երեխաները բավական լավ են տիրապետում, և վերջերս փոքրիկ Սոսերը դարձան աշխարհի չեմպիոն: Այս արվեստն աշխարհում շատ զարգացած և ընդունված է, օգտագործվում  է շոուներում, ինչը մեզանում բացակայում է: Հայաստանում շոուները սկսվում և վերջանում են միայն երաժշտական և պարային կատարումներով: Դա հոգնեցնող է: Շոուների մակարդակը բավական ցածր է, և ժողովուրդն այսօր ստանում է այն, ինչ իրեն հրամցնում են: Սեփական ուժերով հավաքել ենք այն երիտասարդներին, պատանիներին, որոնք մեծ սիրով հմտություններ են ձեռք բերում այս արվեստում:

-  Կնշե՞ք այն նախադրյալները, որոնց առկայությունը պարտադիր է աճպարարության արվեստի ճյուղին տիրապետելու համար:

- Դիմորդը պարտադիր երեք հնարք է ցուցադրում, եթե կարողանում է ճկուն լինել, մատներն աշխատեցնել և տրամաբանությունը քարացած չէ, ուրեմն նրա մեջ կա այդ շնորհը: Առաջին կարևոր նախապայմանը երևակայությունն  է,  երկրորդը` համբերատարությունը և սերը: Հնարք կա, որի ուղղությամբ նույնիսկ տարիներով է պետք աշխատել: Այս երեք գործոնների բացակայության դեպքում երեխան երբեք աճպարար չի դառնա: Այս արվեստն ուսումնասիրելու լավագույն տարիքն 9 տարեկանն է: Միությունում ուսումը երեք տարի է, որից հետո, հաջողություններ ունենալու դեպքում, սանը կարող է  անցնել փորձառուների շարքերը և դառնալ միության անդամ: Մինչ այդ երեխան հասցնում է մի քանի հնարքների տիրապետել և զարգացնել իր որոշ ունակություններ: Միության անդամ լինելը չի պարտադրում, որ նա հետագայում դառնա պրոֆեսիոնալ աճպարար: Միությունն ունի իր ներկայացուցչությունն ԱՄՆ-ում, ՌԴ-ում, Գերմանիայում, Հունաստանում: Նախատեսվում է դրանց թիվը մեծացնել:

 - Ի՞նչ  հեռանկար ունի մեր երկրում արվեստի այս ճյուղը:

- Աճպարարությունն աշխարհում արվեստի ամենագեղեցիկ ժանրերից է,  բայց մեր երկրում այն զարգացած չէ: Ինձ համար ցավալի է, որ հովանավորներ են գտնվում անորակ ու ոչ կարևոր նախագծերի իրականացման համար, բայց այս լուրջ ու գեղեցիկ ճյուղը մնում է  ստվերում, անտեսված: Այս ճյուղը Հայաստանում զուտ սիրողական հիմքերի վրա է, այն ավելի զարգացնելու համար պետք է զարգացած երկիր ունենալ: Այժմ դժվար է խոսել այն մասին, թե ինչ ճակատագիր կունենա աճպարարության ճյուղի զարգացումը, քանի որ առաջին լուրջ քայլերը նոր-նոր են ձեռնարկվում:

 - Քանի՞ հնարքի եք տիրապետում, և ճի՞շտ է, որ աճպարարները պետք է իրենց հնարքների հեղինակը լինեն:

- Աճպարարության ճյուղերը  շատ են, սակայն ամենատարածվածն ու կիրառելին իլյուզիան է, միկրոմագիան և ընդհանուր մոգությունը: Միայն խաղաթղթերով աշխարհում մոտ  7 հազար հնարք է  գրանցված: Ինչպես երաժշտության մեջ, աճպարարության մեջ էլ կան հնարք ստեղծողներ և պարզապես կատարողներ: Պարտադիր չէ, որ աճպարարը նաև հեղինակ կատարող լինի: Իմ հնարքներից բավական հետաքրքիր է հայկական տարազներով և հայկական գործիքներով բեմադրությունը: Իսկ թե որքան ժամանակ է պահաջվում մեկ հնարքի բեմադրության համար, դա կախված է հնարքի բարդությունից: Եթե այն կապված է մատների արագաշարժության հետ, ապա ավելի ժամանակատար է: Մի հնարքի բեմադրումը նույնիսկ կարող է 1-2 տարի տևել:

 - Կարծեմ ունեիք նաև հաղորդաշար, որը հեռուստադիտողին հնարավորություն էր տալիս ծանոթանալու աճպարարության արվեստի պատմությանը և միաժամանակ հնարքներ բացահայտել: Ինչո՞ւ դադարեցվեց նախագիծը:

- Այո, նման հաղորդում կար, սակայն դադարեցվեց հովանավորի բացակայության պատճառով: Հեռուստաընկերություններն առանց եկամտաբերության, սեփական միջոցների հաշվին չեն հեռարձակում նույնիսկ նման պահանջված հաղորդումներ:

 - Սպասվո՞ւմ են նոր նախագծեր:

- Պատրաստվում ենք առաջիկայում իրականացնել առաջին համահայկական աճպարարների փառատոն մրցույթը, որը հավանաբար տեղի կունենա այս տարվա աշնանը: Հայաստանի մշակույթի և պատմության մեջ այն կլինի աննախադեպ և առանձնահատուկ: Աշխարհի տարբեր երկրներից Հայաստան կժամանեն հայ աճպարարներ, որոնցից լավագույնները  համաձայնվել են ընդգրկվել նաև ժյուրիի կազմում: Այն բոլորովին նորույթ  է լինելու հայ հանդիսատեսի համար, ներկայացվելու են իմ բոլոր նոր համարները, մեկտեղվելու են մոդեռնն ու ազգագրականը: Իսկ այժմ «32 ատամի»  անձնակազմի հետ որոշել ենք մի հետաքրքիր ներկայացում պատրաստել, որում մեկտեղվելու են կատակերգությունն ու աճպարարությունը: Հետաքրքիր մտահղացումներ կան, որոնք դեռ պետք է կյանքի կոչվեն: Իսկ միջոցառման գաղափարն արդեն հավանության է արժանացել ակումբի տղաների կողմից: Կնոջս՝ Արևիկի հետ միասին պատրաստում ենք մի մոգական ներկայացում, որը կանվանենք մեր փոքրիկի՝ Եվայի անունով: «Եվա մաջիք» շոուն կընդգրկի աճպարարության արվեստի բոլոր ճյուղերը:

 Լ.Ն