Երբ թշնամին ներսից է լինում

haykuhiԵրբ ֆեյսբուքյան էջս բացեցի ու  պատիս վրա ընկերներիս գրառումներում հանդիպեցի գնդապետ Բուդաղյան անունը և ինչ-որ կրակահերթերի մասին հիշատակումներ, առաջինը, որ մտածեցի` այն էր, որ սահմանին է միջադեպ գրանցվել հակառակորդի մասնակցությամբ: Բայց երբ շարունակեցի, պարզվեց, որ ոչ: Գնդապետը ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոցում է, բայց ոչ ադրբեջանցու արձակած գնդակից, այլ հայի:

Կատարվածը հայ հասարակության ողբերգությունն է. այնտեղ ենք հասել, որ ոմն մեկը կրակում է օրինակելի հրամանատարին, որն օրն ի բուն սահման է հսկում, որ այդ նույն կրակողը գիշերը հանգիստ քնի:

Ստեղծված իրավիճակում դժվար թե Արտակ Բուդաղյանը մնա զինված ուժերում, սակայն նրա պաշտոնաթողությունը մեծ կորուստ կլինի հայոց բանակի համար: Ամեն դեպքում նախ և առաջ առողջություն գնդապետ Բուդաղյանին, նրա երեխաներն իր կարիքն ավելի շատ ունեն:

Գնդապետ Արտակ Բուդաղյանի հետ ծանոթացել եմ անցած տարի ապրիլին, երբ մի խումբ լրագրողներով ԼՂՀ  արևելյան ուղղության առաջնագիծ էինք մեկնել: Գնդապետը տվյալ զորամասի հրամանատար էր նշանակվել, երբ սահմանին միջադեպ էր գրանցվել` մի քանի զինվորների մահվան պատճառ դառնալով: Լրագրողներով, երբ զորամաս մեկնեցինք, մտածում էինք, որ հաստատ զորամասում մի թերի բան կգտնենք: Սակայն ի զարմանս ինձ` գնդապետ Բուդաղյանի ղեկավարած զորամասը ամենակարգապահն ու մաքուրն էր բոլոր այն զորամասերի մեջ, որ երբևէ տեսել եմ:  Սպա-հրամանատար, զինվոր-հրամանատար հարաբերություններն էլ յուրօրինակ էին: Բուդաղյանի ձայնն անգամ լսելիս զգաստանում էին թե զինվորները, թե  անգամ սպիտակահեր սպաները, ոչ իմիջիայլոց , ինչպես երբեմն պատահում է, նրանց ամեն քայլում զգացվում էր, որ հարգանք կա գնդապետի նկատմամբ, ինչպես նաև ամեն գնով փորձում են արդարացնել նրա վստահությունը:

Պարզվեց` գնդապետը  շփվող մարդ է.  ոգևորությամբ պատմում էր ծառայության, զինվորների մասին, թե ինչպես է պարբերաբար ստուգում զինվորների ծառայությունը, ասում է, թե տուն է գնում, բայց մեկ էլ գիշերը հանկարծ զորամասում կամ խրամատում է հայտնվում` ստուգելու զինվորների կարգապահությունը և զգոնությունը: Նույն ոգևորությամբ, ինչ զինվորների մասին էր խոսում, սկսեց պատմել որդու, նրա չարաճճիությունների մասին:

Երբ զորամասից վերադարձա, սկսեցի նախկին զինվորների շրջանում հարցուփորձ անել` հասկանալու` արդյոք տպավորությունս խաբուսիկ չէր: Պարզվեց, որ ոչ, որևէ մեկից գնդապետի հասցեին վատ բան չլսեցի, բացի այն, որ շատ  խիստ է: Իսկ նման արդյունավետ խիստ  հրամանատարներ զինված ուժերում շատ են պետք:

Եվ երբ հանկարծ իմացա կատարվածը, առաջինը որ մտքովս անցավ, այն էր, որ հասցրել են դրան….

Պրպտումներից և հրապարակումները համադրելուց հետո նման պատկեր ստացվեց:  ըստ iLur.am-ի` խնջույքի ժամանակ մարզպետը հայհոյել է Բուդաղյան եղբայրներին, Ավետիք Բուդաղյանն ի պատասխան ապտակել է Սուրեն Խաչատրյանին, ապա պայմանավորվել են խնջույքից հետո հարցերը պարզել:  Բուդաղյանների և թիկնապահների հանդիպման ժամանակ  մահացու կրակել են Ավետիք Բուդաղյանին, որից հետո  Արտակ Բուդաղյանը պատասխան կրակոց  է արձակել: Արտակ Բուդաղյանը և Խաչատրյանի թիկնապահներից մեկը հիվանդանոցում են:

Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը)  հատկանիշներով: Գործն ուղարկվել է  ՊՆ քննչական ծառայություն: Արդեն իսկ կան ձերբակալվածներ, այդ թվում և Սուրեն Խաչատրյանի որդին:

Հասարակության արձագանքը կատարվածին  չուշացավ:  Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծվել է  իրադարձություն`«Պահանջում ենք Լիսկային ազատել մարզպետի պաշտոնից և պատասխանատվության ենթարկել» կոչով: Իրադարձության ստեղծումից դեռ մեկ օր էլ չի անցել, բայց արդեն 800-ից ավելի մարդ է միացել պահանջին, այն է`  Սուրիկ Խաչատրյանին ազատել մարզպետի պաշտոնից և  քրեական գործ հարուցել:

Կարծում եմ` այս անգամ հանրությունը չպետք է թույլ տա, որ ամեն անգամվա պես ծածկադմփոց իրականացվի: Պետք է պատժվի իրական մեղավորը, անկախ պաշտոնից, դիրքից ու մանավանդ մականունից:  Ու պատժվի  ոչ  միայն հանցագործության գործիք թիկնապահը, այլ հենց նրան ուղղորդող, նրան հանցագործության դրդող անձը: Այլապես կստացվի, որ իրական հանցագործներն անձեռնմխելի են` թիկնապահի ձեռքով հանցագործություն կկատարեն, նրան քավության նոխազ կդարձնեն ու նույն ոգով կշարունակեն այլոց հետ:

 

Tags: , , ,