Դարի հայազգի լուսանկարիչը` Հայաաստանում

գյուլերԱշխարհահռչակ ստամբուլահայ լուսանկարիչ Արա Գյուլերը, որին Թուրքիայում անվանում են նաև “Ստամբուլի աչք”, հունիսի 4-ին Երևանում էր` մասնակցելու Հայաստանի ազգային պատկերասրահում կազմակերպված իր լուսանկարներ “Բարև ձեզ” ցուցահանդեսի բացմանը:

ՀՀ մշակույթի նախարարության կողմից կազմակերպված ցուցահանդեսում ներկայացված էին Հայաստանում, Թուրքիայում և աշխարհի այլ վայրերում արված շուրջ 100 լուսանկարներ: Գյուլերի տեսախցիկն անմահացրել է այնպիսի հայտնի մարդկանց, ինչպիսիք են Ուինսթոն Չերչիլը, Սալվադոր Դալին, Ինդիրա Գանդին, Դասթին Հոֆմանը, Սերգեյ Փարաջանովը, Արամ Խաչատրյանը, Սոֆի Լորենը, Բրիջիտ Բարդոն և ուրիշներ: Նրա լուսանկարները տասնամյակներ շարունակ զարմացրել են աշխարհին` արժանացնելով լուսանկարչին բազմաթիվ մրցանակների և տիտղոսների ոչ միայն Թուրքիայում, այլև աշխարհում:

2012 թվականին Ստամբուլում մշակույթի և արվեստի գործիչների պարգևատրման արարողության ժամանակ վարչապետ Էրդողանը Արա Գյուլերից վերցրել է ֆոտոխցիկը և լուսանկարել նրան` որպես հարգանքի նշան: Այդ միջոցառման ժամանակ Գյուլերը ճանաչվել է դարի լուսանկարիչ:

Դարի լուսանկարիչը Հայաստանում մեծ ոգևորությամբ և մեծարանքով ընդունվեց: Հայաստանի լուսանկարիչների ազգային ասոցիացիայի նախագահ Սերգեյ Հակոբյանի կողմից նրան շնորհվեց ասոցիացիայի պատվավոր անդամի կոչում:

ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանը, որը նույնպես ծնվել է Ստամբուլում և Գյուլերի հետ նույն դպրոցում սովորել, հիշեց, որ դեռևս այն ժամանակ Արան տեսնում էր այն, ինչ ոչ ոք չէր տեսնում, և զգում էր այն, ինչ ոչ ոք չէր զգում: “Նա տաղանդ էր, որով բոլորս հիանում էինք: Ժամանակն ապացուցեց, որ նա իսկապես բացառիկ մարդ է”:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն իր խոսքում նշեց, որ աշխարհահռչակ լուսանկարչի արվեստը բոլոր ժամանակներում ապշեցրել է ամբողջ աշխարհին: Հետաքրքիր է, որ ինքը` Գյուլերը, լուսանկարչությունն ամենևին էլ արվեստ չի համարում:

Ցուցահանդեսին ներկայացված բոլոր աշխատանքները Արա Գյուլերը նվիրում է Հայաստանին: Հասմիկ Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ առայժմ լուսանկարները կախված են մնալու Ազգային պատկերասրահում, մինչև դրանց համար առավել հարմար վայր գտնվի:

Վարպետի մասին խոսք ասաց նաև լուսանկարիչ, Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը. “Աշխարհում կան բազմաթիվ լուսանկարիչներ, բայց ամբողջ աշխարհը ճանաչում է երեք հայ լուսանկարչի, որոնցից մեկն էլ Արա Գյուլերն է”,- ասաց նա:

Ի դեպ, նրա ելույթի ժամանակ միջադեպ եղավ նրա ու մշակույթի նախարարի միջև, որը հավանաբար մի քանիսը միայն նկատեցին, այդ թվում և մենք՝ մոտ կանգնած լինելով նրանց: Զավեն Սարգսյանը հայտարարեց` ամոթ է, որ մենք այսօր չունենք լուսանկարների պրոֆեսիոնալ թանգարան, որտեղ մեր մեծ վարպետների գործերը, վավերագրական կադրերը կհավաքվեին, և մենք այսօր ստիպված չէինք լինի նման անհաջող դահլիճում այս լուսանկարները ցուցադրել: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այլայլված շշնջաց. “Что ты говоришь… “:

Լուսանկարիչը շարունակեց. “Երևանը չունի հատուկ դահլիճներ, ի՞նչ են մեր դահլիճները, միշտ զբաղված…:

“Միշտ մի դառը բան Զավենը չի կարողանում չասի:  Պրոբլեմ ա: Հնարավոր ամենալավ դահլիճը այս պահին մենք տրամադրեցինք, որ այս լուսանկարներն այսօր ցուցադրվեն”,- իր կողքի պաշտոնյային ասաց նախարարը:

Իսկ երբ Զավեն Սարգսյանն ավարտեց խոսքը և շրջվեց դեպի Հասմիկ Պողոսյանը` պարզելու, թե ինչու է նախարարն անհանգիստ, վերջինս ասաց. “Завен, отстань, это невозможно…: Ի պատասխան,  Զավեն Սարгսյանն ասաց. “Нельзя правду говорить?”

Նկատենք, որ դահլիճի անհարմարությունը նաև Արա Գյուլերն էր նկատել. “Ես հիմա մտածում եմ, թե այս աղմուկի մեջ ինչպես եք ցուցահանդեսը նայելու: Օրինակ` ես այսքան մարդու մեջ ցուցահանդես չէի կարող նայել, կփախչեի…”:

Ցուցասրահն իսկապես լեփ-լեցուն էր, և մարդիկ դժվարությամբ էին տեղաշարժվում: Ինչ վերաբերում է լուսանկարները դիտելուն, ապա դրանք դեռ 3 ամիս կախված են  մնալու այնտեղ, և հնարավորություն կա դրանք առավել խաղաղ պայմաններում դիտելու:

 

 

 

Tags: ,