Էներգետիկ անվտանգությունն իր մասին հիշեցրեց

verakangnvox energetikaՀայաստանում էներգետիկ անվտանգության հարցը մեկ անգամ ևս գլուխ բարձրացրեց, երբ սկսեցին շրջանառվել խոսակցությունները, թե «Հայռուսգազարդը» դիմելու է Հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողով` գազի սակագինը Հայաստանում վերանայելու համարԷներգետիկ անվտանգությունը, գլոբալ առումով, կանխորոշիչ նշանակություն ունի, հատկապես Հայաստանի համար, որովհետև մենք հիշում ենք 90-ականների սկզբի էներգետիկ ճգնաժամը, ինչը հանգեցրեց ընդհանրապես տնտեսության կոլապսի, ահավոր արտագաղթի: Ինչպես բխում է ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության դրույթներից, երկրի  էներգետիկ անվտանգությունը հանդիսանում է հայոց պետականության դիմադրողականությունը պայմանավորող կարևորագույն տարրերից մեկը:

 Եթե խոսքը էներգակիրների գներով պայմանավորված էներգետիկ անվտանգության, կամ ավելի ստույգ` էներգետիկայի դիվերսիֆիկացման մասին է, ապա գազի թանկացումը, իհարկե,  ազդեցություն կունենա երկրի սոցիալական վիճակի վրա: Իհարկե, թերևս դեռ ոչ այնքան սուր, պայթյունավտանգ իրավիճակ ստեղծի, քանի որ պետությունն ինչ-որ չափով թանկացումը սուբսիդավորում է: Բայց եթե մենք ստիպված լինենք վճարել միջազգային գին, ապա բավական բարդ սոցիալական  վիճակ կստեղծվի:

«Իսկ սոցիալական վիճակի վատթարացումը կբերի քաղաքական բարդ իրավիճակի: Այսինքն` շատ վճարող, ոչ ունևոր մարդն արդեն կսկսի ավելի բողոքական քաղաքական դիրքորոշում ունենալ: Այդ ամենը  առկա կլինի այնքան ժամանակ,  քանի դեռ սոցիալ-տնտեսական վիճակը Հայաստանում չի փոխվի: Ինչքան ավելի զարգանա մեր տնտեսությունն ու կայունանա մարդկանց բարեկեցությունը, այնքան էներգակիրների միջազգային գներն ավելի պակաս կազդեն սոցիալական և քաղաքական գործընթացների վրա»,- նշում է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փոխտնօրեն, քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար  Սևակ Սարուխանյանը, որ բազմիցս հանդես է եկել ՀՀ էներգետիկ անվտանգությանը վերաբերող հոդվածներով և ուսումնասիրություններով:

 Ո՞ւր են «Հավակնոտ» ծրագրերի արդյունքները

Կառավարությունը դեռևս 2007 թ. նոյեմբերին հաստատեց Էներգետիկայի նախարարության (այժմ` ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն) գործունեության ծրագիրը, որը միտված էր ոլորտի երկարաժամկետ զարգացմանը: Ծրագիրը բխում էր ՀՀ ազգային անվտանգության հայեցակարգից և սահմանում էր նախարարության գործունեության հիմնական ուղղությունները: 1. ապահովել ցածր գներով հուսալի էլեկտրամատակարարում բոլոր սպառողների արմատական կարիքները բավարարելու համար` միևնույն ժամանակ խթանելով երկրում էներգախնայողությունը: 2. խուսափել էներգիայի ներկրման այնպիսի եղանակներից, որոնց պարագայում Հայաստանի անվտանգությունը կարող է ենթարկվել Հայաստանի Հանրապետության իրավասությունից դուրս գտնվող իրադարձությունների ու քաղաքականության անհարկի ազդեցությանը, երկրի էներգետիկ հաշվեկշռում առավելագույնս օգտագործել սեփական վերականգնվող էներգառեսուրսները և միջուկային էներգիան: 3. ապահովել Հայկական ԱԷԿ-ի անվտանգ շահագործումը և այլն:

Ընդհանրապես էներգետիկ անվտանգությունը բաղկացած է երեք հիմնական մասերից` էներգիայի գնից, մատակարարման անվտանգությունից և բնապահպանության վրա ազդեցությունից:  Երեք ուղղություններով էլ Հայաստանի Հանրապետությունում իրավիճակը, համեմատած միջազգային իրադրության հետ, բավականին լավ է, քանի որ երկրում դեռևս գործում է ատոմակայան, Հայաստան է մտնում երկու գազատար` Ռուսաստանից և Իրանից, գնային առումով մենք դեռևս բավականին հետ ենք միջազգային գներից:

Sevak Saruxanyan Որ գազի գինը բարձրանալու է, պարզ էր դեռևս տարիուկես առաջ, քանի որ գազի թանկացումը միջազգային միտում է, և Ռուսաստանի կողմից բազմիցս հայտարարվել է, որ կապույտ վառելիքի գինը բոլորի համար բարձրանալու է: Ճիշտ է, մենք այսօր ամենաէժան ռուսական գազ գնող պետությունն ենք, բայց պետք է սպասել, որ ապագայում գազի գներն էլի կարող են բարձրանալ: Սա, ինչպես արդեն հասցրեցինք տեսնել, Հայաստանի տնտեսության վրա լրջագույն ազդեցություն կարող է ունենալ, որովհետև մենք անմիջական կախման մեջ ենք գազից:

Ֆունդամենտալ առումով հարցը պետք է լուծել երկու ճանապարհով: Մեկը Հայաստանում էներգաէֆեկտիվության բարձրացումն է, ինչպես բազմիցս նշել են ոլորտի մասնագետները,  քանի որ այսօր Հայաստանի տնտեսությունը չափից դուրս շատ էներգիա է ծախսում մեկ դոլար ապրանք արտադրելու համար: Ու մեր ձեռնարկությունները, տեխնիկական կազմը պետք է արդիականացնել, որպեսզի տնտեսությունն իր վրա չկրի էներգակիրների թանկացման ամբողջ ծանրությունը: Երկրորդ` պետք է մտածել երկրում էներգետիկ նոր հզորությունների ստեղծման մասին, որոնք կապված չեն լինի արտաքին աշխարհից մուտք գործող էներգակիրների հետ:

«Էներգամատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացումը հնարավորություն կտա Հայաստանին էներգետիկ անվտանգություն ապահովել և ծածկել ներքին պահանջարկը,-  ԱՄՆ դեսպանատան կողմից կազմակերպված «Հայաստանի էներգետիկ ոլորտի ապագան. Էներգամատակարարման և վերականգնվող էներգետիկայի հարցերը» ֆորումի ժամանակ հայտարարել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան  Ջոն Հեֆերնը և հավելել:- Այսօր Հայաստանն էներգետիկ պաշարներ չունի և այդ հարցում ծանր վիճակում է, այդ պատճառով անհրաժեշտ է տարբեր աղբյուրների միջոցով էներգամատակարարումը դիվերսիֆիկացնել և ներքին պահանջարկ ապահովել: Այսօր էներգիայի արտադրության հարցն ամբողջ աշխարհում բավական սուր է դրված, բոլոր երկրները խնդիրների են բախվում էներգապաշարների ապահովման հարցում և աշխատում են էներգետիկ անվտանգության ուղղությամբ, ինչպես Հայաստանում:  Միաժամանակ, Հայաստանն էներգիայի այլընտրանքային աղբյուրներ ունի, ինչպիսիք են հիդրոէլեկտրակայանները»:

Էներգիա խնայեք, ինչպես ամբողջ աշխարհում են անում

Էներգախնայողության իմաստով` Հայաստանում, ցավոք սրտի, էներգախնայողության համակարգերի ներդրման ուղղությամբ ոչ մի աշխատանք չի կատարվում, անգամ խոսքը խորհրդային շրջանում կառուցված շենքերի մասին էլ չէ, որոնք էներգախնայողության տեսանկյունից բավականին թույլ են, այլև նոր շենքերի:

«Նոր կառուցվող շենքերի համար ևս գծագրվելիս և կառուցվելիս էներգախնայողության և էներգաէֆեկտիվության ոչ մի հաշվարկ չի կատարվում, այն դեպքում, երբ ամբողջ Եվրոպայում վերջին տասնամյակում շինարարական ընկերություններում հիմնական կետերից մեկը շենքերի էներգաէֆեկտիվությունն է, որի համար նրանք համապատասխան լիցենզիա են ստանում: Օրինակ` Հոլանդիայում խնդիրը բավականին լուրջ է դրված, և ընկերությունները ինչ-որ շենք կառուցելու համար անպայման հաշվի են առնում էներգաէֆեկտիվությունը` որպես հիմնական չափանիշ»,- ասաց Սևակ Սարուխանյանը:

Էներգետիկան դիվերսիֆիկացնելու մեկ այլ տարբերակ էլ Հայաստան մուտք գործող գազամուղները տարբեր կառավարիչների շահագործման հանձնելն է` երկրորդ գազային օպերատորի ստեղծումը:  «Եթե Հայաստանի Հանրապետությունը միջոցներ ձեռնարկի երկրորդ գազային օպերատոր ստեղծելու համար, իհարկե, այլընտրանք կստեղծի: Բայց հիմա կա մեկ գազային օպերատոր, ինչը որոշակիորեն արդարացված է` հաշվի առնելով Հայաստանի շուկայի փոքր ծավալները: Եվ երկրորդ` Իրանից գազի ներկրման ծավալների ավելացումն անմիջականորեն կապված է սպառման շուկայի հետ: Եթե լինեն նոր ՋԷկ-եր, որոնք կօգտագործեն իրանական գազը և դրա փոխարեն Իրանին կտրամադրեն էլեկտրաէներգիա, ապա գազատարը կարող է բավականին էֆեկտիվ օգտագործվել: Այսօր, հաշվի առնելով մոտ 2 մլրդ խմ սպառումը Հայաստանի Հանրապետությունում, նման հեռանկար չկա, որ երկու գազատարներն էլ էֆեկտիվ կաշխատեն»,- իր դիտարկումները ներկայացրեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փոխտնօրենը:

Բայց ՀԷԿ-երից, ՋԷկ-երից, ատոմակայանից բացի, մեր երկիրն ունի նաև հողմակայանների, արևային էլեկտրակայանների համակարգեր ստեղծելու հնարավորություններ, որոնք այս պահի դրությամբ Հայաստանում երրորդական-չորրորդական պլան են մղված, այնինչ շուտափույթ քայլեր չձեռնարկելու դեպքում կարող ենք մեկ անգամ ևս ականատես լինել «ցուրտ ու մութ» տարիներին: Պատմությունը կրկնվելու սովորություն ունի:

 

 

Tags: ,