Սասանված հեղինակությունը վերականգնել է պետք

մինասյան-վարդանՀունիսի 7-ին Երևանում և հունիսի 11-ին Կոպենհագենում Հայաստանի ֆուտբոլի ընտրանին կմրցի Մալթայի և Դանիայի հավաքականների հետ: Եվրոպական B խմբում ընդգրկված մեր երկրի թիմն այդ հանդիպումների ընթացքում պետք է փորձի լավ խաղ ցուցադրել, վերականգնել սասանված հեղինակությունը: Թե դա ինչքանով է իրատեսական` կպարզվի առաջիկայում: Փաստն այն է, որ մեր երկրի հավաքականն անհաջող է հանդես գալիս այդ ստուգատեսում և անցկացրած 4 խաղից հետո վաստակած 3 միավորով հանգրվանել է աղյուսակի նախավերջին` 5-րդ հորիզոնականում:

Առաջիկա մրցակիցը` խմբում վերջին տեղը զբաղեցնող Մալթայի հավաքականը, ամենևին էլ ուժեղ չէ: Դեռևս ոչ մի միավոր չունի, և անցկացրած 5 խաղերում միայն պարտություններ է կրել: Այնպես որ, եթե Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք խաղում Հայաստանի ընտրանին չկարողանա հաղթել մրցակցին, ապա անհաջողություն կհամարվի:

Ի դեպ, մերոնք առավելության են հասել միայն Մալթայի (1:0) թիմի նկատմամբ և տանուլ են տվել մյուս  երեք խաղերը: Այդ է պատճառը, որ օրակարգային էր դարձել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հրաժարականի հարցը: Այն չընդունվեց, քանի որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը չցանկացավ այդ ելքը, հետո էլ նույնպիսի դիրքորոշում դրսևորեց ՀՖՖ գործկոմը: Փաստորեն, եթե թիմն առաջիկա խաղերում չարդարացնի իրեն, ակնհայտ կդառնա, որ այդ քայլը սխալ է եղել և Հայաստանի հավաքականի անհաջողությունների պատճառներից մեկն էլ բարձրակարգ մարզիչ չունենալն է: Իսկ  լավ մասնագետի հրավիրելու համար մեծ փողեր են անհրաժեշտ:

Մեր թիմի ֆուտբոլիստների զգալի մասն արտասահմանյան ակումբներում է խաղում: Հիմնական հույսն այն է, որ նրանք իրենց լավ կդրսևորեն:

Հատկապես սպասելիքները մեծ են Դոնեցկի «Շախտյորի» առաջատար Հենրիխ Մխիթարյանից: Նա հավաքականում մի փոքր զգուշավոր է և ընտրական այս մրցափուլում աչքի չի ընկել տպավորիչ խաղով: Ուկրաինայի առաջնության վերջին հանդիպումներում Մխիթարյանի մեջ որոշ հոգնածություն էր նկատվում, հաճախակի էր սխալվում: Այնուամենայնիվ Հենրիխն ի վիճակի է երկու հանդիպում նվիրումով անցկացնել, մնում է սպասել, որ նրա խաղը կստացվի: Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանին վերջին շրջանում խանգարում է վնասվածքը, և դժվար է ասել, թե նա ինչքանով կարող է օգտակար լինել: Բայց Մովսիսյանը և Մխիթարյանը դարձել են Ռուսաստանի և Ուկրաինայի ավարտված առաջնությունների ռմբարկուներ և խնդիր ունեն գնդակներ խփելու նաև Հայաստանի հավաքականի մարզազգեստով խաղադաշտ դուրս գալիս: Կրասնոդարի «Կուբանի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսին էլ թեև երբեմն-երբեմն խանգարում է վնասվածքը, այդուհանդերձ նրանից առաջիկա խաղերում սպասելիքները մեծ են: Մարկոս Պիզելին «Կուբանից» տեղափոխվել է «Կրասնոդար» և իրեն դրսևորելու նոր հնարավորություններ է  ստացել, այնպես որ լավ տրամադրությամբ կարող է մասնակցել առաջիկա խաղերին: Նույնը կարելի է ասել նաև Արթուր Սարկիսովի մասին, որը Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» կազմում վարձավճարով էր հանդես գալիս և այժմ վերադարձել է հարազատ ակումբ` Մոսկվայի «Լոկոմոտիվ»: Ռոբերտ Արզումանյանն էլ ղազախական «Ակտոբեի» կազմում  բացել է իր խփած գնդակների հաշիվը: Էդգար Մանուչարյանն էլ (Ռուսաստան, «Ուրալ») վատ մարզավիճակում չէ:

Մտահոգում է այն, որ  հավաքականի խաղացողներից  ոչ բոլորն են իրենց թիմերի  մեկնարկային կազմերում եղել, խաղային փորձ կուտակել: Մասնավորապես, Դոնեցկի  «Մետալուրգի» ներկայացուցիչներ Կառլեն Մկրտչյանը և Գևորգ Ղազարյանն այդ կարգավիճակում են եղել: Նույնը կարելի է ասել մաև Մոսկվայի «Դինամո» ակումբի ղեկավարության հետ աշխատանքային պայմանագիրը երկարաձգած դարպասապահ Ռոման Բերեզովսկու մասին:

Ինչևէ, Վարդան Մինասյանն ընտրության մեծ հնարավորություններ ունի: Վնասվածքների պատճառով հավաքական չեն հրավիրվել միայն Լևոն Հայրապետյանը (Լեհաստան, «Լեխիա») և Հրայր Մկոյանը (Չեխիա, «Բուդեյովիցե»): Ի դեպ, Մինասյանը շարունակում է զարմացնել իր որոշումներով: Բանն այն է, որ նա նախկինում հավաքական էր հրավիրում  Մոլդովայի բազմակի չեմպիոն ԲԱՏԷ ակումբի ներկայացուցիչ Զավեն Բադոյանին, երբ նա թիմում չէր խաղում: Վերջին շրջանում հայ ֆուտբոլիստը ԲԱՏԷ-ի մեկնարկային կազմում էր, սակայն Հայաստանի հավաքականի մարզիչը նրան հրավեր չի ուղարկել:

Ինչ վերաբերում է առաջիկա Հայաստան-Մալթա խաղին, ապա ենթադրվում է, որ «Հանրապետական» մարզադաշտը լեցուն չի լինի հանդիսականներով: Պատճառները տարբեր են: Դեր է խաղում նաև այն հանգամանքը, որ տոմսերի գները նույնն են մնացել, ինչ ավելի հեղինակավոր մրցակիցների հանդիպումների ժամանակ:

Tags: