Խալ

rodinka2Դժվար թե պատահի մի մարդ, որը չունենա գոնե մեկ խալ: Իսկ ընդհանրապես դրանք մի քանիսն են լինում` տեղակայված մարմնի ամենատարբեր ու անկանխատեսելի, տեսանելի ու աչքից թաքնված տեղերում: Որոշ խալեր լինում են փոքր ու գեղեցիկ, նույնիսկ հպարտության առիթ դառնում: Երբեմն խալերով բնութագրում են մարդու խառնվածքը, հակումները:  Օրինակ` ասում են, որ վերին շուրթի վրայի խալը խոսում է «կրքոտ բնույթի», իսկ «երրորդ աչքի» կետում կամ միջհոնքային տեղակայությամբ խալը խոսում է  գերբնականի նկատմամբ հակման մասին:

Տարբեր դարաշրջաններում տարբեր կերպ են ընդունել խալերը: Միջին դարերում խալ ունեցողին սատանայի կնիքով էին դրոշմում ու ամեն կերպ փորձում էին նրանից վանել չար ուժը: Ամենատարածված ձևը կրունկն ասեղով ծակելն էր: Եթե դրանից հետո աղջկա (խոսքը  ենթադրյալ «վհուկների» մասին է) կրունկից արյուն չհոսեր, ապա նրան ողջակիզում էին խարույկի վրա, քանի որ ադ փաստը սատանայի հետ դաշինքի անհերքելի ապացույց էր ընկալվում:

XVII դարում մարդկանց գիտակցության մեջ համընդհանուր լուսավորում տեղի ունեցավ.մարդիկ հանկարծ սկսեցին դրանք ոչ թե չար ուժի դրոշմ դիտել, այլ մարդու բնույթի առանձնահատկություն: Նույնիսկ տղամարդիկ, մոռանալով նախապաշարումները, սկսեցին «խալեր» կպցնել դեմքներին` գեղեցկություն ու հանելուկային տեսք ապահովելու համար:

Սակայն մի՞թե  կարելի է մարմնի վրայի այս կամ այն նշանով հարցերի պատասխաններ տալ,  ճակատագրի թաքուն էջեր բացել: Խալը կամ, ինչպես այն գիտականորեն անվանում են, նևուսը գունավորված բիծ է, հետք, որը մելանին է կուտակում: Խալի գույնը նույնպես կարող է տարբեր լինել. բաց շագանակագույնից մինչև մուգ տոներ, անգամ` սև: Ամեն  ինչ կախված է դրանց առաջացման բնույթից: Մեծ «ոչ այնքան համակրելի» խալերը մարդու բարդութավորման կամ մշտական սթրեսի պատճառ  կարող են դառնալ ու նյարդային խանգարումներ առաջացնել:

Հիմա արդեն տեղյակ ենք, որ խալերի առաջացման պատճառները մի քանիսն են: Դա մաշկի արատ է, բարորակ նորագոյացություն, իսկ ըստ  տիեզերական տեսության` դրանք «ալեհավաքներ» են, որոնք իբր ոչ միայն հնարավորություն են տալիս տիեզերքից ընկալելու տեղեկությունը, այլև արգելափակել դրսից մարդու վրա անցանկալի ազդեցությունը: Գոյություն ունի նաև խալի   էզոթերիկ  մեկնաբանություն , որի համաձայն`  խալը  մարդու անցած ուղու նշան է:

Խալերը լինում են հարթ ու մաշկի մակերեսից առանձնացող, ընդգծված: Այն կարող է հարթ ու մաքուր մակերես ունենալ կամ լինել մազածածկ: Լինում են նաև անոթային խալեր` անգիոմաներ, որոնք մուգ կարմիր գույն ունեն ու սեղմելիս գունատվում են:

Սովորաբար խալերն առաջանում են կյանքի առաջին տարիներին,  սեռահասունացման ու հղիության շրջանում: Խալառաջացմանը նպաստում են արևի ճառագայթները:  Խալը նույնպես բարորակ գոյացություն է, որ կարող է ինչ-ինչ պայմանների ազդեցությամբ վերածվել չարորակի: Եթե այն սկսում է ձևափոխվել, ապա անպայման դիմեք մասնագետի: Այսօր  հնարավոր է հեռացնել անցանկալի խալը: Այդ պրոցեդուրան մի քանի րոպե է տևում, սակայն չի բացառվում, որ այդ միջամտությունը հետագայում իր մասին անընդհատ հիշեցնի:

Ինչևէ,  խալերը մեր մի մասնիկն են, երբեմն` հարազատ: Դրանց հիմնականում վերաբերվում ենք  հանգիստ, դրական: Բայց եթե այն մեծ է ու հետն էլ անհարմար է, ուրեմն դիմեք մասնագետի: Խալերից կարելի է ազատվել միայն ծայրահեղ դեպքերում:

 

Tags: