Ինչպե՞ս են կատարվում սանիտարական հատումները

հատումՀանրահայտ է, որ անտառները բնության «թոքերն» են, առանց որոնց բնության մեջ շատ գործառույթներ կխախտվեն: Այդուհանդերձ, չենք կարող համաձայնել, որ անտառներում հատումներ չկատարվեն, առավել ևս, որ դա նախատեսված է օրենսդրությամբ: Այսպես, ՀՀ անտառային օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն` սանիտարական հատումները կատարվում են անտառների վիճակի բարելավման, ինչպես նաև վնասատուների և հիվանդությունների բացասական ազդեցության հետևանքով կենսունակությունը կորցրած կամ ցցաչոր և չորացած ծառերի ոչնչացման նպատակով: Սանիտարական հատումների անհրաժեշտությունը և ծավալները պետք է հիմնավորվեն անտառապաթոլոգիական ուսումնասիրությունների կամ մոնիթորինգի արդյունքում ստացված տվյալների հիման վրա:

Անտառներում կիրառվում է սանիտարական հատումների երկու տեսակ` համատարած և ընտրովի: Համատարած սանիտարական հատումներն իրականացվում են չորացած, հրդեհների, վնասատուների ու հիվանդությունների բացասական ազդեցության հետևանքով կենսունակությունը կորցրած տնկարկներում և ծառուտներում: Համատարած սանիտարական հատումների ենթարկված անտառային հողերում պարտադիր իրականացվում են անտառավերականգնման միջոցառումներ: Իսկ ընտրովի սանիտարական հատումներն իրականացնելիս հատվում են ցցաչոր, չորացած, վնասատուների ու հիվանդությունների բացասական ազդեցության հետևանքով կենսունակությունը կորցրած առանձին ծառեր:

Սանիտարական հատումներն իրականացվում են պետական կառավարման լիազորված մարմնի թույլտվությամբ:

2006 թ. հունիսի 22-ին ՀՀ կառավարությունն ընդունել է թիվ 897-Ն որոշումը «Խնամքի և սանիտարական հատումների իրականացման կարգը սահմանելու մասին»: Կարգի համաձայն` խնամքի և սանիտարական հատումները կատարվում են մատղաշ և միջահասակ անտառներում:

Խնամքի և սանիտարական հատումները նպատակաուղղված են անտառի կենսունակության և արտադրողականության բարձրացմանը, սանիտարական վիճակի բարելավմանը, կայունությանը, տնտեսապես արժեքավոր տնկարկների ձևավորմանը և դրանց պահպանության ապահովմանը:

Անտառներում խնամքի հատումներն իրականացվում են տնկարկի կազմը բարելավելու, արմատի վրա մնացած ծառերի ընթացիկ աճն ավելացնելու, բարձրորակ անտառանյութի աճեցման ժամկետները կրճատելու, միավոր տարածությունից փայտանյութի օգտագործման քանակն ավելացնելու, միջավայրի անբարենպաստ պայմանների նկատմամբ տնկարկի դիմադրողականությունը բարձրացնելու, ինչպես նաև անտառի սանիտարական վիճակը բարելավելու համար:

Անտառային հրդեհներից հետո սանիտարական հատումների համար ծառերի ընտրությունը կատարվում է` գնահատելով սաղարթի, բնի արմատաթաթի, ծառերի ընդհանուր վիճակը՝ այրվածքի հետևանքով առաջացած վնասի չափը գնահատելուց հետո: Առաջին հերթին մշակվում են այրված գետնատապալ, այնուհետև ցցաչոր ծառերը: Ընտրովի սանիտարական հատումներն իրականացվում են ծառուտը հրդեհից վնասվելուց հետո՝ սեղմ ժամկետում և ավարտվում տվյալ տարվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան հաջորդող տարվա մայիսի 1-ը: Խոշոր այրվածքների դեպքում մշակման աշխատանքների ժամանակահատվածը երկարացվում է պետական կառավարման լիազորված մարմնի կողմից:

 

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Tags: