«Ես սիրում եմ հայերին». պարսից թագուհին՝ Նյու Յորքի հայկական տաղավարում

մշակույթ-2Լիբանանահայ արվեստաբան, Բեյրութի «Նոյյան տապան» ցուցասրահի հիմնադիր Մովսես Հերկելյանը, որ արդեն 28 միջազգային հեղինակավոր ցուցահանդեսների ներկայացրել է հայկական կերպարվեստը, վստահաբար հայտարարում է. «Այսօր աշխարհում հայ կերպարվեստը կարող է լինել մրցունակ, եթե այն ներկայացնենք ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում և ճիշտ ձևով»:

Հերկելյանը մարտ և ապրիլ ամիսներին կայացած վերջին երկու խոշոր ցուցահանդեսներում՝ Մոնակոյում և Նյու Յորքում,  դարձյալ ներկայացրել է մի շարք ժամանակակից հայ նկարիչների աշխատանքներ: Ասում է, որ հաջողություն են ունեցել: «Հատկապես Նյու Յորքում հայ գեղանկարիչների ստեղծագործությունները շատ բարձր գնահատվեցին, և եթե Հայաստանից այլ ցուցասրահներ էլ մասնակցեին, ապա հաջողություն կունենային»:

Նյու Յորքի ցուցահանդեսում, որին Հերկելյանն իր «Նոյյան տապան» ցուցասրահով մասնակցում էր յոթերորդ անգամ, ներկայացված են եղել համաշխարհային դասական և ժամանակակից հայտնի նկարիչների գործեր՝ Շագալ, Պիկասո, Մոդիլիանի և ուրիշներ: Ընդհանրապես գալերիստներն այդ ցուցահանդեսների ժամանակ ամենաթանկ կտավներն են վաճառում:

Մոնակոյի ցուցահանդեսին արվեստաբանը մասնակցել է հինգերորդ անգամ՝ ներկայացնելով հայ նկարիչներ Գևորգ Եղիազարյանի, Վահրամ Դավթյանի, Սուրեն Ոսկանյանի, Ռուբեն Աբովյանի, Յուրոզի և այլ նկարիչների գործեր: Մոնակոյում Հայաստանից մասնակցել է նաև «Բարձր արվեստ» ցուցասրահը, որն  անցած տարի Մոնակոյի ցուցահանդեսում ներկայացրել էր նաև Երվանդ Քոչարի նորահայտ տարածական ստեղծագործություններից մեկը: Այն արժանացել էր գլխավոր մրցանակին «Ամենայուրօրինակ ստեղծագործություն» անվանակարգում և դարձել ցուցահանդեսի խորհրդանիշը:

Հերկելյանը հետաքրքիր դրվագներ է պատմում Մոնակոյի ցուցահանդեսից. ֆրանսիացի հայտնի բալետի պարուհի Պրիդելլը, որը ցուցահանդեսի ընթացքում ելույթներ էր ունենում (երբեմն՝ բոլորովին մերկ), այցելել է «Նոյյան տապան» ցուցասրահի տաղավար և կտավներից ներշնչված՝ պարել հենց տաղավարում:

«Նոյյան տապան» տաղավար են այցելել նաև Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի հայրը՝ Փալ Սարկոզին, որը նկարիչ է՝ մոդեռն ոճի քանդակների և կտավների հեղինակ: Հերկելյանն ասում է, որ ցուցահանդեսում հարյուրավոր տաղավարներ կան, և հնարավոր չէ բոլորն այցելել. հյուրին տաղավարը պետք է ինչ- որ բանով գրավի:

մշակույթ-1Նկատելով «Նոյյան տապան» տաղավարի ցուցանակին գրված «Արմենիա» բառը՝  այցելել է նաև Պարսկաստանի նախկին թագուհի Ֆարահ Դիբա Փահլավին: Հերկելյանը պատմում է, որ թագուհին զրուցել է իր տիկնոջ՝ Էլոյի հետ, ասել, որ մեծ հարգանք ունի հայոց պատմության ու մշակույթի հանդեպ: Միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև, որոնք հետևում էին թագուհուն ողջ ընթացքում, մաքուր հայերենով ասել է. «Ես սիրում եմ հայերին»: «Երբ տիկինս ասաց, որ շատ լավ հայերեն է խոսում, թագուհին պատասխանեց, որ իր ամուսինը՝ շահ Ռեզա Փահլավին, շատ ավելի լավ է իմացել և իր հայ մտերիմների հետ հայերեն է խոսել»,- պատմում է Հերկելյանը:

Արվեստաբանը միջազգային խոշոր ցուցահանդեսներին մասնակցելը կարևորում է նաև նմանատիպ հանդիպումների, շփումների առումով և ևս մեկ անգամ հայտարարում, որ հայկական կերպարվեստը դրսում ըստ արժանվույն ներկայացնելու համար հայ գալերիստներն ու Հայաստանի իշխանությունները պետք է լրջորեն մտածեն և համապատասխան քայլեր ձեռնարկեն:

Հիշեցնենք, որ Մովսես Հերկելյանն առաջարկում է Սփյուռքի և Հայաստանի ազդեցիկ հայերի ուժերի համախմբման միջոցով վերամշակել հայկական մշակութային քաղաքականությունը, որի նպատակով հանդիպումներ է ունեցել վարչապետի, Հանրային խորհրդի նախագահի, մշակույթի և սփյուռքի նախարարների և այլ անձանց հետ: Վերջերս Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովում քննարկվել էր նրա նախաձեռնությունը:

Հերկելյանն ասում է, որ քննարկումն իր նպատակին ծառայեց, սակայն  գերազանց կլիներ, եթե չլինեին շեղումներ: «Ոմանք կա՛մ քննադատում էին մշակույթի նախարարին, կա՛մ գովաբանում, ինչը երկու պարագայում էլ նյութից շեղում էր,-ասում է արվեստաբանը,- իսկ մեր նպատակը քննադատելը կամ գովաբանելը չէ, այլ գործնական քայլեր կատարելը: Չնայած ես եկել եմ դրսից և Հայաստանի ներքին մշակութային կյանքին քաջածանոթ չեմ, սակայն ունեմ միջազգային փորձառություն և դրանից ելնելով՝ կարծում եմ, որ մենք թե՛ քանակապես, թե՛ որակապես ունենք բարձր արվեստ, սակայն դրան համապատասխան շուկա և գնահատանք չունենք»:

Մինչդեռ նա նկատում է, որ շատ այլ երկրներ, մեզանից բավականին թույլ մշակութային մակարդակ ունենալով, կարողանում են իրենց մշակույթը ճիշտ  ներկայացնել և դրանից օգտվել տնտեսապես, քաղաքականապես և բարոյապես:

Նշենք, որ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը մեզ հետ զրույցում հայտարարել է, որ մշակույթի նախարարությունն արդեն իսկ ունի պետական մշակութային քաղաքականության հայեցակարգ:

Հերկելյանը չի ժխտում, որ նման քաղաքականություն գոյություն ունի, և ինքն անձամբ վարչապետի առաջարկով մի քանի անգամ ընթերցել է այդ փաստաթուղթը, սակայն կարծում է, որ այն թերի է և չի համապատասխանում մեր արվեստի որակին ու քանակին, ինչպես նաև միջազգային հարթակներում ներկայացնելու նպատակին: Նա իր հատուկ կարծիքը գրավոր ներկայացրել է մշակույթի նախարարություն՝ գործնական առաջարկներով:

Ըստ Հերկելյանի` չպետք է ջնջել նախարարության փաստաթուղթը, ընդհակառակը` այն պետք է ընդունել իբրև հիմք և դրա վրա լրացումներ կատարել: «Այդ փաստաթղթում գրված է, թե ինչ է պետք անել, մենք պետք է ավելացնենք, թե ինչպես է պետք անել»,- ընդգծում է նա,- և բոլոր այն հայերը, որոնք հետաքրքրված են այս հարցով և ունեն միջազգային փորձառություն, պետք է համախմբվեն մշակույթի նախարարության շուրջ և մշակեն գործնական քայլեր, որպեսզի մենք դուրս գանք մեր կաղապարներից և կարողանանք մեր մշակույթը տնտեսականացնել և քաղաքականացնել»:

Հանրային խորհրդի քննարկման օրն արձանագրել են, որ առաջին քայլը պետք է լինի Սփյուռքի և Հայաստանի մտավոր կարող ուժերին մեկ համաժողովի շրջանակներում համախմբելը, որից հետո պարզ կլինեն նաև երկրորդ ու երրորդ քայլերը: «Իմ կարծիքով, Հանրային խորհրդի քննարկումը՝ իբրև նախաքայլ, արդյունավետ էր: Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, որը նույնպես մասնակցում էր քննարկմանը, պատրաստակամ էր այդ ծրագիրն իրականացնել` շատ լավ հասկանալով, թե խոսքն ինչի մասին է»:

Արվեստաբանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ աշխարհի ուժեղ երկրներն իրենց մշակութային քաղաքականության օրակարգում շատ կարևոր բաներ գրավոր չեն ամրագրում, բայց անում են, իսկ մենք, ընդհակառակը՝ շատ բան գրում ենք ու խոսում, բայց չենք իրականացնում:

 

 

Tags: