Քրտնարտադրությունը հատուկ է մարդուն և որոշ կաթնասունների: Քրտինքը կաթնասունների համար տեղեկություն հաղորդելու միջոց է, այն պարունակում է 98-99% ջուր, 0,01% մեզ, միզաթթու, կրեատինին, ծծմբանյութ, ճարպեր, խոլեստերին, հիմնային աղեր ևն:
Քրտնագեղձերը գերազանցապես տեղակայված են դեմքին, ափերին, ոտնատակերին, աճուկային ու անութափոսերում: Քրտնագեղձերը երիկամների նման իրականացնում են օրգանիզմից նյութափոխանակության արգասիքների դուրսբերում: Քրտնագեղձերի ֆունկցիան որպես արտազատիչ օրգան կարևորվում է հատկապես երիկամային հիվանդության ժամանակ. դրանք մասնակցում են օրգանիզմի ջուր-աղային հավասարակշռությանը, մեծ դեր են կատարում օրգանիզմի ջերմակարգավորման գործում:
Մարդու ափերի մեջ` 1 քսմ-ի վրա, մինչև 600 քրտնագեղձ է տեղակայված: Կաթնասունների քրտնքի հոտը կարող է լինել վանող ու գայթակղող` կախված սեռական պատկանելությունից և տեղեկություն հաղորդել բեղմնավորման պատրաստ լինելու մասին:
Առողջ մարդու թարմ քրտինքի հոտը գրեթե զգալի չէ: Հոտն արտահայտված է դառնում ժամանակի ընթացքում, երբ քրտնքի մանրէները մարմնի վրա սկսում են բազմանալ:
Մարդկանց մեծ մասը քրտնում է պարապմունքի , մարզվելու կամ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ: Դա նորմալ է ու անհրաժեշտ, քանի որ քրտնարտադրությունն օրգանիզմը պաշտպանում է գերտաքացումից:
Ինչպես է կատարվում քրտնարտադրությունը
Մեխանիզմը շատ պարզ է. նյարդային ազդակը հասնում է քրտնագեղձին, ինչի պատճառով այն կրճատվում է ու քրտինք արտադրում:
Քրտնարտադրությունը առատ է համարվում, եթե`
- հագուստը խոնավանում է ու այն փոխելու անհրաժեշտություն է առաջանում,
- մարմնից ու ոտքերից տհաճ հոտ է գալիս,
- դա ձեզ անհանգստացնում է, դուք ձգտում եք խուսափել սերտ շփումից (համբույր, ձեռքսեղմում), սահմանափակում եք ֆիզիկական ակտիվությունը քրտնելուց խուսափելու նպատակով:
Պատճառները
Առատ կամ գերքրտնարտադրությունը պայմանավորված է քրտնագեղձերի լարված աշխատանքով: Գոյություն ունի գերքրտնարտադրության երկու տեսակ:
- Երկրորդային, որը պայմանավորված է ինչ որ հիվանդությամբ, օրինակ` հիպերթիրեոզով, դիաբետով կամ վարակով: Քրտնարտադրությունը կարող է որոշ դեղամիջոցների ազդեցության ուղեկցող երևույթ լինել: Ընդ որում, այդ դեպքում քրտնում է ամբողջ մարմինը, նույնիսկ կուրծքն ու թիկունքը: Երբեմն մարդը քրտնում է անգամ երազում:
- Առաջնային.գերքրտնարտադրության այս տեսակը հիվանդության հետևանք չէ: Բժիշկներին հայտնի չեն այս տեսակի իրական պատճառները, սակայն նկատվում է առաջնային գերքրտնարտադրության ժառանգականության միտում: Այս դեպքում քրտնում են մարմնի տարբեր հատվածներ, ասենք` ափերը, ոտնաթաթերը, անութները, դեմքը:
Հիվանդություններ, որոնք առաջացնում են գերքրտնարտադրություն
- Վահանաձև գեղձի հիվանդություն (օրինակ` հիպերթերիոզ), շաքարային դիաբետ:
- Նյարդային խանգարումներ:
- Հիվանդություններ, որոնք ուղեկցվում են մարմնի ջերմության բարձրացմամբ, օրինակ` վարակիչ հիվանդությունները:
- Ապրումներ, դրանք կարևորագույն դեր են կատարում մեզանից յուրաքանչյուրի կյանքում: Ու եթե մենք ակտիվ կերպով փորձում են թաքցնել մեր ապրումները, ապա մարմնին չես խաբի, այն իսկույն պատասխանում է քրտնարտադրությամբ: Սուր ապրումների ժամանակ, ասենք` զայրույթի, վիրավորանքի, վրդովմունքի, վախի դեպքում առաջանում է ուժեղ քրտնարտադրություն:
- Հորմոններ. արդեն գիտենք, որ հորմոնները կարող են ամեն ինչ գլխիվայր շուռ տալ: Հորմոնալ ցանկացած փոփոխություն անմիջապես երևում է արտաքինի վրա: Կանանց մոտ առատ քրտնարտադրություն է լինում դաշտանադադարի ժամանակ կամ մինչդաշտանային համախտանիշի դեպքում: Հորմոնալ խիստ փոփոխությունների ժամանակ քրտնարտադրությունը սովորականից կարող է վերածվել գերառատի:
Ում է պետք դիմել գերքրտնարտադրության դեպքում
Հարկավոր է դիմել ներզատաբանին, նյարդաբանին, թերապևտին (ընդհանուր պրակտիկայի բժիշկ):
Գերքրտնարտադրությունը բուժվում է: Դրա համար բազում միջոցներ կան: Բժիշկը կօգնի գտնել լավագույն մեթոդը:
Գոյություն ունեն հզոր հակապերսպիրանտներ, առաջին հերթին գերքրտնարտադրության դեմ նշանակվում է այդ միջոցը: Դրանց մեջ 20-25% ալյումինի քլորիդ կա: Դա ավելին է, քան սովորական հակապերսպիրանտներում (1-2%): Դրանցով կարելի է մշակել ափերը, ոտնաթաթերը, անութները: Սակայն հարկավոր է ուշադիր ու զգույշ լինել, որ դրանց կիրառումը չհանգեցնի մաշկի բորբոքումների:
Քրտնարտադրությունը բնական գործընթաց է, ուստի դրանից վերջնականապես ազատվելն անհնար է: Սակայն կան միջոցներ, որոնք կարող են օգնել էականորեն նվազեցնելու այդ տհաճ խնդիրը:
Օգնում են հունական ընկույզի տերևները, որոնք օժտված են վարակասպան հատկությամբ: Կարելի է այդ տերևներից թուրմ պատրաստել ոտների, ինչպես նաև ափերի համար. 5 թեյի գդալ մանրացրած հումքի վրա 1 լ եռման ջուր լցնել, թրմել 3 ժամ, ապա եռացնել թույլ կրակի վրա, հովացնել, քամել ու օգտագործել:
Կերակրի սոդա. նախ, այն չեզոքացնում է տհաճ հոտը: Սա թերևս քրտնարտադրության դեմ ամենաարագ ազդեցության միջոցն է: Ցնցուղ ընդունելուց հետո չորացրեք մաշկն ու սոդայաջրով շփեք ամենաշատ քրտնող հատվածները` այդ նպատակի համար կիրառելով 3:1 հարաբերությամբ սոդայի ու ջրի լուծույթ:
Ինչպես կարելի է ազատվել ոտքերի քրտնելու հատկությունից
Ոտքերի քրտնելու հատկության պատճառով տհաճ հոտ է առաջանում, ինչը ոչ միայն ձեր տրամադրությունը կարող էգցել, այլև ձեզ շրջապատողների: Այդ մտահոգիչ խնդրից ազատվելու համար պետք է այս խորհրդին հետևել:
1.Անպայման ոտքերը լվացեք հակաբակտերիալ օճառով օրական երկու անգամ` առավոտ և երեկոյան: Դրանից հետո լավ չորացրեք: Հիգիենան ոտքերի քրտնելու հատկության դեմ առաջին փրկարար միջոցն է:Ոտքերը կարելի է լվանալ նաև մանգանաթթվի լուծույթով: Դա նույնպես կվերացնի հոտը:
Կիրառեք հակամանրէ ու հակասնկային հատկությամբ հոտազերծիչ միջոցներ կամ դրա փոխարեն կարելի է կիրառել նաև ցանափոշիներ` մենթոլով կամ քաֆուրով գելեր:
Ամեն օր պարտադիր պետք է փոխել կիսագուլպաները, գուլպաները, դրանք պարտադիր պետք է մաքուր լինեն: Ի դեպ, խուսափեք սինթետիկ գործվածքից պատրաստված հագուստից: Նախապատվությունը տվեք բնական թելերից գուլպաներին:
Ուշադիր ուսումնասիրեք կոշիկը: Ընտրեք օդաթափանց, «շնչող» կոշիկներ: Մի մոռացեք դրանք լվանալ թե՛ ներսից, և թե՛ դրսից: Գոնե ամիսը մեկ փոխեք միջադիրները: Կոշիկը հանելուց հետո հոտավետ բնանյութով տոպրակներ դրեք դրանց մեջ:
Խնդիրը կարելի է լուծել ոտքերի համար հատուկ լոգանքով, օրինակ` սկզբում ոտքերը թասով լի տաք ջրի մեջ իջեցրեք, որ հանգստանան 15-20 րոպե: Մեկ անգամվա համար բավարար է 3 լ ջրին 2 ճաշի գդալ հանգստացնող պատրաստուկ ավելացնել: Արդյունքն անպայման կզգաք: Ահա նման պատրաստուկի մի քանի տարբերակ.
- Եղեսպակի 3 ճաշի գդալ հումքը թրմել մեկ բաժակ եռման ջրում և օգտագործել հովանալուց հետո: Թուրմը խառնել լոգանքի համար նախատեսված ջրին:
- Կաղնու չոր կեղևի 3 ճաշի գդալ հումքը խառնել 3 բաժակ եռման ջրի մեջ ու թրմել 2-3 րոպե: Կարելի է օգտագործել նաև վուշի սերմեր, սև թեյի թուրմ, ծովաղ, կիտրոնի կեղև, մասրենու տերևներ, արևքուրիկ, եղինջ ու այլ դեղաբույսեր:
Քրտնելու հատկությունը կարելի է վերացնել նաև ոտքի մատները շփելով քացախով` մեկ ճաշի գդալ քացախը` 5 լ ջրին հարաբերությամբ կամ բորաթթվով:
Մեկ միջոց էլ կարելի է կիրառել գիշերը: Կարելի է գուլպաների մեջ կաղնու ծեծած կեղև կամ որևիցե դեղաբույս լցնել, հագնել ու քնել: Կարելի է ոտնաթաթերը շփել նարդոսի մի քանի կաթիլ յուղով, ապա բամբակյա գուլպաներ հագնել ու քնել:
Բոլոր այս միջոցները կարելի է կիրառել ինչպես առանձին-առանձին, այնպես էլ միասին:
Իսկ եթե ոչ մի միջոց չի օգնում վերացնելու ոտքերի քրտնելու հատկությունը, ապա դա կարող է խոսել ոտքերի լուրջ վարակի մասին:
Հակապերսպիրանտներ
Առաջացել է հունարեն αντι` հակա և perspiration ` քրտինք, քրտնարտադրություն բառերից: Կոսմետիկ միջոց է, որը ստեղծված է քրտնարտադրության պատճառը վերացնելուն, որի հետևանք է տհաճ հոտը:
Այն պարունակում է օրգանական աղեր, ինչպիսիք են` ցինկն ու ալյումինը: Կրճատում, սեղմում է գեղձերի անցքերն ու նվազեցնում քրտնարտադրությունը: Օգտագործում են առավոտյան, ցնցուղից հետո: Այն խորհուրդ չի տրվում կիրառել շոգեբաղնիքում կամ ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունների դեպքում, ամենուր, որտեղ մարդը չափազանց շատ է քրտնում: Հակառակ դեպքում կարող է տեղային այտուց առաջանալ անութներում. քանի որ քրտինքը դուրս գալու ելք չի ունենա:
Ցանափոշիները ևս հրաշալի կլանում են քրտինքը: Դրանք ևս կիրառում են ցնցուղից հետո, սակայն ոչ թաց մաշկին: Եթե ցանափոշու բաղադրության մեջ մանրէասպան հավելիչներ կամ ալյումինի փոշի կա, ապա այդ միջոցը միաժամանակ կարող է լինել և՛ հակապերսպիրանտ, և՛ ծառայել որպես հոտազերծող: Չոր մաշկի դեպքում դրանք խորհուրդ չեն տրվում կիրառել:
Դեզադորանտներ. առաջացել է ֆրանսերեն dռs նախդիրից, որ նշանակում է հեռացնել ու լատիներեն odor` հոտ բառերի համադրությունից: Կոսմետիկ միջոց է, որը նախատեսված է տհաճ հոտերը վերացնելու կամ քողարկելու համար: Դեզադորները գործում են հետևյալ մեխանիզմով. կանխում են խոնավ միջավայրում մանրէների բազմացումն ու կլանում մարմնի բնական հոտը: Դեզադորների բաղադրության մեջ հիմնականում ախտահանող ու մանրէասպան հավելիչներ են, որոնք ոչնչացնում են միկրոօրգանիզմներն ու խոչընդոտում հոտառաջացումը:
Վաճառքում կան նաև դեզադոր-հակապերսպիրանտներ, որոնք հոտը չեզոքացնելուց բացի նպաստում են քրտնագեղձերի «փակմանն» ու այդ կերպ կանխում քրտնառաջացումը:
Շատ ավելի առաջ քրտնքի հոտը մեղմելու համար կիրառում էին օծանելիք: Օդի, սենյակի հոտը թարմացնելու նպատակով կիրառվել են տարբեր նյութեր (փայտածուխ, ջրածնի գերօքսիդ):
Ներկայումս լայն կիրառություն ունեն գնդիկավոր դեզադորանտ-հակապերսպիրանտները, ինչպես և աերոզոլային փաթեթավորմամբ դեզադորները: Դեզադոր-հակապերսպիրանտներում ալյումինի ու ցիրկոնի համակցություններ են, հաճախ առկա է նաև էթիլ սպիրտ: Սակայն ոչ բոլոր սպառողներն են նախընտրում սպիրտ պարունակող արտադրանք: Զգայուն մաշկի պարագայում սպիրտը կարող է չորացնող ազդեցություն ունենալ:
Յուրաքանչյուրն ինքը կարող է գտնել իրեն հարմար տարբերակը: Բոլոր միջոցներն էլ արդյունավետ կլինեն, եթե պահպանվեն հիգիենայի կանոններն ու չափավորությունը:
Tags: առողջական