Փոքր ՀԷԿ-երը հարցի լիարժեք լուծում չեն

hek Ինչպես արդեն «Անկախը» նշել է, Հայաստանում դեռ արդիական է մնում էներգետիկ անվտանգության խնդիրը: Տարբեր փորձագետներ կարծիք են հայտնում, որ Հայաստանի էներգետիկ անվտանգությունը, առաջին հերթին, էներգիայի այլընտրանքային ռեսուրսների ներդրումն է, մասնավորապես` վերականգնվող էներգետիկան: Այս մասին նշել են թե՛ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը, թե՛ հայ էներգետիկները, թե՛ տարբեր փորձագետներ: Մասնավորապես ասվել է, որ Հայաստանում արժե շեշտը դնել ՀԷԿ-երի, հատկապես` փոքր ու միջին ՀԷԿ-երի  վրա: Հետո, ինչպես նշում են փորձագետները, պետք է զարգացնել արեգակնային, հողմային, բիո և այլ տեսակի էներգետիկական ուղղությունները: 

Էլեկտրաէներգիայի քանակության մեջ փոքր ՀԷԿ-երի կշիռը փոքր է

Այս ամենը, իհարկե, բավականին հրապուրիչ է թվում հատկապես այն ժամանակահատվածներում, երբ Հայաստանում սուր զգացվում է արտաքին էներգետիկ ռեսուրսներից կախվածությունը: Այս անգամ այդ առիթը գազի և էլեկտրաէներգիայի թանկացումն է: Եվ ամեն անգամ, երբ դրսից Հայաստան ներմուծվող  էներգակիրների գները բարձրանում են, բոլորս, բնականաբար, հարց ենք  տալիս. «Իսկ հնարավոր չէ՞ խուսափել արտաքին էներգակիրներից և հենվել սեփական ռեսուրսների վրա»:

Քանի որ էներգակիրներով հարուստ երկիր չենք, մեր ուշադրության կենտրոնում է հայտնվում էլեկտրաէներգիայի արտադրությունը:  Հայաստանում այսօր էլեկտրաէներգիա արտադրող վեց խոշոր կայան կա` ԱԷԿ-ը Հրազդանի ՋԷԿ-ը, Երևանի ՋԷԿ-ը, Հրազդանի 5-րդ էներգաբլոկը, Որոտանի հիդրոէլեկտրակայանների կասկադն ու Սևան-Հրազդան կասկադը` միջազգային էներգետիկ կորպորացիան: Դրանից բացի ունենք 142 վերականգնվող էներգիայի կայաններ, որոնցից 1-ը Պուշկինի լեռնանցքի հողմակայանն է, մեկը` Լուսակերտի թռչնաֆաբրիկայի թռչնաղբի բազայի վրա աշխատող բիոէներգետիկ կայանը և մնացածը փոքր ՀԷԿ-երն են: Ու ինչքան էլ նշվի, որ մեր երկրի էներգետիկ անվտանգության համար կարևորագույն նշանակություն ունեն փոքր ՀԷԿ-երը, միևնույն է, Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի ամբողջ ծավալի մեջ այս սեկտորի արտադրած էլեկտրաէներգիան կազմում է ընդամենը 6.47%: Որովհետև 2012 թ. Հայաստանում արտադրվել է 8 մլրդ, 36 մլն 200 հազար կվտ/ժամ էլեկտրաէներգիա, որից միայն 512.8 միլիոն կվտ /ժամ-ն է բաժին հասնում փոքր ՀԷԿ-երին:

«Մենք փոքր ՀԷԿ-երի մասով մեծ հաջողությունների օրինակ ունենք` չնայած էկոլոգիական և այլ խնդիրներին, և բնական է, որ գործընթացը սահուն չի անցնի, բայց բոլոր դեպքերում դա այն ոլորտն է, որտեղ 6-7 տարվա ընթացքում 100 մլն կվտ/ժամից հասել ենք շուրջ 600 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիայի արտադրության: Դա մեր ներքին պահանջարկի մոտ 8%-ն է: Դա ֆանտաստիկ լավ արդյունք է: Ցավոք, մեր ՀԷԿ-երը չեն կարող ինչ-որ մի օր էներգետիկ պահանջարկի մեծ մասը բավարարել: Մենք շատ ջուր չունենք, մեր գետերը փոքր են, և մենք հիմնականում օգտագործում ենք ոչ թե ջրի քանակությունը, այլ ճնշումը` ռելիեֆը, քանի որ այդ գետերը բարձրից ցած են իջնում, մենք հիմնականում ճնշումն ենք օգտագործում:  Մեր ամբողջ պոտենցիալը գնահատել ենք այսպես (կլիմայական փոփոխություններից կախված` ջրերի քանակությունը նվազում է,  ուստի կլորացրած թիվ եմ ասում), որ մոտ 1 մլրդ կվտ/ժամ կարող ենք արտադրել: Հիմա արտադրում ենք 600 մլն:  Իսկ մեր ներքին պահանջարկը`  արտադրանքը  2012 թ. դրությամբ, 6 մլրդ է եղել: Համեմատենք` կարո՞ղ ենք ներքին պահանջարկը փակել միայն փոքր ՀԷԿ-երով: Այդպիսի խոսակցություններ լինում են: Մենք հիմա մոտավորապես 80 նոր փոքր ՀԷԿ ենք կառուցում, որոնք լիցենզիա են ստացել: Դրանց կառուցումից հետո նոր ցուցանիշը կհասնի 1 միլիարդ կվտ/ժամի»,- ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը:

Ըստ պաշտոնական թվերի` Հայաստանում 2012 թ. բնակչության էլեկտրաէներգիայի պահանջարկը կազմել է 1 մլդ 901 մլն 700 հազար կվտ/ժամ: Սա նշանակում է, որ շինարարական ընթացքի մեջ գտնվող փոքր ՀԷԿ-երի կառուցումից հետո էլ դրանք չեն կարող ծածկել բնակչության պահանջարկը: Ուստի ուզած-չուզած պետք է դիտարկել նաև էլեկտրաէներգիայի ստացման մյուս հնարավոր աղբյուրները ևս:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը համոզված է, որ հնարավոր չէ խուսափել, օրինակ, Հրազդանի 5-րդ էներգաբլոկի ծառայություններից: Որովհետև էլեկտրաէներգիայի պահանջարկը տարվա կտրվածքով հավասարաչափ չի բաշխվում: Ձմռան սեզոնին բնակչությունը, հասկանալի պատճառներով, ավելի շատ էլեկտրաէներգիա է սպառում: Եվ այդ ժամանակ առաջանում է սպառման պիկ, մեծ պահանջարկ: Դա, իհարկե, երկար չի տևում, 4-5 ամիս, սակայն այդ պիկի ժամանակ էլ հենց անհրաժեշտություն է առաջանում գործի գցել 5-րդ էներգաբլոկը, որպեսզի խափանումներ չառաջանան, էլեկտրաէներգիան էլ հերիքի քաղաքացիներին:

Ընտրենք այլընտրանքային էներգետիկան, եթե այդպիսին կա

Ինչ վերաբերում է էներգիայի այլընտրանքային աղբյուրների ներդրմամբ աստիճանաբար անկախ էներգետիկ համակարգ ունենալուն, Գարեգին Բաղրամյանի պարզաբանմամբ, դա շատ թանկ հաճույք է դեռևս, ու ոչ ոք պատրաստ չէ մեկ կվտ/ժամ էլեկտրաէներգիայի համար վճարել արեգակնային կամ հողմային թանկ էլեկտրաէներգիայի գնով:

Նույն կարծիքին է նաև Արեգ Գալստյանը:  Նա նշեց,  որ ամեն մի էներգառեսուրս իր դրական ու բացասական կողմերն ունի, և ոչ մեկից չպետք է հրաժարվել: Որովհետև, ինչպես պարզվեց, ՀԷԿ-երի ներուժը չի հերիքում էներգետիկ պահանջարկն ամբողջությամբ ծածկելու համար, ՀԱԷԿ-ի գործողության ժամկետը մոտենում է ավարտին, իսկ ատոմային նոր էներգաբլոկ դեռ չունենք:

«Եթե ամեն ինչ ստացվի այնպես, ինչպես ծրագրում ենք, 2022 թ., երբ կառուցենք ԱԷԿ-ի նոր էներգաբլոկը, մենք կլինենք աշխարհի ամենամաքուր էներգետիկա ունեցող երկրներից մեկը, ինչպես Կանադան, Նորվեգիան և նմանատիպ երկրները: Ատոմային էներգետիկան, ինչքան էլ քարկոծում են, մաքուր էներգետիկա է: Եթե մոռանանք ռիսկային գործոնները, այնտեղ որևէ արտանետում չկա: Մեծ էներգետիկայում մենք 100 տոկոսով կարող ենք օգտագործել միայն վերականգնվող էներգետիկան և ատոմայինը: Գազը կարող է օգտագործվել կենցաղում, ջեռուցման համակարգերում և այլն»,- նշեց էներգետիկայի փոխնախարարը:

Ինչ վերաբերում է այլընտրանքային էներգետիկային` արևային և հողմային, Արեգ Գալստյանի տեղեկացմամբ, 3-4 տարի հետո գուցե այդ ոլորտն այնքան զարգանա, սարքավորումներն էժանանան, որ այդ եղանակով ստացված էներգիայի ինքնարժեքը հավասարվի Հայաստանում արտադրվող ամենաթանկ` ՋԷԿ-երում արտադրվող էլեկտրաէներգիային:

Բայց մինչ այդ «էժանացմանը» սպասելը, մինչ նոր ատոմակայանի կառուցումն ու շահագործումը պետք է մտածել նաև էներգախնայողության մասին, ինչն այսօր ամբողջ աշխարհում դառնում է էներգետիկ քաղաքականության գերակա ուղղություն:

«Հիմա ի հայտ են եկել  բավականին լուրջ և շատ էֆեկտիվ ֆինանսական գործիքներ, որոնք առաջարկվում են, օրինակ, Եվրամիության կողմից,  և դրանց վերաբերյալ մենք արդեն մեր հետաքրքրությունը պաշտոնական նամակով հայտնել ենք: Դրանք համապատասխան ֆոնդերի գումարներ են… Ապագա շինարարության մեջ քաղշիննախարարությունն ավելի խիստ նորմատիվային սահմաններ կընդունի, տեխնիկական պայմաններ, քանի որ էներգախնայողությունը մեր ներքին ռեսուրսն է. ավելի էժան են նստում էներգախնայող տեխնոլոգիաները, քան էներգիայի նոր աղբյուր ստեղծելը»,- տեղեկացրեց Արեգ Գալստյանը:

Մեկ բան, սակայն, հիմա էլ ակնհայտ է. Հայաստանը չի կարող հրաժարվել ռուսական գազից: Չի կարող նույնիսկ այն ժամանակ, երբ Իրանը որոշի Հայաստանին գազ վաճառել, որովհետև որքան տարբեր ուղիներով ու տարբեր տեսակի էներգետիկ հոսք լինի Հայաստան, այնքան մեզ ավելի վստահ ու ապահով կզգանք թե՛ տնտեսական առումով, թե՛ քաղաքական:

Tags: , ,