Մտավոր սեփականություն.Կգործի՞ նոր օրենքը

հեղինակային իրաունքՄտավոր սեփականության և հեղինակային իրավունքների ոտնահարումը մեզանում վաղուց արդեն նորություն չէ: Այս ճանապարհով եկամուտ կորզելն  ու ֆինանսական հոսքերը մեծացնելը գաղթակղիչ է, քանի որ դաշտի նկատմամբ վերահսկողության բացակայությունը նոր պիրատական հարձակումների պարարտ հող է ստեղծում: Այսինքն՝ խոսքը վերաբերում է հեղինակների ստեղծագործությունների կեղծարարությանը, պիրատական արտադրանքի և կեղծ ձայնասկավառակների թողարկմանը, որոնց վաճառքը համապատասխան առևտրային կետերում վերահսկողությունից դուրս է: Գրեթե բոլորս երբևէ օգտված կլինենք այդ պիրատական արտադրանքից՝ հրապուրվելով մատչելի գնով:

Ցավոք, այսօր իրավատերերը չեն ձեռնարկում համապատասխան միջոցներ սեփական իրավունքներն օրենքով և սահմանված կարգով վերականգնելու և պաշտպանելու համար: Մեզանում արդեն  վաղուց զանգվածաբար խախտվում են հեղինակային իրավունքները, որոնք նաև արտահայտվում են համացանցում: Օգտատերերից շատերին հաջողվում  է առանց պատասխանատվության ենթարկվելու  այս կամ այն անձի հեղինակած գրառումը արտատպել` նրա թույլտվությունը չհայցելով կամ նրան չտեղեկացնելով: Այս անպատժելիության մթնոլորտն ու համապատասխան վերահսկողության պակասը մեծացնում է օրինազանցության հակումն ու դրանց հաճախակիացումը: Այս երևույթի մասին հեղինակները բազմիցս են բարձրաձայնել՝ հայտնելով իրենց մտահոգությունն առ այն, որ իրենց ստեղծագործությունների դիմաց  ըստ արժանվույն չեն վարձատրվում, քանի որ կեղծարարությամբ զբաղվող ընկերությունները կարողանում են օր առաջ՝ մինչ բնօրինակի շուկայում վաճառքը, վերարտադրել և մատչելի գներով իրացնել դրանք վաճառակետերում: Ի դեպ, այս օրինախախտումը  վաղուց արդեն անպատժելի է, քանի որ հեղինակներից շատերը զլանում են իրենց իրավունքներn իրավական կարգով լուծելու համար հստակ գործողությունների դիմել:

Հիմնական անբարեխիղճ ընկերությունը, որը երկար տարիներ եղել է  պիրատական արտադրանքի առաջատար,  «Ռեքո Ռեքորդս» ընկերությունն է: Եվ նմանատիպ շատ այլ ընկերություններ այսօր շարունակում են այս դաշտում աշխատել, որոնցից մեկն էլ «Ադամս» ՍՊԸ-ն է:

Օրենքով բոլոր գործընթացները պետք է  կարգավորվեն հետևյալ կերպ: Ըստ սահմանված մեխանիզմի` այն իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, որը ցանկություն ունի  արտադրել կամ վերարտադրել ձայներիզներ, պետք է դիմի Մտավոր սեփականության գործակալություն` ներկայացնելով պայմանագիր իր իրավունքի հավաստման վերաբերյալ: Այնուհետև ստանա հավաստագիր կամ տեղեկանք՝ ներկայացնելով պետեկամուտների կոմիտե՝ դրոշմապիտակ գնելու նպատակով: Մինչ ապրիլի կեսն ընկած ժամանակահատվածը մոտ 25 կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից գործակալություն է ներկայացվել 580 դիմում, որոնցից 23-ի ներկայացրած բոլոր 36 դիմումները բավարարվել են: «Ռեքո Ռեքորդս» ՍՊԸ-ի 404 դիմումներից բավարարվել են 22-ը, իսկ «Ադամս» ՍՊԸ-ի 140 դիմումներից՝ 3-ը:

Հիմնականում մերժվել են այն դիմումները, որոնք արժանահավատ տեղեկանք չեն տրամադրել  արտադրությամբ կամ վերարտադրությամբ զբաղվելու իրենց իրավասությունների վերաբերյալ: Օրինակ՝ «Ադամս» ՍՊԸ-ի կողմից ներկայացված դիմումները մերժվել են, քանի որ մի շարք պայմանագրերի գործողության ժամկետներն արդեն ավարտված են եղել, իսկ մի շարք պայմանագրերում էլ իրավաբանական անձինք հանդես են եկել որպես հեղինակ, կատարող, ինչը հակասում է «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթներին: Մյուս ընկերության կողմից ներկայացված դիմումները մերժվել են, քանի որ վերաբերել են հնչյունագրերի, տեսահոլովակների վերարտադրությանը, սակայն ներկայացվել են կատարողների կամ հեղինակների հետ կնքված պայմանագրեր:

Իրականում ի՞նչ է կատարվում դաշտում:

Մոտ երկու ամիս առաջ կառավարությունը որոշում է ընդունել աստիճանաբար առանց դրոշմապիտակների կրիչները դուրս բերել շուկայից: Մտավոր սեփականության գործակալության պետի տեղակալ Անդրանիկ Խաչիկյանը նշեց, դրոշմապիտակներ ստանալու համար պետք է պատշաճ պայմանագիր կնքել: «Նրանք իրավունք ունեն վերարտադրել, ներմուծել, արտադրել այն կրիչը, որը պահանջում է պարտադիր իրավատիրոջ հետ պայմանագիր: Դժբախտաբար, մենք ստանում ենք պայմանագրեր, որտեղ իրավատիրոջ փոխարեն կարող է հանդես գալ կատարողը: Վերջինս բացառիկ իրավունք ունի միայն իր կատարման նկատմամբ: Տեքստի կամ երաժշտության նկատմամբ կատարողը իրավունք կարող է ձեռք բերել միայն այն դեպքում, երբ այն պայմանագրով հեղինակների կողմից փոխանցված է կատարողին, որն էլ պետք է հանդես գա որպես իրավատեր տվյալ ստեղծագործության նկատմամբ»,- մանրամասնեց Ա. Խաչիկյանը:

Ի՞նչ է ենթադրում նոր օրենքը: Հայաստանում պիրատության դեմ պայքարն այսուհետ կիրականացվի նոր մոտեցմամբ: Գործողության մեջ է դրվել համապատասխան օրենքի վերափոխված տարբերակը, որը ենթադրաբար նոր սահմանափակումներ կմտցնի պիրատական արտադրանքի և կեղծ ձայնասկավառակների իրացման շուկայում: Հիշեցնենք, որ «Հսկիչ նշանների միջոցով օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2010-ին, որը, սակայն, թերի է և չի կիրառվել: Ուստի 2012-ի ապրիլին ԱԺ-ի կողմից ընդունվեց օրենքի նոր տարբերակը: Փոփոխություններն ու  լրացումները վերաբերում են մասնավորապես օրենքը ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում առանց դրոշմապիտակների արտադրանքը սպառելուն: Վերջերս կառավարությունը դարձյալ անդրադարձավ այս խնդրին` տեղեկացնելով, որ անօրինական արտադրանքի սպառման համար վեցամսյա ժամանակահատված է տալիս ընկերություններին:

ՀՀ մտավոր սեփականության գործակալության պետ Արմեն Ազիզյանը տեղեկացրել է, որ արդեն օրենքը կիրառման մեջ է դրվել և բեկումնային է լինելու պիրատական արտադրանքի դեմ պայքարում:

«Այսուհետ կարգելվի տեսաձայներիզների և նմանատիպ այլ կրիչների իրացումը վաճառակետերում` առանց համապատասխան դրոշմապիտակների առկայության: Այսինքն` այս տարվա ապրիլի 18-ից Հայաստանի շուկայում այլևս չպետք է  լինեն չդրոշմավորված համապատասխան կրիչներ»,- վստահեցնում է գործակալության պետը: Այս ժամանակահատվածում օրենքը հնարավորություն է տվել  պիրատական գործունեություն ծավալող ընկերություններին անցում կատարելու դեպի օրինական դաշտ: «Խոսքը չի վերաբերում անօրինական արտադրանքի սպառմանը, այլ ժամանակը տրվել է նրանց միայն օրինական արտադրանքի սպառման համար, որոնց  մոտ պարզապես բացակայել է դրոշմապիտակների առկայությունը»:

Ինչպես ընդգծեց գործակալության պետը, հնչյունագրի կամ տեսալսողական ստեղծագործության նկատմամբ իրավունքները պատկանում են ստեղծագործության սկզբնական արտադրողին՝ պրոդյուսերին, և պետք է ներկայացված լինի նրանց հետ կնքված պայմանագրի պատճենը: Իսկ այն պարագայում, երբ կատարողը պրոդյուսեր չունի, ապա  նա ինքը  կարող է հանդես գալ որպես իր պրոդյուսեր: Այդ ամենն ամրագրված է օրենքով:

Այսինքն` ըստ կառավարության մոտեցման` մի քանի ամսից շուկայում իսպառ կվերանա անօրինական ձայնասկավառակների և ձայներիզների վաճառքը: Սակայն հարց է, թե այս շահավետ բիզնեսի կազմակերպիչները որքանով կհարմարվեն օրենքի այս սահմանափակումներին և լրջորեն կընդունեն նոր որոշումը:

Լ.Ն

 

 

Tags: ,