«Երևանն Արևելք տանող դարպաս է հիշեցնում» .Անդրեյ Իոնիցա

images (2)Հատկապես ամռանը Երևանն առանձնանում է յուրահատուկ աշխուժությամբ բազում փառատոների և մրցույթների շնորհիվ: Հունիսի 14-ն էլ այդ օրերից էր, երբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ մեծ կոմպոզիտորի անունը կրող միջազգային 9-րդ մրցույթի գալա համերգը:

Տարբեր երկրներից ժամանած մասնակիցներից առաջին մրցանակը ստացավ ռումինացի թավջութակահար Անդրեյ Իոնիցան, որի հետ էլ առիթ ունեցանք զրուցելու:

19-ամյա տաղանդաշատ  թավջութակահարը ծնվել է Ռումինիայում: Սկսել է դաշնամուր նվագել 5, իսկ թավջութակ՝ 9 տարեկանում: 2006 թ. մասնակցել է Փարիզի «Petit Palais» մրցանակաբաշխությանը՝ տարբեր կրթաթոշակների համար: 2007 թ. Անդրեյը հաղթանակներ է ունեցել երկու իրար հաջորդող մրցույթներում. VATELOT/RAMPAL Փարիզում և դաշնամուրային մրցույթ՝ Բուխարեստում, որտեղ ևս ստացել է առաջին և ժյուրիի հատուկ մրցանակները:

– Անդրեյ, ինչպես ե՞ս քեզ զգում Հայաստանում:

– Հոյակապ: Ինձ շատ է դուր գալիս Երևանը, իսկ եղանակը հիասքանչ է: Երևանը յուրահատուկ քաղաք է, որը կարծես Արևելք տանող դարպասի է նման՝ միաժամանակ պահպանելով իր ուրույն  նկարագիրը:

–Դժվա՞ր էր մինչ համերգը:

– Այո, բավական սթրեսային էր: Պետք է յուրաքանչյուր պահի կենտրոնանայի՝ վերահսկելով նյարդերս: Բայց ստացվեց…

– Որքա՞ն ժամանակ պահանջվեց մրցույթին պատրաստվելու համար:

– Մոտ երկու-երեք ամիս:

– Օրական քանի՞ ժամ:

– Նվազագույնը` երեք-չորս:

– Ի՞նչ ես անում սթրեսի ժամանակ:

– Բախտս բերել է նրանով, որ սթրեսն անհետանում է անմիջապես բեմ բարձրանալուց հետո:

– Նայո՞ւմ ես հանդիսատեսի աչքերին: 

– Երբեմն այդպիսի սխալ էլ եմ թույլ տալիս (ժպտում է):

– Կատարման ժամանակ նկատելի էր, որ ամբողջությամբ տրվել էիր երաժշտությանը: Ի՞նչ է կատարվում քո ներաշխարհում այդ պահին:

– Կարծում եմ՝ հանդիսատեսն ավելի լավ կհասկանա: Պարզապես մեծ եռանդ և աշխատանք պետք է ներդնես քո գործում` արտահայտելով այն, ինչ կա հոգուդ խորքում: Իրականում երաժշտի և գործիքի միջև ամուր կապ կա, իսկ երաժշտական գործիքը անձի՝ կատարողի արտացոլանքն է:

– Ինչպե՞ս դարձար թավջութակահար:

– Երբ հինգ տարեկան էի, մայրս ինձ տարավ դաշնամուրի, իսկ թավջութակի համար ուղղակի ամուր ձեռք էր անհրաժեշտ: Այնպես որ մի փոքր ուշ ընտրեցի թավջութակը, այնուհետև ընդունվեցի Սուրբ Սավայի ազգային քոլեջ:

– Զղջո՞ւմ ես արածդ քայլի համար:

– Երբեք: Կյանքում կարող էի այլ ճանապարհ ընտրել, սակայն երաժշտությունն իմ կյանքի անբաժանելի մասն է:

– Ի՞նչ ծրագրեր կան առջևում: 

– Ներկայումս սովորում եմ Բեռլինի երաժշտական համալսարանում և ցանկանում եմ լավ արդյունքներով ավարտել ուսումը: Այս ամառ մի քանի համերգ ևս կունենամ, օրինակ՝ Ռումինիայի Սիգիշոառայի փառատոնում և Գերմանիայի Քրոնբերգ ակադեմիայում:  Ամեն ինչ դեռ առջևում է…

Հարցազրույցը` Ելենա ՉՈԲԱՆՅԱՆԻ

Tags: