Տրապիզոնի ջարդը

genocideՏրապիզոնը պատմական Հայաստանի սահմաններից դուրս է, սակայն հայերն այնտեղ բնակություն են հաստատել անհիշելի ժամանակներից: 1914-1915 թ2., ի թիվս այլ բնակավայրերի, Տրապիզոնի հայությունը ևս ենթարկվեց կոտորածների ու տեղահանության:

Աղբյուրների հավաստմամբ` 1914 թ. Տրապիզոնում բնակվում էր շուրջ 60 հազար մարդ, որոնցից 18 հազար հույն,14 հազար հայ, մնացածը` թուրքեր:

Իրականացնելով նախապես ծրագրված ցեղասպանության քաղաքականությունը` 1915 թ. հունիսի 26-ին թուրքական կառավարությունը հայտարարեց, որ մինչև հուլիսի 1-ը հայերը պետք է լքեն Տրապիզոնը: Մինչ այդ ձերբակալվել էին հայերի հոգևոր առաջնորդը, քաղաքի հայ մտավորականությունը, թվով 600 մարդ, որոնք ջրասույզ արվեցին Սև ծովում: Օտարերկրյա հյուպատոսները, կրոնական գործիչները փորձեցին կանխել հայության գլխին ահագնացած վտանգը, սակայն ապարդյուն: Գործի անցնելով` թուրքերը մինչև հուլիսի 6-ը դատարկեցին Տրապիզոնը:

Մարդկային քարավանների երթուղին նախանշված էր Գյումուշխանա-Մոսուլ ուղղությամբ: Նրանց մեծ մասը ճանապարհին սպանվեց, և 3000 տարագրյալներից Հալեպ հասավ ընդամենը 35 հոգի:

Մարդկանց մյուս խմբի համար նախանշված էր Սամսունը: Հայերին պետք է Սամսուն տեղափոխեին նավերով: Սակայն ոչ մի նավ էլ Սամսուն չհասավ: Ճանապարհի կեսին մարդկանց նավերից ուղղակի ծովը նետեցին: Մի խոսքով, մեկշաբաթյա գործողությունների արդյունքում Տրապիզոնի 14 հազար հայությունից քաղաքում մնացել էր ընդամենը 100 հոգի: Ողջ մնացին միայն նրանք, ովքեր վաճառվել էին ստրկության քրդերին կամ արաբներին:

Անգամ այն հայերը, որոնք իրենց կյանքը փրկելու համար հավատափոխ էին լինում, փրկության հույս ունենալ չէին կարող: Գերմանացիները մի դիվային ծրագիր էին հղացել. բոլոր հավատափոխ հայերին կնքում էին Աբդուլլա անունով, որպեսզի հիմնական գործը ավարտելուց հետո հեշտությամբ գտնեն նրանց:

Մոտ  500 հայ երեխաների փրկում են Տրապիզոնի հույն մետրոպոլն ու ամերիկյան հյուպատոսը, սակայն նրանց մեծ մասը հետագայում մահացավ`  որբանոցում մնալով առանց խնամքի: Ջարդերն ուղեկցվում էին հայերի ունեցվածքի թալանով ու ավարառությամբ: Անգամ հայերի ունեցվածքի աճուրդ կազմակերպվեց: Քաղաքի հույն մետրոպոլիտը արգելեց հույներին մասնակցել այդ աճուրդին:

Պետք է խոստովանել, որ քաղաքի թուրք բնակչության մի փոքր մասը թույլ փորձեր արեց պաշտպանելու հայությանը: Անգամ քաղաքի թուրք երևելիներից մեկը` Էշատիր օղլին, բացեիբաց ըմբոստության կոչեր էր անում հայերին և անգամ պատրաստակամություն հայտնում ղեկավարել հայերի ապստամբությունը: Ի վերջո, նա մի խումբ հայերի հետ բարձրացավ լեռները և նահատակվեց զենքը ձեռքին: Սակայն այդ մասնակի ելույթները արագ ճնշվեցին: Աշխատանքից ազատվեցին մի քանի թուրք գործիչներ, որոնք պահանջում էին հետաքննություն սկսել և արդարադատություն իրականացնել հայերին կոտորելու համար:

Անրի Բարբյուսի պնդմամբ` Տրապիզոնի ջարդի պատասխանատվությունն ընկնում էր Տրապիզոնի իթթահատական կազմակերպության նախագահ Նայիլ բեյի, գերմանացի սպա Շտանկերի և ևս մեկ գերմանացու` Թիֆլիսում Գերմանիայի նախկին հյուպատոս Շուլենբերգի վրա, որոնք ջանք չխնայեցին իրագործելու երիտթուրքերի սև ծրագրերը Տրապիզոնում:

Trebizond-vilayet Հետագայում` երիտթուրքերի դատավարության ժամանակ, Տրապիզոնի ջարդերի համար պատասխանատվության ենթարկվեցին հարկային տեսուչ Մեհմեդ Ալին, ոստիկանապետ Նուրին, գավառապետ Թալեաթը, բժիշկ, հայտնի մանկասպան Ալի Սաիբը, գաղտնի գործակալ Մուստաֆան, քաղաքի երևելիներից Նիազին, Տրապիզոնի երիտթուրքական կուսակցության պարագլուխ Յուսուֆ Ռըզան: Առանձին գործով, որպես Տրապիզոնի ջարդերի պատասխանատու, դատապարտվեցին նաև Տրապիզոնի նահանգապետ Ջեմալ Ազմին և «Միություն և առաջադիմություն» կուսակցության պատասխանատու քարտուղար Յենիբահչելի Նայիլը: Ջեմալ Ազմին անձամբ էր ղեկավարում ու հրահանգում ջարդերի գործընթացը:

Դատավարության ընթացքում բացահայտվեցին այն դաժանությունները, որ գործադրել են թուրքերը կոտորածների ժամանակ: Վկաները պատմում էին, որ մարդկանց ծաղրելուց, բռնաբարելուց ու նվաստացնելուց հետո նետել են ծովը, երեխաներին խեղդամահ արել պարկերում, թունավորել կամ սրով խողխողել:

Դատավարության նյութերից պետք է եզրակացնել, որ նախճիրն իրականացնող թուրքերն ուղղակի հաճույք էին ստանում իրենց կատարածից: Հատկանշական է, որ դատավարության ժամանակ ցուցմունք տվողները հիմնականում թուրքեր էին:

Ուշագրավ է, որ համաձայն դատավարության նյութերի` կոտորածներին մասնակցել են նաև Կովկասից գաղթած չերքեզները և վրացիները, որոնք կազմել են հատուկ վրացական լեգեոն հայերին կոտորելու համար: Վրացիների զոհերն են դարձել հիմնականում գաղթի դժվարին ու երկար ճամփան բռնած քարավանները:

Կարևոր փաստ է այն, որ երիտթուրքերի դատավարության ընթացքում, չնայած անհերքելի փաստերին, դատավորները կամենում էին ցեղասպանություն իրականացնողներին փրկել դատապարտումից: Անգամ գործը զավեշտին է հասնում:

Տրապիզոնի մասով դատավարությունն ընթացավ 1919 թ. մարտի 20-ից մինչև մայիսի 22-ը, Ստամբուլի ռազմական դատարանում: Դատաքննության ժամանակ դատարանը, փորձելով արդարացնել մանկասպան բժիշկ Ալի Սաիբին, նրա կողմից հայ երեխաներին գազով և դեղերով թունավորելու փաստի առնչությամբ մեղմացուցիչ հանգամանք էր որոնում և ի վերջո եկավ այն եզրակացության, որ դրանք կարող էին լինել դեղերի չափաբաժինները սխալ որոշելու հետևանքով դժբախտ պատահարներ: Սակայն Ռազմական արտակարգ դատարանի նախագահ Նազըմ փաշան չկարողացավ բավարար «մեղմացուցիչ հանգամանքներ» գտնել թուրք ոճրագործներին փրկելու համար: Չնայած դրան` դատարանը, 1919 թ. մայիսի 22-ի վճռով մի քանի պատասխանատուների  նկատմամբ մահվան վճիռ կայացնելով հանդերձ, մնացած մեղսագործների համար թեթև պատիժ սահմանեց` մեկ տարվա ազատազրկում: Իսկ գլխավոր մեղավոր Ջեմալ Ազմիին 1922 թ. ապրիլի 17-ին Բեռլինում շանսատակ արեց վրիժառու Արշավիր Շիրակյանը:

Տրապիզոնի դեպքերի առնչությամբ միակ մխիթարությունն այն էր, որ մոտ 500 երիտասարդ, Քաչալ Ղազարի գլխավորությամբ, զինված ապաստանեց քաղաքի մոտակայքի Շանայի շրջանի անտառներում ու դիմադրություն ցույց տվեց ոսոխին: Այս փախստականների կեսը կանայք և երեխաներ էին, նրանց չէր բավարարում զենքը, զինամթերքը, բայց բոլորն անձնվիրաբար մաքառեցին մինչև վերջ` մեծ կորուստներ պատճառելով թուրքերին: Ի վերջո, Տրապիզոնի շրջանի ինքնապաշտպանության դիմած անջատ ջոկատները ապաստանեցին շրջանի լազերի և քրդերի մոտ, մինչև ռուսական բանակի կողմից  1916 թ. Տրապիզոնի գրավումը, որն էլ դարձավ նրանց փրկությունը: 1917 թ. ռուսական բանակի նահանջից հետո պարտիզաններից շատերը Կովկաս չնահանջեցին, այլ վրեժից դրդված` լեռներում ապաստանած հայդուկային կռիվներ էին մղում: Այդ հերոսներից է Երվանդ Ֆնդքյանը, որ հետագայում Պոլսում Միսաք Թոռլաքյանի հետ շանսատակ արեց Ջիվանշիրին:

 

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Tags: , ,