Միջոցներ կան, վարկառուներ չկան

yeganyan nkarՎարկավորման ծավալները ավելանում են, բայց շատ քաղաքացիների համար դեռևս անմատչելի է մնում այդ ֆինանսական միջոցներից օգտվելը: Իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարարության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը փաստում է, որ վերջին տարիների համեմատ` դաշտում շատ բան է փոխվել:

- 2002-ից Հայաստանում մշակվում և իրականացվում են ՓՄՁ պետական աջակցության տարեկան ծրագրեր: Ի՞նչ մեխանիզմով է այդ աջակցությունն իրականացվում:

- Քաղաքականությունն այս ուղղությամբ հիմնականում իրականացվում է երկու եղանակով՝ գործարար միջավայրի բարելավման և ուղղակի աջակցության: Գործում են աջակցության տարբեր մեխանիզմներ, մասնավորապես` ֆինանսական, խորհրդատվական, ուսուցողական, սկսնակների աջակցության և ուղղակի վարկավորման գործիքների ուղղություններ և այլն: Այս բոլոր գործընթացներն իրականացվում են ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից: Իսկ գործարար միջավայրի բարելավման տեսանկյունից իրականացվում են օրենսդրական դաշտին առնչվող գործողություններ: Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ  ՀՀ վարչապետին կից  ստեղծվել է ՓՄՁ ազգային խորհուրդ, որի նպատակն է  վեր հանել ձեռնարկատերերի շրջանում առաջացած խնդիրները և հնարավորինս սեղմ ժամկետներում դրանց լուծում տալ:

- Ինչքանո՞վ է պետությունը «ձեռք մեկնում» սկսնակներին: Ի՞նչ առավելություններ կամ արտոնություններ են գործում փոքր ու միջին ձեռնարկատերերի շրջանում:

- Կիրառվում է տարբեր գործիքակազմ՝ սկսնակ բիզնեսի վարկավորում, վարկային երաշխավորությունների տրամադրում և ուղղակի վարկավորում: Սկսնակ բիզնեսի վարկավորման գործիքն իրականացվում է ուսուցման եղանակով: Մենք հավաքագրում ենք  բիզնես գործունեություն ծավալելու ցանկություն ունեցող անձանց, ուսուցանում ենք, այնուհետև նրանց կողմից մշակված գործարար ծրագրերը ներկայացվում են մեզ: Հավանության արժանացած նախագծերը ֆինանսավորվում են 3 մլն դրամի շրջանակներում, տարեկան 10 տոկոս տոկոսադրույքով, առանց գրավի, վարկային երաշխավորություններով: Մենք՝ որպես պետություն, ինքներս ենք հանդիսանում երաշխավոր: Այդ գործընթացը իրականացվում է ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից:

- Նոր բիզնեսի գործունեության համար դաշտն այդքան էլ բաց չէ: Ի՞նչն է շատերին խանգարում իրենց գումարներն ուղղորդելու դեպի գործարարության ոլորտ:

- Այն կարծիքը, որ միայն խոշորներն են գործում, կամ որ շատերը բացվում են ու փակվում, ճիշտ չէ: Դա տնտեսական գործընթացի հետևանք է, որն առկա է ամբողջ աշխարհում: Ձեռնարկատիրությունների բացվել կամ փակվելու գործընթացում մեծ ազդեցություն ունի տնտեսական մրցակցությունը: Ինչ վերաբերում է մարդկանց  գործարարությամբ զբաղվելու  ձգտման նվազմանը, ապա կարող եմ հակառակը փաստել: Երբ դիտարկում ենք նախորդ տարիների դինամիկան, պարզ է դառնում, որ սկսնակ ձեռնարկատիրության պահանջարկն ավելացել է:

ՓՄՁ աջակցություն ստանալ ցանկացողների թիվը շատ ավելի մեծ է, որին համընթաց ավելանում է նաև ոլորտին հատկացվելիք դրամագլուխը: Հաշվի առնելով, որ այս տարի սկսնակների պահանջարկը ավելի մեծ է լինելու, մենք, կառավարության կողմից հաստատված ծրագրի համաձայն, վարկային երաշխավորությունների և գործող ու սկսնակ բիզնեսին տրամադրվող վարկային երաշխավորությունների  հիմնադրամը միավորել ենք, որպեսզի այն ավելի ճկուն լինի, կարողանանք ավելացնել սկսնակների ուղղությամբ իրականացվող վարկավորումը:

- Աջակցություն ստացած ձեռնարկատերերի քանի՞ տոկոսն է կայացել, և ինչպե՞ս է լուծվում վարկերի վերադարձելիության խնդիրը:

- Մեր ծրագրի շրջանակներում աջակցություն ստացած բիզնեսները 100 տոկոսով ապահովում են իրենց վերադարձելիությունը, իսկ վերջին երեք տարիների ընթացքում մոնիթորինգի ենթարկված բիզնեսներից բոլորը դեռ շարունակում են գործել: Նշեմ նաև, որ ծրագրի գնահատման համար ՓՄՁ ԶԱԿ-ում հանձնաժողով կա, տվյալ ձեռնարկատիրոջը ֆինանսավորելու որոշում է ընդունվում միայն այն դեպքում, երբ դրա անդամները բիզնես նախագիծն իրատեսական են համարում:

- Ի՞նչ գործընթացներ են այժմ իրականացվում աջակցության հնարավորություններն ընդլայնելու նպատակով:

- Մենք ամեն տարի արդիականացնում ենք այդ աջակցության գործիքները, ուսումնասիրում ենք դրանցում առկա բացերը, որպեսզի կարողանանք աջակցություն ստացողների ավելի լայն շրջանակ ընդգրկել: Այս տարվա ծրագրով, որը օրեր առաջ հաստատվեց կառավարության կողմից, հնարավորություն է ստեղծվել անհրաժեշտության դեպքում վարկավորման շեմը բարձրացնել 3 մլն դրամից: Իսկ յուրաքանչյուր տարի պետության կողմից ՓՄՁ ոլորտին հատկացվում է 150 մլն դրամ:

Լ.Ն

Tags: