ԳԹԿ ներկայացուցիչ. Շտեմարանային քննությունները կարելի է համարել արդարացված

Արա ԻսպիրյանԱվարտվեց միասնական քննությունների առաջին փուլը: Այս տարի առաջին անգամ առարկաների գերակշիռ մասի թեստերը կազմվել էին նախապես հրապարակված շտեմարանների հիման վրա: Արդյունքում` 10 քննական առարկաներից դժգոհություններ  հիմնականում չկան: 

Քննությունների առաջին փուլի մասին «Անկախ»-ը զրուցել է  Գնահատման և թեստավորման կենտրոնի  արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանի հետ:

-Պարոն Իսպիրյան, միասնական քննությունների առաջին փուլն արդեն ավարտվել է: Ամփոփելով` որքանո՞վ է իրեն արդարացրել շտեմարանային համակարգը:

- Քննությունները անցան շատ խաղաղ ու հանգիստ պայմաններում: Շտեմարանային քննությունները, այն առումով, որ ոչ մի բովանդակային բողոք չունենք, կարելի է համարել արդարացված: Այսինքն  շտեմարանները  ծառայեցին նպատակին, ինչի համար ստեղծվել էին. չունեցանք առաջադրանքներ, հարցադրումներ, որոնք կունենային երկիմաստություն կամ բողոքարկումների տեղիք կտային: Այս մասով արդարացրեց իրեն:

Ինչ վերաբերում է արդյունքներին, եթե համեմատենք նախորդ տարվա  քննությունների հետ, որոշ առարկաների մասով  մենք ունենք նույն պատկերն, ինչ նախորդ տարիներին, կան մեկ-երկու առարկաներ, որտեղ նույնիսկ արդյունքները նվազեցին` «հայոց լեզու և գրականություն»  և «ֆիզիկա» առարկաներից: Կան առարկաներ, որոնցից արդյունքները աճ են արձանագրել`«կենսաբանություն», «աշխարհագրություն», «օտար լեզուներ»: Քննությունների լրացուցիչ փուլի ավարտից հետո յուրաքանչյուր առարկայի   յուրաքանչյուր  առաջադրանքի մասով մեզ մոտ վերլուծություն կլինի, և մենք կկարողանանք տեսնել, թե ինչ խնդիրներ կային, որ առաջադրանքներն էին, որ, ենթադրենք, լավն էին, վատն էին, հեշտ էին, բարդ էին: Ըստ այդմ էլ հետևություններ կանենք:

Բայց կարծում եմ, որ ամեն դեպքում կառուցվածքային փոփոխություններ էլի կլինեն, այսինքն թեստերի զարգացման հետ կապված փոփոխություններ երևի թե կառաջարկենք, որպեսզի պատկերները ավելի հստակ լինեն մյուս տարիների համար:

-Այսինքն հետագայի համար թե՞ շտեմարանների բազան կմեծանա, թե՞ նոր տիպի հարցեր կընդգրկվեն թեստերում:

-Բազան կընդլայնվի, բայց ոչ բոլոր առարկաներից, հնարավոր է, որ ինչ-որ առարկաներից չլինի: Հնարավոր է նաև, որ մենք մյուս առարկաներում էլ անցնենք կարճ պատասխանների կամ այլ տիպի հարցադրումների, որպեսզի կարողանանք պատահական ընտրելու գործոնը նվազեցնել և հստակ գիտելիք ստուգող առաջադրանքները շատացնել:

-Նշեցիք, որ բովանդակային բողոքարկումներ չեն եղել: Ի՞նչ տիպի բողոքարկումներ են հիմնականում եղել:

- Բովանդակային բողոքարկում գրեթե չունենք, ունենք տեխնիկական բնույթի բողոքարկումներ: Դրանք ի օգուտ դիմորդի անմիջապես լուծվում են: Եվ ունենք խնդրանքներ` վատառողջ լինելու և նման տիպի այլ հարցերով: Բողոքարկման հանձնաժողովները առանձին քննարկում են և պատասխանում գրավոր:

-Թե դիմորդները, թե կրկնուսույցները նշում են, որ ավելի բարդ թեստեր էին ակնկալում. շտեմարաններում առկա շատ բարդ հարցերը թեստերում չեն ընդգրկվել: Թեստերը միտումնավո՞ր են հեշտ կազմվել:

-Չէի ասի, որ հեշտ թեստեր են կազմվել: Դիմորդները, ծնողները և պարապող ուսուցիչները ավելի շատ  անհանգստություն էին հայտնում «հայոց լեզու և գրականություն» առարկայից, որի շուրջ էլ հունվարից ԳԹԿ-ն անընդհատ քննարկումներ է կազմակերպել: Քննարկումների արդյունքում որոշ խուճուճ հարցեր կամ, այսպես ասած, ոչ կոռեկտ ձևակերպված, վիճելի հարցերը բացառվեցին: Ինչ վերաբերում է հարցի բարդ կամ հեշտ  լինելուն, այդ գնահատականը տալիս է միայն վերլուծությունը:

-Իսկ ինչո՞վ է պայմանավորված, որ որոշ առարկաներից արձանագրվել են բարձր գնահատականներ, ինչպիսիք նախկինում չէին արձանագրվել:

-Ինչ վերաբերում է կոնկրետ առարկաներին, որոնց արդյունքները բարձր են, դա կարող է պայմանավորված լինել մի քանի հանգամանքներով, որոնք էլի կհասկանանք վերլուծությունների միջոցով: Օրինակ,  այն, որ «օտար լեզուների» արդյունքները միշտ էլ բարձր են եղել` պայմանավորված  բովանդակության չափով  և տրված պահանջներով: Կարծում եմ, որ շտեմարանների առկայությունն էլ օգնեց այդ երեխաներին, քանի որ այդքան բովանդակությունը կարողացան կոնկրետ  ժամանակում յուրացնել: Ինչ վերաբերում է «կենսաբանությանը», այնտեղ նույնպես բազայի քանակի հետ էր խնդիրը, այս տարի չէին հասցրել համապատասխան բազան ամբողջովին ձևավորել, օրինակ, ունենալ մաթեմատիկայի կամ ֆիզիկայի չափ, դա կլրացվի: «Կենսաբանության» դեպքում կարճ պատասխաններով հարցերը թեստում  ընդամենը  վեցն էին, իսկ «քիմիայից»` 45, այդ տարբերությունը զգացնել է տվել: Երևի թե դա մեզ մոտ քննարկման առարկա կդառնա` հետագայում   վերլուծելու, հասկանալու համար:

Ամեն դեպքում բոլորը գոհ են, թեկուզ բարձր միավորներից:

-Նախորդ տարիներին միշտ հայտարարվում էր, որ թեստերը որակյալ են, եթե միջին գնահատականը միջինի սահմաններում է, մինչդեռ այս տարի մի փոքր տատանում կա դրական ուղղությամբ` հիմնականում առարկայական միջինները բարձրացել են: Արդյո՞ք  սա նշանակում է,  որ թեստերն այս տարի իրենց որակով զիջում են:

-Չէ, թեստերն իրենց որակով չեն զիջում: Մի փոքր նվազել է  անբավարար ստացողների թիվը, ինչը, կարծում եմ, կապված է շտեմարանների առկայության հետ: Այսինքն,   միջին միավորների միջակայքն է խտացել, դրական միավորի շեմը հաղթահարելը հեշտացել է: Սա անակնկալ չէր:

Հիմնական առարկաներից` «հայոց լեզու և գրականություն», «մաթեմատիկա», «ֆիզիկա», խնդիր չենք ունեցել, կորը պահպանվել է նույն ձևով և միջինները «հայոց լեզվի և գրականության» և «ֆիզիկայի» դեպքում իջել են, «ռուսերենի», «մաթեմատիկայի» դեպքում պատկերը գրեթե նույնն է, ինչ նախորդ տարի: Աճը եղել է «կենսաբանությունից», «օտար լեզուներից» և «աշխարհագրությունից», որտեղ մոտ 1,5-2 միավոր բարձրացել է:

-Իսկ երկրորդ փուլի քննական թեստերը նույն բարդությանն են լինելո՞ւ:

-Քննական թեստերը ուղեցույցի հիման վրա են կազմվում  և պահանջները բոլորի համար նույնն են: Ունենք ուղեցույց, չափորոշիչ, ինչին հապատասխան կազմվելու են թեստերը, այսինքն թեստերը կլինեն համարժեք և այդ սահմաններում: Հույս ունենք, որ անակնկալներ առաջին փուլում չեն եղել, երկրորդ փուլում էլ չեն լինի:

-Հունիսի 25-ից մեկնարկել են բանավոր քննությունները: Այս առումով  նորամուծություններ կա՞ն:

-Թե գործընթացի, թե բովանդակության մասով նոր բաներ չունենք, բանավոր քննությունները  նախորդ տարվանից հունիսի 25 հուլիսի 8-ն են անցկացվում` լրացուցիչ քննություններին զուգահեռ: Հուլիսի 15-ին պարզ կդառնա, թե ով որտեղ է ընդունվել:  Նախորդ տարվա շարունակվող նորարարություններից է այն, որ բոլոր այն երեխաները, ովքեր դրական միավորներ են ստացել, բայց որևէ տեղ չեն ընդունվել,  թափուր տեղերի համար կարող են լրացուցիչ փուլին մասնակցել:

-Գնահատականները բարձր են, ուստի դեռևս դժգոհություններ չկան: Բայց երբ մրցույթը լինի և որոշ դիմորդներ անգամ բարձր գնահատականներով իրենց ցանկացած ֆակուլտետը չընդունվեն, ի՞նչ եք կարծում, դժգոհություններ չե՞ն լինի:

-Կապրենք, կտեսնենք: Ամեն դեպքում տեղերի քանակը քիչ չէ, բոլորն էլ կընդունվեն, բոլորն էլ բավարարված կլինեն, կարծում եմ:

Tags: , , , ,