Կաշեգործության երբեմնի փառքն ու ներկայիս թշվառությունը

ԿաշիԴեռևս հին ժամանակներից Հայաստանում զարգացած է եղել կաշեգործությունը: Հետագայում այն բաժանվել է ինքնուրույն արհեստների՝ կաշվի մշակում, կոշկակարություն, մագաղաթի պատրաստում:  Երևանում, ինչպես հայաբնակ մյուս վայրերում, կաշեգործությունը համարվել է ամենատարածված արհեստներից մեկը, թեև կրել է տնայնագործական բնույթ։ Կաշեգործները գոմշի և եզան կաշվից պատրաստել են ներբանացու, կովի և երինջի կաշվից՝ քոսալու, որն  օգտագործվել է՝ որպես կոշիկի երեսացու։ Կաշվի դիմացկունությունը որոշվել է հետևյալ կերպ. կաշվի նմուշի մի ծայրն անշարժ ամրացվել է հարմարանքին, իսկ մյուս ծայրից կախվել է հատուկ տարա, որում կշռաքարեր են եղել։ Դրանց քանակը որոշել է կաշվի դիմացկունությունը։

1890-ական թվականներին կաշեգործական արհեստանոցները, որոնց դաբախանա էին անվանում, կլանվում էին նույն տիպի ձեռնարկությունների կողմից։ Դրանք խոշոր արհեստանոցներ էին, բայց հիմնական գործը կատարվում էր ձեռքով։ XX դարի սկզբին Երևանում գոյություն ուներ երկու այդպիսի գործարան՝ Գաբրիելյանի և Սարգսյանի։ Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո պետականացվում են նաև այս գործարանները (աղբյուրը՝ Երևանի պատմության թանգարան):

Ցավոք, այսօր կաշեգործության երբեմնի ավանդույթներից քիչ բան է մնացել: Օրինակ` Երևանի Շահումյանի անվան կաշվի գործարանը, որը 1996 թ. սեփականաշնորհվել է և ներկայումս կոչվում է «Կաշի» ԲԲԸ, արդեն մեկուկես-երկու տարի է՝  չի գործում: Գործարանի տնօրեն Վարդան Կիրակոսյանի խոսքով` սկզբնական շրջանում գործարանն իր հզորությունների գոնե 40 տոկոսի չափով աշխատում էր: Բայց աստիճանաբար հզորությունը նվազել է և ի վերջո մարել, քանի որ գործարանը տնտեսական ներկայիս պայմաններում չի կարողանում դիմանալ Թուրքիայի և մի շարք այլ երկրների մրցակցությանը:

Բանն այն է, որ այժմ տարբեր ֆիզիկական անձինք, հավաքելով կաշվի հումքը, այն իրացնում են արտերկրում, մոտավորապես մեկ կգ կաշին՝ մեկ դոլար գնով: 2013 թ. չորս ամսվա ընթացքում Հայաստանից արտահանվել է 1464 տոննա կաշի, որից 1036-ը՝ Թուրքիա, 222-ը՝ Չինաստան, 178-ը՝ Վրաստան և 23 տոննան՝ Հնդկաստան:

Կաշվի հումքի արտահանմամբ զբաղվողները հիմնականում աշխատում են ստվերային դաշտում, խուսափում են հումքի փաստաթղթավորման գործընթացից, իսկ Երևանի կաշվի գործարանն այդ ձևով նրանցից հումք չի գնում: Եթե գնի, ապա ստիպված է փաստաթղթավորման հարցերով ինքը զբաղվել, գործընթացը ձևակերպել որպես անհայտ անձից գնում և ձեռք բերված կաշվի վրա ավելացնել ևս տասը տոկոս՝ համաձայն եկամտային հարկի մասին օրենքի: Իսկ դա, բնականաբար, կթանկացնի հումքը, և տեղի վերամշակողը կհայտնվի ոչ շահեկան դիրքերում:

Մինչդեռ արտահանողներն իրենց հումքն արտահանում են առանց որևէ տուրք վճարելու, վաճառում են բարձր գներով և մեծ շահույթներ ստանում:  Փաստորեն Հայաստանից դուրս է հանվում կաշվի գրեթե ողջ պաշարը, իսկ ոլորտի արդյունաբերությունը պարզապես անկում է ապրում:

Վարդան Կիրակոսյանը կարծում է, որ այս խնդիրը լուծելու համար նախ և առաջ կաշվի հումքի արտահանմամբ զբաղվողներին պետք է բերել հարկային դաշտ կամ ժամանակավորապես թույլ չտալ հումքն արտահանել, որպեսզի իրենք նույնպես կարողանան հումք ունենալ: Այդ կերպ կառավարությունը կաջակցի տեղի վերամշակողներին, և ոլորտը կզարգանա: Գործարանի տնօրենը երաշխավորում է նաև, որ եթե կառավարությունն աջակցի իրենց, և գործարանը սկսի աշխատել, ապա իրենք կլուծեն 300 աշխատատեղի խնդիր, պետական բյուջե մուտք կարվի մինչև մեկ միլիարդ դրամ: Ինչ վերաբերում է կոշկագործությանը, ապա դա աննախադեպ զարգացում կապրի: Կիրակոսյանը կոշկագործ է և որպես մասնագետ է դա երաշխավորում:  Նշենք, որ ներկայումս  արտերկրից տարեկան 10 մլն զույգ կոշիկ է ներկրվում Հայաստան, և եթե մի քանի կոշիկի գործարան էլ աշխատի, ապա ոչ միայն տեղական շուկան կապահովվի, այլև Հայաստանը կոշիկ կարտահանի:

Կիրակոսյանը նաև վստահեցնում է, որ գործարանի աշխատելու դեպքում իրենք տեղական շուկային կառաջարկեն դրսից ներմուծված նույն որակի կաշի` 30-40 տոկոսով ավելի էժան գնով:

Մի կարևոր հանգամանք ևս. Երևանի կաշվի գործարանն այսօր էկոլոգիական առումով լիովին անվտանգ է, որևէ վտանգավոր թափոն չի արտանետվում շրջակա միջավայր, քանի որ գործարանն ունի մաքրման թանկարժեք կայան, որը ձեռք է բերվել մոտ յոթ տարի առաջ՝ միջազգային կազմակերպություններից մեկի դրամաշնորհի և գործարանի միջոցների շնորհիվ: Այդ հսկայական ներդրումը, փաստորեն, նույնպես անիմաստ է դառնում:

Նշենք, որ դեռևս մի քանի ամիս առաջ Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովը քննարկել է այս հարցերը և դիմել կառավարությանը` առաջարկելով միջոցներ ձեռնարկել կաշվի հումքը տեղում վերամշակելու ուղղությամբ: Հանրային խորհրդի անդամ, համապատասխան հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանի խոսքով՝ իրենք ուսումնասիրել են նաև ոլորտի այլ երկրների փորձը, մասնավորապես` Ռուսաստանի և Բելառուսի: Օրինակ` իտալացիները մի քանի տարի առաջ գնում էին Ռուսաստանի կաշվի հումքի 40 տոկոսը, հետո այն վերամշակում, և Եվրոպայում իրացվող կաշվի 60 տոկոսը իտալացիների ձեռքում էր: «Սակայն այսօր արդեն Ռուսաստանն իր մոտ արտադրված հումքը պահում է երկրում` մաքսային արգելքներ սահմանելով արտահանման համար»,- նշում է Սաֆարյանը:

Կառավարությունը Հանրային խորհրդի նամակը հասցեագրել է էկոնոմիկայի նախարարություն, որտեղ ուսումնասիրել են հարցը և առաջարկել կազմակերպել համատեղ քննարկում` հրավիրելով ոլորտի շահագրգիռ կողմերին: Հունիսի 28-ին Հանրային խորհրդում տեղի ունեցավ լայն քննարկում, որին մասնակցում էր նաև ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը: Նա տեղեկացրեց, որ իրենք արդեն մեկ տարի է` քննարկումներ են անում Երևանի կաշվի գործարանի հետ, որի ընթացքում նաև ուսումնասիրել են և համոզվել, որ գործարանը հագեցած է տեխնիկական նորագույն սարքավորումներով, ինչը ողջունելի է:

Ինչ վերաբերում է բարձրացված խնդիրներին, ապա փոխնախարարը հիշեցրեց, որ խորհրդային տարիների պլանային տնտեսության փոխարեն Հայաստանն այժմ ունի ազատ տնտեսություն, ազատ շուկայական հարաբերություններ և ազատ տնտեսվարող սուբյեկտներ, որոնք էլ որոշում են` կաշին արտահանե՞լ, թե՞ վաճառել տեղացի վերամշակողին: Բացի այդ, կառավարությունը որդեգրել է արտահանման ոլորտում մի քաղաքականություն, ըստ որի՝ արտահանման համար չպետք է լինեն արգելքներ և տարիֆային սահմանափակումներ:

Այնուամենայնիվ, փոխնախարարը համամիտ է հարցը բարձրացնողների հետ, ավելին, նա ուրախ է, որ տնտեսական այս կարևոր հարցն այնքան է հասունացել, որ արդեն հանրային արձագանք է գտել: Նա կարծում է, որ անհրաժեշտ է տարբերակ գտնել տեղական արտադրողին, տվյալ դեպքում` Երևանի կաշվի վերամշակման գործարանին աջակցելու և կաշվե հումքի մի մասը Հայաստանում պահելու համար, սակայն դա պետք է արվի այնպես, որ չհակասի արտահանման հետ կապված կառավարության որդեգրած քաղաքականությանը:

Ինչևէ, Հանրային խորհրդի համապատասխան հանձնաժողովն ու ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը համատեղ քննարկման արդյունքում կդիմեն կառավարությանը՝ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ՝ հաշվի առնելով տնտեսական անհրաժեշտությունը և կաշեգործության ոլորտում Հայաստանի երբեմնի հարուստ փորձն ու ավանդույթները:

 

 

Tags: