Որո՞նք են հողամասի նկատմամբ իրավունքների ծագման հիմքերը

հողամասՅուրաքանչյուրս մեր կյանքի ընթացքում ուղղակի, թե անուղղակի առնչություն ենք ունենում ձեռքբերած կամ մեզ նվիրած հողամասի օրինականացման գործընթացի հետ ու այս պարագայում անհրաժեշտ է իմանալ ոչ միայն այդ հիմքերը, այլև դրա հետ կապված մյուս կարևոր փուլերը, մասնավորապես` պետական գրանցումը: Այսպես, հողամասերի նկատմամբ իրավունքների ծագման հիմքերը թվարկված են ՀՀ հողային օրենսգրքի 51 հոդվածում, ըստ որի` հողամասերի նկատմամբ քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքները, ինչպես նաև հողամասերի նկատմամբ օգտագործման իրավունքների սահմանափակումները ծագում են`

1) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների որոշումներից և նրանց հետ կնքած պայմանագրերից,

2) քաղաքացիների ու իրավաբանական անձանց միջև հողամասի հետ կապված պայմանագրերից և այլ գործարքներից,

3) ձեռքբերման վաղեմության ուժով,

4) հողամասի նկատմամբ իրավունք սահմանող դատական ակտերով` բացառությամբ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի նկատմամբ սեփականության իրավունք առաջացնող դեպքերի,

5) քաղաքացիների և իրավաբանական անձանց այլ գործողություններից, ինչպես նաև իրադարձություններից, որոնց հետ օրենքը կամ այլ իրավական ակտը կապում է հողամասերի նկատմամբ իրավունքների ծագումը և դրանց օգտագործման պարտադիր պայմանները:

Ինչ վերաբերում է հողամասի նկատմամբ իրավունքները հաստատող փաստաթղթերին, ապա որպես այդպիսիք  են համարվում Քաղաքացիական օրենսգրքով, ՀՀ հողային օրենսգրքով և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով նախատեսված փաստաթղթերը: Հողամասերի նկատմամբ իրավունքների վերաբերյալ նախկինում տրված փաստաթղթերն անշարժ գույքի օտարման գործարքներ կատարելու դեպքում հանձնվում են անշարժ գույքի միասնական կադաստր վարող պետական մարմին: Հողամասերի նկատմամբ իրավունքների մասին պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների տված փաստաթղթերից ծագող իրավունքները սահմանված կարգով պետական գրանցումից հետո վավեր են և գործում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: Մինչև 1999 թվականի մայիսի 6-ը հողամասերի նկատմամբ իրավունքների վերաբերյալ սահմանված կարգով տրված, ձեռք բերված փաստաթղթերն ունեն իրավաբանական ուժ, վերագրանցման ենթակա չեն և հիմք են հանդիսանում անշարժ գույքի նկատմամբ գործարքներ կատարելու համար:

Հողամասերի հետ կապված գործարքներն ունեն մեկ առանձնահատկություն. դրանք օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է ստանան պետական գրանցում: Այսպես, հողամասերի նկատմամբ պետության, համայնքների, քաղաքացիների ու իրավաբանական անձանց իրավունքները` սեփականության իրավունքը, օգտագործման իրավունքը, գրավը, հիփոթեքը, սերվիտուտները, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում այլ գույքային իրավունքները, դրանց ծագումը, փոխանցումը, փոփոխումը, դադարումը ենթակա են պետական գրանցման: Պետությունը չի երաշխավորում հողամասի նկատմամբ չգրանցված իրավունքների պաշտպանությունը և անձեռնմխելիությունը: Հողամասերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և դրա մերժման կարգը սահմանվում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Հողամասերի նկատմամբ քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականության իրավունքը, օգտագործման իրավունքը, գրավը, հիփոթեքը, սերվիտուտները, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում այլ գույքային իրավունքները ծագում են պետական գրանցման պահից:

 

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Tags: