«Չեմ կրնար ինձի համոզել, որ պետք է մոռնամ ամեն ինչ և կյանքս հոս շարունակեմ»

սիրիահայՋորջ Քեոշկերյանի պապը Հալեպում եղել է գորգավաճառ, հետո հայրը շարունակել է պապի գործը, սակայն 80-ականներին, երբ կառավարությունը տեղական գորգերի վաճառքը խթանելու համար արգելել է պարսկական գորգերի վաճառքը Սիրիայում, հայրը ստիպված փոխել է հորից ժառանգած գործը` զբաղվելով արծաթյա զարդերի վաճառքով:

1995 թ. Ջորջն արդեն հոր կողքին էր և երիտասարդական խանդավառությամբ ու նոր գաղափարներով անցնում է գործի` արդիականացնելով հոր բիզնեսը:

Նրանց արծաթյա զարդերը Հալեպում մեծ պահանջարկ ունեին, գործը հիանալի էր: Ջորջը նոր էր խանութը վերանորոգել ու թարմացրել, երբ երկրի ներսում սկսվեց խառնաշփոթը: Հետաքրքիրն այն է, որ անգամ այդ ժամանակ գործը շարունակում էր ծաղկել: «Ճիշտ է` մի պահ ժողովուրդը վախեցավ, քաշվեցավ, բայց ատկե վերջը վարժվեցավ. վերջիվերջո կյանքը պիտի շարունակվի` պսակ է, հարսնիք է, ծնունդ է, կնունք է…»:

Անգամ այն ժամանակ, երբ նրա խանութից 20-30 մետր այն կողմ գտնվող մի խանութ պայթեցրին, Ջորջը չմտածեց խանութը փակելու մասին: Ինչպես ասում է, այդ օրը նեղվեցին, բայց հաջորդ օրը կրկին կյանքը շարունակվեց իր հունով:

Ջորջի խանութի հարևանությամբ միշտ բախումներ էին լինում: Օրեր կային, երբ նա գնում էր խանութ, բայց զինվորները խորհուրդ չէին տալիս խանութը բացել. «Տանկեր կուգային, տանկեր կերթային, մենք էդպիսի բաներ չէինք տեսած…»,- ասում է նա:

Սակայն գնալով իրավիճակը սրվում էր, և Ջորջին մտահոգում էր ընտանիքի վիճակը` հղի կինը, չորսուկես տարեկան աղջիկն ու 85-ամյա հայրն ամեն վայրկյան կարող էին վտանգի ենթարկվել: Որոշում է նրանց տեղափոխել Հայաստան:

«Նրանց տեղափոխեցի, իսկ ես մի երկու ամիս հետո` 2012-ի հոկտեմբերին եկա, որից մեկ շաբաթ անց կինս ծննդաբերեց, իսկ տարեմուտին արդեն  օդանավակայանը փակվեց, և մնացինք հոս»:

սիրիահայ28-9 ամիս սպասողական վիճակում անցկացնելուց հետո հասկանալով, որ Հալեպ վերադառնալ առայժմ հնարավոր չէ, Ջորջը որոշում է որևէ բան ձեռնարկել. արծաթյա զարդերի իր խանութն է բացում Ամիրյան 27 հասցեում` «Հալեպ» խանութի նույն բրենդով` «Դը սիլվեր գիֆտս» (The silver gifts): Արդեն 3 ամիս է` խանութը գործում է: Առաջխաղացում կա, բայց շատ դանդաղ: «Հալեպի պարագայում էսպես չէ, հոն ավելի դյուրին և արագ է ամեն ինչ լինում: Բնակչությունը շատ է` կես միլիոնից ավելի, և եթե 200-300 հազար մարդ էլ քովդ մտնի, բավական է: Հոս նախ բնակչությունն է քիչ, բացի այդ` սոցիալական վիճակն այն չէ»:

Այնուամենայնիվ, եթե այստեղ գործը լավ լինի, բայց Հալեպ վերադառնալ էլ հնարավոր լինի, Ջորջը կնախընտրի վերադառնալ` միաժամանակ պահելով երևանյան խանութը:

Ջորջի ընտանիքը Երևանում վարձով է ապրում, ինչը բոլոր սիրիահայերի գլխավոր խնդիրն է: Վարձով է վերցրել նաև խանութը: Մինչդեռ Հալեպում են թողել սեփական տունը, սեփական խանութը և որ ամենակարևորն է. «Մեր հաճելի կյանքը, հոն մենք շատ լավ կապրեինք, որևէ դժգոհություն չունեինք, քանի որ ամեն ձևով ազատ էինք, ամեն մարդ իր սեփական խանութն ուներ»:

Չնայած այդ դժվարություններին` Հայաստանն իրեն դուր է գալիս, Երևանն էլ շատ գեղեցիկ քաղաք է: «Բացի այդ, օրենքի տեսակետից էլ հոս լավ է: Գիտեմ, որ հիմա այս բանը հայաստանցուն ասեմ, կզարմանա, բայց իսկապես հոս ավելի օրինավոր է, քան Սիրիա: Հոն օրենքներ կան, բայց գործադրող չկա, և մարդիկ դրանից ավելի հանգիստ ու հեշտ կապրեն: Խանութդ ուզածդ վայրկյանին բաց, ուզածդ վայրկյանին գոցե, մեկը քեզի բան մը չըսեր: Հարկային դաշտ նույնպես հոն շատ հեշտ է: Բայց ինձ դուր է գալիս հոս եղած օրենքները: Եթե օրենքով աշխատես, հեչ մեկը քեզ բան մը չըսեր: Երանի լավ ըլլա, որ մնանք»:

Ջորջը Հայաստանում մի բան էլ է սիրել. մարդիկ շատ հոգատար են ծերերի ու երեխաների նկատմամբ. «Օրինակ` ճամփան պիտի կտրենք, վայրկյանեն ավտոները կկենան` համեցեք կըսեն, կամ եթե հայրս հոս պիտի գա, աստիճաններով կդժվարանա բարձրանալ, անմիջապես մեկը կմոտենա, որ օգտակար դառնա: Ես անկեղծ կըսեմ, սիրեցի Հայաստանը»:

Միակ տանջող բանն այն է, որ չեն հարմարվում ամեն ինչ թողնելու և նոր կյանք սկսելու ճակատագրի պարտադրանքին: Երբ սիրիահայ ընկերներով հավաքվում են, զրույցի հիմնական նյութը Սիրիան է` ինչ նորություն կա, ով ում հետ է խոսել, ում խանութն ինչ վիճակում է և այլն: Ջորջի խոսքով` բոլորն էլ սպասողական վիճակում են և ցանկանում են հետ գնալ իրենց ծննդավայր: Կարոտը խեղդում է. «Ամեն ատեն, որ Հալեպ բառը կլսեմ, Սիրիա բառը կլսեմ, սիրտս կնեղվի, ինչ-որ մի բան կըլլա հետս,- ասում է նա,- եթե Հայաստան գալը մեր որոշումը լիներ, դա ուրիշ բան է, բայց հիմա ես չեմ կրնար ինձի համոզել, որ պետք է մոռնամ ամեն ինչ և կյանքս շարունակեմ հոս: Ճիշտ է` Հայաստանը լավն է, վերջիվերջո մեր հայրենիքն է, բայց մեզի համար օտար տեղ է»:

Սիրտը կտոր-կտոր է լինում, երբ փոքրիկ աղջիկն է հիշում  իր տունը, իր ննջասենյակը, իր անկողինն ու իր խաղալիքները. «Հայրիկ, ե՞րբ նորից պիտի ետ երթանք,- հարցնում է փոքրիկը,- մի խոսքով` դժվար է մոռնալը, դժվար է, դժվար»:

 

 

Tags: ,