«Ամեն մի հայ պարտավոր է կանխել վերանորոգման անվան տակ իրականացվող ցանկացած ոտնձգություն»

gandzasar (2)«Վերանորոգման անվան տակ պարզապես ոչնչացվում է Գանձասարի պատմական պարիսպը»,-ասում է «Հասան-Ջալալյաններ» երկրի զարգացման, մշակութային, բարեգործական հիմնադրամի ղեկավար, Հանրային խորհրդի ազգային արժեքների պաշպանության ենթահանձնաժողովի նախագահ Ժասմեն Ասրյանը, որը հունիսի 7-ին է վերադարձել Գանձասարից թարմ տվյաներով:

Այս անգամ պարսպի սալապատված հատվածներում բավականին մեծ խորշեր է նկատել, որոնք ընդհանրապես գոյություն չունեին: Իսկ թե դա ինչ նպատակով է արվել` տեղյակ չէ, նրան անհանգստացնում է երևույթը: Գանձասարը պետք է մնա անաղարտ, այնպիսին, ինչպիսին պատմականորեն հասել է մեզ:

Ասրյանը հիշեցնում է, որ դեռևս անցյալ տարվա մարտ ամսին, հիմք ընդունելով  Հանրային խորհրդի ազգային արժեքների պաշպանության ենթահանձնաժողովի առաջարկը, Գանձասարի պարսպապատման գործընթացն ուսումնասիրելու նպատակով ՀՀ և ԼՂՀ միջկառավարական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին, ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի կողմից նամակ էր ուղարկվել կառավարություն: Սակայն կառավարությունը պատասխանել էր, որ ԼՂՀ օրենսդրության խախտման հետևանքով պատճառված վնասները վերացնելու գործընթացին ՀՀ պետական մարմինների մասնակցությունն առաջարկվող ձևաչափով գտնում է ոչ նպատակահարմար:

Ի դեպ, նա նկատում է, որ կառավարութան պատասխանում առկա ձևակերպումը` ԼՂՀ օրենսդրության խախտում, կառավարության գնահատականն է, քանի որ իրենք երբևէ նման ձևակերպում չեն տվել:

2012 թ. հոկտեմբերին Հանրային խորհրդի համապատասխան ենթահանձնաժողովի կողմից ստեղծված մասնագիտական հանձնախումբն այցելել էր Գանձասար և տեղում ծանոթացել իրավիճակին, որից հետո ենթահանձնաժողովում կայացել էր նիստ, և միաձայն որոշվել էր, որ Գանձասարի վանական համալիրի շրջապարսպի վերջերս սալիկապատած հատվածը պետք է ապամոնտաժվի, և վերականգվի պատմականորեն մեզ հասած նախկին տեսքը:

Այդ ամենից հետո ոչինչ չի փոխվել. աալիկապատման գործընթացը շարունակվել է փուլ առ փուլ` դադարեցվելով, հետո նորից վերսկսվելով:

Այս տարի` հունիսի 21-ին, 350 մտավորականների կողմից բաց նամակ հղվեց ՀՀ և ԼՂՀ նախագահներին և Ամենայն հայոց կաթողիկոսին` խնդրելով գործուն միջամտությամբ պարտավորեցնել կառավարությանը (կառավարություններին)՝ անմիջապես հրավիրել մասնագետ հնագետների, գեոֆիզիկոսների, սեյսմոլոգների, վերականգնող ճարտարապետների ու շինարարների, պատմաբանների, հուշարձանագետների և մասնագիտորեն կազմակերպել ու սկսել շրջապարսպի երեսպատված մասի սրբատաշ քարե սալիկների հեռացման աշխատանքները՝ ապահովելով մասնագիտական խիստ հսկողություն, որից հետո վերացնել համալիրում գոյություն ունեցող թերությունները, կատարել վերանորոգման ենթակա աշխատանքներ և հուշարձանին վերադարձնել պատմականորեն անաղարտ տեսքն ու խորհուրդը՝ որպես Հայոց պատմական-ազգային-հոգևոր արժեք:

Մտավորականներն ակնկալում են դրական պատասխան: «Ընդհանրապես անհասկանալի է, թե ինչպես է այդ գործընթացն իրականանում, ինչու՞ օրենքով սահմանված կարգով չի արգելվում սալիկապատումը,- զարմանում է Ասրյանը,- չէ՞ որ ամեն մի հայ, որը գնահատում է իր նախնիներից ստացված հարուստ ժառանգությունը, պարտավոր է ամեն գնով կանխել վերանորոգման անվան տակ իրականացվող ցանկացած ոտնձգություն»:

 

 

 

 

Tags: