Մանկապարտեզների հագեցվածությունը՝ անվերջանալի խնդիր

mankapartezi nkarՄանկապարտեզների խնդրին  մենք անցած տարի  անդրադարձել ենք և  ներկայացրել, թե ինչ սուղ և գերծանրաբեռնված պայմաններում են նրանք գործում: Քաղաքապետարանը խոստացել էր, որ մեկ տարի հետո գուցե հագեցվածությունը խմբակներում թեթևանա վարձակալված տարածքները վերադարձվելու պարագայում: Ինչպիսի՞ն է  իրավիճակն այսօր:

Ոչ վաղ անցյալում պետական մանկապարտեզները վճարովի էին, ամսական վարձավճարը հասնում էր մինչև 7 հազար դրամի: Այն ժամանակ էլ այդ հաստատությունների դռները միշտ չէին բաց ընդունելության համար, սակայն գոնե ինչ-որ չափով ավելի հեշտ էր տնօրինության սիրահոժարությանն արժանանալ` հայկական ավանդական տարբերակի համաձայն:

Պետությունը միայն երկար տարիներ անց որոշեց ամբողջ համակարգը բարեփոխել, և հանրակրթական դպրոցների օպտիմալացման գործընթացներից հետո հերթը մանկապարտեզներին հասավ: Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացված ծրագրի համաձայն` հանրապետության բոլոր  պետական մանկապարտեզները դարձան անվճար:

      Երեխաները շատ են, մանկապարտեզները՝ քիչ

Համակարգում տեղի ունեցած բարեփոխումներն առաջացրին առաջարկի ու պահանջարկի անհամամասնություն, մանկապարտեզների գերծանրաբեռնվածության  հետևանքով բազմաթիվ երեխաների ընդունելության հարցը մատնվեց անորոշության:

Մայրաքաղաքում այսօր գործում է մոտ 162  մանկապարտեզ, որոնք ընդհանուր առմամբ բավարարում են պահանջարկի չնչին մասը: Այս պահին հերթագրված  է շուրջ 11000 երեխա, որոնց ընդունելության հարցն անորոշ ժամանակով հետաձգված է: Խնդիրն այն է, որ ներկա պահին ընդունելության հետ կապված հանգամանքները հստակ կանոնակարգված չեն, և յուրաքանչյուր տնօրեն  ընդունելության հայտ ներկայացնող ծնողներին իր պարզաբանումն է տալիս:

Ըստ գործող օրենքի` երեխայի ծնողը պետք է վաղօրոք դիմում ներկայացնի հաստատության տնօրինությանը և հերթագրի երեխային, սակայն խմբակների գերբեռնվածության պատճառով շատ տնօրեններ  հավանական են համարում երեխայի ընդունելությունը սեպտեմբերից` նոր ուսումնական տարվանից ոչ շուտ:  Բայց օրենքը ենթադրում է երեխայի ընդունելությունը կազմակերպել ամեն ամսվա աշխատանքային առաջին երեք օրերի ընթացքում: Տնօրեններից շատերի պարզաբանմամբ` թափուր խմբակներ չկան, և հագեցվածությունը հնարավորություն չի տալիս նոր ընդունելություն կազմակերպել:

Այսինքն` պետությունն իր «ուսերին առավ» մի բարդ գործընթաց` առանց երկար մտածելու: Նախապես կարելի էր ըստ առկա վիճակագրության և երեխաների մոտավոր թվաքանակի պարզել, թե արդյոք  գոյություն ունեցող մանկապարտեզներն իրենց քանակով կկարողանա՞ն բավարարել առկա պահանջարկը: Երեխաները շատ են, մանկապարտեզները՝ քիչ:

   Բարդ է ընդունելությունը, երբ այլ լծակներ չկան

Նախ, ըստ սահմանված նորմերի` յուրաքանչյուր խմբում երեխաների թվաքանակը չպետք է գերազանցի 25-ը, մինչդեռ շատ մանկապարտեզներում այդ թիվը հասնում է նույնիսկ 40-ի, երբ դժվար լուծելի է դառնում երեխաներին միաժամանակ նույն ծածկի տակ պահելու հարցը: Եթե նախկինում գոնե փոքրիկ «պարգևավճարի» միջոցով հնարավոր էր դառնում լուծել երեխային մանկապարտեզ ընդունելու հարցը, ապա այսօր նույնիսկ այդ պարագայում ոչինչ չի ստացվում:

Մի քաղաքացի` Նար Դոս փողոցի բնակիչ Մարիա Գ.-ն երկամյա որդուն մոտ մեկ տարի առաջ հերթագրել էր իր տարածքային՝ կենտրոնի մանկապարտեզներից մեկում`  հույս ունենալով, որ առաջիկա սեպտեմբեր ամսին իրեն անպայման կհիշեն ու կզանգահարեն: Սակայն տվյալ մակապարտեզից իրեն տեղեկացրին, որ իր երեխան դուրս է մնացել: Եվ դա պատճառաբանել են նրանով, որ երբ մանկապարտեզից զանգահարել են, իրենց տանը մարդ չի եղել, ուստի ստիպված են եղել այլ երեխայի ընդունել: Այս անհեթեթ պատճառը և փաստորեն  ծնողի իրավունքների ոտնահարման փաստի շուրջ որևէ գործընթաց չծավալվեց: Բնակչուհի Մարիա Գ.-ն այս կապակցությամբ նամակ է ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ հուսալով, որ առաջիկայում գոնե նրանց միջամտությամբ հնարավոր կլինի վերականգնել իր և իր մանկան իրավունքները: Սակայն նամակին առ այսօր պատասխան չի տրվել: Ինչպես երևում է, այս հարցում գործում է՝ «Ով տերով` նա զորով» վաղեմի ասացվածքը:

Երեխաների գերծանրաբեռնվածության պատճառով նույնիսկ որոշ մանկապարտեզներում ընդունելությունը դադարեցված է, ինչը, սակայն, պաշտոնապես չի հայտարարվում:

Կենտրոնի մանկապարտեզների տնօրեններից մի քանիսը զրույցի ընթացքում հայտնեցին, որ եթե իրենք բոլոր հերթագրված դիմումները բավարարեն, ապա իրենց մոտ նույնիսկ ասեղ գցելու տեղ չի գտնվի: «Ի՞նչ անեմ, հո իմ տանը չեմ տանի պահեմ, պիտի տեղ լինի, չէ՞»,- քմծիծաղով ասաց փոխտնօրեններից մեկը:

 Հուսանք, որ վերադարձված տարածքները կծառայեն իրենց նպատակին

Մինչև 2011թ. ապրիլի 1-ը մայրաքաղաքում մանկապարտեզ էր հաճախում   25 000 երեխա, իսկ անվճար դառնալուց  հետո այդ թիվը կտրուկ աճեց` հասնելով  28 370-ի:

Գերհագեցվածության հիմնական խնդիրն այն է, որ մանկապարտեզի հսկայական մասնաշենքեր և խմբասենյակներ տրված են անհատույց վարձակալման մինչև 2023 թ.: Ուստի պետությունն այս խնդրի կարգավորումը տեսնում է միայն այն պարագայում, երբ վարձակալված տարածքների ժամկետները լրանալուն պես պայմանագրերը  չերկարացվեն և վերադարձվեն: «Այդ տարածքները պետք է շահագործվեն մանկապարտեզների համար»,- մեզ հետ զրույցում վստահեցրեց  Գայանե Սողոմոնյանը՝ հավելելով, որ հաճախող երեխաների թիվը կմեծանար, եթե մինչ այս ժամանակահատվածը մանկապարտեզների տարածքները տրված չլինեին վարձակալության:

Անցած տարի Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչությունից մեզ վստահեցրին, որ խնդիրն առաջիկայում կլուծվի, և վարձակալության հանձնված շատ մասնաշենքեր պայմանագրի ավարտից հետո այս տարի ետ կվերադարձվեն:

Նա տեղեկացրեց, որ իսկապես արդեն 87 մանկապարտեզներում  շուրջ 50 տարածք է ազատվել, որոնցում  իրականացվել են կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ, տրվել է համպատասխան գույք, և նոր երեխաներ են ընդունվել:  Գայանե Սողոմոնյանը հիշեցրեց, որ  2010-2011 թթ. 21 մանկապարտեզներում կային վարձակալված տարածքներ, որոնք մի քանի վարձակալներ ունեին: Դրանք 1990-ական թթ.՝ վարձակալության են հանձնվել թաղապետարանների կողմից և այժմ բարեբախտաբար հետ են վերադարձվել: Այս պահին հերթագրված է 11 հազար երեխա, որոնց մի մասը մանկապարտեզ հաճախելու հնարավորություն կունենա: Իսկ գերծանրաբեռնվածությունն ամռան ամիսներին որոշակիորեն կթեթևանա դպրոց հաճախող երեխաների հաշվին:

Այսօր,  ընդհանուր առմամբ, մայրաքաղաքի մանկապարտեզներ է հաճախում մոտ  32 հազար երեխա` նախորդ տարվա 27 հազարի փոխարեն, ինչը հնարավոր է եղել լուծել նոր  տարածքների ձեռքբերման շնորհիվ:

Լ. Ն

 

 

 

Tags: