Ես կուզենայի ձեր սրտերի թագուհին լինել…

nushi20110526053541153Արքայադուստր Դիանայի մահից մի քանի տարի հետո`  2002-ին, ԲիԲիՍի-ի անցկացրած հարցման տվյալներով,  պատմության  100 ամենահայտնի բրիտանացիների ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցրել է  արքայադուստր Դիանայի ազգական սըր Ուինսթոն Չերչիլը (Մեծ Բրիտանիայի վարչապետ),  երկրորդ հորիզոնականում Իզամբարդ Քինգդոմ Բրյունելլն է, ինժեներ, Արևմտյան մեծ երկաթուղին ստեղծողը,  իսկ Արքայադուստր Դիանան այս ցուցակում, որտեղ  Չարլզ Դարվինը, Շեքսպիրն ու, Նյուտոնը համապատասխանաբար զբաղեցրել են 4-րդ, 5-րդ և 6-րդ տեղերը, հայտնվել է 3-րդ հորիզոնականում:

Նրան անվանում էին «ժողովրդական արքայադուստր», «սրտերի թագուհի»: Իսկ նրա հարսանեկան համբույրը 20-րդ դարի լավագույն 10 համբույրներից մեկն է ճանաչվել:

Ավելի քան 15 տարի է անցել  Արքայադուստր Դիանայի ողբերգական մահից, սակայն  նրա անձի վերաբերյալ շշուկներն ու նորանոր բացահայտումները չեն թողնում, որ պատմությունները վաղեմության  փոշով ծածկվեն, իսկ Դիանայի անունը մատնվի մոռացության:

Լեդի Դին իր ծնողների երրորդ դուստրն էր:Հայրը նրա ծնունդով մեծ հիասթափություն ապրեց, քանի որ 700-ամյա ազնվականական  Սփենսր  ազգանվան շարունակության համար ժառանգորդ որդի էր պետք: Դա սկզբում, իսկ հետո Դիանան  հոր սիրելի զավակն էր դառնալու: Շուտով ծնողները որդի ունեցան:  Սակայն երջանիկ մանկությունը  մռայլվեց ծնողների տարաձայնությունների, ապա բաժանության պատճառով: Մայրը, 4 երեխաներին թողնելով հոր մոտ, հեռացավ ուրիշի հետ: Դա  լուրջ  հետք թողեց Դիանայի վրա, աղջիկն ամփոփվեց ինքն իր մեջ. նա  ամաչում էր  մարդկանցից:

Մի առիթով  իր դայակին ասել է.«Ես երբեք իսկական սիրով չեմ ամուսնանա: Եթե վստահ չես սիրուդ մեջ, ուրեմն ստիպված ես բաժանվել: Իսկ ես երբեք չեմ ուզում բաժանվել»:

Ի՞նչ իմանար, որ եթե վիճակված է բաժանվել, ուրեմն ոչինչ չի կարող խանգարել դեպքերի ընթացքին, եթե անգամ արքայական ընտանիքի մասին է խոսքը…

Այս ամուսնության մեջ մենքերեքով էինքիսկ ես ամբոխչեմ սիրում

Իսկ երբ եկավ ամուսնանալու ժամանակը, բրիտանացի ֆեմինիստները փորձում էին նրան հետ պահել արքայազն Չարլզի հետ  միությունից:

Այն ժամանակ Դիանան ընդամենը 20 տարեկան էր ու ականջի ետև գցեց Չարլզի ու Կամիլա Փարքերի հարաբերությունների մասին շշուկները: Ինչպես այդ տարիքի յուրաքանչյուր աղջիկ, նա նույնպես  երազում էր իդեալական ընտանիքի մասին:

Եղիսաբեթ  II թագուհին իր որդու համար կին էր ընտրել մանրազնին ու համակողմանի bouquet princess diհետազոտությունների արդյունքում: Աղջիկը պետք է անմեղ լիներ  ու լավ ընտանիքից սերեր, նրա անունը չպետք է արատավորված լիներ ոչ մի սկանդալային կամ սիրային  պատմությամբ: Կամիլա Փարքեր Բոուլզը (աղջկական ազգանունը` Շենդ), որի հանդեպ Չարլզը քնքուշ զգացմունքներ ուներ դեռևս այն ժամանակ,  թվարկված ոչ մի  պահանջը չէր բավարարում: Նախ` նա այդ պահին արդեն ամուսնացած էր, բացի այդ, չոր բնավորության տեր էր, չէր ենթարկվի: Դրա համար էլ լեդի Դիանայի թեկնածությունը պարզապես իդեալական էր. նա  հանգիստ էր, ամաչկոտ, նրա հետ խնդիրներ չէին լինի: Բացի այդ,  արքայազնին մայրը, հայրն ու Կամիլան էին խորհուրդ տվել ամուսնանալ Դիանայի հետ: 33-ամյա արքայազնն անսաց ամենամտերիմ մարդկանց խոսքին ու շուտով առաջարկություն արեց, ինչին հիացած Դիանան պատասխանեց սիրո խոստովանությամբ: Դրան ի պատասխան`  Բրիտանիայի գահաժառանգն արտաբերեց. «Իսկ ո՞վ գիտեթե ի՞նչ է սերը»:

Սակայն, սա այն ընտանիքը չէր, որի մասին երազում էր երիտասարդ կինը: Դիանան ցանկացած գնով փորձում էր պահպանել ամուսնությունը, ամուսնու հետաքրքրությունն իր հանդեպ: Նա

ոչ մի կերպ չէր կամենում հաշտվել սիրուհու գոյության հետ ու հույս ուներ, որ երեխաների ծնունդը կփոխի իրավիճակը: Ծնվեցին որդիները` Ուիլյամն ու Հարրին: Չարլզը լավ հայր էր, ուշադիր ու հոգատար, բայց   նույնիսկ երեխաների ծնունդը չփոխեց նրա վերաբերմունքը Դիանայի հանդեպ: Նա առաջվա պես անտարբեր էր կնոջ նկատմամբ:

Ամուսնության ամենադժվարին փուլերում Դիանան երկու անգամ փորձեց ինքնասպանություն գործել: Նույնիսկ դա Չարլզի վրա ոչ մի ազդեցություն չունեցավ: Դիանային լսելուց հետո թագուհին խորհուրդ  տվեց հաշտվել իրավիճակի հետ` հայտարարելով. «Չարլզն անուղղելի է»:

Այս չստացված ընտանիքի կամ սիրային եռանկյունու  պատմությունն ընդհատվեց  արքայադստեր ողբերգական մահով:

Տարիներ են անցել, ու ժամանակ առ ժամանակ նյութեր են հայտնվում ոչ միայն արքայադստեր անձնական կյանքի մանրամասներով, այլև նրա հեռավոր հարազատների ծագման վերաբերյալ:

Դրանցից էր տարիներ առաջ  Շրի Լանկայում լույս տեսնող «The Sunday Times» պարբերականում  Հայաստանի մասին հրապարակված նյութը, որում,  ի թիվս այլոց, նշվում է արքայադուստր Դիանայի  հայկական արմատների մասին:

Մեկ այլ աղբյուրի համաձայն` Դիանայի նախնին  ծագումով հայ Էլիզա Կևարքն է Հնդկաստանից, որն  ամուսնացել է  Թեոդոր  Ֆորբսի հետ: Արքայադուստր Դիանան այս ճյուղի 7-րդ սերունդն է (մայրական գծով):   Տեղեկություններ կան, որ  ժամանակին արքայադստեր նախնիների տանն անծանոթ լեզվով նամակներ են հայտնաբերվել, որոնք, ինչպես հետո են պարզել, գրված են Էլիզա Կևարքի ձեռքով, հայերենով` երեխաների ու թոռների համար: Ասում են, որ  ժամանակակիցներն Էլիզային  դիմում էին որպես «տիկին Ֆորբսյան» (ըստ epress.am-ի):

Երբ 1997-ին   Երևանում  արքայադուստր Դիանայի դիմապատկերով դրոշմանիշ է թողարկվում, աշխարհի շատ փորձագետներ  հանկարծ Դիանայի դիմագծերում  հստակ հայկական բան են  նկատում:  Գրում են, թե  նա խառնվածքով հայի նման էր: Թե ինչ նկատի ունեին դա գրելիս, պարզ չէ, գուցե այն, որ  նա ամեն կերպ փորձում էր  պահպանել ընտանիքը, պաշտում էր երեխաներին: Կամ գուցե նրա անմիջականությունը, յուրաքանչյուրի համար հարմար խոսք գտնելու և մխիթարելու հատկությունը, դժվար է ասել: Բայց 2007-ին ֆրանսիական «JDE»  մանկական պարբերականում  լույս է տեսնում մի նյութ, որում գրված է. «… 1997-ի օգոստոսի 31-ին զոհված արքայադուստր Դիանան հայուհիներին հատուկ բնավորություն ուներ, ինչը բացատրվում է նրա հեռավոր հայկական արմատներով: Էլիզա Կևարք, Դիանայի տատուտատն է, հայուհի` Հնդկաստանից…»:

Անցած տարի ռուսական  հեռուստաալիքներից մեկը հաղորդում հեռարձակեց, որում փորձ է արվել կապել պատմական մի քանի փաստեր` ողբերգական ընթացքի նմանությամբ: Նմանատիպ մեկնաբանություններ միշտ են արվում ու դրանց  վարկածից ապացույցի վերածվելու հավանականությունը ժամանակի հետ էլ ավելի է դժվարանում: Սակայն մի հետաքրքիր տեղեկություն գրավեց հեռուստադիտողի ուշադրությունը, որը թերևս կրկին «ապացուցում» է Դիանայի հայկական ծագման վարկածը:

Բոլորն են ճանաչում հայտնի աճպարար  Հարություն Հմայակի Հակոբյանին, որն այլևս կենդանի չէ, ու նրա որդուն` Հմայակ Հակոբյանին: Նա հիմա բնակվում է ԱՄՆ-ում:

Մի անգամ Հմայակին հրավիրում են ելույթ ունենալու. «Ես հիշում եմ, որ 1979-ին աշխատում էի Փարիզի Դիսնեյլենդում, ինձ  հրավիրեցին ելույթ ունենալու արքայադստեր  ու նրա ընկերների առջև, ես իսկույն համաձայնեցի»: Հաղորդման ժամանակ նա  պատմում է, որ իր հեռավոր նախնիները Հնդկաստանում բնակվող հայկական իշխանական տոհմից են  սերում: 1917-ի հեղափոխությունից հետո Հակոբյանների տոհմը ցրվել է ողջ աշխարհով մեկ:

«Համերգից հետո հանդիպեցի Անգլիայում մշտական բնակություն ունեցող բարեկամներիս հետ: Մեր ընդհանուր  նախնիների մասին խոսքուզրույցի ժամանակ հանկարծ բարեկամներս  ինձ համար բացահայտում արեցին` ասելով, որ Դիանան մեր տոհմից է: Նրանք ասացին. «Հմայակ, ախր նա մեր  հեռավոր բարեկամն է»:

Ինչևէ, այդպես է դա, թե ոչ,ազգությամբ հայ լինի Դիանան, թե անգլիացի, մի բան պարզ է` նա մարդկային էր ու սրտացավ: Այդպիսին է հիշում նրան իր երկիրը, ու այդպիսին էլ կմնա  նա իր երկրի ժողովրդի հիշողության մեջ:

Դիանան ժամանակ էր գտնում բարեգործության համար: 1987-ին ողջ աշխարհի մամուլում հայտնվեց այն նկարը, որում Դիանան բռնել է ՁԻԱՀ-ով հիվանդի ձեռքը: Չար լեզուներն ասում էին, որ թագավորական ընտանիքը Դիանային հանձնարարում էր գործունեության այն ոլորտները, որոնցով ինքը չէր ցանկանում զբաղվել:

1997-ի օգոստոսի 31-ին, նա իր նոր ընտրյալի` եգիպտացի մեծահարուստ Դոդի ալ Ֆայեդի հետ (որի հետ պատրաստվում էր ամուսնանալ) վթարի ենթարկվեց Ֆրանսիայում: Ողբերգության հանգամանքները մինչ օրս քննարկվում են:

Նրա հոգևոր մայրապետը` մայր Թերեզան, իմանալով ողբերգության մասին, ասել է. «… Այդ կորուստն ավելին է, քան մարդիկ կարող են պատկերացնել»:

imageԻսկ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի բնութագրմամբ` Դիանան ժողովրդի սրտում կմնա որպես Ժողովրդական արքայադուստր:

Չկարողանալով նվաճել ամուսնու սերը` Դիանան ավելի կարևոր ձեռքբերում ունեցավ.   սիրո կարիք ունեցողներին ամեն օր նվիրած անսահման զգացման դիմաց` ճանաչում ողջ աշխարհում: Չնայած նա մի առիթով ասել է. «Ես կուզենայի ձեր սրտերի թագուհին լինել, բայց ես ինձ այս երկրի թագուհիչեմ  պատկերացնում»:

Tags: