ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ. «Փափազյանն էր դերասան»

վարդան պետրոսյանԱյսօր  հավանաբար հատուկենտ են այն դերասաններն ու բեմադրիչները, որոնց նոր ներկայացումը դեռ չավարտված` հասարակությունը սպասում է հաջորդին: Վարդան Պետրոսյանին հաջողվում է ողբերգությունն ու կատակերգությունը մեկտեղել, յուրաքանչյուր թեման հետաքրքրական ու բովանդակալից մատուցել:

Որքան հետաքրքիր, նույնքան էլ զարմանալի է, որ դերասանական կոչումը Վարդան Պետրոսյանը չի ընդունում:

«ԵՍ ՉԵՄ ԿԱՐՈՂ ՆԵՐԵԼ ԹՈՒՐՔԵՐԻՆ»

Վարդան Պետրոսյանը ցեղասպանություն ապրած ընտանիքի որդի է: Հայրը ծնունդով Մանազկերտ քաղաքից է: Իսկ ինքը տան ամենափոքրն է:

- Եղբայրներս արդեն վաթսունն անց են: Երեք եղբայր ենք և մի քույր: 3-4 տարեկանում հորս փախցրել են կոտորածներից և բերել Լենինականի ամերիկյան մանկատուն: Նա հետագայում ուսումը շարունակել է, գրականագետ դարձել, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր էր: Ուսումնասիրել է հատկապես արևմտահայ գրականությունը:

Վ. Պետրոսյանի մոր ծնողները քահանաներ են եղել, Սալմաստից էին:

- Երբ գյուղի ժողովուրդը  գաղթել է դեպի Գառնի, իրենք մնացել են եկեղեցիների մոտ ու սպանվել թուրքերի կողմից: Մեր տանն այդ մասին միշտ խոսակցություններ եղել են, և ես իմացել եմ ցեղասպանության մասին: Չեմ կարող մարսել ցեղասպանությունը, ես չեմ կարող ներել թուրքերին: Միայն թե բոլշևիկյան Ռուսաստանի դերակատարության մասին չգիտեի: Ծնողներս  աշխատում էին մեզ հեռու պահել այդ թեմաներից: Մի օր ուղղակի եղբայրս մորս հետ բանավեճ ունեցավ ու ասաց. «Էդ էլ ձեր Լենինը, որ Էնվեր փաշային ասում էր` ընկեր Էնվեր»: Ես 9 տարեկան էի այդ ժամանակ, և դա ինձ համար մեծ շոկ էր, քանի որ այն տարիներին Լենինի կերպարը մեզ այլ կերպ էր ներշնչվել: Հիշո՞ւմ եք` «Լենինը մեզ նման փոքրիկ է եղել…»: Ես հուզվեցի: Հիշում եմ՝ գնացի բաղնիքում լաց եղա: Ինձ համար դա մեծ հիասթափություն էր: Բայց այդ օրվանից ես Լենինին չներեցի:

ՈՒՆԵՆՔ ՀԵՐՈՍԱԿԱՆ ԱՆՑՅԱԼ ՈՒ ՆԵՐԿԱ

Վարդան Պետրոսյանն ասում է, որ որպես հայ ձևավորվել է դեռ մանկության տարիներից: Ասում է, որ հայ քրիստոնյա է, ու քրիստոնեական վարդապետությունը համարում է մեծագույն տիեզերական վարդապետություն:

- Իմ պապերից իմ մեջ սարսափելի մի բան է փոխանցվել, որ ես չեմ կարողանում բացատրել: Նույնիսկ հոգեպես ուժ չունեմ, որ գնամ Դեր Զոր, Թուրքիա, մեր պապենական հողերը ես չեմ տեսել: Գիտեք, ես կրում եմ այդ ամենն ու ուզում եմ փոխանցել: Մենք սարսափելի արհավիրք ենք ապրել, ու այն, որ այսօր կանգուն ենք, նշանակում է՝ շատ կարգին ժողովուրդ ենք: Մենք ունենք և՛ հերոսական անցյալ, և՛ հերոսական ներկա:

«ԻՆՉՊԵՍ ԴԱՐՁԱ ԴԵՐԱՍԱՆ»

Վարդան Պետրոսյանի ծնողներն արվեստին, առավել ևս՝ թատրոնին, իր հավաստմամբ, մեծ տեղ են տվել: Ասում է՝ դերասան դառնալու ոչ տենդագին փափագ է ունեցել, ոչ էլ ինչ-որ մեկը կողմնորոշել է:

- Դերասան դառնալու որոշում երբեք չի եղել, նման հարց ես չեմ քննարկել: Գիտեք, դա ստացվեց կամաց-կամաց, քանի որ ինստիտուտում կերպարվեստի բաժնում էի սովորում: Ունեինք դերասանական մի խումբ, նպատակը ոչ թե լուրջ թատրոն ստեղծելն էր, այլ կատակներ անելը, տարբեր տեսակի գժություններ կազմակերպելը: Հիմնականում նկարիչներ էին: Սուքիասի հետ ենք սկսել: Հետո մեր այդ խմբին միացավ Վահրամը Սահակյան, ու ստեղծեցինք «Ոզնիները»: Այդ ժամանակ մի լավ բան կար, որ դերասաններն ու նկարիչները նույն տեղում էին սովորում, և մեր ձևավորումն այդ միախառնված մթնոլորտում էր տեղի ունեում: Դա էր, որ ինձ կամաց-կամաց դերասանության տարավ:

Թե ինչու չի ընդունում «դերասան» բառը` ասում է.

- Կարծում եմ՝ մեծ ժողովրդականություն վայելող մարդ եմ: Դերասանը Փափազյանն էր: Օրինակ՝ Հենրիկ Հովհաննիսյանը որքան էլ հաճախ կրկնի, որ ես դերասան եմ, չէ՛, ես Վարդան Պետրոսյանն եմ, որը պարզապես համարձակություն ունի բեմ բարձրանալու և սրտի եկածն արտահայտելու:

ԲԱԽՏ ՎԻՃԱԿՎԵՑ ԽԱՂԱԼ ՌՈԲԵՐ ՕՍԵՅՆԻ ԾՐԱԳՐՈՒՄ

Որքան էլ Վարդան Պետրոսյանը խոսի հայերի, հայկական արժեքների ու հայ մշակույթի մասին, նրա կենսագրության էական մասն անցել է Փարիզում: Երբ խնդրեցինք համեմատել ֆրանսիացի ու հայ մշակութասեր հասարակությանը, արվեստագետը ժպտալով պատասխանեց:

- Աշխատանքի բովանդակությունը թերևս մնում է նույնը, ուղղակի Հայաստանում ես ընդունված դերասան եմ: Այստեղ իմ աշխատանքային ճակատը շատ մեծ է: Ընդունված դերասան լինելը մի կողմից շատ հեշտացնում է քո գործը, մյուս կողմից, պետք է ասեմ, նաև շատ դժվարացնում է: Հեշտացնում է, քանի որ արդեն ունես մի հանդիսատես, որը նախապես գալիս է քեզ շատ սիրելով, բայց մյուս կողմից՝  պատասխանատվության սանդղակը, նշաձողը շատ մեծ է, որ բարձրացրել ես, ու իրավունք չունես ավելի «ցածրանալու»: Ֆրանսիայում, օրինակ, այդպես չէ: Այնտեղ շատ ավելի ծանր է ու դժվար: Ընդունված դերասան չեմ բոլորովին: Սրճարան-թատրոններում ամբողջ օրը աշխատելով` հացի փող եմ միայն վաստակել, ինչպես տեղի բոլոր դերասանները:

… Բաց դա դեռ սկիզբն էր: Հետո բախտ վիճակվեց խաղալ Ռոբեր Օսեյնի ծրագրում, նախ փոքր դերակատարումներով, զանգվածային տեսարաններում: Մի քանի տարի անց նաև համագործակցել է շատ ավելի լավ թատերախմբերի հետ:

- Գիտեք, երեք անգամ իմ կյանքում շատ մեծ դռներ են բացվել, բայց նույն պահին, զուգահեռ նաև Հայաստան գնալու ծրագիր է բացվել: 1997-1998 թթ.  հայտնի պրոդյուսերներ Պոլ Լեդերմանը և Ֆիլիպ Բուվարդը հմայված էին իմ խաղով ու առաջարկում էին աշխատել իրենց հետ: Սակայն ես եկա Հայաստան, որովհետև այլևս ի վիճակի չէի այնտեղ մնալու: Դրանից երկու ամիս առաջ «Խաթաբալադան» էի տեսել, չէի քնել: Մտածում էի` տղաները հիմա ինչ են անում այնտեղ: Ինձ համար շատ կարևոր բան էր դա: Ու նորից եկա Հայաստան, չեմ փոշմանել: Այդ օրվանից սկսեցի աշխատել և ամեն տարի նոր ներկայացում բեմադրեցի: 1999-ին ֆրանսիական հեռուստատեսությունն իր դուռը բացեց իմ առջև, և էլի համառ աշխատանքից հետո: Էրվե Ուբեր շատ հայտնի պրոդյուսերը ինձ մեծ հնարավորություն էր տալիս հեռուստատեսային ծրագրի մեջ աշխատել և հայտնի դառնալ: Օրինակ՝ Շառլ Ազնավուրի պես մարդը կարող է 40 տարի տքնաջան աշխատել, որ հայտնի մարդ դառնա, իսկ այսօր հեռուստատեսության շնորհիվ կարող է տասը ապուշ հաղորդման մասնակցես ու հայտնի մարդ դառնաս: Եվ էլի դա թողեցի ու եկա, քանի որ «Ծերունին և ծովը» պետք է խաղայի Խորեն Աբրահամյանի հետ, ինչը ինձ համար շատ կարևոր էր: 2003-ին, երբ Մարինի թատրոնում  ծանր ներկայացում խաղացի ու շատ ծանր հոգեվիճակների մեջ էի, կրկին դուռը բացված էր, և նոր դժվարությունների ու տառապանքների սկիզբն էր դրված: Բայց նորից եկա Հայաստան: Սա ճակատագրի պես մի բան է: Կա հոգու կանչ և դերասանի բնազդ, ինչպես Փափազյանն էր ասում: Նա է քեզ տանում առաջ, դա տրամաբանությամբ ու խելքով չէ: Այդ հոտառությունն ու այդ սիրտն էր, որ ինձ շպրտում էր այստեղ:  Մի խոսքով, հենց այդ տարի` 2003-ին, «Արմմոնոյում»  գլխավոր դերակատարի համար լավագույն մրցանակը ստացա, հյուրախաղերով մեկնեցի Ռուսաստան: Բայց հանուն երեխաներիս և ընտանիքիս հրաժարվեցի ու կրկին մեկնեցի Փարիզ, նրանց մոտ: Բացի այդ, Օսեյնի թատրոնում էլ պայմանագիր ունեի, որ չէի կարող դադարեցնել:

 Հարցազրույցը` Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆԻ

 

 

Tags: