Ընդերքի ջուրը վատնում ենք ավելի արագ, քան այն հասցնում է վերականգնվել

յուրի ջավադյանԱնցյալ շաբաթ, կառավարության նիստի ժամանակ, գործադիրին ներկայացվեց Արարատյան արտեզյան ավազանում տիրող վիճակը, ներկայացվեցին լրջագույն խնդիրներ, և վարչապետն այդ խնդիրները լուծելու համար որոշ հանձնարարականներ հնչեցրեց, մասնավորապես` որոշ արտեզյան հորեր կոնսերվացնելու վերաբերյալ: Ընդերքային ջրերի աղետալի վիճակի ուսումնասիրության և վեր հանված խնդիրների լուծման առաջարկության հեղինակներից մեկն էլ Հանրային խորհրդի գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ, «Հայջրնախագիծ» ինստիտուտի տնօրեն Յուրի Ջավադյանն էՆա «Անկախին» ներկայացրեց, թե որոնք են այս ոլորտի խնդիրներն ու անելիքները:

- Պարո՛ն Ջավադյան, ընդերքային ջրերի ի՞նչ պաշարներ ունենք Արարատյան արտեզյան ավազանում, և  ի՞նչ խնդիրներ են այնտեղ առաջացել: 

- Այդ պաշարները վերջին անգամ որոշվել են 1984 թ.: Այդ տվյալներով` Արարատյան արտեզյան ավազանի համար, որը սնվում է Արարատ լեռից, Հայկական պար, լեռնաշղթայից, Արագած լեռից, Կոտայքի լեռներից` տարեկան սնուցման պաշարները գնահատված են 1 մլրդ 226 մլն խմ: Սա է այն հիմնական գիծը, որից ավելի ջուր օգտագործելու թույլտվություն տալու իրավունք  որևիցե մեկը չունի, և որից ավելի օգտագործումը խափանում է ավազանի վերականգնումը:

Այդ ավազանի գրունտային շերտն այն 80 մետրն է, որը հորատելով ջրերից օգտվում են խորքային հորերը: Դրանք էլ երկու տեսակի են` պոմպերով ու շատրվանող խորքային հորեր: Խնդիրները հիմնականում շատրվանող հորերն են առաջացնում: Եթե դրանց շատ ջուր օգտագործելու թույլտվություն տրվի, ապա խորքային ջրերի ճնշումներն անընդհատ կընկնեն: Այդ խորքային հորերից ջուր օգտագործելու համար պետք է այնքան ջրօգտագործման թույլտվություն տրվի, որ ավազանը վերականգնման հնարավորություն ունենա: Մենք վերականգնման հնարավորությունը վերացրել ենք, որովհետև 1 մլրդ 226 մլն խմ սնուցման պաշարի դիմաց միայն ձկնային տնտեսություններին տրվել է 1 մլրդ 493 մլն խմ օրինական ջրօգտագործման թույլտվություն: Դրան գումարած` ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ ևս 55% հանվում է  անօրինական: Այսինքն` ստացվում է, որ մենք 1 մլրդ 226 մլն խմ-ի փոխարեն միայն ձկնային տնտեսությունների համար տարեկան 2 մլրդ խմ ջուր ենք օգտագործում: Այսինքն` շատ հետաքրքիր ու տխուր տվյալներ ի հայտ եկան, որոնք կործանման կհանգեցնեն Արարատյան դաշտը, եթե այսպես շարունակվի ու արագ միջոցներ չձեռնարկվեն:

- Խնդրում ենք ավելի մանրամասն նշել, թե ինչ սպառնալիքներ կան:

 -Մեծամոր ` նախկին Սևջուր կոչվող գետի հունում, որը սկսվում է Այղր լճից, 303 խորքային շատրվանող հորերից 122-ն իսպառ չորացել են: Նաև Ակնալճի ջրատվությունն է 70-75%-ով անկում ապրել: Այժմ ռիսկեր են առաջացել արդեն Ակնալճից սնվող ոռոգելի տարածքների համար, քանի որ պոմպակայաններ կային, որոնք լճից ջուր էին հանում, ու ահագին հողատարածքներ ոռոգվում էին այդ ջրերով: Քանի որ այդտեղի բոլոր լճերն ու աղբյուրներն արտեզյան ճնշումային զոնայի հետ ընդհանուր կապի մեջ են, խիստ տուժում են նաև նրանք, ինչպես նաև այն 80 մ հաստությամբ շերտը, որը տակից է սնվում: Մեր հետազոտությունների շրջանակներում պետք է 62 ձկնային տնտեսություններում ուսումնասիրություններ կատարեինք, համապատասխան հորեր վերցնեինք, որոնց վրա տեղադրեինք համապատասխան ճնշման չափիչներ, որպեսզի կարողանային և՛ հոսքերը որոշել, և՛ ճնշումները: Դա պետք է 1 տարվա ընթացքում անեինք, ամսական 3 անգամ` դինամիկան որոշելու համար: Այդ ստուգման ժամանակ 62 ձկնային տնտեսություններից 24-ն արդեն իսպառ չորացել էին: Այժմ մեր արտեզյան զոնան կրճատվել է: Կրճատումն ընդգրկում է արտեզյան ավազանի սահմանի ամբողջ երկարությամբ 5 կմ լայնությամբ տարածք: Այդ տարածքում արդեն կոլեկտորներն էլ են չորացել, դա նշանակում է, որ գրունտային 80 մետրանոց շերտը տակից ջրազրկվել է, ճնշումների բացակայության պատճառով սնուցում չի ստանում: Այդ դեպքում, քանի որ կոլեկտորում արդեն ջուր չկա, չոր է, արդեն հողի ստրուկտուրան է փոխվում: Հողը սկսում է  անապատային ստրուկտուրա ձեռք բերել:

Դրանից բացի, այդ շրջանում ձկնային տնտեսությունների մոտ 85%-ի հատակները բետոնապատված չեն: Փաստորեն, ձկնային տնտեսությունների զոնայի հողերում ջրի շերտը սկսվում է 1 մետրից` ձկնաբուծարանի ջրից ինֆիլտրացիա է գնում դեպի հողերը: Արարատյան դաշտավայրում ժամանակին կառուցել ենք կոլեկտոր, դրենաժային համակարգ, անընդհատ մաքրում ու շահագործում էինք հողերը, որպեսզի ջրի մակարդակը պահենք 2-3 մետրի վրա: Այդ 10 հազար հեկտարը, որ մոտիկ են այդ 85% բետոնապատված հատակներով ձկնաբուծարաններին, ջրի շերտի մակարդակը հասել է 0.5 մետրի, իսկ 12 հազար հեկտարի վրա` մինչև 1 մետրի: Այսինքն` մենք մի կողմից անապատ ենք ստանում, մյուս կողմից` ճահճացում ու կրկնակի աղակալման վտանգ:

Արարատյան դաշտը մեր ոսկե ֆոնդն է, քանի որ ամբողջ հանրապետության բուսաբուծական արտադրանքի  մոտ 75%-ը ստացվում է Արարատյան դաշտի 83 հազար հեկտար հողատարածքներից: Այսպիսով, մենք կարող ենք նաև աստիճանաբար զրկվել դրանից: Իսկ դրա  հետևանքով և՛ չքավորությունն է ավելանալու, և՛ տնտեսությունն է տուժելու:

Իսկ եթե խմելու ջրի պաշարներն էլ արդեն սկսեն տատանվել ու նվազել, այդ դեպքում բացի ոռոգումից, արդեն խմելու ջրի հիմնախնդիր էլ է առաջանալու, որովհետև Արարատյան դաշտի բազմաթիվ գյուղեր այդ նույն շատրվանող հորերից են հիմնականում օգտվում խմելու ջուր ստանալու համար:

- Այս ամենի մեղավորն ո՞վ է:

 - Յուրաքանչյուր պետության լիազոր մարմին, ջրի ազգային օրենքի համաձայն, պետք է ամեն տարի մոնիթորինգի միջոցով ճշտի երեք տիպի պաշարների քանակություն` ջրի ազգային պաշարը, ջրի օգտագործման պաշարն ու ջրի ռազմավարական պաշարը: Այս երեք պաշարները, եթե ամեն տարի մոնիթորինգով ճշտվեին, այսպիսի վիճակ չէր ստեղծվի, կտեսնեին, որ մեր ռազմավարական պաշարներն այսքան են, բայց մենք սկսում ենք այդ պաշարներից ավելի շատ օգտվել, և այդ պաշարը ոչնչանում է: Այդ մոնիթորինգի արդյունքներն ամեն տարի պետք է լիազոր մարմինն ուղարկեր կառավարություն` ջրի ազգային խորհրդի հաստատմանը, որի նախագահը վարչապետն է, բայց չի արվել:

- Այժմ ի՞նչ պետք է արվի իրավիճակից ելք գտնելու համար: 

- Սա Արարատյան հարթավայրի ճնշումային զոնան է: Սև գիծն այսօրվա վիճակն է: Այսինքն` այս ամբողջ` 5 կմ լայնությամբ միջին գիծը պակասել է: Այստեղ են չորացած կոլեկտորները, այստեղ են այն չորացած հորերը, որ խմելու ջուր են տալիս, այստեղ են այն չորացած հողերը, որոնց ոռոգման ջուր են տալիս: Այստեղ է անապատացում դիտարկվում: Սա է խնդիրը, որ շտապ լուծում է պահանջում:

- Ո՞րն է, ըստ Ձեզայս հարցի լուծումը: 

- Ռեսուրսների  կառավարումն այսօր ռիսկային դաշտում է: Այդ ռիսկերը պայմանավորված են մարդկային գործոնով: Պետք է մարդու  գործոն չլինի, պետք է ավտոմատ կառավարում լինի. հորերը համարակալված և հատուկ տեխնիկայով հագեցած լինեն և որևէ պատասխանատուի մոտ դրված լինի դրանց կառավարման վահանակը: Եվ երբ նա կոճակը սեղմի, իմանա, որ համար այսինչ հորում 3 տարի, 1 տարի կամ մի քանի ամիս առաջ ջրի  ճնշումը եղել է այսքան, հորը տվել է այսքան ջուր, հիմա այդ հորից ապօրինի այսքան ջուր ավելի է օգտագործվում: Այսինքն` պատասխանատուն կկարողանա իր վահանակով այնպես կարգավորել հորի աշխատանքը, որ ապօրինի օգտագործվող ջրի քանակությունը պակասեցնի և թողնի օգտագործել թույլատրված քանակությամբ ջուր: Այս համակարգում մարդկային գործոնը նվազագույն է, բայց այն մեծ ծախսերի հետ է կապված: Ուստի այժմ առաջարկել ենք, որ ձկնաբուծարաններն անցնեն փակ ու կիսափակ ցիկլի ձկնարտադրության: Դրա արդյունքում ջրի ծախսն էապես կնվազի: Առաջին հերթին պետք է այնպես արվի, որ ջրի հանույթը զգալիորեն պակասի. 3-4 անգամ պետք է պակասի, որպեսզի մենք հույս ունենանք, որ վերարտադրություն կլինի: Այդ դեպքում, ճնշումները կբարձրանան, սնուցումը կլավանա:

Այդ հորերի կոնսերվացումը և այլ ձեռնարկումները միջոցառումներ են, որոնք որոշ օգնություն կլինեն, բայց ոչ որոշակի: Որոշակի օգնությունն այն է, որ 70%-ով ջրառը պակասեցնենք: Այդ դեպքում մեր սնուցման պաշարից օգտագործումը կդառնա մոտ 500 մլն խմ` 1 մլրդ 226 մլն վերականգնման ռեսուրսի դիմաց: Այսինքն` մենք այժմ ունենք սնուցման բացասական դինամիկա, իսկ այն դեպքում արդեն կլինի դրական դինամիկա, և մեր մասնագետների հաշվարկներով` մոտ 10 տարվա  ընթացքում պաշարները կարող են վերականգնվել:

- Ձեր առաջարկած ծրագիրը, հատկապես ձկնաբուծարանների մասովորոշակի ֆինանսական պահանջներ ունի: Այդ ֆինանսները ո՞րտեղից պետք է հայթայթվեն:

 - Օրինակ` Հյուսիսային Եվրոպայի երկրներում, որոնք հիմնականում արտադրում են նշված փակ ու կիսափակ ցիկլերով ձկնաբուծության համար անհրաժեշտ  սարքավորումները, այս ոլորտում քաղաքականությունն այնպիսին է, որ  առանց կառավարության երաշխավորության, միայն ձկնային տնտեսության ֆինանսական հոսքերի, ներկայացրած ծրագրերի վրա հենվելով, տալիս են մինչեւ 5-7% տոկոսադրույքով վարկեր` այդպիսի տեխնոլոգիաներ ներդնելու համար: Դրանք ամենաէժան վարկերն են: Դա ֆինանսական միջոցներ հայթայթելու ուղղություններից մեկն է: Մենք կառավարությանն առաջարկել ենք, հիմա էլ ընթացքի մեջ է այդ առաջարկը, և հնարավոր է, որ կառավարությունն այդ տնտեսվարողներին շրջանառու փոխհատուցող միջոցներ տրամադրի:

- Եթե բազմաթիվ ձկնային տնտեսություններից հրաժարվելու հարց առաջանա, դա կլինի՞ այն արդարացված գինը, որը մենք պետք է վճարենք ստորգետնյա ջրերի ռեսուրսները վերականգնելու համար, արժե՞ զոհաբերել ձկնաբուծությունը, որպեսզի Արարատյան արտեզային ավազանի հարցը լուծվի:

 - Զոհաբերելու մասին առայժմ չենք մտածում, մենք մտածում ենք այնպես անել, որ ո՛չ ձկնային տնտեսությունը տուժի, ո՛չ էլ մեր ռեսուրսները տուժեն: Իհարկե, առաջնայինը ռեսուրսներն են, այլ տեղում էլ կարող ենք ձուկ աճեցնել: Եթե հարկ լինի, ապա արժե այդ գինը վճարել` փակել բոլոր ձկնաբուծարանները և Արարատյան դաշտավայրը չկորցնել: Այս հարցը մեզ համար խոշոր` ռազմավարական նշանակություն ունի:

Tags: ,