Քթի վիրահատությունը զիջել է իր տեղը

աշոտՀՀ-ում առաջին պլաստիկ վիրահատությունները կատարվել են 1970-ականներին, բայց մասնագետներն այնքան էլ հմուտ չէին և  նման վիրահատությունները (մասնավորապես` քթի) հիմնականում կատարվում էին տեղային անզգայացմամբ: Իսկ թե այսօր ինչ վիճակում է պլաստիկ վիրաբուժությունը, պարզեցինք  «Սուրբ Մարիամ» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության բաժնի վարիչ Աշոտ Միքայելյանի (Լյուդվիգովիչ) հետ զրույցում:

- Պրն. Միքայելյան, 2013 թ. ի՞նչ փոփոխություններ են եղել պլաստիկ վիրաբուժության ասպարեզում: Դարձյալ քիթ «կտրելու» պահա՞նջ է նկատվում:

- Քթի վիրահատությունն իր տեղը սկսել է զիջել այլ վիրահատությունների: 2013 թ. կտրուկ աճել է ոտքերի ուղղումը՝ սրունքների իմպլանտացիան: Եթե առաջ նման վիրահատություն տարին մեկ  անգամ էլ  չէր լինում, այսօր այն 10 անգամ ավելացել է:

- Եվ լա՞վ է ստացվում;

- Գրեթե միշտ: Իհարկե, բոլոր վիրահատություններն ունենում են բացասական կողմեր, բարդություններ անկախ նրանից, թե ինչ ծավալի է վիրահատությունը: Օրինակ՝ սրունքների վիրահատության գործընթացը կարճ է տևում և կատարվում է նաև տեղային անզգայացման պայմաններում: Դեռևս ոչ մի բարդություն չենք ունեցել, սակայն չեմ կարող ասել, որ երբեք չի լինի:

- Որոշ պլաստիկ վիրաբույժներ կտրուկ դեմ են մինչև 18 տարեկան անձանց վիրահատելուն: Կա՞ն տարիքային սահմանափակումներ:

- Յուրաքանչյուր վիրահատության համար կա ցանկալի տարիք: Օրինակ` ականջների (լոշտակության) խնդիրը կարելի է շտկել նույնիսկ 5-6 տարեկանում: Իսկ  քթի վիրահատությունը աղջիկների դեպքում թույլատրելի է 16, տղաներինը` 18 տարեկանում: Սակայն, օրինակ՝ կրծքերի մեծացումը կատարվում է միայն 18 տարեկանից հետո, փոքրացումը կամ ձգումը, որովայնի միջամտությունները՝ հղիությունից հետո, անկախ տարիքից:

- Ձեզ մոտենո՞ւմ են արտառոց պահանջներով հիվանդներ:

- Անշուշտ, ամեն ինչ էլ պատահում է: Եղել են դեպքեր, երբ կասկածելի անձինք ինձ դիմել են յուրահատուկ պահանջներով կամ անճանաչելի դառնալու ցանկությամբ: Նման դեպքերում կտրականապես դեմ ենք վիրահատությանը:

- Մի քիչ խոսենք հետվիրահատական բարդություններից:

- Ամբողջ աշխարհում նման բարդությունների որոշակի տոկոս կա: Հիվանդը նախապես կլինիկայի հետ պայմանագիր է կնքում, որում նշված են բոլոր հնարավոր բացասական հետևանքները: Դրանց մասին հիվանդը նախապես տեղեկանում է: Սակայն, ցավոք, միշտ չէ, որ հիվանդն ընթերցում է պայմանագիրը: Այնուամենայնիվ, Հայաստանում շատ լավ մասնագետներ կան, որոնց աշխատանքին պետք է վստահել:

- Բայց քիչ չեն նաև մահվան ելքով վիրահատությունները:

- Այո, բայց ի տարբերություն Ռուսաստանի, մեզ մոտ վիրաբույժները շատ ուշադիր և աչալուրջ են: Հիմնականում խնդիրներ կարող են առաջանալ գերարյունությունից, ինֆեկցիաներից, վերքերի ոչ շուտ լավացումից և այլն: Օրինակ՝ քթի վիրահատությունից հետո կարող է այն մի փոքր թեքվել՝ առաջացնելով շնչառական խնդիրներ: Իսկ կրծքերի պլաստիկ վիրահատությունից հետո հաճախ հանդիպող բարդությունը հեմատոման է (արյան մի տեղում կուտակումը): Դեպքերը տարբեր են և անհատական:

- Ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ հիվանդությունները վիրահատության վրա:

- Բոլոր հիվանդություններն ինչ-որ կերպ առնչություն ունեն վիրահատության հետ: Պետք է հաշվի առնել, թե անձը նախնական ինչ խնդիրներ է ունեցել: Եթե հիվանդն ասում է, որ իր կյանքում երկու անգամ եղել են ուշագնացության դեպքեր, պետք է հասկանալ, թե որն է պատճառը: Այդ պարագայում որոշում ենք՝ վիրահատե՞լ, թե՞ ոչ, կամ վիրահատել նարկոզո՞վ, թե՞ էպիգրալ անզգայացմամբ, որի ժամանակ փոխում ենք նաև նյութերը: Օրինակ՝ սրտի արատի ժամանակ վիրահատություն խուրհուրդ չի տրվում, քանի որ կյանքը կարող է վտանգվել: Սակայն դժբախտ պատահարների, օրինակ՝ ավտովթարի հետևանքով առաջացած խնդիրները շտկելու և կյանքը փրկելու նպատակով, անկախ լուրջ հիվանդություններից, կատարվում է վիրահատություն՝ մեծ ուշադրություն դարձնելով այդ հիվանդություններին: Պարզապես պետք է հասկանալ՝ որքանով են ռիսկերն արդարացված:

- Ինչո՞ւ եք վիրահատությունից առաջ հասակն ու քաշը չափում:

- Դա ավելի շատ հետաքրքրում է անեսթեզիոլոգին՝ դեղանյութերի չափաբաժինը որոշելու համար, քանի որ հասակ/քաշ գործակցից է կախված նյութերի ճիշտ որոշումը: Իսկ պլաստիկ վիրաբույժին այն հետաքրքրում է մարմին/դեմք համաչափության համար:

- Բժշկական էթիկան և գաղտնիությունը պահպանո՞ւմ եք:

- Շատ հաճախ մարդիկ իրենք են խնդրում գաղտնի պահել, որ վիրահատվել են, ինչը պետք է անպայման հաշվի առնել:

- Գուցե պատճառը հասարակության աչքին կատարյալ անձ երևա՞լն է:

- Հիմնականում` այո:

- Ինչպե՞ս եք ազատվում վիրահատական սթրեսից:

- Կարելի է ասել, որ սթրեսներ չեն լինում: Խուճապի չեմ մատնվում, որովհետև եթե վիրաբույժ ես, ի սկզբանե պետք է պատրաստ լինես ամեն ինչի: Այդուհանդերձ, երբեմն կարող են լարված պահեր լինել, բայց դրանք կապված չեն հիվանդի առողջական վիճակի հետ, չէ՞ որ մինչ վիրահատվելը հիվանդը մանրամասն հետազոտվում է` սկսած ՄԻԱՎ-ից և վերջացրած հեպատիտներով ու այլ հիվանդություններով:

Հարցազրույցը` Ելենա Չոբանյանի

Tags: