Հիվանդների սրտերին մահացածների խթանիչ սարքե՞ր են դրվել. նոր բացահայտումներ Ջամալյանի գործից

Smbat Jamalyan

Սմբատ Ջամալյան

«Անկախը» մի քանի անգամ արդեն անդրադարձել է Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնում վիրահատված 64-ամյա Հովհաննես Կաթրջյանի պատմությանը: Նրա սիրտը 1985-ից աշխատում է խթանիչ սարքով: Վերջին երկու անգամ` 2004 և 2008 թթ., Կաթրջյանին վիրահատել էր վերոնշյալ կենտրոնի հիմնադիր, այդ ժամանակվա տնօրեն, սրտաբան Սմբատ Ջամալյանը: 2008 թ., երբ Կաթրջյանին վիրահատել էին, հավաստիացրել էին, որ սարքն աշխատելու է մոտ տասը տարի, սակայն հիվանդը սարքն արտադրող ընկերության պաշտոնական կայքից տեղեկացել էր, որ այն նախատեսված է 5,5-6 տարվա համար: Փաստորեն, 2014 թ. հունվար-փետրվար ամիսներին սարքի ժամկետն ավարտվում է, իսկ Կաթրջյանը 2009-ից սկսած` պայքարում է իր իրավունքների համար` մեծ դժվարությունների գնով հասնելով նրան, որ փաստի առիթով քրեական գործ հարուցվի, Սմբատ Ջամալյանը գործում ներգրավվի` որպես մեղադրյալ, իսկ ինքը` որպես տուժող: Գործը քննվում է Էրեբունու քննչական բաժնում` քննիչ Բունիաթ Եղիազարյանի կողմից: Սակայն  Սմբատ Ջամալյանը Հայաստանից բացակայում է,  Դանիայում է, և չնայած նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված, նրան բերման ենթարկել չեն կարողանում, քանի որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված ստորագրությամբ չբացակայելը, մինչդեռ նա արդեն իսկ բացակայում է երկրից:

Կաթրջյանի բազմաթիվ դիմումները Ջամալյանի խափանման միջոցը կալանքով փոխարինելու վերաբերյալ` առայժմ ապարդյուն են: Քննիչ Եղիազարյանը կարծում է, որ խափանման միջոցը կալանքով փոխարինելու հիմքեր դեռևս չկան:  Նա մեզ հետ զրույցում ասաց, որ նախաքննության գաղտնիությունից ելնելով` գործի վերաբերյալ ոչինչ ասել չի կարող, միայն կարող է նշել, որ նոր փաստեր կան, որոնք քննության առարկա են դարձել, և նախաքննությունը շարունակվում է:

Որո՞նք են նոր փաստերը: Կաթրջյանը վերջերս ևս մեկ ցնցող բացահայտում է արել, որը վերաբերում է իր 2004 թ. վիրահատությանը: Որոշ կասկածներ ունենալով` նա հարցում է արել ամերիկյան Medntronic ընկերությանը` պարզելու, թե 2004-ին իր սրտում տեղադրված Prodigy DR 78 60 սարքի ծառայության ժամկետը ինչքան է եղել և արդյոք այն օգտագործված է եղել: Ընկերությունից պատասխանել են, որ սարքի ծառայության ժամկետը մոտ 12 տարի, 3 ամիս է: Ընկերությունից նաև հաստատել են, որ նրա սարքը պաշտոնապես վաճառված և տեղադրված է եղել ԱՄՆ մի քաղաքացու: Փաստորեն, դա է եղել պատճառը, որ 2004-ին տեղադրված սարքը ծառայել է ոչ թե 12 տարի, այլ 4 տարի: «Ստացվում է, որ ես ավելորդ վիրահատություն եմ տարել. եթե 2004-ին ինձ տեղադրեին նոր սարք, ապա վիրահատվելու և նոր սարք տեղադրելու անհրաժեշտություն կլիներ 2016 թվականին, մինչդեռ ինձ 2008-ին կրկին վիրահատեցին, այն էլ` խաբելով»,- ասում է Կաթրջյանը:

Հիվանդը դիմել է դատարան՝ բժշկական կենտրոնից առողջությանը հասցված վնասի փոխհատուցում ստանալու համար: Սրտաբանական կենտրոնի գույքի և հաշվեհամարի վրա կալանք դրվելու որոշում է կայացվել, սակայն ԴԱՀԿ ծառայությունից մեկ ամիս առաջ նա պատասխան է ստացել, որ սրտաբանական ընկերությունը որևէ աշարժ գույք չունի և հաշվեհամարի վրա էլ որևէ գումար չկա:

Բացում ենք Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի պաշտոնական կայքը: Որպես կենտրոնի հիմնադիր տնօրեն` նշված է Սմբատ Ջամալյանը, իսկ տնօրեն` Մարինե Դանիելյանը: Երբ զանգահարեցինք վերջինիս, նա հայտարարեց, որ ինքն այդ ընկերության հետ որևէ կապ չունի, իսկ երբ հայտնեցինք, որ այդ տեղեկատվությունը կենտրոնի պաշտոնական կայքից է վերցված, նա ասաց, որ կայքը վաղուց չի թարմացվել: Ըստ Դանիելյանի` այս տարվա ապրիլի 23-ից կենտրոնը պաշտոնապես դադարեցրել է իր գործունեությունը: Նշենք, որ մենք կայքից էինք վերցրել նաև հեռախոսահամարը և կապ հաստատել նույն Մարինե Դանիելյանի հետ, և զանգահարելու ժամանակ ինքնապատասխանիչը հայտնում էր, որ մենք զանգահարել ենք Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոն: Միգուցե հեռախոսահամարներն էլ դեռ չեն թարմացրել…Ինչևէ, Դանիելյանը մեզ լուսավորեց այն տեղեկատվությամբ, որ այժմ իրենք ոչ թե առանձին կենտրոն են, այլ մտել են «Նատալի-Ֆարմ» ՍՊԸ Մալաթիա բժշկական կենտրոնի մեջ` որպես սրտաբանական բաժանմունք: Ակնհայտ է, որ կենտրոնը մաքրել է իր անցյալի հաշիվները, որպեսզի ամեն կերպ խուսափի պատասխանատվությունից:

Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի մեկ այլ զոհ էլ 62-ամյա Արտյոմ Մելքումյանն է, որը նույնպես բացահայտել է, որ իր սրտին օգտագործված սարք են տեղադրել: Նա պատմեց, որ 2007 թ. նոյեմբերին այդ կենտրոնում տեղի է ունեցել իր առաջին վիրահատությունը Սմբատ Ջամալյանի ձեռքով: Իրեն ասել են, որ սրտի խթանիչ սարքն աշխատելու է 5 տարի: Վիրահատությունից հետո նա մեկնել է Մոսկվա և 2008-ի ապրիլին հերթական բուժզննումն իրականացրել այնտեղ: «Երբ հետազոտվեցի, ամսաթվերից պարզ դարձավ, որ սարքն իմ մարմնում տեղադրվելուց առաջ արդեն տուփից հանված է եղել: Մեջս կասկած մտավ,-պատմում է նա:- 2008 թ. վերջին եկա Հայաստան և կրկին գնացի հետազոտության: Ի զարմանս ինձ` Ջամալյանն ասաց, որ մյուս տարի պետք է ապարատը փոխվի: Հիշեցրի, որ 5 տարվա երաշխիք էին տվել:  Հերքեցին, որ նման բան են ասել: Ցավոք, մեր պայմանագրի մեջ սարքի ժամկետի մասին որևէ բան չի գրվել, ինչն, իմ կարծիքով, միտումնավոր է արվել: Ժամկետի մասին մեզ միայն բանավոր էին ասել, ու ես ոչինչ չկարողացա ապացուցել, չնայած սարքն արտադրող ընկերության կայքէջից պարզել էի, որ իսկապես այն ամենաքիչը 5 տարվա երաշխիք ունի»:

2010 թ. Արտյոմ Մելքումյանը կրկին վիրահատվում է, բայց արդեն Մոսկվայում: Այդ ժամանակ նա իր նախկին սարքն առաջրկում է հանձնել հետազոտման` պարզելու, թե ինչու է այն աշխատել ոչ թե 5 տարի և ավելի, այլ ընդամենը 2,7 տարի: Մեկ ամիս անց Շվեյցարիայից՝ ընկերության եվրոպական գրասենյակից  նրան տեղեկացնում են, որ սարքը 2005 թ. Ֆլորիդա նահանգում տեղադրվել է մի քաղաքացու: «Փաստորեն, սարքն օգտագործված է եղել և իսկապես հինգ տարվա երաշխիք է ունեցել. 2,3 տարի աշխատել է ուրիշ մարդու մեջ, 2,7 տարի էլ ծառայել է ինձ»:

Մելքումյանը ենթադրում է, որ այս ամենի հետևում մի հանցավոր խումբ է կանգնած, որը զբաղվում է մահացած մարդկանց սարքերը վերավաճառելով: «Դա մեկ-երկու դեպք չէ, դրանով մեծ գումարներ չեն աշխատի, հարյուրավոր մարդկանց հետ են այդպես վարվել, պարզապես մեզ հաջողվել է պարզել դա,- ասում է նա:- Իսկ երբ 2011 թ. հանդիպեցի Ջամալյանին և ասացի սարքի օգտագործված լինելու մասին, նա հիստերիայի մեջ ընկավ, ասաց, որ ինքը որևէ կապ չունի: Հետագայում նրա փաստաբանն ինձ պատասխանեց, որ իրենք ընդհանրապես ինձ նման սարք չեն վաճառել»:

Ըստ Մելքումյանի և Կաթրջյանի` Ջամալյանի կենտրոնը երկու հանցավոր ճանապարհով է գումար աշխատել. առաջին՝ մարդկանց տեղադրել է օգտագործած սարքեր, երկրորդ՝ բարեգործական ճանապարհով ստացած բազմաթիվ սարքեր է վաճառել հիվանդներին: Այս փաստերը կարող է հաստատել միայն հետաքննությունը: Առաջիկայում մենք կփորձենք համակողմանի տեղեկություններ հավաքել նաև բարեգործական ճանապարհով Հայաստան ներմուծված խթանիչ սարքրեի վերաբերյալ:

Մելքումյանն անցյալ տարի դիմել է առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին՝ կցելով բոլոր փաստաթղթերը և խնդրելով, որ Ջամալյանին գոնե զրկեն պրոֆեսիոնալ գործունեությունից: Նրա դիմումն առողջապահության նախարարությունն ուղարկել է Էրեբունու ոստիկանություն` քննիչ Եղիազարյանին:  Սակայն հիվանդները չեն վստահում քննությանը և գործը քննող Եղիազարյանին, որն արդեն իսկ պաշտոնապես փակել է նույն կենտրոնին վերաբերող երկու նմանատիպ գործ: Նրանք կարծում են, որ իրենք բավարար հիմքեր են ներկայացրել, որպեսզի Սմբատ Ջամալյանին կալանավորելու որոշում լինի, բայց դա տեղի չի ունենում:

Մինչդեռ Կաթրջյանի համար գործի բացահայտումը կենսական նշանակություն ունի, քանի որ նրա սրտի խթանիչի աշխատանքին հաշված ամիսներ են մնացել, և նա սեփական միջոցներով հերթական վիրահատությունն անելու հնարավորություն չունի: Ի դեպ, նախորդ վիրահատության գումարը վճարել է ՀՀ պաշտպանության նախարարությունը, քանի որ Կաթրջյանի որդին այդ ժամանակ ծառայում էր բանակում:

Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով գտնելով Սմբատ Ջամալյանի անձնական էջը` նամակով դիմեցինք` խնդրելով իր տեսակետը հայտնել այս փաստերի վերաբերյալ: Ցավոք, նրանից մինչ օրս որևէ արձագանք չկա:

Այս ամենի  խորապատկերում մի հետաքրքրական փաստ ևս. 2009 թ. Սմբատ Ջամալյանին շնորհվել է հանրապետության նախագահի մրցանակ` Հայաստանի Հանրապետությունում առիթմոլոգիայի և էլեկտրաֆիզիոլոգիայի զարգացման համար:

Նույն թեմայով`

Սրտի խթանիչը կանգ կառնի երկու տարուց, մինչդեռ հիվանդը վճարել է ավելի երկար ժամանակահատվածի համար

Ոստիկանապետին հանդիպելու դիմումը մերժվում է, իսկ կյանքին մնացել են հաշված ամիսներ

 

 

 

 

 

Tags: ,