Որոշ վարորդներ չեն պատրաստվում ուղեվորներից պահանջել 150 դրամ ուղեվարձը

FacebookFacebook սոցիալական ցանցի իրատես դիտորդ օգտատերը պնդում է, որ որոշ վարորդներ չեն պատրաստվում ուղեվորներից պահանջել 150 դրամ ուղեվարձը: Այդ մասին է վկայում հետևյալ գրառումը. «Այսօր նստեցի երթուղային տաքսու դիմացը` հատուկ նպատակով: Ցանկանում էի վարորդի հետ զրուցել վերջին հայտնի թանկացման մասին:
Ի զարմանս ինձ, երթուղայինի վարորդը, որը միջին տարիքի միջին-վիճակագրական վարորդ էր, ասաց, որ թե ինքը, թե բազմաթիվ այլ վարորդներ, որոնց հետ ինքը զրուցել է, նշել են, որ չեն պատրաստվում ժողովրդից պահանջել 150 դրամ ուղեվարձ, և ով տա 100 դրամ, իրենք խելոք կվերցնեն: «Մեկ ա` ես էդ 150 դրամից օգուտ չունեմ, էդ սաղ գնում ա գծի տիրոջը»,- նշեց վարորդը` ավելացնելով, որ իրենք էլ են վատ զգում նոր սակագնից: «Ես էս ժողովրդի հետ կիսելու բան չունեմ, էսքան ժամանակ 100-ով եմ քշել, էլի 100-ով կքշեմ, թող չտան, ավելի լավ: Գոնե սենց էս երկրում մի բան կփոխվի»,- վարորդներին բնորոշ լեքսիկոնով ասաց վարորդը,- «Մենակ ես չեմ, լիքը շոֆեր կա, որ հիմա ինչ ասես ասում ա սրանց. Խեղճ ժողովրդի վերջին կոպեկն են ուզում քերեն, մեջտեղը մենք ենք վատամարդ դառնում»:
Վարորդը նաև նշեց, որ ներքին համաձայնություն ունեն 100 դրամ վճարողներից չպահանջել վճարել 150 դրամ: Համաձայնությունը դեռ լատենտ է, քողարկված, բայց եթե տեսնեն, որ հասարակության մեջ դա տարածվում է (150 դրամ չվճարելը), ապա իրենք էլ են միանալու ժողովրդին: «Օրենքները իրանք են ընդունում, բայց արդյունքում մենք ենք մեզ վատ զգում. Ինչի՞ համար: Թող ով ինչ ուզում ա տա. Մեկը ես չեմ պնդելու, որ 150 դրամ տան»»:

Tags: