«Տրանսկովկասյա 2013» նախագծի շրջանակներում Գերմանիայում` Լեհաստանի սահմանակից տարածքում, հուլիսի 12-ին կայացել է «Բանալի-Սահման-Նեորոպա Լանդ արտի» առարկաների բացօթյա ցուցադրությունը, որոնք ստեղծելու համար մի խումբ արվեստագետներ Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից և Գերմանիայից մասնակցել են ծրագրին: Հայաստանից` երկու արվեստագետ` Մարիամ Մուղդուսյանն ու Եվա Հարութը:
Ծրագիրը բավականին հետաքրքիր է եղել այն առումով, որ նվիրված է եղել փակ սահմաններին: Մասնակիցներից յուրաքանչյուրը բաց տարածության մեջ այդ թեման առարկայացրել է իր ձևով: Մարիամը, օրինակ, պատրաստել է երազանքի ծառ` հայաստանյան սրբավայրերում հնուց ի վեր ընդունված սովորույթի հիման վրա, երբ մարդիկ սրբավայրի տարածքում գտնվող ծառերին թաշկինակներ էին կապում` երազանք պահելով: Մարիամը մետաքսյա կտորներից յուրաքանչյուրի վրա մանրանկարչական դետալներով խաղաղություն բառի ամեն մի տառն է գրել և կախել ծառերի ճյուղերին: Որպես արվեստագետ` նա դեմ է փակ սահմաններին և հավատարիմ այն սկզբունքին, որ արվեստը սահմաններ չի ճանաչում:
Պատմում է, որ ադրբեջանցի գործընկերներից մեկն էլ, օրինակ, իր ստեղծագործությունը կառուցել է այսպես. մեծ տարածության մեջ 3 դուռ է դրել` բացատրելով, որ բնությունը որևէ սահմանափակում չունի, և դռները մարդիկ են դնում` արհեստական խոչընդոտներ ստեղծելով բնության համար:
Սակայն, որքան էլ մասնակիցները փորձեին զերծ մնալ քաղաքական նրբերանգներից, դրանից խուսափել հնարավոր չի եղել:
Մի օր երեկոյան, երբ մասնակիցները միասին անկաշկանդ ժամանակ էին անցկացնում, որի ընթացքում նաև երգում էին ազգային երգեր, Մարիամը սկսում է երգել Կոմիտասի «Չինար ես»-ը: Ադրբեջանցի տղամարդ արվեստագետն էլ, որը, ի դեպ, բավականին հայտնի է Ադրբեջանում և Ադրբեջանից դուրս, սկսում է նրա երաժշտության հնչյունների ներքո ադրբեջաներեն ասմունքել: Դա այնքան գեղեցիկ համադրություն է ստեղծում, որ մասնակիցներն առաջարկում են դրա հիման վրա մի հետաքրքիր ձայնային ներկայացում ստեղծել` համալրելով այն նաև մասնակիցների կողմից ազգային որևէ դետալի միացումով: Բոլորը համաձայնում են, և պայմանավորվում մինչև ցուցահանդեսի ավարտի օրը իրենց գաղափարն իրականացնել, չնայած որ այն դուրս էր ծրագրի օրակարգից: Սակայն հաջորդ օրը, ի զարմանս բոլորի, Ադրբեջանի մասնակիցը հրաժարվում է մասնակցել: «Նա բավականին չոր հրաժարվեց այդ գաղափարից` պատճառաբանելով, որ դրա համար Ադրբեջանում ինքը հետապնդումների կենթարկվի և կկորցնի այն ամենը, ինչ ունի: Նա անգամ խնդրեց որևէ տեղ չգրել, չհրապարակել, որ նման գաղափար է քննարկվել»,- պատմում է Մարիամը, որ ցնցված է միջադեպից: Որքան էլ որ նա լսել էր Ադրբեջանում տիրող հակահայկական քարոզչության, արվեստագետների նկատմամբ հետապնդումների և կաշկանդված մթնոլորտի մասին, երբեք չէր կարող պատկերացնել, որ իրականությունն այդ աստիճանի գորշ է:
Նրան ադրբեջանցի գործընկերները նաև հայտնում են, որ իրենց մոտ մեկ ամիս առաջ օրենք է ընդունվել, ըստ որի` արգելվում է հայերի հետ որևէ շփում ունենալը:
Մի հետաքրքիր դեպք էլ այդ միջադեպից հետո է տեղի ունենում: Ֆեյսբուքում` ադրբեջանական մի մշակութային խմբում, որի անդամ էր նաև ադրբեջանցի այդ արվեստագետը, 1800-ականների մի լուսանկար է տեղադրված լինում, որում պատկերված էին երկու կին` հայ և ադրբեջանցի: «Ադրբեջանցի գործընկերն ինձ խնդրեց, որ ես իր անունից լուսանկարի տակ հայերեն քոմենթ գրեմ` թե որքան գեղեցիկ է ադրբեջանցի կինը,- պատմում է Մարիամը:- Ես գրեցի, և չանցած 10 րոպե` այդ արվեստագետը նամակ ստացավ, որ ինքը հեռացված է խմբից, քանի որ հայերեն նախադասություն է գրել, չնայած որ նախադասության բովանդակությունը ադրբեջանամետ էր, գովաբանում էր ադրբեջանցի կնոջ գեղեցկությունը: Ինչևէ, այդ սպառնալից տոնից պարզ դարձավ, որ դա ոչ թէ մշակութային խումբ է, այլ հատուկ ստեղծված է վերահսկելու արվեստագետներին»:
Մարիամն ասում է, որ դրանից հետո այդ մարդու վերաբերմուքն իրենց նկատմամբ փոխվեց. նա վախեցած էր, աշխատում էր չշփվել, ընդհանրապես չէր լուսանկարվում հայերի հետ, պարզապես խուճապի մեջ էր: Տեսնելով նրանց վիճակը` մենք անգամ նրանց ցուցադրություններին չէինք մասնակցում, որ հանգիստ լինեն, քանի որ լուսանկարիչներ, թղթակիցներ կային: «Ես հասկացա, որ այդ մարդիկ իրենց ազգության գերին են և զոհը իշխանությունների կողմից տարվող քարոզչության: Ինձ համար ուղղակի ցավալի էր տեսնել նման լուրջ և կայացած արվեստագետին այդքան խղճուկ վիճակում: Նրանց մոտ ասես 37 թիվն է»:
Սակայն ամենակարևորն այն է, որ Մարիամը հասկացել է, թե մենք այդ առումով որքան լավ վիճակում ենք. «Մենք շատ խնդիրներ ունենք, մեզ մոտ էլ որոշակի վերահսկողություն կա, բայց դա ուղղակի անհամեմատելի է»:
Գերմանիայում ադրբեջանցի արվեստագետի հետ տեղի ունեցած միջադեպը, ըստ նրա, վարկաբեկեց Ադրբեջանը և բարձրացրեց Հայաստանի վարկը, քանի որ բոլորը տեսան, որ մենք, ի տարբերություն ադրբեջանցիների, ավելի ազատ ու դեմոկրատ ենք և չունենք նման խնդիրներ: «Միշտ էլ ծայրահեղությունը, ագրեսիան եկել է ադրբեջանական կողմից: Նման վախի մթնոլորտում Ադրբեջանը մի օր պայթելու է, ամեն մի նման դեպք մի կաթիլ ավելացնելու է հեղափոխության բաժակում»,- կարծում է Մարիամը:
Ինչ վերաբերում է հայաստանյան ազգայնամոլական երևույթներին, ապա երիտասարդ նկարչուհին դրան հանգիստ է վերաբերվում: Գիտի, որ այստեղ էլ կլինեն մարդիկ, որոնք իրեն կմեղադրեն ադրբեջանցու հետ շփվելու համար, սակայն նա դրանից չի կաշկանդվում. «Ազգայնամոլությունը, սուտ հայրենասիրական կոդեքսը սեփական տգիտությունը թաքցնելու ամենալավ միջոցներից է,- ասում է նա,- ես համարում եմ, որ մենք ազատագրել ենք մեր հողերը, որ մենք հաղթել ենք, և դա ինձ համար իրողություն է: Ես ազատագրված ու հաղթանակած քաղաքացու հոգեբանությամբ եմ շփվում ադրբեջանական կողմի հետ: Իսկ նրանք ագրեսիվ են ու թշնամացած, որովհետև պարտված են, իսկ պարտվածի հոգեբանությունը միշտ ագրեսիվ է: Փառք Աստծո, մենք այդ խնդիրը չունենք»:
Tags: մշակույթ
