«Եթե քո տանը քեզ լավ չես զգում, այլ տեղ հաստատ լավ չես զգա»

մառլենՄոնրեալում ապրող հայ կինոռեժիսոր Մառլեն Էդոյանի  «Հողի կանչը»  վավերագրական ֆիլմն ընդգրկված էր «Ոսկե ծիրան» 10-րդ կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» անվանակարգում: Ֆիլմի նկարահանման համար Մառլենն այցելել  է Արցախի և Ջավախքի տարածքները, Հայաստանի գյուղերը՝ ծանոթանալով գյուղացիների առօրյային։ Շատ հաճելի էր, որ առիթ ունեցանք անձամբ զրուցելու Մ. Էդոյանի հետ:

- Մառլեն, ինչպե՞ս եք ձեզ զգում Երևանում:

Շատ ուրախ: Իհարկե, առաջին անգամ չեմ այստեղ, բայց անհամբեր սպասում էի, որ վերադառնամ Երևան:

-  Ձեր «Հողի կանչը»  ֆիլմն արդեն հասցրել է մեծ հաջողությունների հասնել Ֆրանսիայում: Ինչի՞ մասին է խոսքը:

- Ֆիլմը նկարագրում է հայ գյուղացու կյանքը, նրա առօրյան և կոչ անում շարունակել ապրել հայրենիքում: Յուրաքանչյուր գյուղացի իր պատմությունն ունի: Ոմանք հույսով լցված են, ոմանք` անհույս, բայց բոլորն էլ սիրում են հողի հետ աշխատել:

- Այնուամենայնիվ, ո՞րն է ֆիլմի գլխավոր միտքը:

- Արտագաղթն է: Վերջին շրջանում սկսել են դատարկվել հայկական գյուղերը, և ոչ միայն: Դա իսկապես ցավալի է: Քանի որ ֆիլմը գյուղերում եմ նկարահանել, ինձ միշտ մտահոգում էին այն հարցերը, թե ինչո՞ւ է գյուղերի բնակչության թիվը պակասում, ինչո՞ւ յուրաքանչյուր հայ, թե՛ ՀՀ-ում, թե՛ սփյուռքում, չպետք է կարողանա իր խնդիրները հենց իր երկրի ներսում լուծել, ազատ ստեղծագործել և հպարտանալ սեփական պատմությամբ:

-Ո՞րն է արտագաղթի հիմնական պատճառը:

- Պատճառները շատ են. աշխատատեղերի բացակայությունը, սոցիալ-հոգեբանական և տնտեսական ծանր վիճակը: Ինչո՞ւ պետք է լքես քո երկիրը և գնաս այլ տեղ ու զրոյից դժվարությամբ ստեղծես: Վստահեցնում եմ, որ ամեն տեղ էլ դժվար է, հետևաբար, ավելի լավ է քո երկրում դիմանալ: Իհարկե, շատ լավ հասկանում եմ հայրենիքը լքող մարդկանց, բայց նրանք միամտաբար են հեռանում՝ չճանաչելով աշխարհը:

- Ասում եք՝ հետ վերադառնալ հայրենիք և շարունակել ապրել այստեղ, բայց դուք պատրա՞ստ եք այդ քայլին:

- Այո, պատրաստ եմ գալ և բնակվել Հայաստանում, հատկապես Ջավախքում, քանի որ այն շատ սիրեցի:

- Ինչպե՞ս որոշեցիք դառնալ ռեժիսոր:

- Ուսանել եմ «Հեռուստատեսություն, ռադիո, բեմադրություն» բաժնում և միշտ էլ  աշխատել եմ այդ ասպարեզում: Սակայն վերջին 7-8 տարում որոշեցի աշխատել միայն վավերագրական ֆիլմերի վրա:

- Դժվա՞ր է վավերագրական ֆիլմեր նկարել:

- Այդքան բարդ չէ: Ժամանակին շատ եմ լուսանկարել, ինչն էլ նպաստեց իմ ապագա մասնագիտության կայացմանը:

- Իսկ խաղարկային ֆիլմեր նկարահանե՞լ եք:

- Այո, նույնիսկ խաղացել եմ այդ ֆիլմերում, բայց դա ինձ այնքան էլ չի հետաքրքրել: Եթե խաղարկային ֆիլմերում լավ սցենար չունես, դժվար թե կարողանաս լավ ֆիլմ նկարել:

- Պատրաստվո՞ւմ եք մասնակցել նաև հաջորդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնին:

- Ունեմ երկու ֆիլմ, որոնք պետք է նկարեմ: Ուղղակի ժամանակի հարց է: Հուսամ՝ մի քանի տարի անց կվերջացնեմ դրանք և կրկին կգամ Երևան: Երբ Ջավախքում էի, հստակ գիտեի, որ պետք է վերադառնամ: Անկասկած, հաջորդ վավերագրական ֆիլմը լինելու է Գանձայի և այդ գյուղի ժողովրդի մասին, իսկ երկրորդը հավանաբար կլինի Լիբանանում:

- Ինչպիսի՞ն եք տեսնում Հայաստանի ապագան:

- Փորձում եմ դրական տեսնել: Նախ` կառավարությունը պետք է քաղաքացիներին սատարի, իսկ քաղաքացիները՝ ճանաչեն աշխարհը: Եթե քո տանը քեզ լավ չես զգում, այլ տեղ հաստատ լավ չես զգա: Խնդիրը մեր մեջ է: Գիտեմ, որ կառավարությունը չի անում այն, ինչ պետք է անի, բայց մենք էլ ունենք մեր բաժին սխալը:

 

Հարցազրույցը` Ելենա Չոբանյանի

 

Tags: