Տեխնոլոգիաները մեզ կենդանու են վերածել…

gfԷքսպերիմենտալ վավերագրական կինոյի հիմնադիր, ամերիկացի կինոռեժիսոր Գոդֆրի Ռեջիոն 14 տարեկան հասակում հասկանում է, որ միայն վանքում մարդ կարող է կատարյալ դառնալ և որոշում է թողնել աշխարհիկ կյանքն ու 14 տարի անցկացնել եկեղեցում: Սակայն, արի ուտես, տարիներ անց հասկանում է, որ այնուամենայնիվ կինոն է իր ուղին: Հայտնի ռեժիսորի ֆիլմերը բնավ նման չեն այն ֆիլմերին, որոնք սովոր ենք տեսնել: Օրինակ՝  «Քաթսի» (Qatsi) եռապատումը հենց այդօրինակ ֆիլմերից է, որով կինոռեժիսորը փորձում է մտքի նոր հարթություններ ստեղծել:

– Ձեր ֆիլմերը նոր շունչ են հաղորդում՝ երբեմն զարմացնելով, երբեմն էլ զայրացնելով հանդիսատեսին, սակայն ոչ մի դեպքում անտարբեր չեն թողնում:

– Ոմանք նույնիսկ չեն խորասուզվում ֆիլմի մեջ, որովհետև այն չեն ընկալում: Իմ ֆիլմերն իրականում հետևում են հանդիսատեսին և  թերի են, միայն հանդիսատեսը կարող է դրանք լրացնել: Պետք է հասկանալ, որ ֆիլմը խորաթափանց է, երբ անցնում է մակերեսից՝ կինոյից այն կողմ, բայց այն կարող է խոր լինել, եթե հանդիսատեսն այն նկատի: Իմ ֆիլմերը  որոշակի իմաստ չունեն և ստեղծված են դիտողի ազատ մտածելու համար:

–  Ձեր ֆիլմերն աչքի են ընկնում մերթ դանդաղ, մերթ արագ ռիթմով: Ինչո՞վ է դա պայմանավորված:

– Դրանք փորձում են սովորականն անսովոր ձևով ընկալելի դարձնել: XXI դարում բոլորս շարժվում ենք մեծ արագությամբ, իսկ այդ արագության մեջ շատ բաներ չենք էլ նկատում: Դա ինձ համար ողբերգություն է:

– Ձեր «Քաթսի» ֆիլմում նկատելի են այդ ողբերգության որոշ տարրեր:

– Համամիտ եմ: Բոլորի պես, ես էլ ունեմ ներքին ձայն, որին հաճախ ուշադրություն չենք դարձնում շրջապատող աղմուկի պատճառով: Որքան հանգիստ և անաղմուկ է անձը, այնքան զգացմունքային է աշխարհի նկատմամբ: Այդ ամենը ես վանքում եմ սովորել: Այսօրվա պատերազմը արտոնված ագրեսիա է կյանքի նկատմամբ, որում մենք դարձել ենք բանտարկյալ:

–Ձեր ֆիլմերի հիմքում ընկած է տեխնոլոգիայի առեղծվածը, այդպե՞ս է:

– Այո, տեղեկատվական տեխնոլոգիաների մասին բացասական կարծիք ունեմ:  Մենք տեխնոլոգիաներն օգտագործելու փոխարեն շնչում ենք դրանցով և նմանվում կենդանիների: Այսօր մարդիկ ամբողջ օրը մտածում են, թե ինչպես գումար կուտակեն՝ կարծելով, որ այդ կերպ երջանիկ կդառնան: Բայց չարաչար սխալվում են:

–  Ձեր ֆիլմի դերակատարների դեմքի արտահայտությունից կարելի է դատել, որ մենք վերահսկվո՞ւմ ենք:

– Հաստատ: Բայց, ցավոք, դեռևս լուծման տարբերակներ չեմ կարող առաջարկել:

  – Ի՞նչ նոր ծրագրեր ունեք:

– Ցանկանում եմ ստեղծել մի նախագիծ, որով վերափոխեմ աշխարհը: Այսօրվա կրթությունը մեզ չի նախապատրաստում կյանքին: Զարմանում եմ, թե ինչպես Հայաստանը, մեկուսացված լինելով, չի կարողանում վերստեղծել սեփական աշխարհը՝ չներառվելով համահարթեցման (մեկ գաղափար, մեկ մշակույթ) և տեղեկատվական տեխնոլոգիաների մեջ: Ցավոք, ձեր հրաշալի երկիրը զարգանալով կորցնում է իր դիմագիծն ու ինքնատիպ մշակույթը, այն ինչ նկատելի չէր մի քանի տարի առաջ:

–  Այնուամենայնիվ, ո՞րն է կյանքի իմաստը:

– Ստեղծելն ու ստեղծագործելը: Դրանք ամենակարևորն են, քանի որ  դրանց միջոցով յուրաքանչյուրս աշխարհի համար կարող ենք լավ գործ անել:

 

 

Tags: