Լևոն Օրբելին ծնվել է 1882 թ. հուլիսի 7-ին, Ծաղկաձորում: Օրբելիների ընտանիքը Թիֆլիսից էր: Երբ ծնվեց ապագա անվանի կենսաբանը` Լևոն Օրբելին, նրա ծնողները հանգստանում էին Հայաստանում: Ապագա ակադեմիկոսի հայրը Թիֆլիսում հայտնի իրավաբան Աբգար Օրբելին էր, իսկ մայրը` իշխանուհի Վարվառա Արղությանը, ծագում էր Լոռու Սանահին գյուղի Արղության-Երկայնաբազուկների տոհմից, որի արմատները ձգվում են դարերի խորքը և հասնում մինչև Զաքարյան արքաներ:
Աբգար Օրբելին և իշխանուհի Վարվառա Արղությանն ամուսնացել են 1879 թ. փետրվարին: Քանի որ անվանի իրավաբանն աշխատանքի բնույթով անընդհատ գործուղումների մեջ էր` Նախիջևան, Երևան, Գանձակ, Քութայիսի, նրա հետ էր նաև նրա անբաժան ուղեկիցը և սիրելի կինը` Վարվառա Մովսեսովնան: Պատահեց այնպես, որ Աբգար Օրբելու և Վարվառա Արղությանի երեք տաղանդավոր զավակները, որոնք աչքի ընկան տարբեր բնագավառներում և համաշխարհային փառքի արժանացան, ծնվեցին տարբեր վայրերում:
Աբգար Օրբելին վաղաժամ կնքեց մահկանացուն: Նրա զավակները հեռացան հայրական տնից և հաստատվեցին Պետերբուրգում: Վարվառա Մովսեսովնան օր ծերության Թիֆլիսում երաժշտության դասեր էր տալիս և խնամում թաղի անապահով երեխաներին: Նրա համար իսկական երջանկություն էր, երբ տարվա մեջ գեթ մի անգամ` իր ծննդյան օրը, զավակները հավաքվում էին հայրական հարկի տակ և իսկական տոն պարգևում մորը:
Լևոն Օրբելին նախնական կրթությունը ստացել է Թիֆլիսի գիմնազիայում, 1904 թ. ավարտել է Պետերբուրգի ռազմա-բժշկական ակադեմիան: Նա իր կյանքը կապեց հենց այդ ակադեմիայի հետ: Ակադեմիան ավարտելուց հետո Լ. Օրբելին աշխատանքի է անցնում տեղում` ընթացքում նաև ուսումնառելով և դասավանդելով եվրոպական խոշորագույն ֆիզիոլոգիական լաբորատորիաներում: Մասնավորապես, 1909-1911 թթ. աշխատել է Անգլիայում, Գերմանիայում, Իտալիայում:
Պանծալի ուղի է անցել Լևոն Օրբելին` ղեկավարելով նաև Պ. Լեսգաֆտի անվան ֆիզիոլոգիայի լաբորատորիան, եղել է ԽՍՀՄ ԳԱ Ի. Պավլովի անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրենը, ապա` Ի. Պավլովի անվան էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի և բարձրագույն նյարդային գործունեության ախտաբանության ինստիտուտի տնօրենը, ԽՍՀՄ ԳԱ կենսաբանական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարը, փոխնախագահը: Նա 1956 թ. կազմավորել և ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ Ի. Սենչովի անվան էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ինստիտուտը:
1935-ից նա ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս էր, 1943-ից` ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, 1944-ից` ԽՍՀՄ ԲԳԱ ակադեմիկոս: ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ էր (1934), 1945 թ. արժանացել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման: Լևոն Օրբելին բժշկական ծառայության գեներալ-գնդապետ էր:
Նա եղել է աշխարհի տարբեր երկրների (այդ թվում` ԽՍՀՄ և Հայաստանի) գիտությունների ակադեմիաների ակադեմիկոս: Այժմ էլ նրա անունով է կոչվում ՀՀ ֆիզիոլոգիայի ինստիտուտը:
Նրան են պատկանում աշխարհում կարևորագույն կիրառություն գտած վեգետատիվ նյարդային համակարգերի ուսումնասիրություններ, գլխուղեղի գործունեության հետ կապված շատ նոր բացահայտումներ:
Լևոն Օրբելին նաև հիմնարար հետազոտություններ է կատարել ստորջրյա և ավիացիոն ֆիզիոլոգիաների ոլորտներում` դրանք կապելով նաև ռազմական ոլորտի հետ: Նա է հիմնավորել ողնուղեղային կոորդինացիաների դինամիկության տեսությունը:
Լևոն Օրբելին իր գյուտերն ու աշխատություններն ամփոփել է «Դասախոսություններ նյարդային համակարգության ֆիզիոլոգիայից» աշխատության մեջ:
Իր գործունեության ընթացքում Լևոն Օրբելին ամբողջ սերունդ կրթեց: Նրա աշակերտներն էին անվանի գիտնականներ Է. Հասրաթյանը, Ա. Քարամյանը, Ա. Ալեքսանյանը և այլք:
Նա բազում կառավարական պարգևների և պետական մրցանակների է արժանացել: Բազմիցս պարգևատրվել է Լենինի, Կարմիր աստղի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով, ունի Գիտությունների վաստակավոր գործչի կոչում:
Սակայն դժվարին էր նրա ուղին` փշերով ու տառապանքով լի: Ինչպես գրում է նա իր հուշերում, իր կյանքում պատահականությունները մեծ դեր են կատարել: Նման մի պատահականություն էր, երբ տակավին պատանի ուսանող` ունկնդրում է Իվան Պետրովիչ Պավլովի դասախոսությունը: Երկու օր անց աջակցության հարցով դիմում է Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր Վարդանովին` խնդրելով միջամտել, որ իրեն վերցնեն Պավլովի լաբորատորիա: Այստեղ նա կարողացավ ոչ միայն հագուրդ տալ իր հետաքրքրասիրությանը, այլև իր մտահղացումները կյանքի կոչելու համար շատ ավելի գործնական հնարավորություններ ունեցավ:
1950-ական թթ. ոմանց հաջողվեց կեղծ մեղադրանքով Լևոն Օրբելուն մեկուսացնել գիտական աշխարհից: Նա հեռացվեց աշխատանքից: Շատերը երես թեքեցին նրանից: Նախկին ընկերներն անգամ հասարակական վայրերում հանդիպելիս թեքում էին գլուխները, չճանաչելու տալիս: Միակ մխիթարողը եղբայրն էր` Հովսեփ Օրբելին, որին, սակայն, նույն ճակատագիրն էր սպասում: Այդ ժամանակաշրջանին է վերաբերում նրա թևավոր դարձած խոսքը. «Գիտնական կամ դերասան կարելի է դառնալ, բայց բոլորն էլ պարտավոր են մարդ լինել»: Միայն 1957 թ. Լևոն Օրբելին կարողացավ կրկին զբաղվել սիրելի գործով` գիտությամբ:
Նրա վերադարձը շուքով էր` իսկական հաղթահանդես: Լենինգրադում` ԽՍՀՄ ԳԱ դահլիճում հարյուրավոր գիտնականներ հավաքվեցին` նշելու Լևոն Օրբելու ծննդյան 75-ամյակը: Շքեղ միջոցառում էր: Արտասահմանյան կրթօջախներից, գիտական հաստատություններից տասնյակ նամակներ ու հեռագրեր կային` շնորհավորական խոսքեր մեծ հայորդու հասցեին և մեծարանք նրա վաստակին: Իսկ շնորհավորում էին շարքային քաղաքացիներից մինչև աշխարհահռչակ գիտնականներ` Էդրիան, Կատե Յա. Թեն, Ֆրից Բուխտալ, Հեյմանս, Պոլ Շոշար, Ա.Վ.Հիլ և այլք: Անգամ հեռագիր էր ստացվել Էդինբուրգ քաղաքի մի դեղատնից, ուր տարիներ առաջ պատահաբար այցելել էր Օրբելին:
Ականավոր գիտնականը մահացավ 1958 թ. դեկտեմբերի 9-ին, Լենինգրադում:
Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ
Tags: հասարակություն
