Յուտիշակի Ատունագա. «Ընկերս ասաց, որ ոտքդ ընկնի Հայաստան` սիրահարվելու ես ու հայ աղջա հետ ամուսնանաս»

ճապոնացիՅուտիշակի Ատունագան արդեն երկրորդ անգամ էՀայաստանում: Ասում է` առաջին անգամ եկավ մեծ տպավորություններով, հայկական մշակույթն իրեն հետաքրքրեց, ու այն ուսումնասիրելու մեծ ցանկություն ուներ:

Ատունագան մշակութաբան-ազգագրագետ է: Տոկիոյի համալսարանում ուսանելուց հետո գնացել է Եվրոպա ու Լիոնի համալսարանում ուսումնասիրել ազգագրություն և մշակույթի պատմություն: Ճապոնացու ուսումնասիրությունների առանցքը լայն է` մարդկանց կենցաղից մինչև մշակութային կոթողներ:

Յուտիշակիի հետ ծանոթացա Ծաղկաձորում` Կեչառիս վանքային համալիրի մոտ: Նա հիացած էր հայկական ճարտարապետությամբ, անդադար լուսանկարում էր Կեչառիսը: Նրա հետ զրուցեցի հենց «Կեչառիս» կոչվող սրճարանում:

- Յուտիշակի, արդեն պատմեցիք, որ երկրորդ անգամ եք Հայաստանում: Ի՞նչն է Ձեզ երկրորդ անգամ բերել մեր երկիր:

- Այս հիասքանչ, չքնաղ, աստվածային կառույցները (ցույց է տալիս Կեչառիս վանական համալիրը): Առաջին անգամ երբ եկա` հիմնականում ուսումնասիրում էի հայերին ու հայկական կենցաղը: Արթնանում էի առավոտյան 7-ից ոչ ուշ ու զբոսնում. իհարկե, ֆոտոխցիկը ձեռքիս: Առաջին անգամ իմ այցը համընկավ Երևանի տոնի հետ, ու տեսա, թե մարդիկ ինչքան ուրախ են, որ ապրում են Հայաստանում: Ինձ ասացին, որ անգամ տոնին մասնակցելու էին եկել հեռավոր շրջաններից: Առաջինն ինձ գրավեց Սանահինը: Դա ճարտարապետության ու մշակույթի իսկական լիդեր է, պարզապես վատ է, որ մի քիչ անխնամ տեսք ունի: Գուցե պահպանելը միլիոններ արժե, ու դրա համար պետությունը գումարներ չունի:

Հետո ինձ ոգեշնչեց Գառնին: Գառնու տաճարն էր պատճառը, որ ուսումնասիրեցի նաև հեթանոսությունը: Անգամ տաճարի մասին մի վավերագրական հետաքրքիր ֆիլմ գտա ինտերնետում ու նայեցի: Շլացուցիչ բան էր:

Մի հետաքրքիր ընկեր ունեմ, Ֆրանսիայում եմ ծանոթացել: Երբ նրան գրեցի, որ ցանկանում եմ Հայաստան գնալ և ուսումնասիրություններ անել, ասաց, որ մի լավ հայ ընկեր ունի: Ու մենք շուտով ծանոթացանք: Անունը Արմեն էր, արդեն 30 տարի է` Ֆրանսիայում է: «Ամեն ինչ քեզ կգրավի, բայց դու պետք է լինես նաև Գանձասարում»,- ասաց Արմենը: Երբ առաջին անգամ էի Հայաստանում, հյուրանոցի պատասխանատուներին տեղեկացրի, որ ցանկանում եմ գնալ Գանձասար: Ճանապարհը երկար էր. իսկ ժամանակն ինձ համար` շատ թանկ: Երևի երկու օր ծախսեցի, բայց հիացած եմ, պարզապես հրաշք էր: Երբ հասա Գանձասար, մի անցորդի խնդրեցի, որ նկարի ինձ, ու  նկարը դրեցի իմ էջում: Արմենը մեկնաբանություն էր գրել. «Դա ինձ հիշեցնում է երիտասարդ տարիներս, որին երբեք չի կարող փոխարինել անգամ եվրոպական ամենաշքեղ առանձնատունը»:

- Մինչ հարցազրույցը սկսելն ասացիք, որ բացի ճարտարապետական գործերից, ուսումնասիրել եք նաև հայի կենցաղը, նիստուկացը:

- Առաջինն ինձ հետաքրքրում էին հայ կանայք: Ոչ թե մայրաքաղաքի կանայք, որոնք սիրում են «Շանել», այլ գյուղի կանայք: «Շանել» բուրող կանանց ես Եվրոպայում էլ եմ տեսել: Ես հետաքրքրվեցի ու իմացա, որ այն, ինչ ցանկանում եմ իմանալ, ինձ կասեն Կեչուտ գյուղում: Թարգմանչի հետ ճամփա ընկանք: Ինձ հետ զրուցել ցանկացան միայն գյուղի մեծահասակները, երիտասարդները կա՛մ ամաչում էին, կա՛մ էլ նպատակահարմար չէին գտնում պատմելը: Անկեղծ ասած, ինձ հենց դա էլ պետք էր, որ խոսեին պատկառելի տարիքով կանայք:

- Ու Ձեզ ի՞նչ պատմեցին մեր տատիկները:

- Նախ` պետք է ասեմ, որ նրանք չափազանց ուշադիր ու շռայլ էին, հյուրասեր: Տատիկն ասաց. «Մինչև իմ տանը հաց չուտես, ոչինչ չեմ ասի»: Ստիպված էի ենթարկվել: Այդ տատիկի անունը Աշխեն էր, ասաց` հին հայկական անուն է: Իմացա, որ ավանդույթի համաձայն, կին թե տղամարդ դաստիարակվում են իրենց դերին համարժեք: Տան կինը, օրինակ, պարտավոր էր հետևել ավանդական որոշ չափանիշների. հավատարմություն, հնազանդություն, տնային աշխատանքներին նվիրվելու պատրաստակամություն, նոր ընտանիքին հարմարվելու կարողություն և այլն: Ծիծաղս մի պահ եկավ այն ժամանակ, երբ ասաց, որ աղջկան հավանում էր նախ փեսայի մայրը, որն անպայման պետք է աղջկան բաղնիք տաներ: Ես արդեն մտածեցի, որ դա ավելի քան ժամանակակից է: Բայց թարգմանչուհին հասցրեց պարզաբանել. ամեն աղջկա տուն չեն տանում, մեծի խոսքն արժեք է, ու բաղնիքում է միայն պարզվում աղջկա առողջական վիճակն ու սերունդներ ունենալու կարողությունը: Երբ տատիկն անդադար պատմում էր, մեկ էլ խմբվեցին գյուղի մեծահասակներն ու, քանի որ հասկացան, թե ինչի մասին ենք խոսում, սկսեցին իրենք էլ մասնակցել զրույցին:

Օրինակ` մեկն ասաց, որ ամուսնուն հնազանդվելը կնոջ կարևոր, հիմնական պարտականություններից է: Ամուսինը կնոջից պարտավոր է հնազանդություն պահանջել, նա այդ իրավունքն ունի: Կնոջ հնազանդության մասին ես մինչ գյուղ հասնելը հասցրել էի կարդալ կրոնական մի գրքում, որում մանրամասն նկարագրվում էր, թե ինչպիսին պետք է լինի հայ կինը: Մայրաքաղաքում, օրինակ, կանայք ավելի եվրոպական մոտեցումներ ունեն, գյուղերում հետևում են ավանդույթներին:

- Բայց հատկապես ի՞նչը Ձեզ գրավեց հայ կանանց մեջ:

- Երևի տղամարդկանց նկատմամբ հատուկ ուշադրությունը: Օրինակ` Եվրոպայում ես ապրել եմ մոտ մեկ տասնամյակ, այնտեղ կանայք այդպես չեն մտածում: Նրանք ավելի կյանքի մարդիկ են, ցանկանում են կյանքը հնարավորինս շատ վայելել, իսկ Հայաստանում կանայք ավելի հոգսաշատ են, տղամարդիկ` նույնպես: Գուցե պատճառը կենցաղը կամ էլ ապրուստի միջոցներն են:

- Յուտիշակի, երկրորդ անգամ Հայաստան գալուց հետո Ձեր տպավորությունները փոխվեցի՞ն:

- Գիտեք, ես մնում եմ նույն կարծիքին, Հայաստանը հետաքրքիր ու զարմանալի վայր է: Մինչ հեռակա կարգով ծանոթանալս Հայաստանի հետ կարդացի, որ այն թանգարան է բաց երկնքի առաջ: Դա իրոք այդպես է: Ես մոտ մեկ շաբաթ Դիլիջանում էի,  լավ հանգստացա: Քչերը թերևս կարող են ինձ ճիշտ հասկանալ: Օրինակ` մարդիկ նախընտրում են լինել Դուբայում կամ Հռոմում, բայց ինձ համար Դիլիջանը մի ուրիշ աշխարհ էր. օդը, ջուրը, բնությունը. աստվածային վայր է:

- Հնարավո՞ր է, որ Ձեզ էլի տեսնենք Հայաստանում:  

- Անշուշտ, երբ ընկերս ասաց, որ ոտքդ ընկնի Հայաստան` սիրահարվելու ես ու հայ աղջա հետ ամուսնանաս, չէի հավատում:

- Դուք ցանկանում եք ամուսնանա՞լ հայուհու հետ:

- Ես արդեն 43 տարեկան եմ, ու երևի եկել է ժամանակը, որ մի քիչ էլ մտածեմ անձնականիս մասին: Չգիտեմ` ինչպես կստացվի, բայց, իհարկե, հայ աղջիկներն ինձ շատ են դուր գալիս, նրանք անչափ խելացի են, համեստ, անկեղծ, աշխատասեր ու բարի: Առաջիկայում Վիեննայում գործեր ունեմ: Ազգագրության մասին մեծ գիտագործնական հանդիպումներ են լինելու, ես ևս պետք է մասնակցեմ: Հաջորդ անգամ ցանկանում եմ ձմռանը գալ Հայաստան: Եթե այս տարի ստացվի` անպայման հնարավորությունը բաց չեմ թողնի ու կգամ: Հավանաբար հենց այդ ժամանակ էլ կծանոթանամ իմ կյանքի երկրորդ կեսի հետ, նրա, ում մասին այսքան ժամանակ երազել եմ:

 

Հարցազրույցը վարեց Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆԸ

Tags: