Աշխարհի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանը Վանաձորից տեղափոխվում է Երևան

Նազիկ ավդալյանԵրկար ժամանակ է, ինչ աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը մարզասերների ուշադրությունից հեռու է: Մինչդեռ միշտ էլ հետաքրքրում է, թե ինչո՞վ են զբաղվում, ո՞ւր են գնում  մեր չեմպիոնները: Ինչպես հայտնի է, ավտովթարից հետո ծանրորդուհին դադարեցրել է մարզումները: Ինչ վերաբերում է մեծ սպորտ վերադառնալուն, ապա այդ  մասին հակասական լուրեր են շրջում: Խոսակցություններ կան, որ Նազիկը կրկին մրցահարթակ է դուրս գալու,  ասվում է  նաև այն մասին, որ նա մտադիր է ծանրամարտի մանկապատանեկան կենտրոն հիմնել, մարզչական աշխատանքով զբաղվել և այլն: Հանդիպելով աշխարհի չեմպիոնուհուն` փորձեցինք նրանից ստույգ տեղեկություններ ստանալ:

Նազիկը հայտնեց, որ ներկայումս ոչնչով չի զբաղվում, պարզապես հանգստանում է: «Ամուսնանալուց հետո Գյումրիից տեղափոխվել եմ Վանաձոր, այնտեղ ենք բնակվում: Հիմա էլ պատրաստվում ենք հաստատվել Երևանում: Դրանից հետո նոր կպարզվի, թե ինչ պետք է անեմ: Ինչպես հայտնի է, աշխարհի չեմպիոն դառնալուց հետո ես բնակարան եմ նվեր ստացել մայրաքաղաքում` Ավան թաղամասի շենքերից մեկում: Սովորական տուն է, կբնակվենք Երևանում, և կաշխատեմ: Իսկ սպորտ վերադառնալու մասին երազում եմ, բայց պետք է բժիշկները որոշեն, թե դա ինչքանով է հնարավոր: Ներկայումս հետազոտությունները շարունակվում են, մասնագետները փորձում են պարզել` ողնաշարի վնասվածքից հետո հնարավո՞ր է կրկին ծանրամարտով զբաղվել, թե՞ ոչ: Առայժմ որոշակի ոչ մի բան չեմ կարող ասել: Շատ կցանկանայի, որ կրկին մարզվեի, մրցելույթներ ունենայի»,- ասաց Ավդալյանը:

Արդեն երեք տարի է` մարզուհին ծանրաձողի չի մոտենում: Սառը մարզագործիքը նրան շատ է ձգում, ցանկանում է կրկին կիլոգրամներ հաղթահարել, բայց զսպում է իրեն: Ի դեպ, մեկ ամիս առաջ, երբ մարզասրահ է մտել, նա չի դիմացել գայթակղությանը և 100 կգ-ոց ծանրաձողը բարձրացրել է:

Ինչ վերաբերում է նոր կարգավիճակին, ամուսնական կյանքին, ապա Նազիկը կարծում է, որ այն չի կարող խանգարել ակտիվ սպորտով զբաղվելուն: Ամուսինը` Էրիկ Կարապետյանը, դեռ այն ժամանակ, երբ մտերմություն են արել, դեմ չի եղել, որ Նազիկը ծանրամարտով զբաղվի: Ամուսնությունից հետո էլ նա թողել է, որ կինն ինքնուրույն որոշում կայացնի: Ի դեպ, էրիկը նույնպես ծանրորդ է, այժմ ուսանում է, ցանկանում է իրավաբան դառնալ:

Նազիկն էլ փորձում է ժամանակն անտեղի չվատնել, նույնպես սովորում է, աշխատում է երկրորդ` իրավաբանի մասնագիտություն ձեռք բերել: Ավդալյանն ավարտել է Գյումրիի մանկավարժական ինստիտուտը, կինեզիոլոգիայի մասնագետ է:

Եվ քանի որ սպորտից մի տեսակ հեռացել է, հետևում է, ապրում եղբոր` Հովհաննես Ավդալյանի հաջողություններով: Նա 16 տարեկան է: Նազիկն այն կարծիքին է, որ Հովհաննեսին սպորտում մեծ ապագա է սպասում: Մարզուհին հույս ունի, որ այն, ինչն ինքը սպորտում չի կարողացել անել, եղբորը հաջողվի: Քույրը ցանկանում է, որ Հովհաննեսը դառնա  ոչ միայն Եվրոպայի, աշխարհի  առաջնությունների հաղթող, այլև օլիմպիական խաղերի չեմպիոն:

Tags: ,