Ո՞վ գիտի, թե ինքն ինչքան գազ ու հոսանք է ծախսել մինչև հուլիսի 7-ը

gazi hashvichԴեռ չենք մոռացել, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը  հունիսի 7-ին որոշում ընդունեց սպառողներին  մատակարարվող գազի և էլեկտրաէներգիայի սակագները բարձրացնել: Չենք մոռացել նաև, որ այդ որոշումը ուժի մեջ էր մտնում հուլիսի 7-ից: Այսինքն` մինչև հուլիսի 7-ը բնակիչները պետք է սպառած գազի ու էլեկտրաէներգիայի դիմաց վճարեն նախկին` էժան գնով, իսկ հուլիսի 7-ից ծախսած գազի ու էլեկտրաէներգիայի համար` նոր սահմանված` ավելի թանկ գնով: Բայց կարծես այդ մասին մոռացել են սպառողներին գազ ու էլեկտրաէներգիա մատակարարողները:

 Պայմանագրի դրույթները չգործելու դեպքում նոր պայմանագիր պետք է կնքել

Ինչպես գիտենք, գազ ու էլեկտրաէներգիա ստանալու համար առաջին դեպքում պետք է լինել  «Հայռուսգազարդի», իսկ երկրորդ դեպքում` «Հայաստանի էլեկտրական ցանցերի» բաժանորդներ: Բաժանորդ դառնալու համար քաղաքացին պետք է այդ ընկերությունների հետ պայմանագիր կնքի, որով էլ կարգավորվում են կողմերի պարտավորություններն ու իրավունքները: Այսինքն` պայմանագրով են սահմանվում, թե ինչ սակագնով, ինչ պայմաններով պետք է մատակարարները քաղաքացիներին գազ ու էլեկտրաէներգիա մատակարարեն, ինչ ծառայություններ մատուցեն և այլն: Այդ պայմանագրերով է սահմանվում նաև, թե քաղաքացիներն ինչպես, ինչ ժամկետներում պետք է իրենց սպառած գազի ու էլեկտրաէներգիայի դիմաց վճարումներ անեն և այլն: Այսինքն` սա պայմանագրային հարաբերությունների տիրույթ է: Օրինակ` նույն «Հայռուսգազարդ» ընկերության կայքէջում նշված մեխանիզմի համաձայն` «Գազի առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցումը կատարում է մատակարարը հաշվարկային ժամանակաշրջանի վերջին օրը` պարտադիր զննելով առևտրային հաշվառքի սարքի արտաքին վիճակը և կապարակնիքների ամբողջականությունը: Բաժանորդն իրավունք ունի մասնակցելու ցուցմունքի գրանցմանը: Հաշվարկային ժամանակաշրջանն օրացուցային ամիսն է: Հաշվարկային ժամանակաշրջանում մատակարարված գազը հաշվառվում է ըստ առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի:  Հաշվարկային ժամանակաշրջանում մատակարարված գազի համար մատակարարը բաժանորդին ներկայացնում է վճարման փաստաթուղթ: Բաժանորդը վճարումը կատարում է վճարման փաստաթղթում նշված ներկայացման ամսաթվին հաջորդող 7 օրվա ընթացքում»:

Պայմանագրային հարաբերությունները մի կարևոր կողմ էլ ունեն. եթե պայմանագրային պայմանների մեջ որոշակի փոփոխություններ են լինում, ապա կողմերի փոխադարձ համաձայնությամբ կա՛մ  նոր պայմանագիր է կնքվում, կա՛մ նախկին պայմանագրի մեջ կատարվում են համապատասխան փոփոխություններ: Որովհետև ինչպես գազամատակարարումն ու էլեկտրամատակարարումն են պայմանագրով կարգավորվում, այնպես էլ դրանց դիմաց վճարումները: Ուստի մատակարարող ընկերությունները բնակիչների հետ պետք է նոր պայմանագրեր կնքեին արդեն նոր` թանկացած սակագներով գազ ու էլեկտրաէներգիա մատակարարելու համար: Սակայն փաստը մնում է այն, որ մինչ այս պահը բաժանորդների հետ նոր պայմանագրեր չեն կնքվել: Իսկ դա նշանակում է, որ չկա այն հիմքը, համաձայն որի` բնակիչները գազի ու էեկտրաէներգիայի դիմաց պետք է մատակարարող ընկերություններին վճարեն նոր` թանկ  սակագներով:

Բացի այդ, գազի ու էլեկտրաէներգիայի բարձր սակագները, ըստ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման, գործում են հուլիսի 7-ից: Սակայն, ինչպես գիտենք, այդ «ապրանքների» ծախսի հաշվարկները կատարվում են ամսական կտրվածքով` հաշվարկվելով ամսվա սկզբից մինչև վերջին օրվա ընթացքում կատարված ծախսերը: Ու եթե բարձր սակագները սկսում են գործել ամսվա միջնամասի օրերից մեկից, ապա առանձին հաշվարկ պետք է կատարվի` պարզելու համար, թե յուրաքանչյուր բաժանորդ որքան գազ կամ էլեկտրաէներգիա է սպառել ցածր և որքան` բարձր գներով: Այսինքն` հուլիսի 7-ին համապատասխան հիմնարկների տեսուչները պետք է բաժանորդների գազի ու հոսանքի հաշվիչների թվերը ֆիքսեին բնակիչների ներկայությամբ, ու դրանց մասին տեղյակ պահեին բաժանորդներին:

Բերեմ տողերիս հեղինակի օրինակը: Հուլիսի 20-ի դրությամբ մեր բնակարանի դուռը թակել է միայն «Հայռուսգազարդի» ներկայացուցիչ-տեսուչը, առաջարկել ստորագրել մի փաստաթուղթ, որ իբր տեղյակ ենք, որ ինքը արձանագրել է հուլիսի 7-ի դրությամբ հաշվիչի ցույց տված ցուցմունքները: Նա չի հայտնել անգամ, թե ինչ թիվ է արձանագրված եղել` հուլիսի 7-ի դրությամբ: Ստացվում է` մենք տեղյակ ենք, որ ինչ-որ թիվ է արձանագրվել, սակայն տեղյակ չենք, թե ինչ թիվ է դա: Ինչ վերաբերում է Էլեկտրաէներգիայի ծախսին` հուլիսի 7-ի դրությամբ, ապա մինչ օրս, անգամ Հայռուսգազարդի` տեղեկացման փաստաթուղթ չի արձանագրվել ու չգիտենք, թե այդ հաշվարկն ինչպես է արվելու:

Այս մտահոգությունը, դատելով առօրյա զրույցներից, բոլոր բնակիչներն ունեն, քանի որ ոչ ոք չի պատկերացնում, թե ինչ ձևով է կատարվելու իր ծախսած էլեկտրաէներգիայի քանակի հաշվարկները:

Համոզված ենք, որ հաջորդ ամիս` ծախսած գազի ու էլեկտրաէներգիայի դիմաց վճարումների կատարման ժամանակ մեզ հավաստիացնելու են, թե ամեն ինչ կարգին է, ոչ ոք ոչ մեկի իրավունքները չի խախտել: Համենայն դեպս, այդպես եղել է միշտ, ու դույզն-ինչ նշան էլ չկա, որ հույս առաջացնի, թե այս անգամ բացառություն է լինելու: Համոզված ենք, որ ընկերությունների մամուլի ծառայությունները նաև «խելամիտ ու համոզիչ» պատասխաններ կգտնեն, թե ինչու քաղաքացիներին չեն վերաբերվում որպես քաղաքացիների կամ իրավունքի սուբյեկտների: Համոզված ենք նաև, որ սուսուփուս մուծելու ենք այն գումարը, որն առաջարկվելու է մեզ` թեկուզ համոզված չլինելով, որ այն ճիշտ է հաշվարկվել ու դրանով իսկ հերթական անգամ հնարավորություն ու առիթ ենք տալու, որ մեզ հետ վարվեն այնպես, ինչպես ուզեն, այլ ոչ ինչպես օրենքն  ու մարդակենտրոն հասարակության տրամաբանությունն է պահանջում:

 

Tags: , ,