Գարիկ Հայրապետյան. «Տղա երեխա ունենալու ցանկությունը վեց անգամ ավելի մեծ է. շատ ընտանիքներ դիմում են հղիության արհեստական ընդհատման»

GARIKՔաղաքակիրթ երկրներին գնահատական տալիս սովորաբար հաշվի են առնում այն հանգամանքը, թե ինչպես են տվյալ երկրում ապրում ծերերն ու երեխաները: Օրինաչափ է, երբ երեխաներն ուրախ են, իսկ ծերերը՝ ապահով:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը միջազգային զարգացման գործակալություն է, որը պաշտպանում է յուրաքանչյուր տղամարդու, կնոջ և երեխայի` առողջ կյանք վարելու և հավասար հնարավորություններ ունենալու իրավունքը: Այս հիմնադրամը աշխարհի երկրներին օգնում է օգտագործելու բնակչության վերաբերյալ տվյալներն իրենց աղքատության կրճատման քաղաքականությունում և ծրագրերում, ինչպես նաև ապահովելու, որ յուրաքանչյուր հղիություն լինի ցանկալի, յուրաքանչյուր ծնունդ` անվտանգ, յուրաքանչյուր երիտասարդ զերծ լինի ՄԻԱՎ-ից և յուրաքանչյուր աղջիկ ու կին արժանանան հարգալից և արժանապատիվ վերաբերմունքի:

Ժողովրդագրության և ծնելիության թեմաներով զրուցեցինք ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի հետ:

 - Պրն Հայրապետյան, ժողովրդագրական ի՞նչ իրավիճակ է Հայաստանում:

- Խորհրդային միության փլուզումից հետո ժողովրդագրության վիճակը Հայաստանում շատ նեգատիվ զարգացումներ ունեցավ: Եվ դա թերևս պայմանավորված էր մի շարք գործոններով: Օրինակ՝ դժվար տարիներին Հայաստանի բնակչության մի զգալի մասը հեռացավ, ձգտեց ավելի լավ կյանք գտնել արտասահմանում: Նրանցից շատերը մնացին այնտեղ, որտեղ հաստատվել էին: 80-90-ականներին Հայաստանն ունեցել է ամենաբարձր ծնելիությունը՝ տարեկան 80 հազար երեխա` երկու անգամ ավելի, քան ունենք այսօր:

90-ականների սկզբին այս ցուցանիշը ավելի քան երկու անգամ նվազեց, և 2000-ին ունեցանք 35 հազար ծնելիություն: Վերջին տասնամյակում այս թիվն ավելացավ մինչև 44 հազար: Մեծ միգրացիոն հոսքերի և ծնելիության անկման հետևանքով Հայաստանում սկսվեց ծերացման գործընթացը, և հիմա, ցավոք, մենք դասվում ենք ծերացող երկրների շարքը:

- Այսինքն՝ այսօր մահացությունը գերազանցո՞ւմ է ծնելիությանը:

- Ոչ՛, այսօր մենք դեռ ունենք դրական միտում, ունենք որոշակի աճ, որը պայմանավորված է ավելի շատ ծնունդների թվով: Վերջին 20-25 տարիներին կյանքի միջին տևողության աճ է արձանագրվել: Միջին վիճակագրությամբ` մարդկանց կյանքի տևողությունը 3 տարի և ավելի երկարել է: Չէ՞ որ վերջին տարիներին բժշկությունը բավական լուրջ հաջողություններ ունեցավ:

- Կարո՞ղ ենք բարելավել ժողովրդագրության վիճակը:

- Ժողովրդագրական գործընթացները բնական են: Ինչքանո՞վ կարող ենք նպաստել աճին և ինչքանով նվազեցնել անկումը: Այս խնդիրներն են, որ կառավարությունը կարող է կառավարել: Միգրացիան միշտ եղել է, կա ու կլինի. ինչպե՞ս կարելի է դա կառավարել: Միգրացիան նաև դրական  ազդեցություն ունի. օրինակ՝ օգնությունը, որ գալիս է Հայաստան մեր միգրանտ աշխատողներից: Բացասականն այն է, որ երկրից գնում են այն մարդիկ, որոնք ակտիվ վերարտադրողական տարիքում են, գնում են այն մարդիկ, որոնք  որոշակի կրթություն, որոշակի հմտություններ ունեն… Բնականաբար, դա բացասաբար է ազդում Հայաստանի ապագայի վրա: Կառավարությունն այսօր արդեն քայլեր է անում: Բայց չէի ասի,  թե լրիվ կկարգավորվի այս հարցը: Որոշ ուղղություններով ռազմավարական քայլեր արվում են, փորձում են մեղմել հետևանքները:

- Հետաքրքիր է իմանալ Ձեր տեսակետը: Ծնելիության խթանման ի՞նչ ուղղություններ կառանձնացնեք:

- Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ծնելիության խթանումը բավականին երկար և շատ թանկ գործընթաց է: Աշխարհում դեռևս երկու երկիր է քիչ թե շատ հաջողություն արձանագրել` Ֆրանսիան և Շվեդիան են: Քանի որ շատ քննարկումների ժամանակ ասում են, որ Ֆրանսիայում շատ ներգաղթածներ կան և նրանց հաշվին է ավելանում ծնելիությունը, կփորձեմ բերել Շվեդիայի օրինակը: Շվեդիան ծախսում է իր ՀՆԱ-ի 3.5%-ն այն սոցիալական ծրագրերի վրա, որոնք խթանում են ծնելիությունը: Դա անում են վերջին 60 տարիներին, և արդյունքը նոր-նոր է երևում: Փորձը ցույց տվեց, որ իրականում ծնելիության բարձրացման թիրախավորումը, ծնելիության համար գումար տալը  գրեթե արդյունք չի տալիս:

Այս երկու երկրները որդեգրեցին ոչ թե ծնելիության աճի, այլ հավասարության քաղաքականությունը: Տղամարդիկ և կանայք հավասար հնարավորություններ ունեցան, ճկուն աշխատաժամեր մշակվեցին: Երբ կինը տեսավ, որ իր մայրանալը, երեխա ունենալը չի ազդում իր անձնական զարգացման վրա, իր կարիերայի վրա, սկսեց մտածել՝ ինչո՞ւ շատ երեխաներ չունենամ:

 - Ըստ Ձեզ, այս մոդելը կգործի՞ մեր երկրումՉէ՞ որ մենք, ամեն դեպքում, տղամարդու և կնոջ հավասարությունն անհանդուրժողությամբ կընդունենք:

- Այս մոդելն անմիջապես չի գործել նույն Շվեդիայում: Ժամանակի ընթացքում, կարծում եմ, այո՛, Հայաստանում էլ կգործի այս տարբերակը: Մենք 20 տարի առաջ դժվար թե մտածեինք, որ Հայաստանում, օրինակ,  կանայք էլ կարող են վարորդ լինել: Այսօր մեր միջին բիզնեսը գրեթե ամբողջությամբ ղեկավարում են կանայք. սա լուրջ ցուցանիշ է: Այս տրամաբանությամբ եմ ասում, բայց Հայաստանը ոչ մեկից ո՛չ պակաս է, ո՛չ ավելի. ժամանակ է պետք: Ուղղակի հարց է՝ ունե՞նք այդ ժամանակը:

Համաձայն ՄԱԿ-ի կանխատեսումների` 2100-ին Հայաստանի բնակչությունը 2 մլն է դառնալու: Աշխարհում ծնելիությունը անկում է ապրում:

 - Դուք «Նորածինների սեռերի անհամամասնությունը Հայաստանում. ժողովրդագրական տվյալներ և վերլուծություններ» թեմայով ուսումնասիրություն եք արել: Ի՞նչ եք պարզել:

- ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը վերջին 7-8 տարիների ընթացքում գործընկեր մարմինների     հետ միասին նախաձեռնեց այս գործը: Նպատակը մեկն էր՝ պետք էր օգտագործել հավաքված տվյալները հետագա քաղաքականություն մշակելու համար: Օրինակ՝ պետք է իմանալ` ինչքան երիտասարդ պետք է ունենաս 20 տարի հետո: Հետազոտությունների շրջանակը բավական լայն էր՝ սկսած միգրացիոն հետազոտությունից: Հետաքրքիր բան պարզվեց` նոր ֆենոմեն մեր հասարակության մեջ, որը զարգացել է վերջին  երկու տասնամյակի ընթացքում: Մեր ընտանիքները հիմնականում ուզում են ունենալ երկու սեռի երեխաներ: Բայց որոշ ընտանիքներ ավելի շատ ուզում են մի սեռի երեխա ունենալ: Պատկերացրեք` տղա երեխա ունենալու ցանկությունը վեց անգամ ավելի մեծ է: Շատ ընտանիքներ դիմում են հղիության արհեստական ընդհատման, որովհետև նոր լույս աշխարհ եկողը տղա երեխա չէ:

- Բայց սա նաև լուրջ բժշկական խնդիր է: Կարծեմ քիչ դեպքերում է հաջողվում հղիության արհեստական ընդհատում իրականացրած մորը նորից հղիանալ

- Հղիության արհեստական ընդհատումը բացասական գործընթաց է: Վերջին 10 տարիների ընթացքում երեք անգամ տեղի է ունեցել ժողովրդագրական և առողջաբանական հետազոտություն, որը ճշգրտությամբ հետազոտում է վերարտադրողականության բլոկը: 2000-2010 թթ. մենք ունեցել ենք աբորտների թվի կտրուկ նվազում և զուգահեռ հակաբեղմնավորիչների օգտագործման տոկոսի բարձրացում: ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամն առողջապահության նախարարության հետ համատեղ 2000-ից փորձեց հիմնել ընտանիքի պլանավորման «կաբինետներ», որտեղ անվճար տրվում էին հակաբեղմնավորիչներ, որպեսզի կանխվեն աբորտները: Աբորտը վնասակար է և՛ կնոջ առողջության համար, և՛ ծնելիության ունակության համար:

- Սեռավարակներն էլ են, չէ՞, բավական տարածված մեր երկրում:

- Այո՛, սեռավարակները ևս մեծ տարածում ունեն հանրապետությունում: Չնայած ոչ սեռավարակների տարածվածության չափի մոնիթորինգ չի արվել Հայաստանում, վստահելի տվյալներ չունենք այս առումով: Բայց կարող ենք ասել երկրորդական աղբյուրից, նույն մեր անպտղության հետազոտությունից, որ բավական տարածված է: Անպտղության պատճառ է նաև սեռավարակը: Բայց խոսքս չի վերաբերում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին: Դրանց մասով հանրապետությունում բավական լուրջ աշխատանք է իրականացվել, և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածվածությունը բավական ցածր է` ազգաբնակչության 1%-ից էլ պակաս է:

- Դա պաշտոնական տվյալներն են: Չկա՞ն մարդիկ, որոնք թաքցնում են, որ վարակվել են:

- Ոչ միայն Հայաստանում, այլև համաշխարհային պրակտիկայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը խարան է: Դա է պատճառը, որ մարդիկ վախենում են ու չեն գնում ստուգվելու, թաքցնում են: Չեն հասկանում, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ն այն վարակիչ հիվանդությունը չէ, որից կարելի է վախենալ: Այս հիվանդությունը չի տարածվում օդակաթիլային, նույն պարագաներից օգտվելու եղանակով: Համաշխարհային պրակտիկայում ընդունված է, որ իրական թիվը պաշտոնական գրանցված թվից 7-10 անգամ ավելի կարող է լինել: Բայց եթե անգամ Հայաստանում գրանցված թվից 10 անգամ էլ ավելի լինի, մեկ է, 1%-ը չի գերազանցի:

 Հ.Գ. «Անկախը»  ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի հետ զրուցել է նաև բռնությունների շուրջ: Այս թեմայով հարցազրույցը կներկայացնենք թերթի առաջիկա համարներից մեկում:

 Հարցազրույցը վարեց

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆԸ