Վերջը խեր է…

tatron(Ներկայացում Ալավերդու քաղաքային թատրոնում)

Չորս տարի առաջ իր ծննդյան 70-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառման առիթով լոռեցի արձակագիր, 1971-ից Գրողների միության անդամ, տասը գրքերի հեղինակ, վաստակաշատ լրագրող Ֆելիքս Շաքարյանը բանաձևել էր. «Իմ մեջ որքան լավ բան կա, պարտական եմ Շաքարյան տոհմին և չնաշխարհիկ իմ Լոռուն»: Ձեռակերտ և անձեռակերտ բազմաթիվ հուշարձաններով հարուստ Լոռին իրոք չնաշխարհիկ է նաև իր անտառներով, իսկ անտառի պահպանության թեման բոլոր ժամանակների համար էլ արդիական է ու հրատապ: Հենց այդ խնդիրներն է քննարկում արձակագրի «Խեր, շառ, Աստված» դրամատիկական գործը, որն Ալավերդու քաղաքային թատրոնում առաջին անգամ բեմադրվել է հեղինակի հոբելյանի առթիվ` դառնալով շնորհալի երիտասարդ ռեժիսոր, Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի շրջանավարտ Արթուր Սիմոնյանի դիպլոմային աշխատանքը` ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանի ղեկավարությամբ:

… Վերջերս այն կրկին բեմ բարձրացավ որոշակիորեն փոփոխված և նոր դերասանական կազմով: Ռեժիսորն այս անգամ նաև Անտառապահի դերակատարն է: Պարզ ճշմարտություն է, որ գրական ամեն մի ստեղծագործություն պարունակում է իրականի, երևակայականի և հուշապատումի տարրեր, հաճախ նաև` ապագայի ծրագրեր, ու քիչ ճիգեր չեն պահանջվում ճիշտ մեկնաբանության համար: Բեմադրության ավարտին հնչած ծափերը և հիացական դեմքերը գալիս էին հավաստելու, որ ճիգերն այս դեպքում իզուր չեն անցել: Տարեգիր ծերունու` Ալավերդու թատրոնի հնաբնակ Ռուսլան Սադաղյանի ուսանելի խոհերին և ահազանգին ականջալուր է Անտառապահը: Անհրաժեշտ պահին գործին միջամտում է Ոստիկանը: Սերժանտը( Տիգրան Զարգարյան) որոշել է ԳԱՅ-ի պոստ դնել: Կյանքի վայելքներից չի ուզում հետ մնալ Պատգամավորը (Գագիկ Բաբլումյան): Նա որոշել է օլիգարխ դառնալ և ակնկալում է օգնություն ոչ ավելի, ոչ պակաս` Ամերիկայից, անձամբ` Բուշից: Ամերիկուհին դա նրան խոստանում է:

…Բեմի ձևավորումն էլ ինքնանպատակ չէ, ամեն ինչ ունի իր որոշակի գործառույթը, խնդիրն ու նպատակը:

Սատանան (Լիլիթ Երեմյան) հսկում է, հաճախ միջամտում և սպասում է. «Լույսը բացվի, կերևա` ով ով է…»

Ով ով է

Իսկ հանդիսատեսի համակրանքին վաղուց արժանացած Անահիտ Բեգջանյանը այս անգամ նախկին կոլխոզի նախագահ է` իր ազդու գործով ու խոսքով: Ներկայացմանը խիստ համահունչ են Զավեն Օհանյանի երաժշտական ձևավորումը, պարուսույց Լեյլի Հովհաննիսյանի բեմադրած պարերը և սկսնակ դերակատարներ, Արթուր Սիմոնյանի ղեկավարությամբ գործող նորաստեղծ ստուդիայի սաներ` Վարդիթեր Ստեփանյանի (Անառակ կին), Նունե Ասլիկյանի (Ամերիկուհի) կերտած կերպարները:

Նպատակ չունենալով մասնագիտական գնահատականներ տալու ներկայացման սցենարին և նկարչական ձևավորմանը (նկարիչ` Վարդան Տիտանյան), ռեժիսորական մեկնաբանությանը, դերասանական խաղին, դա թողնելով մասնագետներին, միայն ընդգծենք, որ ներկայացումը հաջողված էր և առանձնակի կարևորել ավարտը: Վերջը խեր է` բահերով զինված «Վալեքս» խմբի ընկերության գովազդային շապիկներով երիտասարդները գալիս են անտառ տնկելու: Լուսավոր այս ձեռնարկման նոտայով էլ դահլիճը լուսավորվում է:

Ներկայացման ավարտին բեմ բարձրացավ հեղինակը` մեղմ ժպիտով իր գոհունակությունը հայտնելով: Նրան և բեմադրության մասնակիցներին ողջույնի ու գնահատանքի սրտաբուխ խոսքեր ասացին Լոռու մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը և գրող, դրամատուրգ Սամվել Խալաթյանը:

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ

Tags: