Ֆրանսահայ. «Հայերեն խոսելն ինձ համար քաղաքական ակտ է»

ԹամարԹամար Անդրեասյանն իր երեք  երեխաների հետ ամառային հանգիստն անցկացնում է Հայաստանում: Շուտով նրանց կմիանա նաև ամուսինը:

Ֆրանսիայում ապրող Անդրեասյանների ընտանիքը հնարավորության դեպքում նախընտրում է ամառային հանգիստը Հայաստանում անցկացնել: Եթե նախկինում Հայաստան այցելելու որոշումը ամուսիններով էին կայացնում, ապա այժմ երեխաներն են անհամբեր սպասում, թե երբ կգա ամառային արձակուրդը, որ Հայաստան գան:

Թամար Անդրեասյանը ծնվել է Լիբանանում: 15 տարի Բեյրութում ապրելուց հետո, Լիբանանում սկսված պատերազմի պատճառով ընտանիքով Ֆրանսիա են տեղափոխվել: Այստեղ էլ Թամարը ծանոթացել է իր ապագա ամուսնու` Վազգենի հետ:  Ամուսնանալուց հետո` 1993-ին, զույգը Հայաստան է գալիս, ուր ամուսինը 1,5 տարի ծառայություն է անցնում ՀՀ-ում ֆրանսիական դեսպանատանը:

Այժմ ապրում են Ֆրանսիայի Վիրոֆլե բնակավայրում, ունեն երեք երեխա. ավագը 18, կրտսերը 14 տարեկան է: Տիկին Թամարը տեղի հայկական դպրոցում երեխաներին հայերեն է դասավանդում:

«Անկախը» զրուցել է տիկին Թամարի հետ Հայաստանի մասին նրա տպավորությունների և Ֆրանսիայում հայապահպանության խնդրի մասին:

-Տիկին Թամար, գիտեմ, որ Ձեր տանը միայն հայերեն եք խոսում: Երեխաները չե՞ն ընդդիմանում:

- Երբ որ ֆրանսերեն խոսած են, ասել ենք` հայերեն խոսեցեք: Մեր տանը միշտ բացատրել ենք, թե ինչու կուզենք, որ հայերեն խոսին: Ամեն տարիքին իրենց մակարդակին բացատրել ենք, թե ինչու մեզի համար կարևոր է, որ իրենք հայերեն խոսին: Մեր կեցվածքն  ալ  գուցե իր կարևորությունն ունեցել է: Մենք միշտ խոսել ենք հայերեն, նույնիսկ դուրսը` ֆրանսիացիների դիմաց:  Երբ երեխային դպրոց տարել եմ կամ դպրոցեն առել եմ, ես միշտ իմ երեխայիս հետ ուսուցչուհուն ալ դիմաց հայերեն եմ խոսել, երբեք չեմ ամաչել հայերեն խոսելեն: Կրնա ըլալ, որ երեխաները տեսնելով, որ ես այնքան վստահ և հանգիստ եմ թե՛ իմ ինքնությանս, թե՛ լեզվիս մեջ, իրենք էլ խոսել են:

Հայերեն խոսելն ինձ համար քաղաքական ակտ է: Եթե մենք հայերեն չխոսինք, ո՞վ պիտի խոսի: Իսկ եթե չես խոսիր, ուրեմն կզիջես, ուրեմն դուն ալ պատասխանատվություն մը ունիս լեզվին նահանջին մեջ:

Հայերեն խոսելն առավելություն և հպարտություն է դիտվել:

Հայ ըլլալը միայն  լեզուն չէ, բայց առանց լեզվին էլ մշակույթը չեմ գիտեր, թե ինչպես կփոխանցենք: Եթե լեզուն հանենք, շատ բան չի մնա:

- Իսկ հայերեն խոսել պարտադրելուց  բացի, ի՞նչ քայլեր եք ձեռնարկում երեխաներին հայ մեծացնելու համար:

- Ֆրանսիայի մեջ դժվար է, որովհետև համայնքի դրվածքը տարբեր է հոն, քան Լիբանան: Ասում են` 400-500 հազար հայ կա Ֆրանսիա, բայց կրնանք ըսել, որ թույլ համայնք է: Այնուամենայնիվ, կարևոր էր մեզի համար, որ երեխաները հայկական միջավայր ալ ունենան:

Երեխաներս 10 տարի  շաբաթօրյա դպրոց  եմ տարել,  որ հայերեն խոսին, սորվին և հայկական շրջանակի մեջ ըլլան: Ադկե ետք, երբ այդ դպրոցը ձգեցինք,  երեխաներին խնդրեցինք, որ ըստ նախասիրության անդամակցեն հայկական միության մը: Երկու մեծերն ընտրեցին սկաուտությունը, իսկ փոքրն ուզեց  հայկական պարի երթալ:

Միշտ շեշտը դրել ենք  տարբերվելու վրա, դա հատուկ քաղաքականություն է մեր ընտանիքում: Օրինակ` եթե Ֆրանսիացիները Սուրբ ծնունդը նշում են դեկտեմբերի 24-ին, մենք` հունվարի 5-ի գիշերը, չնայած որ հատուկ հավատացյալ չենք: Կաղանդ պապան  31-ին կուգար, երբ երեխաներս փոքր էին: Ֆրանսիայում այդպես չեն անում:

Տոնում ենք  Բարեկենդանը,Վարդավառը,  ամեն տոները, որոնք, եթե Հայաստանում լինեի, կարող էի չտոնել: Բայց ֆրանսիայում ըրել եմ, որ մեր տոները իմանան:

- Ձեր երեխաները չե՞ն ընդդիմանում  իրենց հասակակիցներից տարբերվելուն:

- Ոչ, որովհետև այդ տարբերությունն առավելություն է մեզի համար: Պատահած է, որ երեխաներն ըսեն` մենք ֆրանսացի ենք: Բացատրած ենք, որ ճիշտ է, Ֆրանսա ծնած եք, Ֆրանսիայի քաղաքացի եք, բայց եթե մենք հոս ենք այսօր, պատճառ մը կա, բացատրություն մը, որուն պետք է անդրադառնալ: Մեր մեծ հայրերը, մայրերը Արևմտահայաստանեն ջարդված, տեղահանված են, մեր Ֆրանսիա գտնվիլն անխուսափելիորեն կապված է այդ դեպքին:

Պզտիկ տղաս ինձի միշտ կըսե` դուն լիբանանցի ես: Կըսեմ` չէ, հայ եմ:  Ֆրանսիայի մտքերը ինձ ամենեն մոտիկն են, Ֆրանսիա ինձ լավ կզգամ, բայց ես այնուամենայնիվ  հայ եմ, ոչ ֆրանսիացի: Իմ կարծիքով, երեխաները չեն կրնար հանգիստ ըլլալ իրենց ինքնության մեջ, եթե դուրս ձգենք իրենց հայկական բաժինը, իրենց արմատները:

Պիտի ուրախանամ և կարծեմ, որ հաջողած  եմ կյանքիս մեջ, եթե երեխաներս հայու հետ ընտանիք կազմեն: Այդ պարագային  ձուլումը քիչ մը կհետաձգվի: Որովհետև, եթե օտարության մեջ կապրիս, ուզես թե չուզես, կձուլվիս:  Օտարության  մեջ  ձուլումը ժամանակի հարց է:

-Իսկ ինչո՞վ է դժվար Ֆրանսիայում երեխային հայ պահելը և մեծացնելը:

- Ֆրանսիային մեջ շատ դժվար է հայ մնալը, որովհետև ադիկա այլևս բնական վիճակ  չէ, այլ պայքար: Եթե հատուկ ջանք չթափենք հայ մնալու համար, հետզհետե հետընթաց կունենանք: Երեխաները   24 ժամ  ֆրանսիական միջավայրի մեջ են, ֆրանսիական դպրոց կերթան, ունին իրենց ֆրանսիական շրջապատը և այլն: Հարկավոր է անընդհատ հակակշռել, որպեսզի հայերենը մնա:

Ցավոք սրտի,  միջոցառումները քիչ են, ամեն ինչով պակաս է հայերենը: Նույնիսկ ամենօրյա դպրոցը  չի կարող ապահովել հայերենի լավ մակարդակ  Ֆրանսիային մեջ: Խնդիրն անիկա է, որ հայկական դպրոցներում  հայերենն այլևս միայն  նյութ մըն է, օրը մեկ կամ մեկուկես ժամ, ինչպես անգլերենը պիտի դասավանդվեր ուրիշ տեղ: Պետք է նաև ընդունինք,  որ նույնիսկ հայկական դպրոցներում երեխաները  հայերեն չեն խոսում, հայկական որևէ մեկ ամենօրյա դպրոցում ֆրանսերենն է, որ կլսեք:  Եթե բակ իջնեք, ֆրանսերեն կլսեք:

- Ո՞րն է պատճառը, որ անգամ հայկական դպրոցում ֆրանսերեն են խոսում:

- Եթե ատիկա գտնենք, եթե գտնենք ադոր պատասխանը, արդեն հարցին լուծումը  կունենանք: Շատ մտածեր եմ աս հարցին շուրջ, և մեկ պատասխան չկա, պատճառները շատ են:

Պետք է խոստովանիմ, որ անզոր կզգամ, չեմ գիտեր` ինչպես դիմադրել: Ձեզի օրինակ մը կրնամ տալ: Մանկապարտեզի դասարանս ես միայն հայերեն կխոսիմ:  Աշակերտներուն մեջ կան հայախոս երեխաներ, կան նաև ոչ հայախոս երեխաներ: Ստիպված եմ անդրադառնալ, որ երբ երեխաները իրար մեջ կխաղան, հայախոսները կսկսին ֆրանսերեն խոսիլ  և ոչ  հակառակը: Չեմ գիտեր` ինչ պետք է ընենք, որ պզտիկները իրարու  հետ հայերեն խոսին: Եթե որևէ մեկը լուծումը ունի, շատ մեծ ուրախությամբ կհետևեմ:

-Իսկ  ի՞նչ է Ձեզ համար նշանակում լինել հայ:

- Իրականության մեջ այս հարցին մասին երբեք  չեմ մտածած Լիբանան, հոն հայ էի, ու վերջ: Հարցն ավելի դրվեցավ Ֆրանսա, ուր հայ մնալու հարցը առաջացավ:  Հետևաբար, եթե կխոսինք  հայ մնալու մասին, ուրեմն պետք է նախ ըլլանք հայ…

Ուրեմն ինձի համար հայ ըլլալը լեզուս` հայերենը խոսիլն է, մշակույթս պահել` ինձի փոխանցված ընտանեկան արժեքները, վարքը,  մեր պատմությունը  գիտնալ և ադ ամենը կարենալ փոխանցել:

Ջարդը  հայ ըլլալը զրկեց բնական վիճակեն, հայ ըլլալը դարձուց պայքար, ամենօրյա գիտակցություն: Մեր քովը, եթե այդ հարցը չդնենք, թե ինչ է հայ ըլլալը և ինչու կխոսինք այդ լեզուն, կդառնանք ֆրանսիացի: Եվ վերջ:

- Երբևէ մտածե՞լ եք Հայաստանում հաստատվելու մասին:

- Մտածել ենք և երթալեն ավելի կմտածենք: Մեզի համար ըսած ենք` եթե Ֆրանսիայեն տեղ մը պիտի տեղափոխվինք, ապա միայն Հայաստան: Միտքը կա: Վերջը պետք է գտնենք, թե ինչ պիտի ընենք հոս: Մանեն (ավագ դուստրը-Հ.Բ.) այս տարի պիտի սկսի բժշկություն ուսանել: Երեխաների մեջ այդ միտքը կա, որ բան մը ընենք, որ եթե երթանք Հայաստան, բանի մը ծառայե մեր ուսումը:

- Առաջին անգամ Հայաստան եք եկել 1993-ին` ծանր ժամանակաշրջանում: Երբևէ զղջացե՞լ եք դրա համար և ի՞նչ հուշեր  ունեք այն տարիներից:

- 93-ին, երբ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը բացվեց, ամուսինս դիմեց դեսպանատանը աշխատելու համար:  Ֆրանսիայում, եթե որոշակի կրթություն ունես, կարող ես բոլորի պես ծառայել բանակում  կամ որոշ կազմակերպություններում աշխատել:

Ու 1993-ին փոխադրվեցանք Հայաստան: Այդ դժվար պայմաններուն  մեջ հոս էինք, և պետք է ասել, որ շատ կարևոր շրջան էր, մանավանդ ինձի համար: Հոն էր, որ ծանոթացա Հայաստանի, երկրի հետ, մինչև այդ Հայաստանը վերացական գաղափար մըն էր: Չմնացի օտարների շրջանակին մեջ միայն, կարողացա խառնվիլ, ծանոթանալ, կրցա հայաստանցիներու հետ շաղվիլ:

Սկիզբը ծանր էր, նոր ամուսնացած էինք, Լիբանանի պատերազմեն փախեր  էինք, այստեղի  պայմանները  Լիբանանեն շատ ավելի ծանր էին, ցուրտ էր, լույս չկար, ջուր չկար, վառելանյութ գտնելու դժվարությունները կային, բայց երբևէ չեմ զղջացել: Եթե պայմանները ծանր էին, մարդկային հարաբերությունները շատ ավելի ջերմ էին, հույսերու պահ էր:

- Իսկ այն ժամանակվա և ներկայիս Հայաստանը ինչո՞վ են միմյանցից տարբերվում:

- Այն ատեն պայմանները շատ դժվար էին, հիմա էլ պայմանները շատ դժվար են, բայց տարբեր դժվարություններ են: Եթե այն ատեն հոսանք չկար, ջուր չկար, մարդիկ այդ բաներու հետևեն էին, հիմա հոսանքը կա, ջուրը կա, բայց ուրիշ շատ մեծ դժվարություններու մեջ են մարդիկ, դժգոհ մարդիկ շատ կան, աղքատությունը շատ է:

Առանց մեծ քաղաքական վերլուծումների մեջ մտնելու` ինձ կթվի,  որ  եթե  Երևանում  կյանքի  պայմանները հիմա ավելի լավ են, քան 93-ին (գյուղերում վիճակն  ավելի ծանր է),  ապա մարդիկ հիմա կորսնցուցեր են իրենց հույսը  ապագային մեջ:

Tags: , , ,