Գետնախնձորն այն մշակաբույսն է, որը մեր երկրի գյուղատնտեսության բնագավառում շատ քիչ է օգտագործվում: Գրեթե բոլորս էլ լսել ենք, որ գետնախնձորը` որպես բանջարեղեն, առողջարար և օգտակար հատկություններ ունի, հենց միայն այն առումով, որ օրգանիզմում կարգավորում է շաքարի պարունակությունը:
Մեզանում այս մշակաբույսի արտադրությունը բավական փոքր ծավալներ ունի, գուցե այն պատճառով, որ վաղուց մոռացության է մատնված: Մասնագետների գնահատմամբ, գետնախնձորն այն մշակաբույսն է, որը սննդի մեջ կարող է կիրառվել ամենատարբեր նպատակներով: Բացի այդ, կարելի է օգտագործել թե՛ գյուղատնտեսական, թե՛ առողջապահական և թե՛ էկոլոգիական նպատակներով: Այս մշակաբույսի արտադրությամբ հետաքրքրված է ողջ աշխարհը:
Այդ բույսը բավական հին ծագում ունի և դարեր առաջ Եվրոպա է թափանցել Հյուսիսային Ամերիկայից: Սրա արտադրական ծավալներով բավական հարուստ են Ճապոնիան և Չինաստանը: Պարզվում է, որ մեր երկրում արդեն գտել են գետնախնձորի վերամշակման և արտադրանքի արդյունավետ բաշխման բոլոր եղանակները: Արդեն երկու տարի է, ինչ պետություն-մասնավոր հատված համագործակցության շնորհիվ փորձ է արվում Հայաստանում ևս զբաղվել այս բուսատեսակի խորը վերամշակմամբ: Ծրագիրն իրականացնում է «Գյուղկորպորացիա» ՓԲԸ-ն:
Տեղեկանալու համար, թե ինչ կարելի է ստանալ այս մշակաբույսից և ինչ է արվում այս ուղղությամբ` զրուցեցինք ընկերության գլխավոր մասնագետ, Անասնաբուծության գիտական կենտրոնի կերարտադրության բաժնի վարիչ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր Ռազմիկ Սահակյանի հետ:
- Արդեն մեկ տարի է, ինչ Հայաստանում ծավալվում է այս բույսի վերամշակման արտադրությունը: Առհասարակ ի՞նչ կարող է տալ գետնախնձորի աճեցումը թե՛ գյուղատնտեսությանը, թե՛ սովորական քաղաքացուն:
- Ինուլինը պոլիսախարիդների խմբին պատկանող օրգանական նյութ է, որը բժշկության մեջ կիրառվում է շաքարախտի դեպքում, որպես օսլայի և շաքարի փոխարինիչ, ինչպես նաև ելման նյութ` արդյունաբերական ճանապարհով ստացվող ֆրուկտոզայի համար: Այս արժեքավոր մշակաբույսը մյուս բանջարեղեններից տարբերվում է ածխաջրային հազվադեպ բաղադրությամբ, որի հիմքում ֆրուկտոզան է: Եվ այն եզակի մշակաբույսերից է, որոնք տասնյակ տարիներ նույն տեղում բերք են տալիս, աճեցնելու համար առանձնահատուկ մոտեցում չի պահանջվում, սրան չի սպառնում ո՛չ ցուրտը, ո՛չ երաշտը, աճեցումը չի պահանջում որոշակի կլիմա: Այն հարկավոր է ցանել Արարատյան հարթավայրի ստորին գոտուց մինչև բարձրլեռնային հատվածներում, մասնավորապես` Ամասիայի շրջանում, Ապարանում, Սևանում, Աշոցքում: Այն միամյա բույս է, սակայն վերամշակման արդյունքում կարող է դառնալ բազմամյա:
- Իսկ ինչպե՞ս է կազմակերպվելու գետնախնձորի արտադրությունը, ի՞նչ հիմքեր կան դրա համար, եթե հաշվի առնենք ազատ վարելահողերի սղությունը և դրանք շահագործելու հնարավորությունները:
- Գետնախնձորի արտադրությունն այսօր գյուղատնտեսության մեջ ռազմավարական կարևորություն ունեցող ծրագիր է, քանի որ կառավարության համար ևս խնդիր է չմշակվող հողերը գյուղատնտեսական շրջանառության մեջ ընդգրկելը: Տարեկան շուրջ 150 - 170 հազար հա հողատարածք մնում է անմշակ, իսկ ընդհանուր հողերի մոտ 35%-ը` անջրդի: Անմշակ հողերի շահագործմամբ, ի դեպ, շահելու է թե՛ սովորական գյուղացին, թե՛ պետությունը, թե՛ քաղաքացին: Արդեն վարձակալական հիմքերով ձեռք է բերվել մոտ 40 հա հողատարածք: Այդ մշակաբույսը նախատեսվում է աճեցնել Հայաստանի չորս մարզերում՝ Գեղարքունիքում, Լոռիում, Արագածոտնում և Կոտայքում: Պայմանավորվածություն կա արտադրություն ծավալել նաև Սևանում, Կամոյի և Գավառի տարածաշրջաններում, ինչպես նաև Վարդենիսում: 40 հա հողատարածք կա վարձակալված նաև Լոռիում: Հանրապետության տարածքում անջրդի վարձակալվող հողերը փխրեցվել են, մշակվել, և ցանվել է գետնախնձոր, անթառամին և կանճրակին:
- Իսկ մշակաբույսն աճեցման ջրարբի՞, թե՞ անջրդի պայմաններ է պահանջում, և արդյոք հե՞շտ է մշակումը:
- Այժմ դրանք ցանված են անջրդի պայմաններում: 1 հա անջրդի տարածքից կարելի է ստանալ 20-25 տոննա պալար, իսկ ջրային պայմաններում աճեցված մշակաբույսի բերքատվությունը կարող է կրկնապատկվել: Նշենք, որ մշակաբույսի սերմը ներմուծվել է Ռուսաստանից: Ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի գետնախնձորի մշակաբույս աճեցնել արդեն տեղական սերմով: Հատկացված հողատարածքներից մոտ 20%-ում ցանվելու է անթառամին և կանճրակին, որոնք ոչ պակաս օգտակար բույս են սննդային, անասնակերային տեխնիկական ու բժշկության մեջ ամենատարբեր նպատակներով կիրառելու համար:
- Որքա՞ն գետնախնձոր կարելի է ստանալ 1 հա հողատարածքից, և ե՞րբ է սպասվում առաջին բերքահավաքը:
- 1 հեկտարի վրա ցանված մշակաբույսի կանաչ զանգվածից ստացվում է 5-6 հազար կբ բիոգազ, և որպեսզի հնարավոր լինի գետնախձորից ստանալ նաև այս հումքը, Հայաստանում գետնախնձորի արտադրության ծավալները պետք է հասցնել մինչև 15 հազար հեկտարի: Օրական մոտ 100-150 գ թարմ գետնախնձոր ուտելը կամ 5-15 գ ինուլինի օգտագործումը բավական է, որ մարդ իրեն ապահովագրված զգա շաքարախտով հիվանդանալու վտանգից: Ինուլինը սպիտակ չոր փոշի է և որպես կենսահավելում կարող է օգտագործվել սննդամթերքում, հյութերի արտադրության, մանկական կերերի մեջ, դրա առկայությունը սնդամթերքում բարձրացնում է նրա որակն ու բուժիչ հատկություննները: Իսկ բիոէթանոլի արտադրությունից կարելի է ստանալ բիոգազ ու վերջինից էլ՝ բիոպարարտանյութ: Ի դեպ, շատ երկրներում բիոէթանոլն օգտագործվում է որպես բենզինի փոխարինիչ: Իսկ պտղաշաքարն իր քաղցրությամբ գերազանցում է գլյուկոզային և ճակընդեղից ստացվող շաքարին: Այս տարի աշնանը սպասվում է գետնախնձորի առաջին լուրջ բերքահավաքը, ինչը հնարավորություն կտա ցանքատարածությունները հասցնելու մի քանի հարյուր հեկտարի:
- Իսկ ստացված բերքն ի՞նչ նպատակներով է օգտագործվելու:
- Բերքահավաքից ստացված ամբողջ հումքն ուղղվելու է միայն վերամշակման: Քանի որ բերքահավաքի ժամանակ հողի մեջ եղած բոլոր պալարները լիովին հավաքելու հնարավորություն չի լինում, դրանք հաջորդ տարի վերաճ են տալիս: Բույսի կանաչ զանգվածը, բացի տեխնոլոգիական կիրառումից, կարող է նաև որպես անասնակեր օգտագործվել: Ուստի, եթե կարողանաք արտադրությունը մեծ ծավալներով կազմակերպել և հասցնել մի քանի հազար հեկտարի, ապա արդյունաբերական վերամշակման և կողմնակի կերերի ավելացման առումով մեծ արդյունքներ կունենանք:
Ինուլինի բարձր պարունակություն ունի աշխարհում գրանցված երեք բույս, որոնցից առաջնայինն ու արդյունավետը գետնախնձորի մշակաբույսն է: Դրա մշակումը շատ ավելի դյուրին է ագրոտեխնիկական տեսանկյունից, բացի այդ, էկոլոգիապես մաքուր է: Գետնախնձորի 1 հա տարածքից կրկնակի ավելի թթվածին է ստացվում, քան սովորական անտառից: Ի դեպ, տարածաշրջանում Հայաստանը միակն է գետնախնձորի մեծածավալ արտադրությամբ, և վրացիները համատեղ աշխատելու և ծրագրում ներառվելու ցանկություն են հայտնել:
- Կարծում եք` գետնախնձորի արտադրությունն իսկապե՞ս լուրջ հեռանկաներ ունի մեր երկրում:
- Իմ կարծիքով` այո, Հայաստանը կդառնա տարածաշրջանում առաջատարը այս բույսի վերամշակման առումով: Այն բավական արժեքավոր բույս է, վերամշակումը Հայաստանում կարող է հեռանկարային լինել: Ծրագիրը, որ հավանության է արժանացել ՀՀ վարչապետի կողմից, ընդգրկվել է տասն առաջնահերթ ծրագրերի մեջ: ՀՀ կառավարությունը նախաձեռնել է պետական մասնավոր համագործակցության շրջանակներում նպաստել Հայաստանում ինուլինի արտադրությանը, որն իրականացվելու է հենց գետնախնձորի հիմքի վրա:
Հայաստանում գետնախնձորի արտադրությանը զարկ տալու այս ծրագիրը մշակվել է դեռ տարիներ առաջ և մեկնարկել է միայն է 2011-ից, հանրապետության որոշ տարածքներում ցանվել է գետնախնձոր, և նպատակ կա արտադրական ծավալների ավելացման պարագայում հիմնել գործարան, որը հավանաբար իրատեսական կդառնա եկող տարվա աշնանը:
Լ.Ն
Գործարանի հիմնադրման և արտադրական հեռանկարների շուրջ մեր զրույցը «Գյուղկորպորացիա» ՓԲԸ-ի տնօրեն Վահան Շիրխանյանի հետ կարդացեք հաջորդ համարում:
Tags: տնտեսական